ԴԻՄՈՒՄ ՄԱԿ՝ Միավորված Ազգերի Կազմակերպությանը Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան պետության) անդամակցության վերաբերյալ

(Ստորեւ ներկայացված դիմումը 2018 թվականի Նոյեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր Քարտուղարին ուղարկված դիմումնագրի կրճատված ու համառոտագրված տարբերակն է)

Միավորված Ազգերի Կազմակերպությանը

 Դ Ի Մ Ո Ւ Մ

Միավորված Ազգերի Կազմակերպությանը Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան պետության) անդամակցության վերաբերյալ

 

Հաշվի առնելով, որ Արեւմտյան Հայաստանի Հանրապետությունը (Հայաստան պետություն),

  • ամբողջությամբ ընդունում է Միավորված Ազգերի Կազմակերպության կանոնադրական նպատակներն ու խնդիրները,
  • ընդունել ու վավերացրել է Միավորված Ազգերի Կազմակերպության Կանոնադրությունը,
  • որպես միջազգային իրավունքի սուբյեկտ` հանդիսանալով 20-րդ դարի 20-ական թթ. Հայաստան պետության անխզելի շարունակողը (continuity) եւ որպես Արեւմտյան Հայաստանի Հանրապետություն (Հայաստան պետություն) ստանձնել է Հայաստան պետության բոլոր իրավունքներն ու պարտականությունները,
  • որպես միջազգային իրավունքի սուբյեկտ (համաձայն` «Պետությունների իրավունքների եւ պարտականությունների մասին» Կոնվենցիայի (ստորագրված 26 դեկտեմբեր 1933 թ., համաամերիկյան պետությունների 7-րդ միջազգային համաժողովում (Մոնտեվիդեոյի Կոնվենցիա) տիրապետում է անհրաժեշտ հատկանիշների` ա) մշտական բնակչություն, բ) որոշակի տարածք, գ) կառավարություն, դ) այլ պետությունների հետ հարաբերությունների մեջ մտնելու ունակություն,
  • հայտարարել է իր մշտական, դրական, զինված չեզոքությունը,
  • ընդունել, միացել եւ վավերացրել է առավել կարեւոր միջազգային Պայմանագրերը, Կոնվենցիաներն ու Հռչակագրերը; (Ցանկը ներկայացվում է կից)

 

Հաշվի առնելով հարցի նախապատմությունը, երբ՝

  • 1919 թ. սկզբին Փարիզում հրավիրվել է Հայ ազգային համագումար, որի կարեւոր ձեռնարկներից մեկը եղել է «Ամբողջական Հայաստանի պատվիրակության» ընտրությունը՝ Պողոս Նուբարի ու Ավետիս Ահարոնյանի համանախագահությամբ եւ նախապես պատրաստված ու 1919 թ. փետրվարի 12–ին Փարիզի հաշտության կոնֆերանսին ներկայացված հայկական պահանջների համատեղ հուշագրի վավերացումը, որը հիմնավորում էր հայկական անկախ պետության ստեղծման անհրաժեշտությունը եւ ճշտում նրա տարածքը Արեւմտյան Հայաստանի յոթ վիլայեթների (ներառյալ Տրապիզոնը), Հայաստանի Հանրապետության եւ Կիլիկիայի միացմամբ:
  • Միացյալ պատվիրակությունը փետրվարի 26-ին ներկայացավ Տասի խորհրդի նիստին` կրկնելով հուշագրի հիմնական պահանջները: Պատվիրակությանն ընդունեց (1919 թ. ապրիլի 17-ին) նաեւ ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնը եւ հավաստիացրեց, որ հնարավոր ամեն ինչ կանի հայերի տարածքային պահանջները պաշտպանելու համար:
  • Հայկական միացյալ պատվիրակության ներկայացրած պահանջներին ի պատասխան Դաշնակիցների Գերագույն Խորհուրդը 1920 թ. հունվարի 19-ին կայացրել է հետեւյալ որոշումը եւ «Դե ֆակտո» ճանաչել է Հայկական պետությունը.

