Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը առավոտյան ժամը 05.50-ին ռուսաստանցիներին ուղղված իր ուղերձում հայտարարել է, որ Դոնբասում հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել:
«Հանգամանքները ստիպում են մեզնից վճռական եւ անհապաղ գործողություններ: Դոնբասի ժողովրդական հանրապետությունները դիմել են Ռուսաստանին՝ օգնության խնդրանքով: Դրա հետ կապված, համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության 7-րդ մասի 51-րդ հոդվածի եւ ի կատարումն Դաշնային ժողովի կողմից վավերացված ԴԺՀ-ի եւ ԼԺՀ-ի հետ բարեկամության եւ փոխօգնության մասին պայմանագրերի, ես որոշում եմ կայացրել հատուկ ռազմական գործողություն անցնացնելու մասին»,-ասելէ Պուտինը հեռուստաուղերձում:
Երկրի ղեկավարը նշել է, որ Ռուսաստանի պլաններում Ուկրաինայի օկուպացիայի հարցը չկա, սակայն մոսկվան ձգտելու է նրա դեմիլիտարիզացիային:
«Հատուկ գործողության նպատակը մարդկանց պաշտպանությունն է, որոնք 8 տարվա ընթացքում ենթարկվում են ծաղրուծանակի, ցեղասպանության Կիեւի ռեժիմի կողմից, եւ դրա համար մենք ձգտելու ենք Ուկրաինայի դեմիլիտարիզացիային եւ դենացիֆիկացիային, ինչպես նաեւ դատարանին հանձնելու նրանց, որոնք իրականացրել են բազմաթիվ արյունալի հանցագործություններ խաղաղ բնակիչների նկատմամբ, այդ թվում ՌԴ քաղաքացիների»,-ասել է Պուտինը:
Նրա խոսքով, Ռուսաստանի բախումը Ուկրաինայում ազգայնական ուժերի հետ անխուսափելի է. «Դա միայն ժամանակի հարց է: Նրանք պատրաստվում են եւ սպասում հարմար ժամի: Հիմա էլ հավակնում են ունենալ միջուկային զենք: Մենք թույլ չենք տա նրանց դա անել»,-ասել է Պուտինը:
Նա նաեւ հավելել է, որ Ռուսաստանը չի կարող իրեն անվտանգ զգալ, զարգանալ, գոյություն ունենալ Ուկրաինայից եկող մշտական սպառնալիքի տակ, նկատելով, որ անընդունելի է ՆԱՏՕ-ի կողմից Ուկրիանայի յուրացումը:
Ռուսաստանի քաղաքականության հիմքում ազատությունն է, այդ իրավունքը պետք է ունենան բոլորը, այդ թվում Ուկրաինայի բնակիչները, հայտարարել է ՌԴ նախագահը. «Ընտրության ազատություն բոլորի համար, որ ինքնուրույն որոշեն իրենց եւ իրենց երեխաների ապագան: Մենք կարեւոր ենք համարում, որ այդ իրավունքից, ընտրելու իրավունքից կարողանան օգտվել Ուկրաինայում ապրող բոլոր ժողովուրդները: Բոլորը, ով դա ուզում է»,-ասել է նա:
Պուտինը հիշեցրել է, որ ոչ ԽՍՀՄ ստեղծելիս, ոչ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ժամանակակից Ուկրաինայի կազմում գտնվող այս կան տարածքում ապրող մարդկանց չեն հարցրել, թե ինչպես են իրենքուզում կառուցել իրենց կյանքը:
Պուտինը դիմել է նաեւ ուկրաինացի զինվորականներին՝ նշելով, որ նրանք հավատարմության երդում են տվել ժողովրդին, ոչ թե հակաժողովրդական խունտային, որը թալանում է Ուկրաինան:
«Հարգելի ընկերներ, ձեր հայրերը, պապերը եւ նախապապերը նրա համար չեն պայքարել նացիստների դեմ՝ պաշտպանելով մեր ընդհանուր հայրենիքը, որպեսզի այսօրվա նեոնացիստները զավթեն իշխանությունը Ուկրաինայում»,-ասել է նա:
ՌԴ նախագահը կոչ է արել ուկրաինացի զինվորականներին չկատարել հանցավոր հրամաններ, անհապաղ վայր դնել զենքը եւ գնալ տուն: Նա միաժամանակ ընդգծել է, որ Ուկրաինայի բանակի բոլոր զինծառայողները, որոնք կկատարեն այդ պահանջը, կկարողանան առանց խոչընդոտների լքել ռազմական գործողությունների գոտին եւ վերադառնալ տուն իրենց ընտանիքների մոտ:
Պուտինն ընդգծել է, որ Ռուսաստանը հարգում է եւ կշարունակի հարգել ԱՊՀ երկրի ինքնիշխանությունը. «Մենք հարգանքով ենք մոտենում եւ կշարունակենք այդպես մոտենալ հետխորհրդային տարածքում նոր ձեւավորված կազմավորումներին: Մենք հարգել եւ կշարունակենք հարգել նրանց ինքնիշխանությունը: Դրա օրինակը օգնությունն է, որ մենք ցուցաբերեցինք Ղազախստանին, որը բախվեց ողբերգական իրադարձությունների, իրենց պետականության եւ ամբողջականության մարտահրավերներին»,-հիշեցրել է նա:
ՆԱՏՕ-ն, ըստ Պուտինի, մոտենում է Ռուսաստանի սահմաններին, եւ Մոսկվան 30 տարվա ընթացքում փորձել է պայմանավորվել, որ այդ դաշինքը չծավալվի դեպի արեւելք, սակայն բախվել է ստի, շանտաժի ու ճնշման փորձերի:
Ռուսաստանը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման, բոլոր որոշումներն ընդունված են, հայտարարել է Պուտինը: «Հույս ունեմ, որ ես լսելի կլինեմ»,-ասել է նա:
Իսկական ուժը արդարության ու ճշմարտության մեջ է, եւ Ռուսաստանն այդ կողմում է, հայտարարել է ՌԴ նախագահը. «Հարգելի Ռուսաստանի քաղաքացիներ, բարեկեցությունը, պետությունների ու ժողովուրդների գոյությունն ինքը, միշտ հենվում են հզոր արմատների համակարգի, իր արժեքների մշակույթի, նախնիների փորձի վրա: Եվ իհարկե, ուղղակիորեն կախված է մշտապես փոփոխվող աշխարհին հարմարվելու ունակությունից, հասարակության միասնությունից, համախմբվելու պատրաստ լինելուց, ուժերը հավաքելուց, որպեսզի առաջ գնա: Ուժեր միշտ պետք են, միշտ, բայց ուժը կարող է տարբեր որակի լինել: Ստի կայսրության քաղաքականության հիմքում, որի մասին խոսեցի իմ ելույթի սկզբում, ընկած է կոպիտ ուղղագիծ ուժը: Նման դեպքերում մեզ մոտ ասում են՝ ուժը կա, խելք պետք չէ: Իսկ մենք գիտենք, որ իրական ուժը արդարության եւ ճշմարտության մեջ է, որը մեր կողմն է»,-հավելել է երկրի ղեկավարը: