Գեներալ. “Ղարաբաղը պետք է ստորագրեր ոչ թե հրադադարի, այլ Ադրբեջանի կապիտուլյացիայի մասին համաձայնագիր”

Ղարաբաղի ժողովուրդը ջանում էր ազատագրվել ագրեսիվ ազգայնական պետությունից՝ ի դեմս Ադրբեջանի եւ փնտրում էր ազատագրման ուղիներ։ Այսպիսի կարծիք NEWS.am-ի հետ զրույցում հայտնել է ղարաբաղյան պատերազմի մասնակից, հայկական բանակի հիմնադիրներից գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը՝ մեկնաբանելով փետրվարի 20-ին նշվող Ղարաբաղյան շարժման 30-ամյակը։

Արդյունքում, գեներալ-լեյտենանտի խոսքով, նրանք ընտրել են պայքարի ուղին եւ բազմաթիվ դժվարությունների հաղթահարման միջոցով հասել են իրենց բաղձալի նպատակին․ «Նրանք ինքնորոշվել են միջազգային իրավունքի հիմքի վրա՝ Միացյալ ազգերի կազմակերպության կողմից սահմանված մի շարք հոդվածների հիման վրա»,-շեշտել է Տեր-Գրիգորյանցը։

Դրա հետ մեկտեղ, նախկին զինվորականը նկատել է, որ երբ Հայաստանը հռչակել է իր անկախությունը, այն ժամանակվա իշխանություններն, իր համար անհասկանալի պատճառներով, Սահմանադրության մեջ չեն ընդգրկել Ղարաբաղը որպես հանրապետության անբաժանելի մաս ճանաչող դրույթ, ինչը հետագայում հանգեցրել է որոշակի դժվարությունների:

Գեներալ-լեյտենանտը նկատել է, որ չնայած ղարաբաղյան պատերազմում ջախջախիչ պարտությանը, Բաքուն շարունակում է շուտափույթ հատուցման հույսեր փայփայել եւ չի հրաժարվել իր նախկին զավթիչ պլաններից, որի վկայությունն է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի վերջին հայտարարությունը։

Հարցին, թե ինչպիսին է եղել սփյուռքի դերը ղարաբաղյան շարժման եւ պատերազմի գործում՝ նա պատասխանել է, որ ինքը եւս հանդիսանում է սփյուռքի ներկայացուցիչ եւ շատ բարձր է գնահատում հաջողության հարցում նրանց ներդրումը․ «Սփյուռքն՝ ի դեմս հասարակական կազմակերպությունների եւ այլնի, իհարկե, մասնակցել է մեր ընդհանուր պայքարին։ Նրանք շատ են մեզ օգնել, ինչպես Հայաստանին, այնպես էլ Ղարաբաղին, ընդ որում՝ բոլոր ուղղություններով՝ հումանիտար, ֆինանսական»,-պարզաբանել է գեներալ-լեյտենանտը։

Խոսելով ներկա իրավիճակի մասին՝ Նորատ Տեր-Գրիգորյանցը ուշադրություն է դարձրել, որ այն փոխվել է, եւ եթե նախկինում պետք էր Ղարաբաղի համար պայքարել, ապա այժմ պայքարը շարունակվում է, բայց արդեն այլ ուղղությամբ։ Այսպես, նրա խոսքով, հայկական կողմը մեծ ջանքեր է գործադրում ազատագրված տարածքների նկատմամբ վերահսկողությունը պահպանելու համար խաղաղ բնակչության անվտանգության ապահովելու նպատակով։ Բացի այդ, հայկական կողմն ակտիվ աշխատանք է տանում Ղարաբաղի անկախության միջազգային ճանաչման ուղղությամբ։

Դրա հետ մեկտեղ, սովետական բանակի նախկին հրամանատարը խորը մտահոգություն է հայտնել, որ ռազմական գործողությունների ակտիվ փուլի ավարտին, երբ ավագ Ալիեւը դիմել էր Երեւանին ռազմական գործողությունների դադարեցման խնդրանքով, հայկական կողմը Բաքվի խնդրանքին պատասխանել է, բայց չի ներկայացրել Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման պահանջով վերջնագիր, որը գեներալ-լեյտենանտի կարծիքով՝ մեծ ռազմավարական սխալ էր, ինչի պատճառով Երեւանը բաց է թողել այս հարցին վերջակետ դնելու հնարավորությունը․ «Մենք կանգ առանք անժամանակ։ Պետք էր նաեւ ազատագրել  Մարտակերտը, Մարտունին, Շահումյանը, Շահումյանի շրջանը։ Սակայն մենք ագրեսորներ չենք, այդ պատճառով էլ նրանց խնդրանքով կանգ առանք։ Նույնիսկ ՄԱԿ-ի բանաձեւի մեջ կար ռազմական գործողությունները դադարեցնելու պահանջ։  Սակայն մենք «կարողացանք» ստորագրել հրադադարի մասին զզվելի եւ անշնորհք փաստաթուղթ, չնայած անհրաժեշտ էր ստորագրել ոչ միայն հրադադարի մասին, այլ նաեւ պահանջել Ադրբեջանի կապիտուլացիան`առաջ բերելով Ղարաբաղի անկախության պահանջը»,-նշեց նա։

News.am

Թողնել պատասխան

Your email address will not be published.

17 + one =