Փարիզի խաղաղության համաժողովի բաղկացուցիչ մաս կազմող՝ Սան Ռեմոյի (1920 թ. ապրիլի 26) և Սևրի (1920 թ. օգոստոսի 10) խաղաղության համաժողովների ընթացքում ընդունված միջազգային պայմանագրերում ամրագրված որոշումների հիման վրա, 1920 թվականի նոյեմբերի 22-ին Ամերիկայի Միացյալ Նահանգների 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնը կայացրեց Իրավարար վճիռ՝ Հայաստանի և Թուրքիայի միջև պետական սահմանի որոշման և հաստատման վերաբերյալ։ 106 տարի առաջ ընդունված ԱՄՆ 28-րդ նախագահի Իրավարար վճիռն ուժի մեջ է մտել ստորագրման պահից և, միջազգային իրավունքի նորմերի համաձայն, ենթակա չէ միակողմանի փոփոխման և չեղարկման։ Այսինքն՝ ո՛չ Հայաստանը, ո՛չ Թուրքիան իրավունք չունեն միակողմանի կարգով հրաժարվել այս Իրավարար վճռի արդյունքներից, ինչպես նաև իրավունք չունեն որևէ կերպ ձևափոխել այն։Իրավարար վճռի ընդունմանը նախորդող իրադարձությունները
1920 թվականի ապրիլի 25-26-ին Առաջին համաշխարհային պատերազմում հաղթանակ տարած Դաշնակից տերությունների Գերագույն խորհուրդը (Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Իտալիա և Ճապոնիա) որոշում կայացրեց դիմել ԱՄՆ-ին երկու առաջարկությամբ.
«Ա» – ստանձնել Հայաստանի մանդատը.
«Բ» – կայացնել Իրավարար վճիռ՝ Հայաստանի և Թուրքիայի միջև պետական սահմանի հաստատման վերաբերյալ։
1920 թ. ապրիլի 27-ին ԱՄՆ-ին ուղղված երկրորդ առաջարկությունը ստորագրվել է նաև Խաղաղության համաժողովի նախագահ՝ Ֆրանսիայի վարչապետ և արտաքին գործերի նախարար Ալեքսանդր Միլերանի կողմից։ Նույն առաջարկություններն ամրագրվեցին արդեն իսկ Սևրի պայմանագրի տեքստում (Սևրի պայմանագրի 89-րդ հոդված) և ստորագրվեցին Հայաստանի ու Թուրքիայի լիազոր ներկայացուցիչների կողմից, ինչպես նաև վավերացվեցին Սևրի պայմանագրի մշակմանը մասնակցած շուրջ քսան երկրների ստորագրություններով։ Փարիզի խաղաղության համաժողովի կողմից դիմումը ստանալուց հետո ԱՄՆ-ն ստեղծեց Լիազոր մարմին, որի կազմում ընդգրկվեցին ԱՄՆ նախագահը, Պետական դեպարտամենտը, ռազմական (պաշտպանության) նախարարությունը, Սպիտակ տան վարչակազմը։ Փարիզի խաղաղության համաժողովի առաջարկությունների մանրամասն ուսումնասիրությունից հետո և կատարված աշխատանքի արդյունքներով Լիազոր մարմինն ընդունեց Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանի հաստատման վերաբերյալ Իրավարար վճռի տեքստը։
Իրավարար վճռի տեքստը, որին կցված էին մանրամասն քարտեզներ և այլ փաստաթղթեր, ստորագրվեց ԱՄՆ 28-րդ նախագահի կողմից 1920 թվականի նոյեմբերի 22-ին, և արդեն դեկտեմբերի 6-ին ԱՄՆ 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնի Իրավարար վճիռը վավերացվեց Փարիզի խաղաղության համաժողովի կողմից՝ որպես օրինական և որևէ փոփոխման ոչ ենթակա որոշում։ Ընդունված փաստաթղթի լրիվ պաշտոնական անվանումն ամրագրված է Փարիզի խաղաղության համաժողովի ամփոփիչ արձանագրության մեջ՝ «Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի որոշումը Թուրքիայի և Հայաստանի միջև սահմանի, Հայաստանի՝ դեպի ծով ելքի և հայկական սահմանին հարող թուրքական տարածքի ապառազմականացման վերաբերյալ»։
