ԱՐԵՒՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ Հ Ռ Չ Ա Կ Ա Գ Ի Ր Ը ԱՐԵՒՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՅԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

ԱՐԵՒՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ Հ Ռ Չ Ա Կ Ա Գ Ի Ր Ը

ԱՐԵՒՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՅԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Նկատի ունենալով հետեւյալ դրույթները.

–Հազարամյակներից ի վեր հայերի մեծամասնությունը ապրել է Արեւմտյան Հայաստանում, իբրեւ այդ շրջանի բնիկ ժողովուրդ, որտեղ հիմնել է կայուն եւ բարգավաճ պետություն եւ ստեղծել մշակութային առաջնակարգ արժեքներ.

–Օսմանյան լծի տակ հայերը մշտապես ենթարկվել են հալածանքների, կոտորածների եւ բռնագաղթի, որոնց գագաթնակետը 1894–1896 թթ., 1909 թ. ջարդերից հետո 1915–1923 թթ. ցեղասպանությունը եղավ՝ պատճառ դառնալով 2 միլիոն զոհերի:

-Հետեւաբար, Արեւմտյան Հայաստանի հայերի մնացորդը ցեղասպանությունից փրկվելով՝ արմատախիլ է եղել պապենական հայրենիքից եւ սփռվել աշխարհի զանազան կողմերը.

–Առաջին աշխարհամարտի ընթացքին, 1918 թ. փետրվար 2–ին, ռուսական ուժերը ազատագրել են Արեւմտյան Հայաստանը եւ Հայ Ազգային Խորհուրդը դիմել է Ֆրանսիային՝ ճանաչելու Արեւմտյան Հայաստանի անկախությունը («Թուրքահայաստան» կամ «Տաճկահայաստան» կոչված), իսկ 1918 թ. հունվար 13–ին Ռուսաստանը պաշտոնական հրամանագրով ընդունել է Արեւմտյան Հայաստանի («Թուրքահայաստան» կամ «Տաճկահայաստան» կոչված) անկախությունը, որով Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքները հանձնվել են իրենց իսկ տնօրինությանը.

–Սայքս–Պիքոյի համաձայնագրով, ստորագրված 1916 թ. մայիս 9-ին եւ 16–ին Կիլիկիայում, Ֆրանսային հանձնարարվեց Տիգրանակերտի (Տիարբեքիր), Խարբերդի եւ Ատանայի գավառների հայերի ինքնավարության գործընթաց սկսելու, միեւնույն ժամանակ համաձայնության գալու Հայ Ազգային Պատվիրակության ներկայացուցիչների հետ, որով որոշվեց Արեւելյան Լեգեոնի ստեղծումը (հետագային՝ Հայկական զօրագունդ).

–Ռուսական կայսրության կործանումից հետո հայկական գերիշխանությունը վերահաստատվեց Հայաստանի Անկախ Հանրապետության ստեղծումով Արեւելյան Հայաստանի մի մասի վրա: Գոյության երկու կարճատեւ տարիներից հետո Խորհրդային Ռուսաստանի եւ քեմալական թուրքերի բանակները հարձակվեցին երիտասարդ Հայաստանի Հանրապետության վրա: Նախիջեւանի, Կարսի, Ջավախքի ու Արցախի (Ղարաբաղ) տարածքները հոշոտելուց հետո հայկական փոքր մի պետություն ստեղծվեց, որ մաս կազմեց Խորհրդային Միության՝ մինչեւ 1991 թվականը.

 

–Սույն կացությունը դարմանելու եւ իրենց խնդիրներին լուծումներ գտնելու նպատակով՝ Արեւմտյան Հայաստանի ներկաացուցիչները 1917 եւ 1919 թթ. երկու վեհաժողով են կազմակերպել Երեւանի մեջ: Երկրորդ վեհաժողովին հաստատված գործադիր մարմինը 12 պատգամավորներ է ընտրել, որոնք հանդես են եկել, որպես ներկայացուցիչներ Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովում.

–1920 թ. օգոստոս 10–ի Սեւրի դաշնագիրը, ստորագրված մի կողմից Դաշնակից տերություններու եւ մյուս կողմից Թուրքիայի միջեւ, պահանջել է «բանակցող կողմերից»՝ ընդունել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի Կարին (Էրզրում), Տրապիզոն, Վան եւ Բիթլիս գավառների մեջ Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ սահմանագծման իրավարարության հարցը, ապա վավերացնել այն, ինչպես եւ մնացած կետերը, որոնք ճանապարհ են հարթելու Հայաստանի ծով ելքի եւ վերոհիշյալ սահմանները հատող թուրքական տարածքների ապառազմականացման».

 

Այդ ժամանակներից ի վեր Արեւմտյան Հայաստանի հայերը աշխարհի մեջ հետապնդել են արդարության իրենց հանգանակը հետեւյալ իրողությունների հիման վրա.

–Ազգային Վեհաժողովի եւ Ազգային Պատուիրակության գործունեությունների դադարեցումից հետոյ, որ տեղի ունեցավ 1919 թ. փետրվարից մինչեւ 1920 թ. հուլիս ամիսը Փարիզի մեջ, Արեւմտյան Հայաստանի հայերին չհաջողվեց կազմակերպել ըստ պատշաճի ընտրված մի Ներկայացուցչություն, որ պաշտպաներ իրենց օրինական իրավունքները.

–Աշխատանքների բաժանումը եւ դերերի բաշխումը հայ ժողովուրդի արեւմտյան եւ արեւելյան հատվածների միջեւ, ինչպես եւ նրանց ջանքերի համադրումը, կարող էին նպաստել նրանց խնդիրների լավագույն կերպով հանգուցալուծմանը.

 

Այսպիսով կոչ ենք անում.