1) Հայկական պետության կառավարությունը ճանաչվում է, որպես կառավարություն,

2) այս որոշումը չի կանխորորոշում Հայկական պետության սահմանների հարցը:

1920 թվականի հունվարի 27-ին Խաղաղության վեհաժողովի քարտուղարությունը այս երկու որոշումները պաշտոնապես ներկայացրել է Հայ Ազգային Միացյալ պատվիրակությանը:

  • 1920 թվականի մայիսի 11-ին թուրքական պատվիրակությունը հրավիրվում է Փարիզում գումարված Խաղաղության վեհաժողով, որտեղ նրան ներկայացվում են «Խաղաղության պայմանները»: Դաշնակից Ուժերի մեջ էր նաեւ Հայկական պետության պատվիրակությունը: «Խաղաղության Պայմանների» նախաբանում, որը հետագայում դարձավ Սեւրի Դաշնագրի նախաբանը, Հայաստանը նշված է Դաշնակից տերությունների շարքում: Հայկական պետությունը ճանաչվեց նաեւ «Դե յուրե»:

 

Ինչպես նաեւ՝

  • հակառակ մարդկային բարոյականության եւ ցանկացած իրավունքի՝ ճանաչելու Հայոց իրավունքները բնօրրան հայրենիքի նկատմամբ, Թուրքիայի իրարհաջորդ կառավարություններ՝ սուլթանական, երիտթուրքական եւ քեմալական, 1894-1923 թթ. իրականացրել են Հայերի ցեղասպանություն եւ բռնագաղթ, որի միջոցով աննախադեպ փոփոխել են ազգագրական պատկերը տարածաշրջանում, իսկ հետեւանքում կրճատելով հայերի թիվը բռնազավթված տարածքներում, որպես «հավելավճար» իրենց հանցագործությունների՝ խախտել են ազգությունների միջեւ բնականոն հարաբերակցությունը՝ Արեւմտյան Հայաստանում,
  • որ արդեն 98 տարի է ինչ Թուրքիայի Հանրապետությունը բռնազավթված է պահում Արեւմտյան Հայաստանի տարածքը,
  • որ Հայերի ցեղասպանությունը առաջինը դատապարտեցին Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան եւ Ռուսաստանը 1915 թ. մայիսի 24-ին այն որակելով, որպես «Հանցագործություն՝ մարդկայնության դեմ», տեղեկացնելով, որ դրա «կազմակերպիչներն ու իրականացնողները ենթակա են լինելու քրեական պատասխանատվության»,
  • հետագայում աշխարհի առաջադեմ շատ պետություններ ճանաչեցին ու դատապարտեցին թուրքական իշխանությունների հրեշավոր հանցագործությունները: Ճանաչման ու դատապարտման այդ գործընթացը շարունակվում եւ այսօր: Հատկանշական է, որ նույնիսկ թուրքական պետությունը Կոստանդնուպոլսի ռազմական հատուկ ատյանում 1919-20 թթ. իրականացրեց երիտթուրքական կառավարության պարագլուխների դատավարությունը, նրանցից շատերի համար մահվան դատավճիռներ արձակելով,
  • որ Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) իրավասությունը տարածվում է ինչպես Արեւմտյան Հայաստան պետության քաղաքացիների, այնպես էլ Արեւմտյան Հայաստանի բռնագրավված երկրամասի՝ Արեւմտյան Հայաստանի իրավական (de jure) եւ փաստական (de facto) տարածքների վրա:

 

Համաձայն հետեւյալ իրավական փաստաթղթերի՝

  • Ռուսաստանի Կառավարության Դեկրետի (Ժողովրդական Կոմիսարների Խորհուրդ) «Թուրքահայաստանի մասին» («Արեւմտյան Հայաստանի մասին»), 11 հունվար 1918 թ.,
  • Դաշնակից Տերությունների Գերագույն Խորհրդի կողմից դե ֆակտո (de facto) Հայաստան պետության անկախության ճանաչման, Փարիզի Վեհաժողովի ժամանակ, 19 հունվար 1920 թ.:
  • Դաշնակից Տերությունների Գերագույն Խորհրդի կողմից դե յուրե(de jure) Հայաստան պետության անկախության ճանաչման, Փարիզ, 11 մայիս 1920 թ.,
  • Կիլիկիայի հայերի ընդունած «Կիլիկիայի անկախության մասին» Հռչակագրի, 4 օգոստոս 1920 թ.:
  • Սեւրի խաղաղության պայմանագրի, 10 օգոստոս 1920 թ.,
  • ԱՄՆ 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնի կայացրած Իրավարար վճռի, որի ամբողջական անվանումն է՝ «Ամերիկայի Միացեալ Նահանգների նախագահի որոշումը Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ սահմանի, Հայաստանի դեպի ծով ելքի եւ հայկական սահմանին հարակից թուրքական տարածքի ապառազմականացման վերաբերյալ», 22 նոյեմբեր 1920 թ.:

 

Հիմնվելով,

  • Արեւմտյան Հայաստանի հայերի ինքնության ու քաղաքացիության ինստիտուտի վրա ըստ՝ «Բնիկ ժողովուրդների իրավունքների մասին» ՄԱԿ-ի Հռչակագրի, 13.09.2007 թ.,
  • Արեւմտյան Հայաստանի հայերի Ազգային Խորհրդի «Արեւմտյան Հայաստանի հայերի ինքնորոշման իրավունքի մասին» Հռչակագրի. 17.12.2004 թ.,
  • Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհրդի «Արեւմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարություն կազմելու մասին» Հռչակագրի, 04.02.2011 թ.,
  • Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհրդի եւ Արեւմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարության «Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) ձեւաւորման մասին» Հռչակագրի, 24.05.2013 թ.,
  • «Կենտրոնական Ընտրական Հանձնաժողովի Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողով (Խորհրդարան) ձեւավորելու մասին» Որոշման, 16 դեկտեմբերի 2013 թ.,
  • Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Օրենքի «Արևմտյան Հայաստանի պետական կառուցվածքի, Ազգային ժողովի (Խորհրդարանի) պատգամավորների կարգավիճակը և Արևմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) կանոնակարգի մասին», 21 հունվարի 2014 թ.,
  • Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Նախագահի Հրամանագրի (թիվ 12), «Որոշում՝ հիշեցում, Արեւմտյան Հայաստանի Հանրապետության վերաբերյալ, որը հանդիսանում է 1920 թ.-ի Հայկական պետության շարունակողը», 02.2014 թ.,
  • Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Նախագահի «Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան) Սահմանադրության նախագիծը պատրաստելու մասին» Հրամանագրի, 05.2016 թ.,
  • Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհրդի «Արեւմտյան Հայաստանի հայերի մշտական, զինյալ, դրական չեզոքության մասին» Որոշման, 03.2011 թ.,
  • Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհրդի «Արեւմտյան Հայաստանի հայերի ինքնապաշտպանության ուժերի ստեղծման մասին» Հրամանագրի, 26.12.2012 թ.,
  • «Արեւմտյան Հայաստանի հայերի Պաշտպանության ուժեր կազմավորելու վերաբերյալ» Որոշման, ընդունված Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) կողմից, 10 հունվարի 2018 թ.:

(Փաստաթղթերի ցանկը ներկայացվում է կից)

Նկատի առնելով՝

  • ՄԱԿ-ի Կանոնադրությունը, 26.06.1945 թ.,
  • Մարդու Իրավունքների Համընդհանուր Հռչակագիրը, 10.12.1948 թ.,
  • «Պետությունների իրավունքների եւ պարտականությունների մասին» Կոնվենցիան (ստորագրված 26 դեկտեմբեր 1933 թ., համամերիկյան պետությունների 7-րդ միջազգային համաժողովում (Մոնտեվիդեոյի Կոնվենցիա), որպես պետությունների իրավունքներ եւ պարտականություններ ճանաչելու մասին,
  • «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու եւ դրա համար պատժի մասին» ՄԱԿ-ի Կոնվենցիան, 9 դեկտեմբերի 1948 թ.,
  • «Պատերազմի հանցագործությունների եւ մարդկության դեմ հանցագործությունների նկատմամբ վաղեմության ժամկետ չկիրառելու մասին» ՄԱԿ-ի Կոնվենցիան, 26-ը նոյեմբերի 1968 թ.,
  • «Գաղութացված երկրներին անկախություն շնորհելու մասին» ՄԱԿ-ի Կոնվենցիան, 14.12.1960 թ.,
  • «Ռասայական խտրականության բոլոր ձեւերի վերացման մասին» Հռչակագիրը, 20.11.1963 թ.,
  • «Միջազգային պայմանագրերի իրավունքի մասին» («Վիեննայի կոնվենցիան»), 23.05.1969 թ.,
  • «Բնիկ ժողովուրդների իրավունքների մասին» ՄԱԿ-ի Հռչակագիրը, 13.09.2007 թ.,
  • «Խաղաղության ժողովուրդների իրավունքի մասին» ՄԱԿ-ի Հռչակագիրը, 12.10.1984 թ.,
  • «Զարգացման իրավունքի մասին» Հռչակագիրը, 04.12.1986 թ.,
  • «Ազգային կամ էթնիկ, կրոնական եւ լեզվական փոքրամասնություններին պատկանող անձանց իրավունքների մասին» Հռչակագիրը, 18.12.1992 թ.,
  • «Ազգային եւ միջազգային մակարդակներում ՄԱԿ-ի իրավունքի գերակայության մասին» Հռչակագիրը, 24.09.2012 թ.:

 

Նկատի առնելով, որ՝

– ՄԱԿ-ի «Բնիկ ժողովուրդների իրավունքների մասին» Հռչակագրի (13.09.2007 թ.) հոդվածների դրույթների ու սկզբունքների համաձայն` ձեւավորվել է Արեւմտյան Հայաստանի հայերի ինքնության եւ քաղաքացիության ինստիտուտը,

  • Մարդու Իրավունքների Համընդհանուր Հռչակագրի (10.12.1948 թ.) 21-րդ հոդվածի համաձայն` ձեւավորվել են Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան պետություն) բացարձակապես իրավաչափ (legitim) պետական իշխանության մարմինները. ազգային ժողովը (խորհրդարանը), կառավարությունը, նախագահի ինստիտուտը: 2013 թ. ամբողջ աշխարհում, առաջին անգամ, համացանցի միջոցով անցկացվել են խորհրդարանական ընտրություններ, աշխարհի 41 երկրներում, համաձայն համընդհանուր եւ հավասար ընտրական իրավունքի, ազատ եւ գաղտնի քվեարկությամբ, ընտրվել է ազգային ժողովի 64 պատգամավոր,

– որ Արեւմտյան Հայաստանի Հանրապետությունը (Հայաստան) համապատասխան օրենքների ընդունումով՝ ընդունել, միացել եւ վավերացրել է ՄԱԿ-ի Կանոնադրությունը եւ բոլոր առավել կարեւոր միջազգային Պայմանագրերը, Կոնվենցիաներն ու Հռչակագրերը:

 Նկատի առնելով, որ՝

– Հայաստանի առաջին Հանրապետությունը եւ երկրորդ Հանրապետությունը ագրեսիայի եւ պարտադրանքի պայմաններում հրաժարվել են (Ալեքսանդրապոլի պայմանագիր, 02.12.1920 թ. եւ Կարսի պայմանագիր 13.10.1921 թ.) Հայկական միասնական պահանջների համեմատ 1920 թ. հայ ժողովրդին եւ հայկական պետությանը (Հայաստան պետություն) տրված իրավունքներից, հարկադրված լինելով մնալ միայն Հայաստանի Հանրապետության, այլ կերպ ասած՝ Արեւելյան Հայաստանի եւ Արեւելյան Հայաստանի հայերի իրավունքների ու իրավասությունների շրջանակներում,