Իրավարար վճռի բովանդակությունը
ԱՄՆ 28-րդ նախագահի Իրավարար վճռի համաձայն՝ Օսմանյան կայսրության նախկին տարածքների, մասնավորապես՝ Վանի, Բիթլիսի, Էրզրումի և Տրապիզոնի վիլայեթների նկատմամբ, որոնց ընդհանուր մակերեսը կազմում է 103.599 քառ. կմ, հաստատվում էր Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը։ Այս մակերեսը զգալիորեն փոքր է այն տարածքից, որը պետք է մտներ Հայաստանի կազմի մեջ՝ համաձայն Մուդրոսի զինադադարի 24-րդ հոդվածի։ Հայաստանի կազմ վերադարձվելիք տարածքների նման կրճատումը պայմանավորված էր նրանով, որ այդ պահին Արևմտյան Հայաստանի հայ բնակչությունն արդեն գործնականում ոչնչացված էր։
Իրավարար վճռի արդի վիճակը
ԱՄՆ 28-րդ նախագահի Իրավարար վճիռը վերջնական է և ենթակա է պարտադիր կատարման։ Սույն Վճիռը չունի վաղեմության ժամկետի հետ կապված սահմանափակում, և այն փաստը, որ մինչ օրս Իրավարար վճիռն առայժմ կատարված չէ, չի նշանակում, որ այն կորցրել է իր ուժը կամ բովանդակությունը։ Ավելին, Իրավարար վճիռների միջազգային-իրավական հիմնավորումը, որն ամրագրված է մինչ օրս գործող Հաագայի կոնվենցիայի (1907 թ.) 81-րդ հոդվածում, սահմանում է, որ Իրավարար վճիռները չեղարկման ենթակա չեն։ Միջազգային իրավունքի համաձայն՝ կողմերը, որոնք համաձայնել են, որպեսզի իրենց միջև առկա հարցերը լուծվեն Իրավարար վճռով, դրանով իսկ ճանաչում են Իրավարար վճռի անվերապահ կատարման պարտավորությունը։ Կողմերից մեկի՝ Իրավարար վճռի պայմանները կատարելու ցանկության բացակայությունն ապօրինի է և չի ազդում սույն Վճռի ուժի վրա։
ԱՄՆ 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնի Իրավարար վճռի պարագայում վճռի մասնակիցներ են հանդիսանում բոլոր այն երկրները, որոնք համաձայնել են, որպեսզի Հայաստանի և Թուրքիայի միջև պետական սահմանի հաստատման հարցը լուծվի ԱՄՆ արբիտրաժով։ Բացի Հայաստանից և Թուրքիայից, նման համաձայնություն են տվել Մեծ Բրիտանիան (և նրա իրավահաջորդները՝ Ավստրալիան, Կանադան, Նոր Զելանդիան, Հարավային Աֆրիկան, Հնդկաստանը, Պակիստանը, Բանգլադեշը), Ֆրանսիան, Իտալիան, Ճապոնիան, Բելգիան, Հունաստանը, Լեհաստանը, Պորտուգալիան, Ռումինիան, Չեխիան և Սլովակիան։ Ավելին, ԱՄՆ 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնի Իրավարար վճռի կատարումը հանդիսանում է ԱՄՆ-ի իրավական պարտականությունը, քանի որ ԱՄՆ օրենքների համաձայն՝ ԱՄՆ նախագահի ցանկացած հրամանագիր կամ որոշում պարտադիր է կատարման համար։






