ՀՌՉԱԿԱԳԻՐ Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) ձեւավորման մասին

wa_gerbՀարգելի՛ հայրենակիցներ

 Արեւմտյան Հայաստանի Ազգային խորհուրդը, Արեւմտյան Հայաստանի վտարանդի կառավարությունը եւ Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողով (Խորհրդարան) ձեւավորող հատուկ հանձնաժողովը, ստանձնելով Արեւմտյան Հայաստանի պետական համակարգերի կազմավորման ու ստեղծման, հայերի գոյության ու ինքնության պահպանման, Արեւմտյան Հայաստանի տնտեսության վերականգնման ու վերաշինության պատասխանատվությունը,

Հայտարարում են`

  • Ստեղծել Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողով (Խորհրդարան), որն իրականացնելու է հայության ուժերի համախմբումը:
  • Հենքային համարել Հայկական հարցի՝ Հայոց պահանջատիրության լուծման խնդրում ազգային միասնությունը եւ հայոց անժամանցելի իրավունքը:
  • Ընդունել մեկ բանաձեւ. հայ ժողովուրդը պետք է ապրի ինքնաբավ, իսկ ապագայում մեկ միասնական եւ անկախ Հայոց պետության կազմում:

Առաջնորդվում են՝

ա) Արեւմտյան Հայաստանի հայերի Ազգային խորհրդի պաշտոնական հայտարարությամբ (ընդունված՝ 2004 թվականի դեկտեմբերի 17-ին) եւ «Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքների մասին» հռչակագրով (ընդունված` 2007 թվականի հունվարի 20-ին):

բ) Արեւմտյան Հայաստանի վտարանդի կառավարության ստեղծման (ընդունված՝ 2011 թվականի փետրվարի 4-ին) եւ Արեւմտյան Հայաստանի պետական համակարգի մասին որոշումներով (ընդունված՝ 2011 թվականի մարտի 2-ին):

գ) 2012 թվականի նոյեմբերի 30-ի Արեւմտյան Հայաստանի հայերի՝ Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողով (Խորհրդարան) ձեւավորելու մասին 5-րդ վեհաժողովի որոշմամբ:

Հռչակում են, որ՝

Նկատի առնելով այն փաստը, որ հակառակ մարդկային բարոյականության եւ ցանկացած իրավունքի՝ ճանաչելու Հայոց իրավունքները բնօրրան հայրենիքի նկատմամբ, Թուրքիայի իրարհաջորդ կառավարություններ՝ սուլթանական, երիտթուրքական եւ քեմալական, 1894-1923 թթ. իրականացրել են Հայերի ցեղասպանություն եւ բռնագաղթ, որի միջոցով աննախադեպ փոփոխել են ազգագրական պատկերը տարածաշրջանում, իսկ հետեւանքում կրճատելով հայերի թիվը բռնազավթված տարածքներում, որպես «հավելավճար» իրենց հանցագործությունների՝ խախտել են ազգությունների միջեւ բնականոն հարաբերակցությունը՝ Արեւմտյան Հայաստանում, եւ

նկատի առնելով վերոհիշյալ ողջ իրողությունը հռչակում են, որ՝

Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) իրավասությունը տարածվում է ինչպես Արեւմտյան Հայաստան պետության քաղաքացիների, այնպես էլ Արեւմտյան Հայաստանի բռնագրավված երկրամասի՝ Արեւմտյան Հայաստանի իրավական (de jure) եւ փաստական (de facto) տարածքների վրա՝ նկատի ունենալով

ա) Հայաստան – Թուրքիա սահմանազատումը` համաձայն ԱՄՆ-ի 28-րդ Նախագահ Վուդրո Վիլսոնի Իրավարար վճռի (22 նոյեմբերի, 1920 թ.):

բ) Պատմական Հայաստանի, այդ թվում` Արեւմտյան Հայաստանի եւ Կիլիկյան Հայաստանի անկախությունը՝ համաձայն ՄԱԿ-ի՝ «Գաղութային երկրներին եւ ժողովուրդներին անհապաղ անկախություն տրամադրելու մասին» հռչակագրի (14 դեկտեմբերի, 1960 թ.):

գ) Որպես բնիկ ժողովուրդ՝ Արեւմտյան Հայաստանի հայերի ունեցած պատմական, ծագումնաբանական, մշակութային, քաղաքակրթական, պետականաստեղծ անժամկետ եւ անժխտելի իրավունքները՝ համաձայն ՄԱԿ-ի «Բնիկ ժողովուրդների իրավունքների մասին» հռչակագրի (13 սեպտեմբերի, 2007 թ.):

Վերոհիշյալ իրավասությունը տարածվում է Արեւմտյան Հայաստանի հետեւյալ նահանգների եւ տարածքների վրա՝

  1. Վան,
  2. Բիթլիս,
  3. Էրզրում (Կարին),
  4. Տրապիզոն (Համշեն),
  5. Սիվաս (Սեբաստիա),
  6. Դիարբեքիր (Տիգրանակերտ),
  7. Խարփութ (Խարբերդ),
  8. Կիլիկիա (այդ թվում՝ Կեսարիա, Մարաշ, Ադանա, Զեյթուն, Այնթափ, Անտիոք),
  9. Կարս (եւ Սուրմալու),
  10. Ջավախք,
  11. Նախիջեւան:

Առաջնորդվելով վերը նշված փաստաթղթերով եւ դրույթներով՝ Արեւմտյան Հայաստանի Ազգային խորհուրդը, Արեւմտյան Հայաստանի վտարանդի կառավարությունը եւ Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողով (Խորհրդարան) ձեւավորող հատուկ հանձնաժողովը

Հայտարարում են, որ՝

ստեղծվում է Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողով (Խորհրդարան) ձեւավորող Կենտրոնական ընտրական հանձնաժողով (ԿԸՀ), որը լիազորված է կազմակերպելու եւ անցկացնելու ընտրական ողջ գործընթացը:

(Տե՛ս Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողով (Խորհրդարան) ձեւավորող Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքը՝ http:www.western-armenia-election.org):

Քաղաքացիների գրանցումը

Արեւմտյան Հայաստանի քաղաքացիներ են բոլոր այն անձինք, ովքեր կարող են հիմնավորել թե՛ իրենց տարագրյալ լինելը Հայրենիքից (Արեւմտյան Հայաստանից), թե՛ իրենց ծագումը՝ նույնիսկ մի քանի սերունդ վաղեմությամբ (ուղիղ ժառանգական կապով):

 

1) Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) ընտրություններին մասնակցելու ցանկություն հայտնած Արեւմտյան Հայաստանի քաղաքացիների, ինչպես նաեւ հայրենակցական ու հայրենասիրական հասարակական կազմակերպությունների եւ միությունների գրանցման գործընթացն իրականացվում է՝ 2013 թ. մայիսի 24-ից մինչեւ դեկտեմբերի 1-ը:

2) Ընտրություններին մասնակցելու ցանկություն հայտնած Արեւմտյան Հայաստանի քաղաքացիները գրանցվում են հետեւյալ կայքում՝

http://www.western-armenia-election.org/votes/Enregistrement2013-fr-arm.php

Թեկնածուների գրանցումը

1) 2013 թ. հունիսի 1-ից սկսվում է Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) պատգամավորության թեկնածուի կողմից իրականացվող ստորագրահավաքը՝ հատուկ հաստատված ձեւաթղթերի միջոցով:

2) Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովը (Խորհրդարանը) բաղկացած է Արեւմտյան Հայաստանի քաղաքացիներից: Արեւմտյան Հայաստանի քաղաքացու անձնագիր ունենալը պարտադիր է պատգամավորության թեկնածուի համար:

3) Թեկնածուների գրանցումն իրականացվում է 2013 թ. հոկտեմբերի 1-ից ժամը 08:00, մինչեւ հոկտեմբերի 22-ը՝ ժամը 24:00:

4) Ընտրություններն անցկացվում են 2013 թ. նոյեմբերի 22-ից ժամը 08:00, մինչեւ դեկտեմբերի 1-ը՝ ժամը 00:00 (Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքի միջոցով կամ գրավոր):

5) Ընտրությունների արդյունքները Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից հաստատվում եւ հրապարակվում են 2013 թ. դեկտեմբերի 17-ին:

6) Առաջադրվելու համար թեկնածուն պետք է ներկայացնի Արեւմտյան Հայաստանի քաղաքացիների նվազագույնը 100 ստորագրություն:

7) Թեկնածուն պետք է ներկայացնի ինքնակենսագրություն եւ գործունեության համառոտ ծրագիր:

8) Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) պատգամավորության թեկնածուները գրանցվում են հետեւյալ կայքում՝

http://www.western-armenia-election.org/votes/Candidature2013-fr-arm-en-ru.php

http://www.western-armenia-election.org/Consultation-Electorale/2013/Teqnadzouneri_timoume-2013.pdf

http://www.western-armenia-election.org/Consultation-Electorale/2013/Requete_de_candidature-2013.pdf

Հաստատում են, որ՝

Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) պատգամավորության թեկնածուները, որոնք պաշտոնապես ընդունում են Արեւմտյան Հայաստանի Ազգային խորհրդի եւ Արեւմտյան Հայաստանի վտարանդի կառավարության Հռչակագիրը եւ հիմնադիր փաստաթղթերը, կարող են ինքնաառաջադրվել եւ կամ ներկայացվել հայրենակցական ու հայրենասիրական հասարակական կազմակերպությունների եւ միությունների, Արեւմտյան Հայաստանի Ազգային խորհրդի ու Արեւմտյան Հայաստանի վտարանդի կառավարության կողմից:

Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) ձեւավորման հիմնական մեխանիզմները, այդ թվում՝ կանոնակարգի նախագիծը, որով հաստատվում է Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) առաջին նստաշրջանի գումարման ժամկետը, պատգամավորների քանակը, հայրենակցական ու հայրենասիրական հասարակական կազմակերպությունների եւ միությունների ներգրավման օրինակարգը՝ հաստատված Արեւմտյան Հայաստանի Ազգային խորհրդի կողմից:

Կոչ են անում համայն հայությանը՝

պաշտպանելու ու հաստատելու իր անսակարկելի եւ անժամանցելի իրավունքները, որի կարեւորագույն գործողություններից մեկը Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) ձեւավորումն է, ակտիվորեն մասնակցելու այս ընտրություններին՝ Արեւմտյան Հայաստանի քաղաքացիություն ձեռք բերելու եւ դրա ընձեռած բացառիկ հնարավորության շրջանակներում:

Արեւմտյան Հայաստանի Ազգային խորհրդի նախագահ`

Արմենակ Աբրահամեան

 

Արեւմտյան Հայաստանի վտարանդի կառավարության վարչապետ՝

Տիգրան Փաշաբեզյան

 

Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողով (Խորհրդարան) ձեւավորող

հատուկ հանձնաժողով

24 մայիս, 2013 թ.

Փարիզ, Ֆրանսիա

Թողնել պատասխան

Your email address will not be published.

4 + 16 =