Պետք է քաղաքական գործընթացներ նախաձեռնել, որոնք ուղղված կլինեն ԼՂ կարգավիճակի սահմանմանը. Վիզլերը՝ ՀՀ ԱԺ-ում

Մեկ տարվա ընթացքում երկրորդ անգամն է, որ մեր խորհրդարանական պատվիրակությունը եկել է Երևան՝ ցույց տալով մեր հարաբերությունների ուժն ու ամրությունը: Այդ մասին այսօր՝ մայիսի 22-ին, ՀՀ Ազգային ժողովում խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանի հետ համատեղ ասուլիսից հետո ԱԺ ամբիոնից ունեցած իր ելույթում հայտարարեց Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի նախագահ Կլոդ Վիզլերը:

«Մեկ տարի առաջ այստեղ էի՝ որպես մեր պատվիրակության անդամ: Որպես Լյուքսեմբուրգի խորհրդարանի նոր նախագահ՝ ես պետք է վերադառնայի հատկապես այն ամենի պատճառով, ինչ տեղի ունեցավ դրանից հետո տարածաշրջանում:

Մեծ, ծանր սրտով եմ դիմում ձեզ՝ տեղյակ լինելով այն ողբերգական իրադարձություններից, որոնք ցնցեցին ԼՂ տարածաշրջանը: Ավելի քան 100 հազար հայ բռնի տեղահանվեց այն անհիմն ու անարդարացի ռազմական գործողությունների հետևանքով, որ 2023-ին սեպտեմբերի 19-ին Ադրբեջանն իրականացրեց:

Որպես մարդասիրական արժեքների և հիմնարար իրավունքների երաշխավորներ՝ մենք չենք կարող այս տառապանքին անտարբեր մնալ: Այս իրադարձությունը ոչ միայն մեծ տեղահանություն է առաջացրել, այլև սպառնում է Հայաստանի հին ու անտիկ մշակութային արժեքներին: Եկեղեցիները, անտիկ կոթողները, գերեզմանաքարերը վերացման ու քայքայման սպառնալիքի տակ են, և մենք չենք կարող անտարբեր մնալ Հայաստանի ինքնության և պատմության ջնջմանը:

Տիկնա՛յք և պարոնա՛յք, պատմական ճշմարտության հիշողությունը և ճանաչումը կարևորագույն գործոններ են ապագան կառուցելու համար:

2015 թվականին Հայոց ցեղասպանության հուշահամալիրում մեր Պատգամավորների պալատը պաշտոնապես ընդունել է այն վայրագությունները, որոնք արվել են Օսմանյան կայսրության կողմից: Այս ճանաչումը մեր աչքում կարևոր քայլ էր արդարության համար:

2020 թվականի հոկտեմբերին՝ ԼՂ-ի երկրորդ պատերազմի ժամանակ, Լյուքսեմբուրգի խորհրդարանն ընդունեց միջնորդություն, որը խստորեն դատապարտում էր 1994 թվականի զինադադարը խախտող ռազմական գործողությունները, և արտահայտեց մեծ մտահոգություն ռազմական գործողությունների վերասկսման համար: Խորհրդարանականները միաձայնորեն դատապարտեցին արտաքին միջամտությունը, հատկապես՝ Թուրքիայի ռազմական աջակցությունը Ադրբեջանին: Մեր այս կոշտ դիրքորոշումը ցույց է տալիս, որ մենք աջակցում ենք խաղաղությանը, կայունությանը բոլոր ազդակիր համայնքներում:

Նույն տարվա դեկտեմբերին Պատգամավորների պալատը վերահաստատեց իր դիրքորոշումը՝ շեշտելով, որ կրիտիկական կարևորություն ունի համափարփակ քաղաքական գործընթացներ նախաձեռնելը, որոնք ուղղված կլինեն ԼՂ կարգավիճակի սահմանմանը: Մենք հասկանում ենք անհրաժեշտությունը՝ ապահովելու շարունակական մատչելիություն մարդասիրական կազմակերպություններին, որպեսզի նրանք հասցնեն արագ և պատշաճ օգնություն ազդակիր բնակչությանը:

Թույլ տվեք հավաստիացնել, որ աջակցությունը հայաստանցիներին մնում է անհողդողդ և վճռական: Այս ոգով էր, որ անցյալ տարի Լյուքսեմբուրգի խորհրդարանը երրորդ միջնորդությունն ընդունեց Հայաստանի իրավիճակի հետ կապված: Մեր միաձայն որոշումը և քվեարկությունը վկայությունն էր այն մասին, որ մենք ունենք իրար հետ կիսվող արժեքներ և վճռականություն՝ կանգնելու ձեր կողքին խաղաղության հասնելու ճանապարհին:

Մենք ցանկանում ենք շեշտել մեր անհողդողդ նվիրվածությունն Ալմա Աթայի՝ 1991 թվականի հռչակագրին, որով Հայստանը և Ադրբեջանը փոխադարձորեն կճանաչեն մեկը մյուսի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, և սա կբերի խաղաղություն և կայունություն տարածաշրջանում»,- ասաց նա:

Վիզլերը նաև հայտարարեց, որ Լյուքսեմբուրգը և Հայաստանն ունեն ընդհանուր արժեքների, հիմնարար արժեքների և հետաքրքրությունների շրջանակ:

Թողնել պատասխան

Your email address will not be published.

twenty − one =