ՀՀ ԳԱԱ հայտարարությունը Ադրբեջանի կողմից Արցախում իրագործվող հայկական մշակութային Ցեղասպանության ծրագրի վերաբերյալ

Ադրբեջանի մշակույթի նախարարի 2022 թ. փետրվարի 3-ի պաշտոնական հայտարարությունից միանշանակ պարզ է դառնում, որ Ադրբեջանը, շարունակելով իր հայատյաց քաղաքականությունը, հստակ ծրագրված գործողություններով հետևողականորեն իրականացնում է Արցախի հայաթափման, հայկական մշակութային ժառանգության ոչնչացման, օտարման քաղաքականություն՝ այս անգամ արդեն բացահայտ կերպով սպառնալով վերացնել ու ջնջել Արցախի հայկական եկեղեցիների ու այլ սրբավայրերի արձանագրությունները։ Հայտարարությունից բխում է, որ ստեղծվել է հատուկ աշխատանքային խումբ՝ բաղկացած աղվանական պատմության, մշակույթի և ճարտարապետության մասնագետներից, ինչպես նաև պետական կառույցների ներկայացուցիչներից, ովքեր «ուսումնասիրությունից» հետո պետք է հեռացնեն Արցախում (Ղարաբաղում) «աղվանական կրոնական/քրիստոնեական» կառույցների վրա «հայերի կողմից գրված, ավելացրած կեղծ գրությունները, արձանագրություններն ու հետքերը»։ Արցախի տարածքի քրիստոնեական հուշարձանները և դրանց վրա եղած գրությունները մեկ դարից ավելի է, ինչ մասնագետների կողմից ուսումնասիրվում են և դրանց իսկությունը կամ ազգային պատկանելությունը երբևիցե խնդրահարույց չի եղել (չհաշված պատմական իրողությունները կեղծելու դիլետանտական փորձերն ու հայտարարությունները):

Արցախի տարածքում գտնվող հայ միջնադարյան ճարտարապետության արժեքավոր քրիստոնեական հուշարձանախմբեր Ամարասի վանքը, Դադիվանքը, Խաթրավանքը, Գանձասարի վանքը, Գտչավանքը, բազմաթիվ եկեղեցիներ, այդ թվում՝ Շուշիի նշանավոր Ղազանչեցոց տաճարը հանդիսանում են հայկական ճարտարապետության առանցքային օրգանական մասը:

Արցախի զարգացած միջնադարի մոնումենտալ կառույցները՝ եկեղեցիները, գավիթները, զանգակատներն իրենց ստեղծագործական կառուցվածքով  (կոմպոզիցիայով) և դեկորով սերտորեն առնչվում են պատմական Սյունիքի և Այրարատի նախորդող ժամանակաշրջանի նույնատիպ կառույցների հետ, ինչը հետազոտություններով փաստել են հայկական միջնադարյան ճարտարապետությունն ուսումնասիրող արտասահմանյան հեղինակավոր գիտնականները ևս, այդ թվում՝  Ժան Միշել Թիերին (Ֆրանսիա), Պաոլո Կունեոն (Իտալիա) և այլոք:

Վիմագիր արձանագրությունների և այդ արձանագրություններով  մեր օրերն հասած տվյալների գիտական վերլուծությամբ ժխտվում է  դրանց «աղվանական» լինելու հանգամանքը, ուստի որպես արցախահայության մշակութային ժառանգության «աղվանականացման» լավագույն տարբերակ, ընտրվել է վիմագիր տվյալների իսպառ ոչնչացումը, ինչպես ցույց է տալիս Նախիջևանի տարածքի հայկական մշակութային ժառանգության ոչնչացման կամ աղավաղման «ադրբեջանական փորձը»։ Ադրբեջանում չկան քրիստոնեական մշակույթի ու հուշարձանների ուսումնասիրությամբ զբաղվող մասնագետներ, ինչի վկայություններն են իրենց իսկ հրապարակումները, որոնք սահմանափակվել են իսլամական ճարտարապետության ներկայացումով։

