Հիշեցնենք, որ Հայ Առաքելական եկեղեցին այսօր՝ փետրվարի 11-ին, նշում է Բուն Բարեկենդանը։
Բուն Բարեկենդանը Մեծ Պահքի առաջին կիրակին է: Բարեկենդան նշանակում է բարի կենդանություն: Սուրբ գրքում կարդում ենք, որ Ադամն ու Եվան նախ բնակվում էին դրախտում՝ վայելելով Աստծո ներկայությունը: Ադամի եւ Եվայի դրախտային երանությունն է հիշատակվում Բուն Բարեկենդանի օրը: Այն հավատացյալին հիշեցնում է դրախտային անհոգ ու երջանիկ կյանքի մասին, որն Ադամի ու Եվայի համար բարի կենդանություն էր՝ Տիրոջ ներկայությամբ: Մեծ Պահքը հուշում է, թե ինչպես կարելի է վերադարձնել հավիտենական ուրախությունն ու Աստծո ներկայությունը, որպեսզի Տիրոջ «Ու՞ր ես» հարցին պատասխան ունենանք եւ Ադամի նման չթաքնվենք:
Բուն բարեկենդանի օրը մարդիկ ուրախ տոնախմբություններ են կազմակերպում: Սակայն ինչքան էլ, որ Բուն Բարեկենդանը պահքի օր չէ, միեւնույն է, այդ օրը եկեղեցին տուրք չի տալիս ճոխ ու առատ սեղաններին: Պետք չէ ընկնել ծայրահեղությունների գիրկը, այլ պետք է ժուժկալությամբ պատրաստվել Մեծ Պահքին:
Բարեկենդանին նախորդող շաբաթ օրը՝ երեկոյան ժամերգության ժամանակ, փակվում են բոլոր եկեղեցիների վարագույրները, որոնք բացվում են միայն Ս. Հարության Ճրագալույցի Ս. Պատարագին: Մեծ Պահքի ընթացքում վարագույրը բացվում է Ծաղկազարդին, Ավագ հինգշաբթի՝ ոտնլվայի արարողությանը, Ս. Գրիգոր Լուսավորչի մուտքը վիրապ եւ Տեառընդառաջի ու Ավետման տոներին, եթե վերջիններս հանդիպում են Մեծ Պահքի օրերին: Մինչեւ Զատիկ Ավետարանն այլեւս չեն համբուրում, ինչը խորհրդանշում է, թե ինչպես Ադամն ու Եվան զրկվեցին Կենաց Ծառի պտղից:
Այս տոնին հատուկ են ուրախությունն ու խրախճանքը, կերուխումը, հյուրասիրությունները, այցելությունները, թատերական ներկայացումները, երգ ու պարը:
News.am