– Հայաստանի երրորդ Հանրապետությունը իր նախագահների պաշտոնական հայտարարությունների միջոցով հրաժարվել է Հայկական միասնական պահանջների համաձայն Արեւմտյան Հայաստանի հայերի եւ Արեւմտյան Հայաստանի մասով հայ ժողովրդին 1920 թ. տրված իրավունքներից,

– աշխարհով մեկ սփռված Արեւմտյան Հայաստանի հայերը եւ Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհուրդը Նախագահ Պողոս Նուբարի գլխավորությամբ ի սկզբանե չեն համակերպվել հայ ժողովրդին պարտադրված այդ իրողությամբ եւ տասնամյակներ շարունակ փորձել են տեր կանգնել հայ ժողովրդին տրված միասնական իրավունքներին:

Նկատի առնելով, որ՝

  • Մերձավոր Արեւելքում ոչ մի կերպ չեն դադարում զինյալ հակամարտությունները,
  • Սեւրի խաղաղության պայմանագրի բոլոր կետերի իրականացումը կարող է վճռական քայլ հանդիսանալ Մերձավոր Արեւելքում իրական խաղաղության ու համագործակցության հաստատման,
  • Սեւրի խաղաղության պայմանագրով են հաստատվել Մերձավոր Արեւելքի պետությունների սահմանները, այդ թվում՝ Հայաստան պետության սահմանը, որի վերաբերյալ կայացվել է նաեւ ԱՄՆ 28-րդ Նախագահ Վուդրո Վիլսոնի Իրավար վճիռը, որը սակայն մինչեւ այսօր կյանքի չի կոչվել:

 

Նկատի առնելով, որ՝

  • Արեւմտյան Հայաստանի հայերը, ինչպես ցանկացած ազգ աշխարհում՝ ապրելու, զարգանալու եւ ապագա ունենալու իրավունք ունեն, ինչը նշանակում է, որ նրանք իրավունք ունեն պահանջելու սեփական պետության հաստատումը Բնօրրան Հայրենիքում՝ Արեւմտյան Հայաստանում,
  • Արեւմտյան Հայաստանի հայերը եւ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան պետություն) պետական կառույցները հայտ են ներկայացնում ստանձնելու Սեւրի խաղաղության պայմանագրով եւ ԱՄՆ 28-րդ Նախագահ Վուդրո Վիլսոնի կայացրած Իրավարար վճռով հայ ժողովրդին տրված իրավունքների պաշտպանությունն ու դրանց իրականացումը կյանքում, հանդես գալով որպես 1920 թ. դե ֆակտո եւ դե յուրե ճանաչված Հայկական պետության՝ Հայաստան պետության շարունակող (continuity) պետություն:

 

Տեղեկացնենք նաեւ, որ՝

  • Սույն դիմումնագրի հարցով պատրաստ ենք տրամադրել այն հավելյալ տեղեկություններն ու փաստաթղթերը, որոնց կարիքը Դուք կունենաք:
  • Պատրաստ ենք ապահովել Արեւմտյան Հայաստանի Հանրապետության կողմից նշանակված Լիազոր ներկայացուցիչ՝ անմիջական հարաբերությունների եւ քննարկումների համար, եթե դրա կարիքը զգացվի:

 

Դիմում ենք Ձեզ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան պետության) անդամակցության դիմումով Միավորված Ազգերի Կազմակերպությանը:

Ռադիկ Խամոյան

Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան) Նախագահ

 25.05.2018 թ.

Թողնել պատասխան

Your email address will not be published.

20 + 14 =