Արեւմտյան Հայաստանի հայերին՝ գործել իրենց սեփական Հայ Ազգային Խորհրդի հովանավորության ներքո, քանի որ միայն նրանք կարող են իրավամբ առաջ տանել այդ գործունեությունը Արեւմտյան Հայաստանի Ազգային Համագումար կազմելով, որի պատվիրակները ընտրվելու են զանազան գաղթօջախների համայնքներից: Արեւմտյան Հայաստանի հայերը իրենք են, որ սրբությամբ պետք է արժեւորեն ինքնորոշման իրենց իրավունքը եւ կազմեն իրավական մի պետություն:

 

Հաստատելով, որ Արեւմտյան Հայաստանի հայերը իրենց արժանիքներով եւ իրավունքներով հավասար են բոլոր մյուս ժողովուրդներին՝ ընդունելով բոլոր ժողովուրդների տարբերությունները, իրենք-իրենց այլ ձեւով գնահատելու եւ որպես այդպիսին հարգանքի իրավունքը,

Հաստատելով նաեւ, որ բոլոր ժողովուրդները նպաստում են քաղաքակրթությունների եւ մշակույթների այլազանությանը եւ հարստությանը, որ համայն մարդկության հարստությունն են կազմում,

Հաստատելով, որ բոլոր այն գաղափարախոսությունները, լինեն դրանք քաղաքական, թե գործնական, որոնք կոչ են անում որեւէ ժողովրդի կամ անհատի գերազանցության, հիմնվելով ազգային, ցեղային, կրոնական, ազգագրական, ցեղաբանական տարբերությունների վրա, գիտական տեսանկյունից կեղծ են, ցեղապաշտական եւ իրավական գետնի վրա անարժեք, բարոյապես դատապարտելի, իսկ ընկերային առումով անարդար,

Վերահաստատելով, որ Արեւմտյան Հայաստանի հայերը իրենց իրավունքները կիրառկելու ընթացքում խտրականության ոչ մի դրսեւորման ենթակա չեն լինելու,

Մտահոգ լինելով առ այն, որ Արեւմտյան Հայաստանի հայերը զրկվել են մարդու իրավունքներից եւ իրենց հիմնական ազատությունից եւ այլ հետեւանքների կարգին, ենթարկվել ջարդերի, բռնագաղթի եւ սեփականազրկման իրենց երկրից, հողերից եւ բնական պաշարներից, որը արգելք է հանդիսացել, մանավանդ, բարգավաճման իրավունքը կիրառկելու՝ իրենց իսկ կարիքների եւ շահերի համապատասխան,

Ընդունելով Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքներն ու առանձնահատկությունները հարգելու եւ իրականացնելու անհրաժեշտությունը, մասնավորապես, նրանց երկրի, հողերի եւ բնական պաշարների նկատմամբ իրավունքները, որ բխում են նրանց քաղաքական, տնտեսական եւ ընկերային կառույցներից եւ նրանց մշակույթից, նրանց հոգեւոր ավանդույթներից, նրանց պատմությունից, ինչպես նաեւ նրանց փիլիսոփայությունից,

 

Միմյանց շնորհավորելով այն իրողությամբ, որ Արեւմտյան Հայաստանի հայերը կազմակերպվում են բարելավելու իրենց կացությունը քաղաքական, տնտեսական, ընկերային եւ մշակութային ասպարեզներում՝ վերջ դնելու խտրականության բոլոր այն դրսեւորումներն ու ճնշումները, որ պատճառվում է նրանց ամենուրեք,

Համոզված լինելով, որ իրենց եւ իրենց երկրին, հողերին եւ բնական պաշարներին վերաբերող ձեռնարկների վրա հսկողությունը Արեւմտյան Հայաստանի հայերի կողմից թույլ կտա նրանց զորացնելու իրենց կառույցները, մշակույթը, իրենց ավանդույթները եւ զարգացնելու իրենց բարգավաճումը իրենց փափագների, տենչանքների եւ պահանջքների համապատասխան,

 

Ընդունելով նաեւ, որ գիտելիքների, մշակույթների եւ ավանդական արարողությունների հանդէպ հարգանքը ամրապնդում է շրջապատը տեւականօրէն եւ արդարացի արժեքավորելուն եւ դրա ճիշտ կառավարմանը,

Ընդգծելով Արեւմտյան Հայաստանի հայերի երկրի եւ հողերի ապառազմականացման անհրաժեշտությունը եւ այսպիսով խաղաղության, տնտեսական եւ ընկերային բարգավաճման, ինչպես նաեւ աշխարհի ժողովուրդների եւ ազգերի միջեւ համերաշխ ու բարեկամական հարաբերությունների հաստամանը օժանդակելու անհրաժեշտությունը,

Ընդունելով մասնավորապես ընտանիքների եւ համայնքների՝ իրենց զավակների կրթության, ուսման, դաստիարակության եւ բարօրրության իրենց վերաբերող պատասխանատվությունը պահպանելու իրավունքը,

Ընդունելով նաեւ, որ Արեւմտյան Հայաստանի հայերը իրավունք ունեն ազատօրեն սահմանելու իրենց հարաբերությունները Պետությունների հետ՝ համերաշխության, փոխադարձ շահերի եւ մեծ հարգանքի ոգով:

Նկատելով, որ Արեւմտյան Հայաստանի եւ Պետությունների միջեւ դաշնագրերը, համաձայնագրերը եւ այլ կարգադրութունները միջազգային մտահոգության եւ պատասխանատվության օրինական առարկա են,

Ընդունելով, որ Միացյալ Ազգերի Սահմանադրությունը, տնտեսական, ընկերային եւ մշակութային իրավունքների վերաբերյալ միջազգային Դաշինքը, նաեւ քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների վերաբերյալ միջազգային Դաշինքը հաստատում են իրենք-իրենց տնօրինելու՝ բոլոր ժողովուրդների իրավունքի արմատական կարեւորությունը, որի հիման վրա նրանք ազատօրեն սահմանում են իրենց քաղաքական կարգավիճակը՝ ազատօրեն ապահովելով իրենց տնտեսական, ընկերային եւ մշակութային զարգացումը,

Նկատելով, որ ներկա Հռչակագրի որեւէ դրույթ հնարավոր չէ վկայության բերել՝ ուրանալու համար որեւէ ժողովուրդի ինքնորոշման իրավունքը,

Հորդորելով Պետություններին՝ հարգելու եւ ի գործ դնելու միջազգային բոլոր, մասնավորապես, մարդու իրավունքների վերաբերյալ գործարքները, որոնք կիրառկելի են Արեւմտյան Հայաստանի հայերի համար՝ գործակցելով պատկան ժողովուրդների հետ,

Ընդգծելով, որ Միացյալ Ազգերի Կազմակերպությունը կարեւոր դեր ունի եւ շարունակում է ունենալ Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքների առաջխաղացման եւ պաշտպանության մեջ,

Համոզված լինելով, որ սույն Հռչակագիրը կարեւոր մի նոր հանգրվան է Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքները եւ ազատությունները ճանաչելու, այդ իրավունքների առաջացման եւ պաշտպանության, ինչպես եւ այս բնագավառի մեջ Միացյալ Ազգերի կառույցների պատշաճ գործունէության զարգացման ճանապարհին,

 

Հանդիսավորապես հայտարարում է՝

Բնիկ ժողովուրդների վերաբերյալ Միացյալ Ազգերի Հռչակագիրը կիրառկելի է Արեւմտյան Հայաստանի հայերի համար, որի բովանդակությունը հետեւյալն է.

Բաղկացած 45 հոդվածներից՝ 9 բնագավառների վերաբերյալ, որոնք են.

 

Առաջին մաս. Արեւմտյան Հայաստանի հայերի ազատ լինելու իրավունքը

Երկրորդ մաս. Ազատ ապրելու իրավունք՝ ֆիզիկական եւ մտավոր ամբողջությամբ եւ ապահովությամբ

Երրորդ մաս. Լեզվի, մշակույթի եւ ավանդույթների իրավունք

Չորրորդ մաս. Կրթության եւ դաստիարակության իրավունք

Հինգերորդ մաս. Զարգացման եւ ընկերային պաշտպանության իրավունք

Վեցերորդ մաս. Քաղաքացիական ապահովության, հողային եւ առողջապահական կանոնադրության իրավունք

Յոթերորդ մաս. Քաղաքացիական եւ քաղաքական իրավունք

Ութերորդ մաս. Միջազգային գործակցության եւ արտաքին հարաբերությունների իրավունք

Իններորդ մաս. Անձի արժանապատվության իրավունք

 

ԱՌԱՋԻՆ ՄԱՍ

(Արեւմտյան Հայաստանի հայերի ազատ լինելու իրավունքը)

Հոդված 1

Արեւմտյան Հայաստանի հայերը իրավունք ունեն լիովին եւ իրապես վայելելու մարդու հիմնարար ազատությունների իրավունքները, որոնք ընդունված են Միացյալ Ազգերի Սահմանադրության, մարդու իրավունքների եւ նրանց վերաբերյալ միջազգային իրավունքի համամարդկային Հռչակագրի կողմից:

Հոդված 2

Արեւմտյան Հայաստանի հայերը՝ իբրեւ անհատ կամ ժողովուրդ, ազատ են իրենց արժանապատվությամբ եւ իրավունքներով հավասար, ինչպես մնացած բոլոր մարդիկ եւ ժողովուրդները եւ չեն կարող ենթարկվել խտրականության որեւէ ձեւի, մասնավորապես, իրենց ծագման կամ ինքնության պատճառով:

Հոդված 3

Արեւմտյան Հայաստանի հայերը իրենց իրենց տնօրինելու իրավունք ունեն: Այս իրավունքի շնորհիվ նրանք ազատօրեն որոշում են իրենց քաղաքական կարգավիճակը եւ ապահովում իրենց տնտեսական, ընկերային եւ մշակութային զարգացումը:

Հոդված 4

Արեւմտյան Հայաստանի հայերը իրավունք ունեն հաստատուն պահելու, պահպանելու եւ զորացնելու իրենց քաղաքական, տնտեսական, ընկերային եւ մշակութային առանձնահատկությունները, ինչպես եւ իրենց իրավական համակարգը, պահպանելով պետության քաղաքական, տնտեսական, ընկերային եւ մշակութային կյանքին լիովին մասնակցելու իրավունքը, եթե այդ է իրենց ընտրությունը:

Հոդված 5

Արեւմտյան Հայաստանի բոլոր հայերը, որպես անհատ, իրավունք ունեն ազգային պատկանելիության:

 

ԵՐԿՐՈՐԴ ՄԱՍ

(Ազատ ապրելու իրավունք՝ ֆիզիկական եւ մտավոր ամբողջությամբ եւ ապահովությամբ)

Հոդված 6

Արեւմտյան Հայաստանի հայերը, որպես հավաքականություն, իրավունք ունեն իբրեւ ուրույն ժողովուրդ ապրելու ազատ, խաղաղ եւ ապահով՝ իրենց պատմության եւ ցեղասպանության ճանաչումով, որին ենթարկվել են 1894–1923 թթ., եւ իրավունք ունեն լիովին պաշտպանված լինելու որեւէ մեկ այլ ցեղասպանության կամ բռնության դրսեւորումներից, ներառյալ մանուկների առեւանգումը, անկախ պատրվակներից: Նրանք, որպես անհատ, կյանքի, մտավոր եւ ֆիզիկական ամբողջության եւ ազատության ու անձնական ապահովության իրավունք ունեն:

Հոդված 7

Արեւմտյան Հայաստանի հայերը, որպես անհատ եւ հավաքականություն, իրավունք ունեն պաշտպանված լինելու ցեղասպանությունից, իրենց պատմության ժխտումից եւ մշակութային ցեղասպանությունից եւ, մանավանդ, այնպիսի գործողություններից, որոնք վերակազմավորման արգելքներ են հարուցում իրենց համար.

ա) որեւէ արարք, որ նպատակ կամ ազդեցություն ունի նրանց զրկելու իրենց ամբողջությունից, որպես ուրույն ժողովուրդ կամ իրենց մշակութային արժեքներից եւ կամ ազգային ինքնությունից,

բ) որեւէ արարք, որ նպատակ կամ արդյունք ունի սեփականազրկելու նրանց իրենց երկրում, իրենց հողերից կամ իրենց բնական պաշարներից,

գ) բնակչության տեղափոխություն որեւէ կերպ, որ նպատակ կամ արդյունք ունի ոտնակոխելու, բռնադատելու, դրժելու կամ վերացնելու նրանց իրավունքներից որեւէ մեկը,

դ) ձուլման կամ այլ մշակույթների տարբեր կենսակերպերի միաձուլման որեւէ ձեւ, որ պարտադրված է օրենսդրական, վարչական կամ այլ միջոցներով,

ե) նրանց դեմ ուղղված քարոզչության որեւէ ձեւ:

Հոդված 8

Արեւմտյան Հայաստանի հայերը, որպես անհատ եւ հավաքականություն, իրավունք ունեն պահպանելու եւ զարգացնելու իրենց առանձնահատկությունները եւ ուրույն ինքնությունը, ներառյալ իրենց բնիկ լինելու հանգամանքը ետ պահանջելու եւ որպես այդպիսին ճանաչված լինելու իրավունքը:

Հոդված 9

Արեւմտյան Հայաստանի հայերը, որպես անհատ եւ ժողովուրդ, իրավունք ունեն հանդիսանալու համայնք կամ ազգ՝ իրենց լեզվի, ավանդույթների, սովորույթների եւ բարքերի համաձայն: Ոչ մեկ աննպաստ երեւույթ չի կարող արգելք հանդիսանալ այս իրավունքի կիրառկման:

Հոդված 10

Արեւմտյան Հայաստանի հայերը չեն կարող հարկադրաբար հեռանալ իրենց երկրից եւ հողերից: Այնտեղ անկարելի է վերաբնակեցում, առանց համապատասխան բնիկ ժողովուրդի հավանության՝ արտահայտված ազատօրեն եւ պատճառի լիիրավ գիտակցությամբ, նաեւ արդար ու ճիշտ վնասի հատուցման համաձայնությամբ եւ ետդարձի կարելիության հնարավորությամբ:

Հոդված 11

Արեւմտյան Հայաստանի հայերը առանձահատուկ պաշտպանության եւ ապահովության իրավունք ունեն զինյալ բախումների ժամանակ:

Ստիպողական իրավիճակների եւ զինյալ բախումների ժամանակ Պետությունները պարտավոր են հարգել քաղաքացիական բնակչության պաշտպանության վերաբերյալ միջազգային կանոնները, մասնավորապես, 1949 թ. Ժնեւի չորրորդ կոնվենցիան,

ու պարտավոր են հրաժարվել.

ա) զօրահավաքից՝ իրենց զինյալ ուժերի մեջ, ի հակառակ Արեւմտյան Հայաստանի հայերի կամքի, մասնավորապես, նրանց օգտագործումից այլ ժողովուրդների դեմ,

բ) մանուկների զօրահավաքից իրենց զինյալ ուժերի մեջ, անկախ հանգամանքներից,

գ) հարկադրելուց՝ Արեւմտյան Հայաստանի հայերին լքելու իրենց երկիրը, հողերը եւ ապրուստի հնարավորությունները եւ կամ վերահաստատվելու ռազմական նպատակների համար հատկացված հատուկ կենտրոնների մեջ,

դ) պարտադրելուց՝ Արեւմտյան Հայաստանի հայերին աշխատելու ռազմական նպատակների համար, խտրական պայմանների մեջ, ինչպիսին էլ որ լինեն դրանք:

 

ԵՐՐՈՐԴ ՄԱՍ

(Լեզուի, մշակույթի եւ ավանդույթների իրավունքներ)

Հոդված 12

Արեւմտյան Հայաստանի հայերը իրավունք ունեն պահպանելու եւ վերապրեցնելու իրենց մշակութային ավանդույթները, սովորույթները եւ բարքերը: Նրանք, մանավանդ, իրավունք ունեն պահպանելու, պաշտպանելու եւ զարգացնելու իրենց մշակույթի անցյալի, ներկայի ու ապագայի արտահայտությունները, ինչպես օրինակ, հնագիտական ու պատմական վայրերը, արհեստները, գծագրություններն ու նմույշները, ծեսերը, արհեստագիտությունը, տեսողական արուեստները, թատերական արուեստը եւ գրականությունը: Նրանք իրավունք ունեն նաեւ վերադարձնելու իրենց մշակութային, իմացական, մտավոր, կրոնական եւ հոգեւոր հարստությունն ու արժեքները, որոնք խլված են նրանցից, առանց իրենց ազատօրեն արտահայտված հավանության եւ պատճառի լիիրավ գիտակցության եւ կամ իրենց օրենքների, ավանդույթների եւ սովորույթների բռնադատմամբ:

Հոդված 13

Արեւմտյան Հայաստանի հայերը իրավունք ունեն բացահայտելու, կիրառելու, զարգացնելու եւ ուսուցանելու իրենց ավանդույթները, սովորույթները եւ կրոնական ու հոգեւոր ծեսերը. իրավունք ունեն պահելու, պահպանելու եւ պաշտպանելու իրենց կրոնական եւ մշակութային վայրերը եւ, հատկապես, մուտք ունենալու այնտեղ. իրավունք ունեն գործածելու եւ տնօրինելու իրենց ծիսական իրերը. իրավունքը ունեն նաեւ հայրենիք վերադարձնելու մարդկային աճյունները:

Պետությունները, գործակցելով Արեւմտյան Հայաստանի հայերի հետ, պետք է հարկ եղած միջոցները ձեռնարկեն պարտադրելով, որ Արեւմտյան Հայաստանի հայերի համար սրբազան վայրերը, ներառյալ եւ գերեզմանատեղիները, պաշտպանված, հարգված եւ պահպանված լինեն:

Հոդված 14

Արեւմտյան Հայաստանի հայերը իրավունք ունեն վերակենդանացնելու, օգտագործելու,

զարգացնելու եւ ապագա սերունդներուն փոխանցելու իրենց պատմությունը, իրենց լեզուն, իրենց անգիր ավանդությունները, իրենց փիլիսոփայությունը, իրենց գրության ոճը եւ իրենց գրականությունը, ինչպես եւ ընտրելու եւ կամ պահպանելու իրենց համայնքների, բնակության վայրերի հատուկ անվանումները եւ անձնանունները:

Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքներից որեւէ մեկի վտանգված լինելու դեպքում, Արեւմտյան Հայաստանի հայերը եւ Պետությունները պարտադիր միջոցներ պետք է ձեռնարկեն դա պաշտպանելու, նաեւ պարտադրելու, որ շահախնդիր տարրերը կարողանան հասկանալ քաղաքական, իրավաբանական եւ վարչական ընթացակարգերի ծավալումը ու նրանց հասկանալի դարձնել՝ հարկ եղած դեպքում տրամադրելու թարգմանիչ կամ համապատասխան այլ ծառայություններ:

 

ՉՈՐՐՈՐԴ ՄԱՍ

(Կրթության եւ ուսման իրավունքներ)

Հոդված 15

Արեւմտյան Հայաստանի հայերի զավակները իրավունք ունեն հասանելության հանրային ուսուցման բոլոր ձեւերին եւ մակարդակներին: Արեւմտյան Հայաստանի բոլոր հայերը նույնպես ունեն այս իրավունքը, ինչպես եւ իրավունք ունեն հաստատելու իրենց դպրոցական հաստատություններն ու համակարգերը, որտեղ ուսուցանվելու է իրենց լեզվով՝ ուսուցման իրենց համակարգի համաձայն:

Իրենց համայնքներից դուրս բնակվող Արեւմտյան Հայաստանի հայերի համար ուսուցումը մատչելի պետք է լինի՝ համապատասխան իրենց մշակույթի եւ իրենց լեզուով:

Պետությունները պետք է ջանան, որ այս նպատակի համար համապատասխան միջոցներ հատկացվեն:

Հոդված 16

Արեւմտյան Հայաստանի հայերը իրավունք ունեն ուսուցման եւ հանրային սպասարկման բոլոր այն ձեւերին, որոնք ճշտությամբ կ՛արտացոլեն իրենց մշակույթի, իրենց ավանդությունների, իրենց պատմության եւ իրենց իղձերի վեհությունը եւ զանազանությունը:

Պետությունները, Արեւմտյան Հայաստանի հայերի խորհրդակցությամբ, հարկ եղած միջոցների պետք է դիմեն նախապաշարումներն ու խտրականությունը ջլատելու, նպաստելու հադուրժողության ու հասկացողության եւ լավ հարաբերությունների հաստատման՝ բնիկ ժողովուրդների եւ ընկերության բոլոր շրջանակների միջեւ:

Հոդված 17

Արեւմտյան Հայաստանի հայերը իրավունք ունեն հաստատելու տեղեկությունների իրենց սեփական միջոցները՝ իրենց լեզուով: Նրանք իրավունք ունեն նաեւ հավասարության սկզբունքով մուտք գործելու լրատվամիջոցների բոլոր ձեւերի մեջ:

Արեւմտյան Հայաստանի հայերը եւ Պետությունները հարկ եղած միջոցները պետք է ձեռնարկեն ու պարտավորեցնեն, որ հանրային տեղեկատվական միջոցները ճշգրտօրեն

գաղափար տան Արեւմտյան Հայաստանի հայերի մշակութային այլազանության վերաբերյալ:

Հոդված 18

Արեւմտյան Հայաստանի հայերը իրավունք ունեն լիովին վայելելու բոլոր իրավունքները,

որոնք հաստատված են աշխատանքային իրավունքի առնչությամբ թէ՛ միջազգային եւ թէ՛ ազգային մակարդակներով:

Արեւմտյան Հայաստանի հայերը, որպես անհատ, իրավունք ունեն պաշտպանված լինելու աշխատանքային հանգամանքների, աշխատանքի կամ վարձատրության խտրականությունից:

 

ՀԻՆԳԵՐՈՐԴ ՄԱՍ

(Բարգավաճման եւ ընկերային պաշպանության, խնամակալության իրավունքներ)

Հոդված 19

Արեւմտյան Հայաստանի հայերը իրավունք ունեն, եթե ցանկանում են, լիովին եւ բոլոր մակարդակներով մասնակցելու այն որոշումների ընդունմանը, որոնք կարող են ազդեցություն ունենալ իրենց իրավունքների, կենսաձեւի եւ իրենց ապագայի վրա՝ սեփական ընթացակարգերին համապատասխան եւ իրենց իսկ կողմից ընտրված ներկայացուցիչների միջնորդությամբ: Նրանք իրավունք ունեն նաեւ պահպանելու եւ զարգացնելու որոշումներ կայացնող իրենց սեփական հաստատությունները:

Հոդված 20

Արեւմտյան Հայաստանի հայերը իրավունք ունեն, ըստ իրենց կամքի, լիովին մասնակցելու իրենց վերաբերող օրենսդրական եւ վարչական միջոցների մշակմանը, որոնք կարող են իրենց վերաբերվել՝ հետեւելով իրենց սահմանած ընթացակարգերին:

Արեւմտյան Հայաստանի հայերին վերաբերող բոլոր միջոցների ընդունումից եւ կիրառկումից առաջ Պետությունները պարտավոր են ստանալ շահախնդիր ժողովուրդների հավանությունը, որն արտահայտված լինի ազատօրեն եւ պատճառի ամբողջ իմացությամբ:

Հոդված 21

Արեւմտյան Հայաստանի հայերը իրավունք ունեն պահպանելու եւ զարգացնելու իրենց

քաղաքական, տնտեսական եւ ընկերային համակարգերը, ամենայն ապահովությամբ տեր լինելու եւ վայելելու իրենց ապրուստի եւ զարգացման սեփական միջոցները, ինչպես եւ ազատօրեն հետեւելու իրենց տնտեսական, ավանդական եւ այլ գործունէության: Արեւմտյան Հայաստանի հայերը, որոնք զրկուեցին ապրուստի իրենց միջոցներից, իրավունք ունեն ճիշտ եւ արդարացի վնասից հատուցման:

Հոդված 22

Արեւմտյան Հայաստանի հայերը իրավունք ունեն հատուկ միջոցների, որոնք ուղղված են անմիջականօրեն, արդյունավետ եւ շարունակական կերպով բարելավելու իրենց տնտեսական եւ ընկերային կացությունը՝ ներառյալ աշխատանքի, ուսման եւ մասնագիտական, ինչպես եւ բնակության, ապաքինման, առողջության եւ ընկերային ապահովության:

Հարկ է մասնավոր ուշադրություն հրավիրել տարեցների, կանանց, երիտասարդների, մանուկների եւ հաշմանդամների իրավունքներին եւ մասնավոր կարիքներին:

Հոդված 23

Արեւմտյան Հայաստանի հայերը իրավունք ունեն սահմանելու եւ մշակելու նախապատվություններ եւ ռազմավարություններ՝ իրենց զարգացման իրավունքի կիրառկման համար: Մասնավորապես, նրանք իրավունք ունեն սահմանելու եւ մշակելու առողջության, բնակության եւ իրենց վերաբերող այլ տնտեսական ու ընկերային ծրագրեր եւ դրանք առավելագույնս իրականացնելու իրենց սեփական հաստատությունների միջոցավ:

Հոդված 24

Արեւմտյան Հայաստանի հայերը իրավունք ունեն իրենց սեփական դեղագրքերի եւ բուժական ավանդական միջոցների՝ ներառյալ դեղաբույսերի, կենդանիների եւ կենսական նշանակության հանքային նյութերի պաշպանության իրավունքը:

Նրանց համար մատչելի պետք է լինեն նաեւ բժշկական բոլոր հաստատությունները, ինչպես եւ առողջական ու բուժական խնամքի սպասարկությունները:

 

ՎԵՑԵՐՈՐԴ ՄԱՍ

(Քաղաքացիական ապահովության, հողային կանոնադրության եւ առողջապահական իրավունքներ)

Հոդված 25

Արեւմտյան Հայաստանի հայերը իրավունք ունեն պահպանելու եւ ամրապնդելու մասնահատուկ, հոգեւոր եւ նյութական այն կապերը, որ նրանց միավորում է իրենց երկրին, իրենց հողերին, գետերին եւ առափնյա ջրերին եւ այլ աղբյուրներին, որ ունեն նրանք կամ որ յուրացնում եւ օգտագործում են ավանդաբար: Նրանք իրավունք ունեն նաեւ այս առնչությամբ պատասխանատվություն ստանձնելու ապագա սերունդների համար:

Հոդված 26

Արեւմտյան Հայաստանի հայերը իրավունք ունեն տեր լինելու, արժեւորելու, ստանձնելու եւ գործածելու իրենց երկիրը եւ հողերը, այսինքն իրենց շրջապատի ամբողջականությունը՝ ներառյալ հողերը, օդը, ջուրը՝ գետերը եւ աղբյուրները, բույսերը եւ անասունները եւ այլ բնական պաշարները, որոնք նրանք ունեն եւ որոնք յուրացնում եւ օգտագործում են ավանդաբար: Նրանք մանավանդ իրավունք ունեն ամբողջովին ճանաչելու իրենց օրենքները, ավադույթներն ու սովորույթները, իրենց հողային կանոնադրությունը եւ իրենց բնական պաշարների շահագործման եւ տնտեսման պատկան հաստատությունները, ինչպես եւ իրավունք ունեն Պետությունների կողմէ ազդու պաշտպանողական միջոցների՝ ընդդեմ նշյալ իրավունքների որեւէ միջամտության, ձեվափոխության եւ սահմանափակման կամ կիրառկման որեւէ խոչընդոտի:

Հոդված 27

Արեւմտյան Հայաստանի հայերը իրավունք ունեն վերատիրանալու իրենց երկրին, հողերին եւ բնական պաշարներին, որոնք ունեին եւ որ յուրացնում էին կամ շահագործում էին ավանդաբար եւ որ բռնագրավված, զավթված, գործածված կամ ավերված են՝ առանց նրանց ազատօրեն արտահայտված հավանության եւ պատճառի գիտակցության: Երբ անկարելի է դա, ապա նրանք արդար եւ իրավացի հատուցման իրավունք ունեն: Բացի այն իրողությունից, երբ շահախնդիր ժողովուրդը ազատօրեն այլ որոշում է կայացրել, վնասից հատուցումը պետք է լինի երկրով, հողերով եւ բնական պաշարներով, որ համարժեք պետք է լինեն իրենց որակի, տարածքների եւ իրավաբանական կանոնների տեսանկյունից:

Հոդված 28

Արեւմտյան Հայաստանի հայերը իրավունք ունեն պահպանելու, վերականգնելու եւ պաշտպանելու իրենց շրջապատը իր ամբողջականությամբ՝ իրենց երկրի, հողերի եւ բնական պաշարների գործածման եւ մշակման կարողականությամբ, ինչպես նաեւ Պետությունների օժանդակության՝ այս առնչությամբ միջազգային գործակցության ներդրումով: Այդ հողերի եւ տարածքների վրայ չի կարելի ռազմական գործունեություն իրականացնել առանց նրանց ազատօրեն արտահայտված համաձայնության:

Արեւմտյան Հայաստանի հայերը եւ Պետությունները պետք է ջանան, որ վտանգավոր ո՛չ մեկ նյութ պահուի կամ թափուի Արեւմտյան Հայաստանի հողերի վրայ:

Արեւմտյան Հայաստանի հայերը եւ Պետությունները նաեւ պետք է ձեռնամուխ լինեն այնպիսի միջոցների կիրառման, որ պարտադրելու է ապահովելու հսկողության, կանխարգելման եւ բժշկական խնամքի ծրագրեր այս նյութերից վնասված Արեւմտյան Հայաստանի հայերի համար, որոնք մտածված ու գործադրված են իրենց իսկ կողմից:

Հոդված 29

Արեւմտյան Հայաստանի հայերը իրավունք ունեն մշակութային եւ մտավոր հարստության լիաձեռն սեփականության ճանաչման, ինչպես եւ իրավունք ունեն ապահովագրելու եւ պաշտպանելու դրանք:

Արեւմտյան Հայաստանի հայերը իրավունք ունեն մասնայատուկ միջոցներ ստանալու,

որոնցով կարելի կ՛լինի հսկել, զարգացնել եւ պաշտպանել իրենց գիտությունը, արհեստագիտությունը եւ իրենց մշակույթի արտահայտությունները՝ ներառյալ իրենց մարդկային ներուժն ու ժառանգական այլ կարողությունները, իրենց սերմերը, իրենց դեղագիրքը, իրենց բուսականության եւ կենդանական աշխարհի հատկությունները, իրենց անգիր ավանդությունները, իրենց գրականությունը, իրենց գծագրությունները եւ տիպարները, իրենց տեսողական արվեստները եւ իրենց թատերարվեստը:

Հոդված 30

Արեւմտյան Հայաստանի հայերը իրավունք ունեն սահմանելու նախապատւություններ եւ մշակելու ռազմավարություններ՝ արժեւորելու համար իրենց երկիրը, հողերը եւ այլ բնական պաշարները: Նրանք, մանավանդ, իրավունքը ունեն պահանջելու, որ Պետությունները ընդառաջ գնան իրենց հավանությանը՝ արտահայտված ազատօրեն եւ պատճառի լիիրավ գիտակցությամբ, նախքան վավերացվելը բոլոր այն ծրագրերի, որոնք կարող են ազդեցութուն ունենալ իրենց երկրի, հողերի եւ այլ բնական պաշարների վրայ, մանավանդ նրանք, որոնք վերաբերում են հանքանյութերի, ջրի պաշարների կամ բոլոր այլ պաշարների արժեւորման, օգտագործման եւ շահագործման: Արեւմտյան Հայաստանի շահախնդիր հայերի համաձայնությամբ նրանց պետք է հատկացուի վնասից պատշաճ եւ արդարացի հատուցում՝ մեղմելու համար նման գործողությունների եւ միջոցների աղետալի հետեւանքները բնապահպանական, տնտեսական, ընկերային, մշակութային կամ հոգեւոր մակարդակի վրա:

 

ՅՈԹԵՐՈՐԴ ՄԱՍ

(Քաղաքացիական եւ քաղաքական իրավունքներ)

Հոդված 31

Արեւմտյան Հայաստանի հայերը իրենք-իրենց տնօրինելու իրենց իրավունքի մասնահատուկ կիրառկությամբ իրավունք ունեն ինքնիշխան լինելու եւ իրենք-իրենց կառավարելու այն հարցերի առնչությամբ, որոնք վերաբերում են իրենց ներքին եւ տեղական գործառնությանց եւ, մանավանդ, մշակույթի, կրոնի, կրթության, տեղեկատվության, հաղորդամիջոցների, առողջության, բնակության, աշխատանքին, ընկերային ապահովության, տնտեսական գործունէության, հողերի եւ բնական պաշարների վարման, շրջապատին եւ այլն, օտար անձանց մուտքին իրենց երկիր, ինչպես նաեւ այս ինքնիշխան գործունէության նյութական ապահովման:

Հոդված 32

Արեւմտյան Հայաստանի հայերը իրավունք ունեն, որպես հավաքականություն, ընտրելու

իրենց սեփական քաղաքացիությունը, ըստ իրենց սովորույթների եւ ավանդույթների: Արեւմտյան Հայաստանի քաղաքացիությունը որեւէ կերպ ազդեցություն չունի Արեւմտյան Հայաստանի հայերի այն իրավունքին վրա, որի համաձայն նրանք, որպես անհատ, կարող են ընդունիլ իրենց բնակած երկրի քաղաքացիությունը: Արեւմտյան Հայաստանի հայերը իրավունք ունեն սահմանելու իրենց հաստատությունների կառույցները եւ ընտրելու իրենց անդամները՝ իրենց սեփական ընթացակարգերի համապատասխան:

Հոդված 33

Արեւմտյան Հայաստանի հայերը իրավունք ունեն ձեւավորելու, զարգացնելու եւ պահպանելու իրենց օրենսդրական կառույցները, ինչպես նաեւ սեփական սովորույթները, ավանդույթները, իրավաբանական ընթացակարգերն ու կիրառությունները, մարդու իրավունքների բնագավառի մեջ միջազգայնօրէն ընդունված չափանիշների համաձայն:

Հոդված 34

Արեւմտյան Հայաստանի հայերը իրավունք ունեն, որպես հավաքականություն, սահմանելու անհատների պատասխանատւությունները իրենց համայնքների նկատմամբ:

Հոդված 35

Արեւմտյան Հայաստանի հայերը, մասնավորապես նրանք, որոնք բաժանված են միջազգային սահմաններով, իրավունք ունեն այդ սահմանների միջով հաղորդակցություններ, հարաբերություններ եւ գործակցություն հաստատելու եւ զարգացնելու այլ ժողովուրդների հետ, մասնավորապես հոգեւոր, մշակութային, քաղաքական, տնտեսական եւ ընկերային բնագավառներում: Արեւմտյան Հայաստանի հայերը եւ Պետությունները պարտավոր են միջոցներ ձեռնարկել, որոնք կը պարտավորեցնեն երաշխավորել այս իրավունքի կիրառկումը եւ գործածումը:

Հոդված 36

Արեւմտյան Հայաստանի հայերը իրավունք ունեն պահանջելու, որ դաշնագրերը, ի մասնավորի, 1920 թ. օգոստոսի 10–ին ստորագրված Սեւրի դաշնագիրը, համաձայնագրերը, մասնավորապես 1916 թ. Կիլիկիո ազատագրման վերաբերյալ համաձայնագրերը եւ Պետությունների կամ նրանց իրավահաջորդների հետ կնքված կառուցողական մյուս համաձայնագրերը ճանաչում ստանան, հարգվեն, ընդունվեն ու կիրառվեն Պետութունների կողմից, ըստ իրենց էության եւ սկզբնական նպատակի: Այն անհամաձայնությունները, որոնք որեւէ կերպ չեն կարգավորվի, պետք է վստահել միջազգային պատկան դատական մարմիններին՝ ընտրված շահախնդիր բոլոր կողմերի ընդհանուր համաձայնությամբ:

 

ՈՒԹԵՐՈՐԴ ՄԱՍ

(Միջազգային գործակցության եւ արտաքին հարաբերությունների իրավունքներ)

Հոդված 37

Պետությունները, Արեւմտյան Հայաստանի հայերի հետ խորհրդակցելով՝ պարտավոր են

անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել սույն Հռչակագրի դրույթների լիակատար գործադրման համար: Այն իրավունքները, որոնք հաստատված են դրա մեջ, պետք է որդեգրվեն եւ ներմուծվեն իրենց ներքին օրենսդրության մեջ այնպես, որ Արեւմտյան Հայաստանի հայերը կարողանան շոշափելիօրեն դրանք ծառայեցնել իրենց շահերին:

Հոդված 38

Արեւմտյան Հայաստանի հայերը իրավունք ունեն նյութական եւ արհեստագիտական համարժեք օժանդակություն ստանալու Պետությունների կողմից որպես միջազգային գործակցություն՝ ազատօրեն հետապնդելու համար իրենց քաղաքական, տնտեսական, ընկերային, մշակութային եւ հոգեւոր զարգացումը, ինչպես նաեւ վայելելու սույն Հռչակագրով ճանաչված իրավունքներն ու ազատությունները:

Հոդված 39

Արեւմտյան Հայաստանի հայերը իրավունք ունեն դիմելու փոխադարձաբար ընդունելի եւ արդարացի ընթացակարգերի՝ կարգադրելու համար հակասությունները, վէճերն ու բախումները Պետությունների հետ եւ ստանալու անհապաղ որոշումներ տվյալ խնդիրների վերաբերյալ: Նրանք հավասարապես իրավունք ունեն գործոն միջոցների՝ իրենց անհատական եւ հավաքական իրավունքների ամեն տեսակ օրինազանցությունների դրսեւորումների հանդեպ: Բոլոր որոշումները պետք է նկատի ունենան խնդրո առարկա ժողովուրդների սովորույթները, ավանդույթները, իրավաբանական կանոններն ու դրույթները:

Հոդված 40

Միացյալ Ազգերի համակարգի պատկան մարմիններն ու հաստատությունները եւ միջպետական այլ կազմակերպությունները պարտավոր են նպաստելու լիակատար կերպով ի գործ դնելու սույն Հռչակագրին կարգադրությունները՝ ի մասնավորի, մեկտեղելով դրամական գործակցությունը եւ արհեստագիտական օգնությունը: Պետք է միջոցներ ի գործ դրվեն ապահովելու համար Արեւմտյան Հայաստանի հայերին վերաբերող հարցերին նրանց մասնակցությունը:

 

Հոդված 41

Միացյալ Ազգերի Կազմակերպության կողմից պետք է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկվեն՝ ապահովելու համար սույն Հռչակագրի կիրառությունը, մասնավորապես

ստեղծելու այս բնագավառի մեջ յուրահատուկ կարողություններ ստանձնած բարձր մակարդակի մարմին՝ Արեւմտյան Հայաստանի հայերի ուղղակի մասնակցությամբ: Միացյալ Ազգերի բոլոր կառույցները պետք է նպաստեն ներկա Հռչակագիրը հարգելուն եւ նրա լիակատար կիրառության:

 

ԻՆՆԵՐՈՐԴ ՄԱՍ

(Անհատի արժանապատվության իրավունք)

Հոդված 42

Ներկա Հռչակագրի մեջ ճանաչված իրավունքները կազմում են Արեւմտյան Հայաստանի

հայերի վերապրման, արժանապատվության եւ բարօրրության համար անհրաժեշտ նվազագույն սկզբունքները:

Հոդված 43

Ներկա Հռչակագրի մեջ ճանաչված բոլոր իրավունքներն ու ազատությունները համանման կերպով երաշխավորված են Արեւմտյան Հայաստանի բոլոր հայերի՝ թէ՛ այր մարդկանց եւ թէ՛ կանանց համար:

Հոդված 44

Ներկա Հռչակագրի ո՛չ մեկ դրույթ չի կարելի մեկնաբանել որպես առիթ կամ հետեւանք՝ նվազեցնելու կամ ջնջելու այն իրավունքները, որոնք Արեւմտյան Հայաստանի հայերը կարող են արդեն ունենալ կամ ունակ են ձեռք բերելու:

Հոդված 45

Ներկա Հռչակագրի ո՛չ մեկ դրույթ իրավունք չի տալիս որեւէ Պետության, խմբի կամ անհատի՝ Միացյալ Ազգերի Սահմանադրությանը հակառակ գործունեություն եւ կամ արարք իրականացնելու:

 

20 հունվար, 2007 թ.

Փարիզ

 

Թողնել պատասխան

Your email address will not be published.

14 − ten =