ԴԻՄՈՒՄ ՄԱԿ-ին. Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ հայ ժողովրդի կրած նյութական կորուստների փոխհատուցման վերաբերյալ

Միավորված Ազգերի Կազմակերպության Գլխավոր Քարտուղար Անտոնիո Գուտերեշին

Միավորված Ազգերի Կազմակերպության   Անվտանգության Խորհրդի Մշտական Անդամ  Պետությունների Ղեկավարներին

 Դ Ի Մ Ո Ւ Մ

Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ հայ ժողովրդի կրած նյութական կորուստների փոխհատուցման վերաբերյալ

Դիմում ենք Ձեզ՝ քննության առնելու եւ իրականացնելու Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ հայ ժողովրդի կրած նյութական կորուստների փոխհատուցման գործընթացը, նկատի առնելով Թուրքիայի Հանրապետության, որպես Օսմանյան կայսրության իրավահաջորդի, փոխհատուցման պարտավորությունը հայ ժողովրդի նկատմամբ, որը կազմում է 19.130.982.000 ֆրանսիական ֆրանկ, 1919 թվականի գներով, ըստ Փարիզի Խաղաղության վեհաժողովի փոխհատուցումների հարցով Հատուկ հանձնաժողովի կազմում գործող Հատուկ հանձնախմբի 1919 թ ապրիլի 14-ին ներկայացրած զեկույցի ու հաշվարկի։

 

I. Նկատի առնելով Փարիզի խաղաղության վեհաժողովի փոխհատուցումների հարցով Հատուկ հանձնաժողովի կազմում գործող Հատուկ հանձնախմբի զեկույցը։

1) 1919 թ. հունվարի 18-ին, Փարիզում իր աշխատանքներն սկսեց Փարիզի խաղաղության վեհաժողովը (The Paris Peace Conference), որի նպատակն էր համապարփակ քննության ենթարկել պատերազմին առնչվող բոլոր հարցերը եւ նախապատրաստել խաղաղության պայմանագրերը: Կարեւորագույն հարցերի թվին էր պատկանում պատերազմի հրահրման համար մեղավոր երկրների կողմից նյութական կորուստների փոխհատուցումը (reparations): Ըստ այդմ, Փարիզի վեհաժողովի կազմում կար հատուկ հանձնաժողով փոխհատուցումների հարցով (The Commission on Reparations of Damage (Valuation of Damage)): Գրեթե 2 ամիս տեւած աշխատանքներից հետո պարզ դարձավ, որ նյութական կորուստներ են ունեցել ոչ միայն պատերազմին անմիջականորեն մասնակցած երկրները: Ուստի, մարտի 7-ին նշյալ հանձնաժողովը ձեւավորեց առանձին մարմին՝ Հատուկ հանձնախումբ (Special Committee), որի նպատակն էր ի մի բերել հանձնաժողովում չներկայացված երկրների եւ ժողովուրդների նյութական կորուստները եւ դրանց հատուցմանը տալ պաշտոնական ընթացք: Հատուկ հանձնախումբն ուներ հետեւյալ կազմը՝ անդամներ. գեներալ ՄըքՔինսթրի (McKinstry) ԱՄՆ, գնդապետ Փիլ (Peel) Մեծ Բրիտանիա, պրն. Ժուասե (Jouasset) Ֆրանսիա, քարտուղարներ. Հ. Ջեյմս (H. James) ԱՄՆ, պրն. Փ. Լոր (P. Laure) Ֆրանսիա:

Մեկ ամսվա ընթացքում Հատուկ հանձնախումբն ամփոփեց պատվիրակությունների ներկայացրած, ինչպես նաեւ այլ աղբյուրներից հայթայթած փաստաթղթերը եւ 1919 թ. ապրիլի 14-ին ներկայացրեց իր նախնական զեկույցը: Թեեւ արեւմտահայության եւ արեւելահայության համար հաշվարկները կատարվել էին առանձին-առանձին, սակայն կորուստները ներկայացված էին միասնական վերջնական թվով: Ըստ այդմ, հայության ամբողջական նյութական կորուստը 1914-1919 թթ.-ին 1919 թ.-ի գներով կազմել է 19.130.982.000 ֆրանսիական ֆրանկ:

Ըստ զեկուցագրի, հայության նյութական կորուստներն ունեին հետեւյալ պատկերը.

