Պոլսո Հայոց պատրիարքի ընտրության շուրջ առաջացած ճգնաժամի միակ լուծումն արդար քվեարկության կազմակերպումն ու այդ ճանապարհով 85-րդ պատրիարքի ընտրությունն է: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր Գարո Փայլանը, ով կոչ արեց տեղի հայ համայնքին ամենևին չհուսահատվել և չընդունել այն, ինչ պարտադրվում է:
–Պոլսո Հայոց պատրիարքական ընտրությունների գործընթացը Ստամբուլի նահանգապետարանի նամակով կրկին փակուղի մտավ: Պետությունը միջամտեց հայկական եկեղեցու գործերին: Ինչպե՞ս եք տեսնում այս գործընթացի լուծումը:
– Ժողովրդավարական կառույցներում ճգնաժամերը լուծվում են ժողովրդավարական ընտրությունների, քվեարկության միջոցով: Այս ճգնաժամի պարագայում էլ լուծումն անկասկած քվեարկությունն է: Հայկական համայնքը պետք է կարողանա պատրիարքի ընտրություններ կազմակերպել առանց որևէ միջամտության: Եվ բոլորը պետք է հարգեն այն արդյունքը, որը դուրս կգա քվեատուփից:
– Պատրիարքական ընտրությունների գործընթացի՝ այս վիճակին հասնելու գործում տեսնո՞ւմ եք պատրիարքական փոխանորդի պաշտոնում մնացող Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի մեղավորությունը:
– Իհարկե: Նա առաջնորդվել է ոչ թե հայկական համայնքի, այլ սեփական շահերով: Անազնիվ համագործակցության մեջ է մտել պետության ներսում գտնվող մի խմբի հետ, որի նպատակը հայկական համայնքի գլխին հարկադիր կատարողի նշանակելն էր: Այդպիսով աչք է փակել համայնքի շահերի վրա՝ միևնույն ժամանակ անտեսելով եկեղեցական ավանդույթները:
– Պոլսո Հայոց պատրիարքական տեղապահ ընտրված Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը հրաժեշտի նամակում գրել էր, որ այս իրադրությունը կարող է հայկական համայնքի պառակտման պատճառ դառնալ: Կիսո՞ւմ եք Սրբազանի մտքերը:
-Միանշանակ համաձայն եմ: Թուրքիայի ներսում քաոս է տիրում, որը, բնականաբար, ազդում է նաև հայկական համայնքի վրա: Հայկական համայնքի ապագայի նկատմամբ մտահոգ այս ժամանակաշրջանում տեղի ունեցող իրադարձությունները մասնատում են մեր կառույցները:
– Ի՞նչ կոչ կանեք Ստամբուլի հայ համայնքին:
-Կոչ եմ անում, որ բացարձակապես չհուսահատվեն և չընդունեն այն, ինչ պարտադրվում է: Որպես հայ համայնք՝ պետք է կենտրոնանանք այն ընտրությունների վրա, որի իրավունքն ունենք՝ հանուն հոգևոր և աշխարհիկ կյանքում առկա քաոսի վերացման: Պետք է նպատակ ունենանք հասնելու հոգևոր և աշխարհիկ առումներով ճիշտ կառավարվող, հզոր համայնքի: Բոլոր հարթակներով կրկնում եմ, որ այդ նպատակը բխում է նաև Թուրքիայի շահերից: Շարունակելու եմ այս ուղղությամբ ջանքեր գործադրել: Կոչ եմ անում ցանկացածին, ով պատասխանատու է իրեն զգում այս հարցում, սեփական շահերը մի կողմ դնելով՝ միանա այդ ջանքերին:
Արաքս Կասյան
Ստամբուլի նահանգապետարանը փետրվարի 5-ին ուշացած պատասխանել էր Պոլսո Հայոց պատրիարքի ընտրության վերաբերյալ ամիսներ առաջ հայկական կողմի ուղարկած դիմումին՝ հայտնելով, որ չի ճանաչում Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանին որպես պատրիարքական տեղապահ: Ստամբուլի փոխնահանգապետ Իսմայիլ Գյուլթեքինի կողմից ստորագրված նամակում նշվել է, որ Պոլսո Հայոց պատրիարք Մեսրոպ Մութաֆյանը դեռևս ողջ է և հետևաբար չկան անհրաժեշտ պայմաններ նոր պատրիարքի ընտրության համար: Նույն հայտարարության մեջ ասվում էր, որ թուրքական իշխանությունները շարունակում են ճանաչել Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին՝ որպես պատրիարքական փոխանորդ:
Այս հայտարարությունից հետո Պոլսո Հայոց պատրիարքարանի Կրոնական ժողովը փետրվարի 9-ին որոշում է կայացրել այն մասին, որ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը կշարունակի պաշտոնավարել որպես պատրիարքական փոխանորդ:
Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը, ով 2017 թվականի մարտի 15-ին Հոգևոր խորհրդի կողմից ընտրվել էր պատրիարքական տեղապահի պաշտոնում, հայտարարել էր Ստամբուլից հեռանալու որոշման մասին: