Միավորված Ազգերի Կազմակերպության Գլխավոր Քարտուղար Պարոն Անտոնիո Գուտերեշին
Միավորված Ազգերի Կազմակերպության Անվտանգության Խորհրդի Մշտական Անդամ Պետությունների Ղեկավարներին
Դ Ի Մ Ո Ւ Մ
Հայաստանի շուրջ ստեղծված ներկայի իրավիճակից դուրս գալու հայեցակարգային ուղիների եւ պետությունների ու միջազգային կառույցների հետ բանակցությունների առարկայի մասին
1․ Մեծ Մերձավոր Արեւելքում կայուն խաղաղություն հաստատելու հարցը։
Մեծ Մերձավոր Արեւելքում կայուն խաղաղություն հաստատելու միջոցը Փարիզի խաղաղության կոնֆերանսի որոշումների համաձայն հայերի ու քրդերի, ինչպես նաեւ ներկայումս պաղեստինցիների իրավունքների իրականացումն է կյանքում: Տարածաշրջանում խաղաղություն հաստատելու նպատակով մինչեւ այսօր կայացված քաղաքական որոշումները արդյունավետ չեն եղել։ Իրականում անհրաժեշտություն է առաջացել կյանքի կոչել եւ իրականացնել արդեն իսկ կայացված նշյալ որոշումները, իսկ որոշ դեպքերում, կայացնել նոր որակի իրավական քաղաքական որոշումներ։
2․ Ռուսաստանի կառավարության ընդունած դեկրետի, ԱՄՆ-ին տրված Հայաստանի մանդատի, ֆրանսիային տրված Կիլիկիայի մանդատի հարցերը։
Նոր աշխարհակարգի ձեւավորման նախաշեմին, թվում է ճիշտ ժամանակն է, որ Ռուսաստանը, ԱՄՆ-ն եւ Ֆրանսիան հիշեն իրենց ընդունած որոշումները Արեւմտյան Հայաստանի, Հայաստան պետության եւ Կիլիկիայի վերաբերյալ, իրենց տրված իրավասությունների ու մանդատների մասին Արեւմտյան Հայաստանի, Հայաստան պետության եւ Կիլիկիայի հանդեպ։ Ինչպես նաեւ Եվրախորհրդարանը պարտավորություն ունի վերախմբագրելու 1987 թ․ հունիսի 18-ին ընդունած «Հայկական Հարցի քաղաքական լուծման մասին» բանաձեւը։
1916-ի Սայքս-Պիկոյի համաձայնագրով Կիլիկիան մտցվեց Ֆրանսիայի ազդեցության գոտու մեջ. պատերազմից հետո ֆրանսիական զորքերը գրավեցին Կիլիկիան։ Ֆրանսիացիները Ցեղասպանությունից ողջ մնացած հայերին կոչ արեցին վերադառնալ իրենց հայրենի տները։
Ներկայի ռազմաքաղաքական իրավիճում, թվում է տեղին է կրկին հիշել գնդապետ Հարբորտի զեկույցի այն հատվածը, որտեղ նա նշում է ԱՄՆ-ին առաջարկված Հայաստանի մանդատն ընդունելու կարեւորությունը։ Նա եզրակացնում է․ «Նախընտրելի է միլիոններ ծախսել հոգատարության, քան թե միլիարդներ` ապագա պատերազմների վրա»: Հոգատարության, այսինքն՝ մանդատի։
3․ Հարավային Կովկասի հանրապետությունների՝ Հայաստանի եւ Վրաստանի անվտանգության հարցերը։
Պանթուրքիզմի հեռուն գնացող ու խիստ վտանգավոր ժամանակակից ծրագրերի հանդեպ, որոնք առաջ են մղում Թուրքիան ու Ադրբեջանը, Հարավային Կովկասի երկու հանրապետությունները՝ Հայաստանն ու Վրաստանը, անպաշտպան են թվում։ Այդ իրավիճակը բարդանում է ու սրվում նշյալ հանրապետությունների քաղաքական կողմնորոշման հարցի հետ կապված։ Հարց որի շուրջ ԱՄՆ-ն, Եվրամիությունը, Ռուսաստանը տարակարծություններ ունեն։
Հարավային Կովկասի հանրապետությունների՝ Հայաստանի եւ Վրաստանի, անվտանգության հարցերը կարող են կարգավորվել, եթե գերտերությունները ընդունեն, ճանաչեն եւ երաշխավորեն Հայաստանի ու Վրաստանի Մշտական զինված չեզոքության վերաբերյալ նրանց կայացրած այդպիսի որոշումը։
4․ ԱՄՆ, Եվրամիություն, Ռուսաստան երկխոսության եւս մեկ հարթակի հարցը։