Ա) Արեւմտյան Հայաստան (կամ ինչպես փաստաթղթում է գրված՝ Turkish Armenia (Թուրքահայաստան).

ա) գյուղաբնակների անհատական նյութական կորուստները 4.601.610.000 ֆրանկ,

բ) քաղաքաբնակների անհատական նյութական կուրուստները 3.235.550.000 ֆրանկ,

գ) ոչ անհատական նյութական կորուստները 6.761.350.000 ֆրանկ,

Ընդամենը՝ 14.598.510.000 ֆրանկ։

Բ) Հայաստանի Հանրապետություն եւ Կովկասի այլ հայաբնակ տարածքներ.

ա) այն բնակավայրերի բնակչության կորուստները, որոնց բնակչությունն ամբողջովին տեղահանվել է 1.831.872.000 ֆրանկ,

բ) այն բնակավայրերի բնակչության կորուստները, որոնց բնակչությունը չի տեղահանվել 1.293.600.000 ֆրանկ,

գ) այլ նյութական կորուստներ 1.407.000.000 ֆրանկ,

Ընդամենը՝ 4.532.472.000 ֆրանկ։

 Համընդհանուր նյութական կորուստները կազմել է 19.130.982.000 ֆրանկ։

2) Այսպիսով, Թուրքիայի Հանրապետության, որպես Օսմանյան կայսրության իրավահաջորդի, նյութական փոխհատուցման պարտավորությունը հայ ժողովրդի նկատմամբ կազմում է 130.982.000 ֆրանկ, ըստ Փարիզի Խաղաղության վեհաժողովի փոխհատուցումների հարցով Հատուկ հանձնաժողովի կազմում գործող Հատուկ հանձնախմբի 1919 թ․ ապրիլի 14-ին ներկայացրած ներկայացրած զեկույցի ու հաշվարկի:

II. Հայ ժողովրդի կրած վնասների կապակցությամբ մի քանի կարեւոր հարցերի մասին։

1. Առանձնահատուկ նշենք, որ Հայերի Ցեղասպանության ընթացքում (1894-1923 թթ., 1918-2022 թթ․, եւ շարունակվող մինչեւ այսօր) հայ ժողովուրդը շատ ավելի մեծ կորուստներ է կրել, եւ ոչ միայն նյութական, ինչպես նշված է զեկույցում, այլեւ մարդկային, տարածքային, մշակութային, հոգեւոր, կրթական, ճարտարապետական, տնտեսական, ֆինանսական եւ այլ տեսակի կորուստներ։ Այլ կերպ ասած, հայ ժողովուրդը կրել է քաղաքակրթական ժառանգության ահռելի կորուստներ։

2. Հետեւաբար պետք է հատուկ ընդգծել, որ սույն դիմումնագիրը վերաբերում է միայն Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ հայ ժողովրդի կրած միայն նյութական կորուստների վերոհիշյալ հաշվարկին։

Սույն դիմումնագիրը ոչ մի դեպքում չի վերաբերում Հայերի Ցեղասպանության ընթացքում հայ ժողովրդի կրած կորուստներին, այդ թվում՝ ոչ միայն նյութական, այսինքն՝ 1894-1923 թթ․ Հայերի Ցեղասպանության՝ իրականացված Թուրքիայի իրարհաջորդ կառավարությունների կողմից եւ 1918-2022 թթ․ Հայերի Ցեղասպանության՝ իրականացված Ադրբեջանի իրարհաջորդ կառավարությունների կողմից։

Նշենք նաեւ, որ նշված պետությունների կառավարությունների կողմից հայերի նկատմամբ իրականացվող հայատյացության եւ Ցեղասպանության քաղաքականությունն ու գործելակերպը շարունակվում է մինչեւ այսօր։

3) Թուրքիայում եւ Ադրբեջանում հայերի (եւ մյուս բնիկ ժողովուրդների) նկատմամբ ատելության քաղաքականությունը հին պատմություն ունի։

Այն սկիզբ է առնում դեռեւս 1873-1874 թվականներին, երբ Թուրքիան, իսկ հետագայում Ադրբեջանը 1918 թ․-ին, պետական մակարդակով որդեգրում են պանթուրքիզմի ու պանթուրանիզմի ծայրահեղ ազգայնամոլ քաղաքականություն։

Հետեւանքը՝ հայերի (եւ տարածաշրջանի բնիկ մյուս ժողովուրդների) նկատմամբ իրականացվող շարունակական Ցեղասպանությունն է ու Ցեղասպան քաղաքականության գործարկումը։

Միայն 1894-1923 թթ․ ընթացքում Թուրքիան ոչնչացրել է երկրի 4 միլիոն քաղաքացիների՝ հայերի, հույների, ասորիների․․․

Հետագա տարիներին նույն պետություննների կողմից պարբերաբար իրականացվել են պատերազմական լրջագույն հանցագործություններ տարածաշրջանի բոլոր բնիկ ժողովուրդների, բայց հատկապես հայերի եւ Հայաստանի դեմ։

4) Անհնար է հաշվի չառնել այն իրողությունները, որ`

ա) Հայերի, հույների, ասորիների․․․ նկատմամբ 1894-1923 թթ․ ընթացքում իրականացված կոտորածն ու բռնագաղթը հանդիսանում է Ցեղասպանություն, համաձայն՝ ՄԱԿ-ի «Ցեղասպանության հանցագործության կանխարգելման եւ դրա պատժի մասին» Կոնվենցիայի, 9 դեկտեմբեր 1948 թ․,

բ) Հայերի, հույների, ասորիների․․․ Ցեղասպանությունը ենթակա է դատապարտման, համաձայն՝ ՄԱԿ-ի «Պատերազմի հանցագործությունների եւ մարդկայնության դեմ հանցագործությունների նկատմամբ վաղեմության ժամկետ չկիրառելու մասին» Կոնվենցիայի, 26 նոյեմբեր 1968 թ.:

III. Հայերի Ցեղասպանության իրականացման ժամանակաշրջանը եւ հայ ժողովրդի կրած մարդկային կորուստները։

1) Հայերի Ցեղասպանությունն իրականացվել է 1894-1923 թթ. ընթացքում թուրքական իրար հաջորդող հետեւյալ կառավարությունների կողմից՝ սուլթանական, երիտթուրքական, քեմալական։ Ցեղասպանությունը իրականացվել է Օսմանյան կայսրության մեջ, ինչպես նաեւ Արեւմտյան Հայաստանում, Կիլիկյան Հայաստանում, Արեւելյան Հայաստանում, Բաքվում, Շուշիում եւ հարակից այլ հայաբնակ տարածքներում։

2) 1894-1896 թթ. Սուլթան Աբդուլ Համիդ 2-րդի կազմակերպած կոտորածներին զոհ են գնացել 300 հազար, բռնի կրոնափոխության ենթարկվել 200 հազար, տարագրվել 100 հազար հայ: Հայկական կոտորածներն իրականացրել են թուրքական կանոնավոր զորամասերը, «համիդիե» գնդերը, ոստիկանությունը եւ ազգայնամոլ ամբոխը։

3) Համիդյան կոտորածների ընթացքում տեղի է ունեցել հայերի բռնի կրոնափոխությունը, ինչը հիմք է հանդիսացել իսլամացման, թուրքացման ու քրդացման քաղաքականության սկզնավորման եւ էլ ավելի բիրտ եղանակներով դրա շարունակության համար:

4) 1894-1896 թթ. Համիդյան կոտորածները դատապարտել են ժամանակի առաջադեմ գործիչներ Ժան Ժորեսը, Վիկտոր Բերարը, Անատոլ Ֆրանսը, Յոհաննես Լեփսիուսը, Լինչը եւ ուրիշներ:

5)1909 թ. Ադանայի կոտորածների ձեռագիրը նույնն է, այն կազմակերպել է թուրքական իշխանությունը, իրականացրել ազգայնամոլ ամբոխը, մասնակցել է թուրքական բանակը:         Ադանայի կոտորածներին զոհ է գնացել շուրջ 30 հազար հայ: Ցեղասպանության փաստի առընչությամբ դատավարություն է կազմակերպվել, որը սակայն ձեւական բնույթ է կրել: Կազմակերպված հրդեհի միջոցով դատավարության նյութերը փորձել են կրակի մատնել ու ոչնչացնել, թեեւ շատ նյութեր փրկվել են եւ պահպանվում են առ այսօր:

6) 1915 թ․ ապրիլի 24-ին Կոստանդնուպոլսի հայ մտավորականների ձերբակալությամբ սկսվել է Հայերի Ցեղասպանության ամենամեծ ալիքը, որը շարունակվել է մինչեւ 1923 թ․ եւ, ըստ էության, չի ավարտվել մինչեւ այսօր։ 1915-1918 թթ․-ի Հայերի Ցեղասպանության հետեւանքով զոհվել է ավելի քան 1,5 միլիոն հայ եւ 500 հազար բռնագաղթվել է, դարձել փախստական ու տարագիր։

7) 1915 թ. մայիսի 24-ին Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան եւ Ռուսաստանը հանդես են եկել երիտթուրքական կառավարության սանձազերծած հայերի կոտորածներն ու Ցեղասպանությունը դատապարտող հատուկ հայտարարությամբ, որտեղ 1915 թ. ապրիլյան կոտորածները որակել են որպես «Թուրքիո նոր ոճիրը մարդկայնության եւ քաղաքակրթության դեմ»:

8) Օսմանյան կայսրությունը առաջիններից մեկն է, որ ճանաչել ու դատապարտել է Հայերի Ցեղասպանությունը։ Կոստանդնուպոլսի Ռազմական հատուկ ատյանը 1919 – 1920 թթ. իրականացրել է երիտթուրք պարագլուխների դատավարությունը, նրանց ներկայացնելով երկու մեղադրանք. Օսմանյան կայսրությունը պատերազմի մեջ ներքաշելու եւ կայսրության հպատակ հայ քաղաքացիների կոտորածները, Ցեղասպանությունն ու բռնագաղթը իրականացնելու համար։ Դրա հիման վրա երիտթուրք պարագլուխներից Թալեաթը, Էնվերը, Ջեմալը, Նազիմը, Քեմալ բեյը, Ջեմալ Ազմին, Նայիմը, Բեհաեդդին Շաքիրը հեռակա կարգով դատապարտվել են մահվան, որն հետագայում ի կատար են ածել «Նեմեսիս գործողության» հայ վրիժառուները:

9) Հայերի Ցեղասպանությունը ճանաչել եւ դատապարտել են 40 պետություններ, ինչպես նաեւ ՄԱԿ-ի մի քանի հանձնաժողովներ (1985), Եվրոպայի Խորհուրդը(1998, 2001), Եվրախորհրդարանը (1987, 2000, 2002, 2015), Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը (1983), Ժողովուրդների մշտական դատական ատյանը (1984), ԱՄՆ 50 նահանգներից 49-ը եւ այլ։

10) 2019 թվականի մարտի 25-ին ՄԱԿ-ը հարցապնդում է հղել Թուրքիային 1915-1923 թվականներին տեղահանված հայերի ճակատագրի եւ նրանց վախճանի մասին։

Թուրքիայի Հանրապետության նախագահին ուղղված յոթ կետանոց հարցապնդման մեջ գրված է․

– Խնդրում ենք տրամադրել ցանկացած տեղեկություն եւ/կամ մեկնաբանություն, որը կարող եք ունենալ մեղադրանքների վերաբերյալ:

– Ի՞նչ քաղաքականություն է կիրառվել Ձեր Գերազանցության կառավարության կողմից այս մեղադրանքներին արձագանքելու համար:

– Ի՞նչ միջոցներ է ձեռնարկել Թուրքիան փաստերը պարզելու համար, այդ թվում՝ 1915-1923 թվականներին հարկադիր ներքին տեղահանման, կալանավորման, արտադատական ​​սպանությունների եւ բռնի անհետացման ենթարկված հայերի ճակատագիրը կամ գտնվելու վայրը։

