«3+3» ձեւաչափը չի կայանա, սա ընդամենը դիվանագիտական ոլորտում տարածաշրջան մտնելու Թուրքիայի փորձն է։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։
Նա բացատրեց, որ չի կարող աշխատել մի ձեւաչափ, որում միաժամանակ ներկա են Վրաստանն ու Ռուսաստանը, Իրանն ու Թուրքիան, Հայաստանն ու Ադրբեջանը, այսինքն դա չի կարող իրական աշխատանքային ձեւաչափ լինել։
«Այն, որ մենք այս մասին իմանում ենք Էրդողանից, չափազանց տրամաբանական է։ Քանի որ այս ձեւաչափի մասին խոսակցությունները, դիսկուրսը դիվանագիտության ոլորտում, տարածաշրջանի երկրների միջեւ հարաբերությունները կարգավորելու ոլորտում տարածաշրջան մտնելու Թուրքիայի փորձն է»,- նշեց փորձագետը։
«Այս ձեւաչափը բոլորովին էլ նոր բան չէ։ Այդ մասին խոսվում է տարիներ, եթե ոչ տասնամյակներ։ Ամեն դեպքում դա չի կարող տեղի ունենալ։ Բայց դա չի նշանակում, որ դրա մասին անընդհատ խոսակցություններ չեն լինի, անընդհատ տեղեկատվական պատրվակների արտանետում չի լինի։ Կարող է լինել ինչ-որ հայտարարությունների, ինչ-որ համաձայնագրերի եւ այլնի ստորագրում, բայց, որ դա աշխատանքային ձեւաչափ լինի, այդպես չի ստացվի»:
Հայաստանի համար խնդիրները, ինչպես նշեց փորձագետը, առաջացան այն բանի հետեւանքով, որ Թուրքիան իրոք մտավ տարածաշրջան ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո՝ քաղաքականապես ներկա լինելով Ադրբեջանի անվտանգության ոլորտում։
«Թուրքիան տնտեսության մեջ վաղուց ներկա է՝ թե՛ Ադրբեջանում, թե՛ Վրաստանում։ Սրանք բոլորն իրական խնդիրներ են Հայաստանի համար, բայց «3+3»-ի լինել-չլինելու խնդիրը չէ»,- ընդգծեց Իսկանդարյանը։