Ընտրարշավը մեկնարկեց. Հին դեմքերը նոր իրավիճակում եւ անսպասելի դաշինքներ

Հայաստանում հետհեղափոխական վիճակը սահուն անցել է նախընտրականի, եւ Հայաստանի կուսակցություններն ակտիվորեն պատրաստվում են ընտրությունների:

Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ընտրություններն, ամենայն հավանականությամբ, այս տարի կլինեն, իսկ դա նշանակում է, որ նախապատրաստությունն արդեն սկսվել է: Կուսակցությունները փորձում են հասկանալ ինչ հնարավորություններ, գործիքներ ու լծակներ ունեն եւ արդեն սկսել են գործել:

Առաջինը նախընտրական «արշավը» սկսել է առաջին նախագահը. Արմեն Աշոտյանը Լեւոն Տեր-Պետրոսյանի անսպասելի ակտիվացումը գնահատել է որպես արտահերթ ընտրություններին նախապատրաստում: Տեր-Պետրոսյանը մի քանի հոդված է հրապարակել, որոնք արտաքինից աջակցություն են հեղափոխությանը, խորքում մատնանշում են սպառնալիքները, որոնց բախվելու է նոր իշխանությունը: Տեր-Պետրոսյանը գլխավոր սպառնալիքը համարում է անկառավարելիությունը: Դա կարելի է գնահատել ինչպես աջակցություն հեղափոխությանը, այնպես էլ նոր ընտրություններից առաջ Նիկոլ Փաշինյանի դիրքերը թուլացնելու փորձ՝ քաոսի տպավորություն ստեղծելով:

Նախընտրական արշավ է սկսել նաեւ Գագիկ Ծառուկյանը, ով, ըստ լուրերի, ակտիվորեն շտաբեր է բացում մարզերում, քարոզչություն իրականացնում, որի գլխավոր թեզը հետեւյալն է՝ մենք հեղափոխության հետ ենք, մենք Նիկոլի դեմ չենք, բայց միայն Ծառուկյանը կարող է լուծել սոցիալական խնդիրները:

Նիկոլ Փաշինյանն ու Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը նույնպես պատրաստվում են ընտրությունների: Կուսակցությունն ակտիվորեն նոր անդամներ է ընդունում, կառույցներ են բացվում, որտեղ գրանցում են կողմնակիցներին: Նիկոլ Փաշինյանը վարչապետի պաշտոնում որոշումներ է կայացնում, որոնք կարող են բարձրացնել նրա ցանցային պոպուլյարությունը՝ տուգանքների համաներում, վարկային սեւ պատմությունների չեղարկում, բանակին ներքնազգտեստով ապահովում:

Երկրում նախընտրական փուլ է սկսվել, եւ Նիկոլ Փաշինյանի կուսակցությունը, չնայած հեղափոխությանը, նույն մեկնարկային պայմաններում է, ինչ մյուս կուսակցությունները:
Ապրիլյան հեղափոխության ձեռքբերումներից մեկը կարելի է համարել այն, որ Հայաստանի քաղաքական ուժերը նույն մեկնարկային վիճակի են բերվել: Հայաստանում երկար տարիներ ընտրություններն անցկացվում էին մեկ կուսակցության գերիշխանության պայմաններում, որը «խփում էր այնքան, որքան ցանկանում էր»: Ընտրություններից առաջ կազմվում էր խորհրդարանի ապագա կազմը, եւ ընտրություններին մնում էր միայն անհրաժեշտ թիվը նկարել՝ մեկին ավելացնել, մեկին պակասեցնել:

Խորհրդարանի վերջին 4 կազմերից 3-ը որոշել են Սերժ Սարգսյանն ու ՀՀԿ-ն քաղաքական գործարքի հիման վրա: Այդ գործարքը քրեաօլիգարխիկ պայմանագրի հիմքն էր, որով բաշխվում էին ազգային բարիքները:

Հեղափոխությունը չեղարկել է քրեաօլիգարխիկ պայմանագիրը, եւ հույս կա, որ իրավիճակը զրոյացել է, եւ կուսակցություններից յուրաքանչյուրը հնարավորություն է ստացել խորհրդարան մտնել ու իշխանության իր բաժինը ստանալ:

Խորհրդարան անցնելուն կարող են հավակնել ինչպես Նիկոլ Փաշինյանի կուսակցությունը, այնպես էլ մյուսները, այդ թվում Հանրապետական կուսակցությունը:

Նախընտրական փուլում կարող են նոր ու անսպասելի դաշինքներ ու կոնգլոմերատներ հայտնվել, ջրի երես բարձրանալ հին դեմքեր, հայտնվել նորերը: Բայց գլխավորն այն է, որ ոչ ոք նախօրոք չիմանա, թե ինչպես կավարտվեն ընտրությունները, ով որքան ձայն կստանա եւ ում բաժին կհասնի վարչապետի մանդատը:

Սա նորմալ ժողովրդավարական գործընթաց է, եւ դրանում է հեղափոխության նպատակը՝ հավասար մեկնարկային պայմաններ ապահովել բոլոր կուսակցությունների համար: Այդ կուսակցությունները կարող են նախընտրական պայքարի տարբեր մեթոդնել օգտագործել՝ խոստումներից մինչեւ կոմպրոմատներ մրցակիցների վրա, եւ պետք է պատրաստ լինել կոշտ պայքարի, վարկաբեկման, սաբոտաժի եւ հեղափոխական իշխանությանը պահանջներ ներկայացնելուն:

Նիկոլ Փաշինյանի դաշնակից կուսակցությունները նախընտրական փուլում կարող են նրա բնական մրցակիցները դառնալ, եւ այդ կուսակցությունների, նրանց վերահսկած խմբերի ու թրոլների գործողությունները պետք է գնահատել նրանց մոտիվացիայի տեսանկյունից: Ընտրությունների ժամանակ ցանկացած քաղաքական մեթոդ ընդունելի է:

ԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ

Lragir

Թողնել պատասխան

Your email address will not be published.

5 × five =