VIDEO – Հայերի ցեղասպանության ճանաչման, դատապարտման եւ հատուցման հարցերում մեկ ընդհանուր հայեցակարգ որդեգրելու անհրաժեշտությունը

Հայերի ցեղասպանության զոհերի հիշատակի ու ոգեկոչման հերթական՝ 105-րդ տարելիցի կապակցությամբ ամբողջությամբ ի հայտ է գալիս Հայերի ցեղասպանության ճանաչման, դատապարտման եւ հատուցման հարցերում մեր ընդհանուր բացթողումները։

Մինչեւ այսօր դատապարտված չէ պանթուրքիզմը՝ որպես այլատյացության, այլամերժության, ռասիզմի տեսություն, չի որդեգրված ընդհանուր տեսակետ Հայերի ցեղասպանության ամբողջական ժամանակահատվածի վերաբերյալ, չի ճշտված ու ներկայացված ցեղասպանությունն իրականացնող երկու կողմերը՝ որպես հայերի նկատմամբ միեւնույն ցեղասպանական գործողություններն իրականացնող կողմեր, չեն պատրաստված ցեղասպանության հատուցման փաթեթներ հայերի նկատմամբ իրականացված բոլոր ցեղասպանական գործողությունների վերաբերյալ․․․

Մինչդեռ, վաղուց հասունացել է Հայերի ցեղասպանության ճանաչման, դատապարտման եւ հատուցման հարցերում մեկ ընդհանուր հայեցակարգ որդեգրելու անհրաժեշտությունը, հիմնված հետեւյալ փաստերի եւ իրողությունների վրա։

  1. Որպես Հայերի ցեղասպանության իրականացման գործիք՝ պանթուրքիզմի տեսությունը շրջանառության մեջ է դրվել 1873-1874 թթ․, ապա որդեգրվել Թուրքիայի իրար հաջորդող կառավարությունների կողմից, իսկ 1918 թ․-ից նաեւ Ադրբեջանի։ (1) (2)

Ցեղասպանությունն իրականացվել է հայերի, հույների, ասորիների եւ այլ ժողովուրդների նկատմամբ՝ 1894-1923 թթ․ ընթացքում, եւ հայերի նկատմամբ շարունակվում է մինչեւ այսօր։

Որոշ ուսումնասիրությունների համաձայն 1894-1924 թթ․ ընթացքում Թուրքիայի իրար հաջորդող կառավարությունները՝ օսմանյան, երիտթուրքական, քեմալական, ոչնչացրել են կայսրության ավելի քան 4 միլիոն հայ, հույն, ասորի քաղաքացիների։ (3)

  1. Հայերի ցեղասպանությունը իրականացվել է Օսմանյան կայսրության տարածքում, Արեւմտյան Հայաստանում, Կիլիկյան Հայաստանում, Արեւելյան Հայաստանում, Բաքվում, Շուշիում․․․ (4)

Եվ 1918-2016 թթ․ ընթացքում Ադրբեջանի իրար հաջորդող կառավարությունների կողմից Ադրբեջանի Հանրապետություն կոչվող տարածքում՝ Սումգայիթում, Բաքվում, ինչպես նաեւ Շուշիում, Նախիջեւանում, Արցախում, Գարդմանում, Գանձակում, Մարաղայում, Շահումյանում, Թալիշում եւ հայկական այլ տարածքներում։

  1. Հայերի ցեղասպանությունը դատարապարտվել է դեռեւս 1896, 1909, 1915, 1919 – 1920 թթ.։
  • 1894-1896 թթ. Համիդյան կոտորածները դատապարտել են ժամանակի առաջադեմ գործիչներ Ժան Ժորեսը, Վիկտոր Բերարը, Անատոլ Ֆրանսը, Յոհաննես Լեփսիուսը, Լինչը եւ ուրիշներ:
  • 1909 թ. Ադանայի կոտորածների ձեռագիրը նույնն է, այն կազմակերպել է թուրքական իշխանությունը, իրականացրել ազգայնամոլ ամբոխը եւ քրդական ավազակախմբերը, մասնակցել թուրքական բանակը: Ադանայի կոտորածներին զոհ է գնացել շուրջ 30 հազար հայ: Ցեղասպանության փաստի առընչությամբ դատավարություն է կազմակերպվել, որը սակայն ձեւական բնույթ է կրել: Կազմակերպված հրդեհի միջոցով դատավարության նյութերը փորձել են կրակի մատնել ու ոչնչացնել, թեեւ շատ նյութեր փրկվել են եւ պահպանվում են առ այսօր:
  • 1915 թ․ ապրիլի 24-ին Կոստանդնուպոլսի հայ մտավորականների ձերբակալությամբ սկսվել է Հայերի ցեղասպանության ամենամեծ ալիքը, որը շարունակվել է մինչեւ 1923 թ․ եւ, ըստ էության, չի ավարտվել մինչեւ այսօր։ Հայերի ցեղասպանության հետեւանքով զոհվել է ավելի քան մեկ ու կես միլիոն հայ եւ կես միլիոն հայ բռնագաղթվել է, դարձել փախստական ու տարագիր։
  1. 1915 թ. մայիսի 24-ին Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան եւ Ռուսաստանը հանդես են եկել երիտթուրքական կառավարության սանձազերծած հայերի կոտորածներն ու ցեղասպանությունը դատապարտող հատուկ հայտարարությամբ, որտեղ 1915 թ. ապրիլյան կոտորածները որակել են, որպես «Թուրքիայի նոր ոճիրը մարդկության եւ քաղաքակրթության դեմ»: Տեքստում մասնավորապես ասված էր. «Հաշվի առնելով մարդկության եւ քաղաքակրթության դեմ Թուրքիայի նոր հանցագործությունները՝ Դաշնակից պետությունների կառավարությունները հրապարակայնորեն հայտարարում են Բարձր դռանը այս հանցագործությունների համար Օսմանյան կառավարության բոլոր անդամների անձնական պատասխանատվության մասին, ինչպես նաեւ տեղական այն պաշտոնյաների, որոնք մասնակից կդառնան այդ կոտորածներին»: (5)
  • Օսմանյան կայսրությունը, որն իրականացրել է Հայերի ցեղասպանությունը, ինքն է առաջիններից մեկը ճանաչել ու դատապարտել այն։

Կոստանդնուպոլսի Ռազմական հատուկ ատյանը 1919 – 1920 թթ. իրականացրել է երիտթուրք պարագլուխների դատավարությունը նրանց ներկայացնելով երկու մեղադրանք. Օսմանյան կայսրությունը պատերազմի մեջ ներքաշելու եւ կայսրության հպատակ հայ քաղաքացիների կոտորածները, ցեղասպանությունը ու բռնագաղթը իրականացնելու համար, ինչի հիման վրա երիտթուրք պարագլուխներից Թալեաթը, Էնվերը, Ջեմալը, Նազիմը, Քեմալ բեյը, Ջեմալ Ազմին, Նայիմը, Բեհաեդդին Շաքիրը հեռակա կարգով դատապարտվել են մահվան, որն հետագայում ի կատար են ածել «Նեմեսիս գործողություն» հայ վրիժառուները: (6)

  1. 2020 թվականի հունվարի 1-ի դրությամբ 39 պետություններ, այդ թվում նաեւ երկու գերպետություններ՝ ԱՄՆ-ն եւ Ռուսաստանի Դաշնությունը, ինչպես նաեւ Եվրոպայի, Լատինական Ամերիկայի ու Մերձավոր Արեւելքի մի շարք առաջատար պետություններ ճանաչել ու դատապարտել են Հայերի ցեղասպանությունը, որն իրականացվել է 1894-1923 թթ. Արեւմտյան Հայաստանում, Կիլիկիայում, Օսմանյան կայսրության մեջ, Արեւելյան Հայաստանում, Բաքվում, Շուշիում․․․
  2. Հայերի ցեղասպանության հետեւանքով հայությանն ու Հայաստանին հասցված վնասն ուղիղ համեմատական է ցեղասպանության իրականացման վերը նշած ժամանակաշրջանին, այսինքն՝ 1894-1923 թթ․ եւ 1918-2016 թթ․, եւ վնասի գնահատումն ու հաշվարկը պետք է կատարել այդ փաստերի ու իրադարձությունների հիմքերով, յուրաքանչյուրի դեպքում պատրաստելով առանձին փաթեթներ, որոնք ըստ էության հնարավոր է գործողության մեջ դնել եւ առանձին-առանձին, եւ միասին, որպես եւ հանցագործության դատապարտման, եւ վնասի հատուցման փաթեթներ։ (7) (8)
  3. Հաշվի առնել, որ`
  • Հայերի ցեղասպանությունը հանդիսանում է միջազգային հանցագործություն մարդկության  եւ քաղաքակրթության դեմ,
  • Հայերի նկատմամբ 1894 – 1923 թթ․ ընթացքում իրականացված կոտորածն ու բռնագաղթը հանդիսանում է ցեղասպանություն, համաձայն՝ ՄԱԿ-ի «Ցեղասպանության հանցագործության կանխարգելման եւ դրա պատժի մասին» Կոնվենցիայի, 9 դեկտեմբեր 1948 թ․, (9)
  • Հայերի ցեղասպանությունը ենթակա է դատապարտման, համաձայն՝ ՄԱԿ-ի «Պատերազմի հանցագործությունների եւ մարդկության դեմ հանցագործությունների նկատմամբ վաղեմության ժամկետ չկիրառելու մասին» Կոնվենցիայի, 26 նոյեմբեր 1968 թ․։ (10)