ԱՄՆ, Եվրամիություն եւ Ռուսաստան երկխոսության հարթակներից մեկը կարող է ձեւավորվել Հարավային Կովկասում, երբ այդ տերությունները ճանաչեն, ընդունեն եւ երաշխավորեն Հայաստանի ու Վրաստանի Մշտական զինված չեզոքության որոշման ընդունումը եւ այդ հիմքերով Հարավային Կովկասում ձեւավորեն ոչ միայն խաղաղության կղզի, այլեւ երկխոսության եւս մեկ կայուն հարթակ։
5․ Պանթուրքիզմի դատապարտման հարցը։
Պանթուրքիզմի տեսությունը խիստ վտանգավոր, ագրեսիվ ու ազգայնամոլ տեսություն է, որը մեծ սպառնալիք է Մեծ Մերձավոր Արեւելքի, Կովկասի, Ասիայի, Միջին Արեւելքի բոլոր ժողովուրդների ու պետությունների համար։ Այդ թվում եւ Միջին Ասիայի թյուրքալեզու ժողովուրդների և պետությունների համար։ Պանթուրքիզմը հնարավոր չէ կառավարել, դա անկառավարելի տեսություն է։ Պանթուրքիզմը ի զորու է քաոսի վերածելու ցանկացած տարածաշրջան ու պետություն, այդ թվում՝ վերը նշված բոլոր տարածաշրջանները։ Այդ իմաստով ավելի ճիշտ է կանխարգելել սպառնալիքը, քան հետագայում գերմարդկային ջանքեր գործադրել այն չեզոքացնելու համար։
Պանթուրքիզմի տեսությունը, որպես վտանգավոր, ագրեսիվ ու ազգայնամոլ տեսություն պետք է դատապարտվի ու արգելվի, ինչպես ֆաշիզմը։
6․ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ հայ ժողովրդի կրած նյութական կորուստների հատուցման հարցը։
Փարիզի խաղաղության կոնֆերանսի Հատուկ հանձնաժողովի կազմում գործող Հատուկ հանձնախմբի հաշվարկի համաձայն հայ ժողովրդի նյութական կորուստները Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ կազմել են 19 միլիարդ (19.130.982.000) ֆրանսիական ֆրանկ, 1919 թվականի հաշվարկների համաձայն, որն այսօր կազմում է 286,964,730,000 եվրո կամ 312.791.555.700 ԱՄՆ դոլար։
Թուրքիայի Հանրապետությունը մինչեւ այսօր հայերին չի հատուցել այդ գումարը։
Բացի դրանից, Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում եւ հետո թուրքական կառավարությունները իրականացրել են հայերի, ասորիների, հույների Ցեղասպանություն, բռնագաղթ, նրանց ունեցվածքի յուրացում։ Հետագա տարիներին իրականացրել են նաեւ նշյալ ժողովուրդերի մշակութային ժառանգության ոչնչացումը, այսինքն՝ Մշակութային Ցեղասպանությունը։
Նշենք, որ միշտ հրամայական են եղել այդ ժողովուրդների Ցեղասպանության, էթնիկ զտումների, բռնագաղթի, ինչպես նաեւ նրանց մշակութային ժառանգության ոչնչացման, Մշակութային Ցեղասպանության դատապարտման եւ հատուցման ու վերականգման հարցերը։
Երբ խոսվում է խաղաղության հաստատման ջանքերից կամ դրանց վերաբերյալ կայացված որոշումներից, պետք է նաեւ նկատի առնել, որ կայուն խաղաղության հաստատման պայմաններից է, ինչպես իրավական քաղաքական արդեն իսկ կայացված որոշումների կյանքի կոչումն է իրականացումը, այդպես էլ նոր իրավական քաղաքական բովանդակության արդարացի որոշումների ընդունումն ու դրանց կյանքի կոչումը, իրականացումը։
Մարտիկ Գասպարյան
Հայաստան պետություն (Արեւմտյան Հայաստանի Հանրապետության) Նախագահ
Տիգրան Փաշաբեզյան
Հայաստան պետություն (Արեւմտյան Հայաստանի Հանրապետության) Վարչապետ
Արմեն Տեր-Սարգսյան
Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) Նախագահ
26 հունիսի, 2024 թ․