Տիգրան Փաշաբեզյան. “Ռուս-թուրքական հարաբերությունները կարող են լավանալ, երբ Հայաստանի Հանրապետությանը սահմանակից դառնա Արեւմտյան Հայաստանը (Հայաստանը)”

Ուստի, տարածաշրջանային խնդիրների կարգավորումը կարող է իրականություն դառնալ այն բանից հետո միայն, երբ Հայաստանի Հանրապետությանը սահմանակից դառնա Արեւմտյան Հայաստանի Հանրապետությունը (Հայաստան պետություն):

Վերջին տասնամյակներին, մերձավորարեւելյան իրադարձությունների զարգացմանը զուգընթաց, հաճախի են դարձել մեկնաբանությունները անկախ Քրդստան պետության ձեւավորման վերաբերյալ: Ընդ որում, ամեն անգամ, հիմնականում լռության են մատնվում Հայկական Հարցի վերջնական կարգավորման եւ Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքների իրականացման խնդիրները Արեւմտյան Հայաստանի նկատմամբ:

Tert.am- ի հետ զրույցում հարցին, թե արդյո՞ք կա դեռ հնարավորություն վերադարձնելու Թուրքիայի հետ բարիդրացիական հարաբերությունները, թե ամեն ինչ կորսված է, Մոդեստ Կոլերովն ընդգծել է. «Կարծում եմ, որ Թուրքիայի եւ Ռուսաստանի միջեւ լավ հարաբերությունները կարող են վերադառնալ այն ժամանակ, երբ ներկայիս Թուրքիան այլեւս չլինի, լինի անկախ Քրդստան, որ օրինակ՝ Հայաստանի եւ Թուրքիայի սահմանն այլեւս լինի Հայաստանի եւ անկախ Քրդստանի սահման» (1):

Պետք է նշել, որ այս մոտեցումը նոր չէ եւ նույնիսկ ռուսական չէ, այն այլ ավելի շուտ արեւմտյան է: Հիշեցնենք, որ դեռեւս 2006 թ. ԱՄՆ Զինված ուժերի բարձրաստիճան պաշտոնաթող սպա Ռալֆ Պիտերսը մի հոդվածում գրում էր անկախ Քրդստանի ստեղծման ծրագրերի մասին (2):

Այս հարցերի հետ կապված գոյություն ունի երկու հիմնական խնդիր.

ա) Միջազգային ընտանիքի հիմնական դերակատարները մինչեւ ե՞րբ են շարունակելու շրջանցել Հայկական Հարցը եւ, ըստ այդըմ, մինչեւ ե՞րբ են անտեսելու հայ ժողովրդի իրավունքների պաշտպանության ու իրականացման խնդիրները:

բ) Եվ ի՞նչ է փոխվելու, երբ Թուրքիայի Հանրապետությանը փոխարինելու գա անկախ Քրդստանը, սահմանակից դառնալով Հայաստանի Հանրապետությանը:

Նախապես զգուշացնենք, որ երկու հարցադրումներն էլ զուտ տարածաշրջանային (ռեգիոնալ) նշանակություն չունեն, այլ ավելի մեծ ընդգրկում, տարածաշրջանայինից ընդհուպ մինչեւ համաշխարհային քաղաքակրթական նշանակության: Ներկայացնենք, թե ինչու:

Ժամանակակից վերլուծաբաններն ու փորձագետները, միջազգային վերլուծական ու փորձագիտական կենտրոնները, հաճախ շարունակում են շրջանցել ու անտեսել խնդիրների իրական լուծումները, պարբերաբար որպես դեղամիջոց առաջարկելով տարբերակներ, որոնք հիշեցնում են բրիտանական դիվանագիտական դպրոցի անցած ճանապարհը, որի բնորոշիչ գնահատականը ժամանակին տվել է Լորդ Շերբրուկը՝ նկատելով, որ անգլիական քաղաքականությունը Թուրքիայի քրիստոնյաների համար «փակում էր դժոխքից դուրս գալու ելքը» (3):

Ներկայումս օրինակ Մեծ Բրիտանիայի խորհրդարանում քննարկում են եզդիների կոտորածների ու բռնագաղթի խնդիրները (4): Ավելի քան 130 տարի առաջ նրանք շրջանառության մեջ դրեցին քրդական հարց հասկացողությունը (5): Վաղը վստահաբար խոսելու են տարածաշրջանում ապրող մեկ այլ ժողովրդի կենսական խնդիրներից, համառորեն անտեսելով այն ակնառու իրողությունը, որ տարածաշրջանի ու այնտեղ ապրող բոլոր ժողովուրդների խնդիրների կարգավորումը սկսվում է Հայկական Հարցի լուծումից, որից միշտ փորձում են խույս տալ մարդու իրավունքների հին ու նոր պաշտպանները:

Պատասխանելով մեր հնչեցրած առաջին հարցադրմանը նշենք, որ Մերձավոր Արեւելքի խնդիրների կարգավորման բանալին Հայկական Հարցի վերջնական լուծումն է, հայ ժողովրդին եւ Հայաստանին տրված այն բոլոր իրավունքների իրականացմամբ, որոնց վերաբերյալ որոշումներ են ընդունվել ու պայմանագիր ստորագրվել 1918-1920 թթ., այդ թվում եւ Արեւմտյան Հայաստանի մասով, որի չորս մարզերը ուղղակի նշված են Սեւրի Խաղաղության պայմանագրում:

Չգիտեն ի՞նչ անել Արեւմտյան Հայաստանի հետ. Եվրոպառլամենտի ոչ իրավաչափ եւ ապօրինի որոշում են կայացնում 1987-ին՝ որպես «Հայկական հարցի քաղաքական լուծման մասին» բանաձեւ, պատվերով հոդվածներ են իջեցնում՝ ինչպես Ռալֆ Պիտերսի վերոհիշյալ հրապարակումն է, մեր հիշողությունը խաթարելու համար պատմության կեղծարարների միջոցով Արեւմտյան Հայաստանը ներկայացնում են՝ որպես Արեւելյան Անատոլիա, մեր իրավունքներից մեր «կամավոր հրաժարումը» ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետություն – Թուրքիայի Հանրապետություն Արձանագրություններ են հրապարակ բերում…

Սակայն, Արեւելյան Անատոլիա գոյություն չունի, դա Արեւմտյան Հայաստանն է, որի իրավատերը շուրջ 30-ամյա (1894-1923) կոտորածների, ցեղասպանության ու բռնագաղթի ենթարկվելու հետեւանքով սփռված է աշխարհով մեկ, թեեւ կամաց-կամաց, որպես Արեւմտյան Հայաստանի հայ, վերադառնում է իր ինքնությանը: Դրա տրամաբանական շարունակությունն է 2011 փետրվարի 4-ին Արեւմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարության ձեւավորման գործընթացի հռչակումը այժմ՝ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Կառավարություն, վարչապետ՝ Տիգրան Փաշաբեզյան, իսկ պետականաստեղծ գործընթացի ամփոփումը՝ 2014 թ. հունվարի 18-21-ը Փարիզում Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) ձեւավորումը, նախագահ՝ Արմեն Տեր-Սարգսյան եւ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության նախագահի ընտրությունը, նախագահ՝ Արմենակ Աբրահամյան:

Ուստի, տարածաշրջանային խնդիրների կարգավորումը կարող է իրականություն դառնալ այն բանից հետո միայն, երբ Հայաստանի Հանրապետությանը սահմանակից դառնա Արեւմտյան Հայաստանի Հանրապետությունը (Հայաստան պետություն):

Այդ ամենը մանրամասն ներկայացված է «Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքների պաշտպանության իրավական-քաղաքական միասնական փաթեթ»ում, որը, ի դեպ, վերջերս թարգմանվեց նաեւ ռուսերեն եւ անգլերեն, ընթացքի մեջ է ժողովածուի ֆրանսերեն թարգմանությունն ու տպագրությունը (6):

Ավազի վրա տուն չեն կառուցում, ավելին՝ խաղաղություն չեն կառուցում: Եվ վաղուց ժամանակն է հրաժարվել հայ ժողովրդի իրավունքները շրջանցելու եւ անտեսելու անհեռանկար գործելաոճից: Պատմությունը փաստագրում ու ցույց է տալիս, որ բրիտանական հետախույզ Լոուրենս Արաբացու 1919-ին առաջադրած մարտավարությամբ առաջնորդվելը ոչ մի լավ բանի չի հանգեցնում, առաջին հերթին, դրա իրականացնողների եւ ապա նաեւ մասնակիցների ու այլ ժողովուրդների համար նույնպես (7):

Պատասխանելով մեր հնչեցրած երկրորդ հարցադրմանը նշենք, որ տարածաշրջանի քաղաքակրթական խանգարումը՝ խցանումը, ընդհանրապես, իսկ Հայկական լեռնաշխարհինը, մասնավորապես, սկսվել է տարածաշրջանում թուրքական պետության գոյացմամբ եւ դա մեկ այլ պետությամբ փոխարինելը, այդ թվում՝ քրդական կամ այլ…, հայկականից զատ, չի հանգեցնելու տարածաշրջանի քաղաքակրթական առողջացմանն զարգացմանը, այդ թվում՝ համաշխարհային քաղաքակրթական առաջընթացի ու ապագայի իմաստով նաեւ:

Հաստատագրենք, որ Լոուրենս Արաբացու առաջարկած ռազմավարությունը, այն է՝ «…Հայաստանը պետք է բաժանման ենթարկվի: Բուն երկիրը, ուր բնական հարստություններն են, պետք է անջատվի առաջամասից, ուր ոչինչ չկա բացի հայերից: Ամերիկյան մանդատը պետք է լոկ հայերի վրա լինի: Մի ուրիշ դաշնակից, ոչ թե բրիտանացիք, այլ մի ուրիշ` հավասարաչափ գործնական տերություն պետք է ստանա Հայաստանը», խիստ բացասական ազդեցություն է գործել ոչ միայն տարածաշրջանի, այլեւ համաշխարհային քաղաքակրթական ընթացքի վրա, անընդմեջ խոչընդոտելով ու արգելափակելով դրանց զարգացումը:

Այստեղ եւս լուծումը մեկն է, դա հայ ժողովրդի իրավունքների իրականացման ու հաստատման ուղին է, որի արդյունքում Հայաստանի Հանրապետությանը սահմանակից կդառնա այն Հայաստանը, որի վերաբերյալ կարեւոր որոշումներ կայացրին եւ Ռուսաստանի Կառավարությունը՝ 1918-ին, եւ Փարիզի Խաղաղության վեհաժողովի մասնակից պետությունները՝ 1919-1920 թթ., եւ ԱՄՆ 28-րդ Նախագահ Վուդրո Վիլսոնը՝ 1920-ին (8): Դրանից հետո միայն կլուծվեն շատ ու շատ խնդիրներ, շատ կողմերի համար, այդ թվում եւ ռուս-թուրքական հարաբերությունների բարելավման իմաստով:

Սրանք էին, որ ցանկանում էինք նշել որպես իրավական-քաղաքական հիմնարար փաստարկներ Մոդեստ Կոլերովի դիտարկմանը, փորձելով օգնել նրան եւ այլ հայտնի փորձագետների ու վերլուծաբանների, ինչպես նաեւ մի շարք վստահելի վերլուծական ու փորձագիտական կենտրոնների, զգույշ մնալու հին սխալների կրկնությունից, որոնց հետեւանքով է առաջացել ու զարգացել ներկայի ռազմաքաղական ճգնաժամը Մերձավոր Արեւելքում, ըստ էության, համաշխարհային քաղաքակրթական ճգնաժամը, որը կարելի բնութագրել նաեւ որպես քաղաքակրթական ազատ անկում:

Բարեբախտաբար, անկումից խուսափելու բոլոր հնարավորություններն ու նախադրյալները կան եւ դրանք ամփոփված են Հայաստանի նկատմամբ հայերի իրավունքների իրականացման որոշումներում ու պայմանագրերում: Պետք է պարզապես միասնական կամքով ու համաձայնությամբ կյանքի կոչել եւ իրականացնել դրանք:

Տիգրան Փաշաբեզյան

Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Վարչապետ

 16.02.2016 թ.

*****

Ծանոթագրություն

  1. «Ռուս-թուրքական հարաբերությունները կարող են լավանալ, երբ Հայաստանին սահմանակից դառնա անկախ Քրդստանը». Մոդեստ Կոլերով, Tert.am, 02.2016, http://www.tert.am/am/news/2016/02/15/kolerov/1931154:
  2. Ռալֆ Պիտերս, «Մերձավոր Արեւելքի նոր քարտեզը` ըստ արյունակցական կապերի եւ հավատի նմանությունների», (թարգմանությունը եւ նախաբանը «Ազգ» օրաթերթի, 25.08.2006:
  3. Լորդ Շերբրուկի պատկերավոր արտահայտությամբ, անգլիական քաղաքականությունը Թուրքիայի քրիստոնյաների համար «փակում էր դժոխքից դուրս գալու ելքը»: (Հայկական սովետական հանրագիտարան, Երեւան, 1976, հ. 2, էջ 401-402)
  4. Եզդիների հարցը Մեծ Բրիտանիայի խորհրդարանում, «Նոյյան Տապան» Lրատվական գործակալություն, 15.02.2016:
  5. Րաֆֆի, Քրդական միություն: Առաջին անգամ տպագրվել Է «Մշակում» Մելիքզադե ստորագրությամբ (Թիֆլիս, 1880), այնուհետեւ տեղ Է գտել Աննա Րաֆֆու կազմած «Տաճկահայքում» (Թիֆլիս, 1895 եւ Վիեննա, 1913): Հետագայում դուրս է մնացել Րաֆֆու երկերի ժողովածուի հրատարակություններից: Արտատպվում է «Մշակից», 1880, N- 167, 168:
  6. «Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքների պաշտպանության իրավական-քաղաքական միասնական փաթեթ», «Նոյյան Տապան» հրտ., հայերեն եւ ռուսերեն օրինակներ՝ 2015, անգլերեն օրինակ՝ 2016, http://nt.am/am/ourpublication/9/:
  7. Լոուրենս Արաբացի, «Այդ անտանելի հայերը», Լինկոլն Ստեֆանսի հարցազրույցը Լոուրենս Արաբացու հետ, 1919 թ.:
  8. Տես, Ռուսաստանի Կառավարության Դեկրետը Թուրքահայաստանի մասին, Սեւրի Խաղաղության պայմանագիրը, ԱՄՆ 28-րդ Նախագահ Վուդրո Վիլսոնի Իրավարար վճիռը, Կոստանդնուպոլսի Ռազմական ատյանի նյութերը երիտթուրքերի դատավարության վերաբերյալ եւ… այլ փաստաթղթեր:

Թողնել պատասխան

Your email address will not be published.

3 × five =