Համառոտ տեղեկանք Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան) ձեւավորման իրավական – քաղաքական հիմքերի մասին

Արեւմտյան Հայաստանի վերածննդի իրականության գաղափարը, որպես պետություն, առաջացել է 1990-ականների սկզբին, Արցախի պաշտպանների շարքերում: Վերածննդի եւ վերականգման գաղափարի գլխավոր ոգեշնչողներից էր Ազատագրական բանակի հիմնադիր Լեոնիդ Ազգալդյանը (23.11.1942 Թիֆլիս – 21.06.1992 Մարտակերտ): Գաղափարն արձագանք է գտել մարտիկների եւ մտավորականների շարքերում, որոնք պատերազմից առաջ Արեւմտյան Հայաստանի տարբեր հայրենասիրական եւ հայրենակցական միությունների անդամներ էին:

Արեւմտյան Հայաստանի Հանրապետության որպես պետության վերականգման հիմք է հանդիսացել այն փաստը, որ նա անխզելի շարունակող պետությունն է Հայաստան պետության՝ ճանաչված մի շարք միջազգային փաստաթղթերի հիման վրա, 1918-1920-ական թվականներին,

  • Ռուսաստանի Կառավարության Դեկրետի «Թուրքահայաստանի մասին» («Արեւմտյան Հայաստանի մասին»), (Ժողովրդական Կոմիսարների Խորհուրդ), 11 հունվար 1918 թ.,
  • Դաշնակից Տերությունների Գերագույն Խորհրդի կողմից դե ֆակտո (de facto) Հայաստան պետության անկախության ճանաչման, Փարիզի Վեհաժողովի ժամանակ, 19 հունվար 1920 թ.,
  • Դաշնակից Տերությունների Գերագույն Խորհրդի կողմից դե յուրե(de jure) Հայաստան պետության անկախության ճանաչման, Փարիզ, 11 մայիս 1920 թ.,
  • Կիլիկիայի հայերի ընդունած «Կիլիկիայի անկախության մասին» Հռչակագրի, 4 օգոստոս 1920 թ.,
  • Սեւրի խաղաղության պայմանագրի, 10 օգոստոս 1920 թ.,
  • ԱՄՆ 28-րդ Նախագահ Վուդրո Վիլսոնի կայացրած Իրավարար վճռի, որի ամբողջական անվանումն է՝ «Ամերիկայի Միացեալ Նահանգների նախագահի որոշումը Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ սահմանի, Հայաստանի դեպի ծով ելքի եւ հայկական սահմանին հարակից թուրքական տարածքի ապառազմականացման վերաբերյալ», 22 նոյեմբեր 1920 թ.:

2004 թ. դեկտեմբերի 17-ին ընդունվեց «Արեւմտյան Հայաստանի հայերի ինքնորոշման իրավունքի մասին» Հռչակագիրը։ 2011 թ․ փետրվարի 4-ին՝ «Արեւմտյան Հայաստանի կառավարության ձեւավորման գործընթաց սկսելու մասին» Հռչակագիրը։

Հետագայում, ՄԱԿ-ի «Բնիկ ժողովուրդների իրավունքների մասին» Հռչակագրի (13.09.2007 թ.) հիման վրա, ստեղծվել է Արեւմտյան Հայաստանի հայերի ազգային ինքնության եւ քաղաքացիության ինստիտուտը, որի հիմքի վրա ձեւավորվել են Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան) իրավական – քաղաքական եւ պետական կառույցները: Համաձայն Մարդու Իրավունքների Համընդհանուր Հռչակագրի 21-րդ հոդվածի, սկսած 2013 թ., Արեւմտյան Հայաստանի Հանրապետությունը (Հայաստան) ձեւավորում է իշխանության օղակները՝ Ազգային ժողովը (Խորհրդարան), Կառավարությունը եւ Նախագահական համակարգը:

2013 թ․ նոյեմբերին, առաջին անգամ, համացանցում՝ էլեկտրոնային ուղղակի քվեարկության միջոցով, անցկացվել են Արեւմտյան Հայաստանի Խորհրդարանի պատգամավորների ընտրություններ: Ընտրություններին մասնակցել են շուրջ 18 հազար ընտրող՝ 41 երկրներից, ընտրվել են 64 պատգամավոր:

2018 թ. սեպտեմբերի 1-5-ը կայացել են Խորհրդարանի 2-րդ գումարման ընտրություններ, որին մասնակցել են 51 հազար 500 ընտրող՝ 47 երկրից, միասնական ցուցակով ընտրել են Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) 101 պատգամավոր:

Ներկայիս Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան) նախագահը Ռադիկ Խամոյանն է, վարչապետը՝ Տիգրան Փաշաբեզյանը, Ազգային ժողովի (Խորհրդարան) նախագահը՝ Արմեն Տեր-Սարգսյանը:

Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի  (Խորհրդարանի) Մամլո Ծառայություն

11.08.2019 թ.

Թողնել պատասխան

Your email address will not be published.

one × two =