Եւ նրա նկատմամբ վաղեմության ժամկետ չի կիրառվում։

Որպես ամփոփում կարելի է արձանագրել, որ Հայերի ցեղասպանությունը շարունակվում է մինչեւ այսօր եւ շարունակվելու է, քանի դեռ չի իրականացվել հանցագործության դատապարտումը եւ պատճառված վնասի ամբողջական հատուցումը:

Եվ քանի դեռ հայությունը չի վերագտել ապրելու, զարգանալու եւ առաջընթացի՝ իրավական – քաղաքական եւ ազգային – պետական ամուր ու անսասան հիմքերը:

 

Արմեն ՏերՍարգսյան

Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) Նախագահ

 24042020 թ

 

—————–

Ծանոթագրություն

  1. Ովքե՞ր էին պանթուրքիզմի հիմնադիրները։ http://gov-wa.info/?p=3313&lang=hy
  2. Ջոն Կիրակոսյան, «Երիտթուրքերըպատմության դատաստանի առաջ», գիրք II, Երեւան, 1983:
  3. Israeli Researchers: Turkey’s Greek, Armenian, and Assyrian Christians Destroyed by “30-year Genocide”https://www.breitbart.com/europe/2019/05/19/israeli-researchers-turkeys-christians-victims-30-year-genocide/?fbclid=IwAR2qSpIb3gW5-ye9n-MyVZsJmsM83Ca7DTyR7O9dQ9mPwoHE2X8N8SEZyzU
  4. Հայերի ցեղասպանության ճանաչման, դատապարտման եւ հատուցման հարցերի շուրջ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան) ռազմավարության մասին։

http://gov-wa.info/?p=4265&lang=hy

  1. Մեծ Բրիտանիան եւ Հայկական հարցը:

https://hy.wikipedia.org/wiki/%D5%84%D5%A5%D5%AE_%D4%B2%D6%80%D5%AB%D5%BF%D5%A1%D5%B6%D5%AB%D5%A1%D5%B6_%D6%87_%D5%80%D5%A1%D5%B5%D5%AF%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6_%D5%B0%D5%A1%D6%80%D6%81%D5%A8

  1. Երիտթուրքերի դատավարությունը։ http://www.genocide-museum.am/arm/online_exhibition_9.php
  2. Ջոն Կիրակոսյան, «Երիտթուրքերըպատմության դատաստանի առաջ», գիրք I, Երեւան, 1982:
  3. ՄԱԿ-ը հարցապնդում է յղել Թուրքիայի Հանրապետութեանը՝ 1915-1923-ին տեղահանուած հայերի մասին։ http://asbarez.com/arm/348948/%d5%84%d4%b1%d4%bf%d5%a8-%d5%80%d5%a1%d6%80%d6%81%d5%a1%d5%ba%d5%b6%d5%a4%d5%b8%d6%82%d5%b4-%d4%b7-%d5%85%d5%b2%d5%a5%d5%ac-%d4%b9%d5%b8%d6%82%d6%80%d6%84%d5%ab%d5%a1%d5%b5%d5%ab%d5%b6%d5%9d-1915-1923/?fbclid=IwAR2kKpb7l_daQVHQc2_S6tPe5HZhWTQXb4KJm6QCuEl9zlrCB7HGE129YxM
  4. «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու եւ դրա համար պատժի մասին» ՄԱԿ-ի Կոնվենցիա, 9 դեկտեմբերի 1948 թ.։ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=75835

«Պատերազմի հանցագործությունների եւ մարդկության դեմ հանցագործությունների նկատմամբ վաղեմության ժամկետ չկիրառելու մասին» ՄԱԿ-ի Կոնվենցիա, 26-ը նոյեմբերի 1968 թ.։ http://lousavor-avedis.org/?p=8581

Թողնել պատասխան

Your email address will not be published.

18 − 17 =