Նախ, անգամ եթե պայմանականորեն ընդունենք, որ դրանք հետագայի հավելում են, ապա, ըստ հուշարձանների պահպանության ընդունված չափորոշիչների, այդ դեպքում ևս դրանց վերացումը մշակութային վանդալիզմ է, քանի որ հաջորդող դարերում արված ավելացումները տվյալ ճարտարապետական հուշարձանի պատմության անբաժանելի մասն են:Կասկածից վեր է, որ վերոհիշյալ հանձնաժողովը ստեղծվել է  հայկական մշակութային ցեղասպանության ծրագիրը կյանքի կոչելու, արցախահայության մշակութային ժառանգությունն իր իսկության և ինքնության իրական տիրոջից օտարելու, տարածաշրջանի պատմությունը համալիր խեղաթյուրելու նպատակով։

Այս հայտարարությամբ Ադրբեջանն ի լուր աշխարհի, մեկ անգամ ևս հռչակում  է, որ աներկբա խախտում է «Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրով» ամրագրված մտքի, խղճի, դավանանքի ազատությունը և այդ ազատության հետևանքով ստեղծված ժառանգությունն իր ուզած ձևով արժևորելու իրավունքը։

Արցախի հուշարձանների՝ աղվանական լինելու տեսության նպատակն է փորձել իբրև թե պատմականորեն հիմնավորել Արցախի հանդեպ Ադրբեջանի հավակնությունները և, գիտությունը ծառայեցնելով իրենց ցեղասպանական նկրտումներին, նախ՝ հիմնավորել Արցախի Հանրապետության այժմ բռնազավթված տարածքներում հայկական ներկայության ոչնչացումը, ապա նաև՝ «պատմամշակութային» կեղծ նախադրյալներ ստեղծել այժմ ռուսական խաղաղապահների կողմից վերահսկվող տարածքից ներս սողոսկելու համար:

Արցախի հուշարձանների վիմագրագիտական համակողմանի ուսումնասիրությունը, որը ներառում է այդ արձանագրությունների հնագրագիտական, լեզվաբանական, արվեստաբանական, աստվածաբանական, գրականաղբյուրագիտական և, հատկապես, պատմագիտական քննությունը, միանշանակ ապացուցում է այդ եկեղեցիների և դրանց արձանագրությունների և այլ ռեկվիզիտների հայկականությունը:Համաշխարհային փորձից հայտնի է, որ ոչ միայն վիմական արձանագրությունների, այլև գրական տարբեր հորինվածքների և կեղծիքների դեպքում իսկույն երևում է, որ դրանք կատարվել են հետագայում: Արցախի հուշարձաններում հնարավոր չէ գտնել վաղ թվագրված և արհեստական գրաբարով հորինված որևէ արձանագրություն:

Ավելին, լեզվական առումով ինչպես վիմագրերի, այնպես և ձեռագրերի դեպքում ընդհանուր օրինաչափություն է, որ տեղի գրավոր խոսքում արտահայտվում են գրչության միջավայրի լեզվական իրողությունները՝ բարբառները: Արցախի վիմական արձանագրություններում նկատելի են արցախյան բարբառի տարրերը, մինչդեռ անհնար է գտնել ենթադրյալ աղվաներենի որևէ հետք: Ասվածը ևս մեկ անգամ վկայում է, որ մշակութային այս ժառանգությունը կերտել է Արցախի հայությունը՝ ճարտարապետական կոթողների որմերին դրոշմելով բարբառի տեղային իր շունչը: Էլ չենք խոսում Արցախի գրչության կենտրոններից մեզ հասած հարյուրավոր ձեռագիր մատյանների գոյության մասին, որոնց հիշատակարանների բովանդակությունն ինքնին լրացնում ու վերահաստատում է վիմագրերում վկայված սկզբնաղբյուրային տեղեկությունները:

Թե՛ ձեռագրերում և թե՛ ճարտարապետական հուշարձաններում հետագայում կատարվող հավելումները կառուցվածքային առումով, սովորաբար, դրվում են ոչ ճիշտ տեղում, քանի որ ճարտարապետական ընդհանուր հորինվածքում կառուցումից անմիջապես հետո, որպես կանոն, փորագրվում են տվյալ հուշարձանի կառուցման հետ կապված արձանագրությունները: Եկեղեցու ընդհանուր կառուցվածքային ստեղծագործական կառուցվածքի և խորհրդաբանության տեսանկյունից կարող ենք փաստել, որ արցախյան բոլոր նշանավոր կոթողների վիմական արձանագրությունները գտնվում են ճիշտ այն տեղում, որտեղ եկեղեցիների կառուցման մասին վկայող արձանագրությունները պետք է փորագրվեին այդ կոթողների կառուցումից անմիջապես հետո:

Պատմագիտական քննությամբ ևս հնարավոր չէ ցույց տալ Արցախի հուշարձանների նվիրատվական կամ կառուցման մասին պատմական տեղեկություններ պարունակող՝ հետագայում ստեղծված, սակայն ավելի վաղ շրջանի վերագրվող որևէ արձանագրություն:

Հուշարձաններում, առհասարակ, ընդունված երևույթ է պատմության տարբեր շրջափուլերում տեղի ունեցած ուշագրավ իրադարձությունների արձանագրումը: Արցախյան հուշարձաններն այս առումով ևս բացառություն չեն, ուստի հետագա նորոգումների, նոր շինություններով համալրումների, նվիրատվությունների և այլ հիշարժան գործերի դեպքում կարևորվել է վիմագիր կազմելու ավանդույթը: Արցախի եկեղեցիների նման արձանագրությունները ևս վերաբերում են բացառապես հայկական միջավայրին և իրողություններին, ինչը ևս հաստատում է, որ այդ հուշարձաններն իրենց կառուցման օրից մինչև Ադրբեջանի վանդալիզմի այսօրվա դրսևորումները ոչ միայն հայ արվեստի մասն են, այլև դրանց հետագա պատմությունը ևս կապվել է այդ արժեքները ստեղծող հայ ժողովրդի հետ: Դա կրկնակի հաստատվում է նաև կոթողային հուշարձանների՝ հազարավոր խաչքարերի ու տապանաքարերի օրինակով, որոնց հայերեն՝ մեսրոպատառ վիմագրերը ևս հայկական միջավայրի գոյության ուղղակի արտացոլանքն են:

Եթե անգամ Արցախի Հանրապետության այժմյան օկուպացված տարածքում մշակութային վանդալիզմի իրականացման փորձ արվի, ապա միևնույնն է, այդ հուշարձանների իրական լուսանկարները, չափագրությունները և արձանագրություններն իրենց վերծանություններով, ռուսերեն ու եվրոպական տարբեր լեզուներով արված թարգմանություններով շարունակելու են մնալ որպես մշակութային ցեղասպանության Ադրբեջանի դեմ ուղղված մեղադրանք՝ ցույց տալով, թե իրականում ինչպիսին են եղել այդ հուշարձանները նախքան Ադրբեջանի պետականորեն իրականացված ոչնչացումը:

Փաստորեն, հայկական մշակութային ժառանգության ոչնչացման, օտարման քաղաքականությունը միջազգային հանրությանը ներկայացվում է որպես  աղվանական ժողովրդի կրոնական իրավունքի վերականգնման քայլ՝ այդ նպատակի համար օգտագործելով Ադրբեջանում քաղաքական պատանդի կարգավիճակով գոյատևող ուդի ժողովրդի ներկայացուցիչներին: Ներկայում ամեն գնով փորձ է արվում կյանքի կոչել նորահնար «Ուդիական» եկեղեցու նախագիծը: Այն դարձել է հայամերժ ազգային նպատակի, պատմության կեղծման կարևոր գործիք: Ադրբեջանական իշխանություններն առիթը բաց չեն թողնում հայտարարելու, որ իբրև «Աղվանից» եկեղեցու իրավահաջորդ «Ուդիական» եկեղեցին իրավունք ունի տնօրինելու Արցախում, պատմական Ուտիքում, անգամ՝ ներկայիս Թուրքիայի տարածքում գտնվող և ադրբեջանական աճպարար պատմաբանների կողմից աղվանական հռչակված եկեղեցիները:

Պատմական բազմաթիվ սկզբնաղբյուրների վկայություններից քաջ հայտնի է, որ Աղվանից եկեղեցին պատմության ողջ ընթացքում սերտորեն կապված է եղել Հայոց եկեղեցու հետ։ Առաքելական քարոզության ավանդական շրջանից երեք դար հետո այն պաշտոնապես հաստատվել է Գրիգոր Լուսավորչի և նրա թոռան՝ Գրիգորիսի կողմից 4-րդ դարի սկզբներին  և հետագա պատմության ողջ ընթացում «ի հոգևորս» Հայոց եկեղեցու նվիրապետական համակարգի մաս է կազմել։

Աղվանից եկեղեցու իրավազորությունը սկզբնապես տարածվում էր Բուն Աղվանից թագավորության տարածքի վրա, որն ընդգրկում էր Կուր գետի ձախափնյակը՝ մինչև Կասպից ծով, Կովկասյան լեռնաշղթա և Դերբենդի լեռնանցք (եպիսկոպոսանիստն այդ ժամանակ գտնվում էր թագավորության մայրաքաղաք Կապաղակում)։ Սակայն երբ 428 թ. Սասանյան Իրանի արքայից արքան վերացրեց Հայոց Արշակունյաց թագավորությունը և Այսրկովկասում ստեղծեց երեք մարզպանությունների վարչական համակարգ, ընդ որում՝ Հայաստանի արևելյան և հյուսիսային նահանգները (Ուտիքն ու Արցախը՝ Աղվանք-Առանին, իսկ Գուգարքը՝ Վիրք-Վարջանին) մտցնելով հարևան մարզպանությունների կազմի մեջ, Աղվանից եկեղեցու իրավազորությունն անցավ (միջնադարի եկեղեցավարչական բաժանման սկզբունքների համաձայն) նաև Կուրի աջափնյակում գտնվող հայկական Ուտիք և Արցախ նահանգների վրա։ Մարզպանության կենտրոնը 462 թ. Կապաղակից Չող-Դերբենդ քաղաքը տեղափոխվելուց հետո այնտեղ հաստատվեց նաև Աղվանից եկեղեցու (որն արդեն արքեպիսկոպոսության-կաթողիկոսության կարգավիճակ էր ստացել) նստոցը։ Սակայն շուտով՝ 6-րդ դարի առաջին տասնամյակներին Աղվանից կաթողիկոսության կենտրոնը տեղափոխվեց Կուր գետի հայկական աջափնյակ՝ նորակառույց մարզպանանիստ Պարտավ քաղաքը (Ուտիք նահանգի Ուտի-Առանձնակ գավառում)։

16-րդ դարի սկզբում Աղվանից եկեղեցու նստավայրը վերջնականապես հաստատվում է Գանձասարում՝ Արցախի կենտրոնում (նախորդ դարում նրան զուգահեռ կաթողիկոսանիստ էր նաև Ճալեթը՝ Կուրի ձախափնյակում)։ Դրանից հետո այն հանդես է գալիս նաև Գանձասարի կաթողիկոսություն անվամբ՝ իբրև Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու թեմերից մեկը, որը 19-րդ դարում Ռուսաստանի ցարական իշխանությունների իրավական ակտերով վերածվեց Էջմիածնի կաթողիկոսության միտրոպոլիտության (արքեպիսկոպոսության)։

Զարմանալի է, որ Ադրբեջանի՝ կովկասյան ալբանացիներին վերաբերող հռետորաբանությունում կենտրոնական տեղ է հատկացվում ուդիներին՝ մի ժողովրդի, որը վերջին 200 տարվա ընթացքում ենթարկվել է ֆիզիկական և բարոյական ծանրագույն հետապնդումների։ 18-19-րդ դարերում ուդիների բռնի իսլամացման և ձուլման քաղաքական գործընթացը հանգեցրեց Աղվանքի ժառանգության այդ ամենաակներև  ներկայացուցիչների գրեթե իսպառ ոչնչացմանը։ Այդուհանդերձ, Նուխի գավառի, մասնավորապես, Շեքիի, Օղուզի (նախկին Վարդաշենի) և Գաբալայի (նախկին Կուտկաշենի) շրջանների առնվազն 43 ուդիական գյուղերի բնակչությունը պահպանել էր ուդիական (աղվանական) ինքնությունը և, չնայած լեզվական թյուրքացմանը և իսլամացմանը, շարունակել էր հարգել աղվանական պատմական հուշարձանները և սրբավայրերը, տոնել աղվանական տոները, տապանագրերում նշել իրենց ազգային ինքնությունը և այլն։ Հնարավոր է, հենց այդ պատճառով ուդիները 1918-1920 թվականների էթնիկական բախումների ժամանակ թյուրքալեզու ադրբեջանցիների կողմից ենթարկվել են դաժան ֆիզիկական բռնության, ոչնչացման և արտաքսման։ Վերջին ուդիական բնակավայրերի` Վարդաշենի, Միրզաբեյլուի, Սուլթան Նուխիի, Ջոռուռլուի բնակչությունը և Նիժ գյուղի բնակիչների մեծ մասը, փախչելով հետապնդումներից, ստիպված եղան վերջնականապես լքել հայրենիքը, ուր իրենց նախնիներն ապրել էին հարյուրամյակներ շարունակ։ Ուդիների արտաքսումից հետո Ադրբեջանում «վերականգնվում է պատմական ճշմարտությունը»․ Աղվանքի ողջ նյութամշակութային ժառանգությունը ճշգրտվում կամ ոչնչացվում է։

Հայկական մշակութային ժառանգության ժխտողական քաղաքականությունը կյանքի կոչելու նպատակով Ադրբեջանի իշխանություններն օգտագործում են այսօր Ադրբեջանում մնացած մոտ 2-3 հազար ուդիներին: Զուր չէ, որ Ադրբեջանը չի ստորագրում Տարածաշրջանային լեզուների կամ փոքրամասնությունների լեզուների եվրոպական խարտիան (անգլ. European Charter for Regional or Minority Languages, ֆր. Charte européenne des langues régionales ou minoritaires)՝ լեզուների պաշտպանման և սատարման եվրոպական կոնվենցիան, որից օգտվում են ավանդական փոքրամասնությունները։

Այսպիսով՝

– հատկապես կարևորելով «Իսկության վերաբերյալ Նարայի փաստաթուղթը», ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան հայտարարում է, որ մշակութային արժեքների՝ հակամարտություններում հայտնվելու դեպքում պահանջվում է մշակութային արժեքների հանդեպ լեգիտիմության, ինչպես նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործունեության հիմնարար սկզբունքների ճանաչում, համաձայն որոնց՝ մշակութային ժառանգության պահպանության և կառավարման պատասխանատվությունը վերապահված է այն համայնքին, որը ստեղծել է մշակութային ժառանգությունը, և մշակութային ժառանգության իսկության փաստը ոչ մի դեպքում չպետք է ստորադասվի (Իսկության վերաբերյալ Նարայի փաստաթուղթ, 8-րդ կետ):
– ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան գտնում է, որ  ինչպես նշված է «Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին» 1954 թվականի Հաագայի կոնվենցիայի նախաբանում և վերահաստատված  ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2016 թվականի «Զինվորականների համար մշակութային ժառանգության պաշտպանության ձեռնարկում», լինելով ողջ մարդկության ինքնության կենսական մասը՝ առանգության  ոչնչացումով հենց մարդկությունն է զրկվում իր  անփոխարինելի արժեքներից։  Ըստ այդմ՝ արցախահայության ժառանգության ոչնչացումը կարող է հանգեցնել աշխարհի մշակութային արժեքների անվերադարձ կորստին և աղքատացնել աշխարհի մշակութային բազմազանությունը։ Արցախի ժառանգությունը ստեղծել է արցախահայությունն իր պատկերացումներին ու հմտություններին համապատասխան, իսկ Ադրբեջանի քաղաքականությունն, ինչպես ակնհայտ է,  ուղղված է հենց այդ ժառանգության նենգափոխմանն ու խեղաթյուրմանը։

Ադրբեջանը, համաձայն միջազգային հռչակագրերի և իր իսկ ստանձնած պարտականությունների, հանձնառու է անաղարտ պահել արցախահայության ժառանգությունը, պահպանել նրա իսկությունն ու ամբողջականությունը։ Եվ հենց այդ նույն կոնվենցիան, որը վկայակոչել է Ադրբեջանի մշակույթի նախարարությունը իր 4-րդ հոդվածով արգելում է վանդալիզմի, ոչնչացման կամ ձևափոխման ցանկացած գործողություն և բացարձակ արգելք դնում մշակութային արժեքների դեմ ուղղված հաշվեհարդարի գործողությունների վրա։

Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիա

23.02.2022 թ.

Թողնել պատասխան

Your email address will not be published.

seventeen − 10 =