– Ի՞նչ միջոցներ են ձեռնարկվել՝ ապահովելու զոհերի եւ ամբողջ հասարակության իրավունքը՝ իմանալու այս իրադարձությունների մասին ճշմարտությունը, եւ ապահովելու զոհերի արդարադատության եւ կրած վնասի հատուցման իրավունքը։

– Ի՞նչ միջոցներ են ձեռնարկվել հնարավորության սահմաններում այս իրադարձությունների հետեւանքով զոհված հայերի դիերը հայտնաբերելու ուղղությամբ։

– Խնդրում եմ տեղեկություններ տրամադրել 2017 թվականի օրենսդրության ընդունման պատճառների մասին, որոնք թույլ չեն տալիս օրենսդիրներին որոշակի արտահայտություններ անել։ Խնդրում ենք բացատրել, թե որքանով է դա համապատասխանում մարդու իրավունքների միջազգային իրավունքին, մասնավորապես Քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի 19-րդ հոդվածին:

– Խնդրում եմ մանրամասն տեղեկություններ տրամադրել այն դեպքերի մասին, երբ կիրառվել է Քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածը` հայերի դեմ հանցագործություն կատարած հայտարարությունների համար անձանց պատժելու համար:

11)  2019 թվականի հոկտեմբերի 29-ին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը ընդունեց բանաձեւ «ԱՄՆ դիրքորոշման հաստատումը Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ», որտեղ գրված է․ «Քանի որ «Էլի Վիզելի Ցեղասպանության եւ վայրագությունների կանխարգելման մասին» 2018 թ. օրենքով վայրագությունների կանխարգելումը սահմանվում է որպես Միացյալ Նահանգների ազգային շահ, ինչպես նաեւ հաստատվում է, որ Միացյալ Նահանգների քաղաքականությունն է Միացյալ Նահանգների կառավարության մակարդակով իրականացնել ռազմավարություն, որն ուղղված է հնարավոր վայրագությունների բացահայտմանը, կանխմանն ու արձագանքմանը՝ «դիվանագիտական արձագանքի եւ արտաքին օգնության արդյունավետ օգտագործումն ուժեղացնելու միջոցով՝ համապատասխան անցումային արդարադատության միջոցառումներին աջակցելու, ներառյալ նախկին ոճրագործությունների համար քրեական պատասխանատվության ենթարկելու նպատակով»:

12)  24-ը Ապրիլի 2021 թվականին Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը հայ ժողովրդին հղված ուղերձում ԱՄՆ նախագահների շարքում առաջին անգամ պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: «1915 թվականի ապրիլի 24-ից սկսած օսմանյան իշխանությունների կողմից Կոստանդնուպոլսի հայ մտավորականության եւ համայնքի առաջնորդների ձերբակալություններից հետո, մեկուկես միլիոն հայեր տեղահանվեցին, կոտորվեցին կամ մահվան ուղարկվեցին՝ բնաջնջման նպատակով։ Մենք ոգեկոչում ենք Մեծ եղեռնի զոհերին, որպեսզի նախկինի սարսափները երբեք կորսված չլինեն պատմության համար: Եվ մենք հիշում ենք, որպեսզի մշտապես զգոն մնանք ատելության կործանարար ազդեցության դեմ պայքարում՝ դրա բոլոր դրսեւորումներում», – հայտարարել է Միացյալ Նահանգների 46-րդ նախագահը՝ դառնալով նաեւ Սպիտակ տան առաջին եւ միակ ղեկավարը, որը կատարեց 106 տարի առաջ Ցեղասպանությունից փրկվածների սերունդներին տրված խոստումը՝ նախագահ դառնալու դեպքում պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը եւ մարդու իրավունքները դարձնել իր վարչակազմի առաջնահերթությունը։

IV. Թուրքիայի իրար հաջորդող կառավարությունների՝ օսմանյան, երիտթուրքական, քեմալական կողմից իրականացրած հանցագործությունները մարդկայնության եւ քաղաքակրթության դեմ, առնվազն վերջին 100 տարիների ընթացքում։

  1. Այլատյացության, հայատյացության, ազգային գերազանցության ու սնապարծության, ռասիզմի գաղափարախոսության` պանթուրքիզմի ձեւավորում, տարածում եւ քարոզչություն:
  2. Հայերի տեղահանության եւ Ցեղասպանության ծրագրերի ու գաղափարների մշակում, տարածում, քարոզչություն:
  3. 1894-1896, 1909, 1915-1918, 1919-1923 թթ. ընթացքում հայության բնօրրանում` Հայկական լեռնաշխարհում, եւ Օսմանյան կայսրության մեջ` Հայերի Ցեղասպանության ծրագրում, քարոզչություն, նախապատրաստում, հրահրում եւ իրականացում, հայերի բռնագաղթի իրականացում Բնօրրան Հայրենիքի տարածքներից, հայ ժողովրդի ունեցվածքի հափշտակում եւ յուրացում:
  4. 1915-ին եւ դրան հաջորդող տարիներին՝ հույների, ասորիների, արաբների (հետագայում, 1920-ական թթ. կեսերից սկսած, նաեւ քրդերի) կոտորածների ու Ցեղասպանության իրականացում, նրանց ունեցվածքի հափշտակում եւ յուրացում:
  5. 1894 թվականից առ այսօր Օսմանյան կայսրության հայերի եւ այլ բնիկ ժողովուրդների մեծագույն մշակութային ցեղասպանության կազմակերպում եւ իրականացում։
  6. 1918 թ., ագրեսիայի ձեռնարկում Արեւելյան Հայաստանի հայության նկատմամբ, Բաթումի ապօրինի պայմանագրի (4 հունիս 1918 թ․) պարտադրում նորաստեղծ Հայաստանի Հանրապետությանը:
  7. 1918 թ․, Բաքվի հայերի կոտորած, Ցեղասպանություն, հայերի ունեցվածքի կողոպուտ եւ բռնագաղթի իրականացում։
  8. 1920 թ․, Շուշիի հայերի կոտորած, քաղաքի հրդեհում, հայերի ունեցվածքի կողոպուտ։
  9. Հայ ժողովրդի իրավունքների հաշվին, 3 մարտ 1918 թ․-ին, մի կողմից Ռուսաստանի Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետության եւ մյուս կողմից՝ Գերմանիայի, Ավստրո-Հունգարիայի, Բուլղարիայի եւ Օսմանյան կայսերական կառավարության միջեւ ստորագրվեց Բրեստի լրացուցիչ պայմանագիրը։ Այդ պայմանագրով Ռուսաստանը Թուրքիային հանձնեց Արեւմտյան Հայաստանը եւ Արեւելյան Հայաստանի մի զգալի մասը։ Պայմանագրով ստանձնած հանձնառության համաձայն՝ Ռուսաստանը զորացրեց Հայկական կամավորական գնդերը եւ զորքերը դուրս բերեց Հայաստանից։ 16 մարտ 1921 թ․-ին ստորագրված, այսպես կոչված, Մոսկվայի անօրինական պայմանագիրը՝ Ռուսաստանի Սոցիալիստական Ֆեդերատիվ Սովետական Հանրապետության կառավարության եւ Թուրքիայի Ազգային մեծ ժողովի միջեւ, ըստ էության, Բրեստի լրացուցիչ պայմանագրի շարունակություն էր եւ դրա «վավերացումը»։
  10. 1920 թ., ագրեսիայի ձեռնարկում անկախ եւ ինքնիշխան պետության` Հայաստանի Հանրապետության նկատմամբ, այնուհետեւ անօրինական եւ ապօրինի երկու պայմանագրերի պարտադրում ագրեսիայի ենթարկված կողմին` Հայաստանի Հանրապետությանը: (2 դեկտեմբեր 1920 թ., Ալեքսանդրապոլ, 13 հոկտեմբեր 1921 թ․, Կարս)
  11. 1937 թ., Դերսիմի հայերի ու ալեւիների կոտորածների ու Ցեղասպանության իրականացում:
  12. 1955 թ, սեպտեմբեր, Կոստանդնուպոլսի հույների ու հայերի կոտորածներ, Ցեղասպանություն, հույների ու հայերի ունեցվածքի թալան, հափշտակում։ Ըստ պաշտոնական տվյալների՝ սեպտեմբերի 6-7-ին մահացել է 11 մարդ, մինչդեռ հայկական ու հունական համայնքների մոտ եղած տեղեկություններն այլ են. 37 սպանված, 300-ից ավելի բռնաբարված կին, ավերված 71 եկեղեցի, 3 թերթի խմբագրություն, 4.500 արհեստանոց ու խանութ, 26 դպրոց, 2.100 տուն ու բնակարան:
  13. 1974 թ, Կիպրոսի Հանրապետության հյուսիսային տարածքների բռնազավթում, տեղի հույն եւ հայ բնակչության կոտորածներ, Ցեղասպանություն, բռնագաղթ, ունեցվածքի հափշտակում։
  14. 1894-1923 թթ եւ մինչեւ այսօր Հայոց քաղաքակրթական արժեքների, այդ թվում` պատմաճարտարապետական հուշարձանների եւ եկեղեցիների ու խաչքարերի ոչնչացում ու ավերում:

Համաձայն 1914 թ. տվյալների հայկական եկեղեցիների ու եկեղեցական համալիրների ընդհանուր թիվն Արեւմտյան Հայաստանում եւ Օսմանյան կայսրության մեջ կազմել է 2549 (այդ թվում IV-V դդ. վաղ քրիստոնեական հուշարձանները): Դրանց մեծ մասը թալանվել, հրկիզվել եւ ավերվել է Ցեղասպանության ժամանակ: ՅՈՒՆԵՍԿՕ-ի 1974 թ. տվյալների համաձայն՝ 1923 թ.-ից հետո պահպանված 913 պատմա-ճարտարապետական հուշարձաններից 464-ը հիմնահատակ ոչնչացվել են, 252-ը ավերակ վիճակում է, 197-ը հիմական վերանորոգման կարիք ունի: Այսօր արդեն գրեթե ոչինչ չի մնացել վերականգնելու, Թուրքիայի Հանրապետության կառավարությունները դրանք բոլորը ծրագրավորված կերպով ոչնչացրել են:

15. Հայերի եւ տարածաշրջանի այլ ժողովուրդների պատմության, մշակույթի եւ քաղաքակրթական այլ արժեքների կեղծարարություն, յուրացում:

16. Հայերի Ցեղասպանության ժխտողականություն: Այս հարցով ժամանակ շահելու եւ հատուցումը հետաձգելու ակնկալիքներով՝ պատմաբանների հանձնաժողովի ստեղծման առաջարկներ:

17. ԱՄՆ 28-րդ Նախագահ Վուդրո Վիլսոնի 1920թ. նոյեմբերի 22-ի Իրավարար վճռով Հայաստանին պատկանող տարածքի բռնազավթում:

18.  1993 թ․-ից Հայաստանի Հանրապետության շրջափակում:

19.  27 սեպտեմբեր 2020 թ․, ռազմաքաղաքական ակտիվ եւ անմիջական մասնակցություն Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ ձեռնարկած ագրեսիային ու հանցագործություններին, այդ թվում՝ ԴԱԻՇ-ի միջազգային ահաբեկիչների ներգրավմամբ։

Ադրբեջանի Հանրապետության իշխանությունների մարդկայնության դեմ իրականացրած հանցագործությունները տարածաշրջանում ապրող հայերի, Հայաստանի ու Արցախի հայերի եւ այլ ժողովուրդների նկատմամբ՝ Թուրքիայի Հանրապետության իշխանությունների հանցագործ ձեռագրերի ու ծրագրերի կրկնությունն են, որի ամբողջական պատկերը կներկայացնենք հաջորդ պարագրաֆում, ստորեւ։

V. Ադրբեջանի երեք հանրապետությունների իրար հաջորդող կառավարությունների իրականացրած հանցագործությունները հայ ժողովրդի, մարդկայնության եւ քաղաքակրթության դեմ, առնվազն վերջին 100 տարիների ընթացքում, որոնք Թուրքիայի իրար հաջորդող կառավարությունների ցեղասպանական ծրագրերին մասն են կազմում եւ այդ ծրագրերի ուղղակի պատճենահանումն ու կրկնօրինակումներն են:

Ավելի մեծ ժամանակային ծավալ ընդգրկել չենք կարող, քանի որ Ադրբեջան անվանումով արհեստական պետությունը ստեղծվել է 1918 թ․-ին։

  1.  1905-1906 թթ., մասնակցություն Կովկասում հայերի դեմ հրահրված խժդժություններին, հայերի հալածանքներ ու սպանություններ, նրանց ունեցվածքի հափշտակում:
  2.  1918 թ., մասնակցություն թուրքական զորքերի կողմից իրականացված Բաքվի հայերի կոտորածներին, նրանց ունեցվածքի թալան, հափշտակում:
  3.  1918-1921 թթ., զինված հարձակումներ ու բռնություններ Արցախի (Ղարաբաղի), Նախիջեւանի, Սյունիքի (Զանգեզուրի) հայ բնակչության նկատմամբ, ագրեսիա` Հայաստանի Հանրապետության նկատմամբ, տարածքային անհիմն պահանջների ներկայացում, անկայունության հրահրում տարածաշրջանում:
  4.  1920 թ., Շուշի քաղաքի հայ բնակչության կոտորած, քաղաքի հրդեհում, քաղաքի հայերի ունեցվածքի հափշտակում:
  5.  Արցախը Ադրբեջանին բռնակցելու անօրինական որոշման ընդունում։ 1921 թ.-ի հուլիսի 5-ին Ռուսաստանի Կոմունիստական Կուսակցության Կովկասյան Բյուրոյի նիստը, արհամարհելով Ազգերի լիգայի համապատասխան որոշումը եւ Արցախի ժողովրդի կարծիքը` որպես Խորհրդային Հայաստանի եւ Խորհրդային Ադրբեջանի միջեւ սահմանների որոշման ժողովրդավարական գործիք, ի հակադրություն միացման բանաձեւի, արարողակարգային խախտումներով՝ անօրինական որոշում ընդունեց Խորհրդային Հայաստանից Արցախի բռնի անջատման մասին՝ Խորհրդային Ադրբեջանի կազմում լայն իրավասություններով ազգային ինքնավարություն կազմավորելու պայմանով: Այսպիսով, պատմական հայկական ու հայաբնակ տարածքների մեծ մասը հանձնվեց Խորհրդային Ադրբեջանին:
  6.  1921 թ., Մոսկվայի ապօրինի պայմանագրի ստորագրում, Նախիջեւանի երկրամասի բռնակցում Ադրբեջանին` խնամակալության անվան ներքո: Նախջեւանի երկրամասի բռնազավթում եւ շահագործում, հանցագործություններ եւ հալածանքներ Նախջեւանի բնիկ հայերի նկատմամբ եւ, ի վերջո, Նախիջեւանի երկրամասի հայաթափում։
  7.  1921-1988 թթ., Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բռնազավթում եւ շահագործում, հանցագործություններ Արցախի բնիկ հայության նկատմամբ:
  8.  1930-ական թթ. մինչեւ մեր օրերը, Ադրբեջանում, Նախիջեւանում եւ ԼՂՀ-ում ապրող բնիկ ժողովուրդների` հայերի, ուդիների, թալիշների, թաթերի, ավարների, լեզգիների բռնի ձուլում, նրանցից շատերի նկատմամբ Ցեղասպանական գործողությունների իրականացում:
  9.  1960-ական թթ. մինչեւ մեր օրերը, տարածաշրջանի բնիկ ժողովուրդների, այդ թվում, մասնավորապես, հայերի պատմության եւ մշակույթի կեղծարարություն, քաղաքակրթական եւ պատմական, ճարտարապետական արժեքների ոչնչացում կամ յուրացում:
  10.  1988 թ., Արցախի հայության ազատ ապրելու եւ ազատորեն զարգանալու կամարտահայության եւ իրավունքի ճնշում, բռնամիջոցներ, հայերի զանգվածային սպանություններ, հալածանքներ, ահաբեկումներ, բանտարկություններ:
  11.  1988 թ., Սպիտակի երկրաշարժի վերականգնողական աշխատանքների համար նախատեսված շինանյութի, ինչպես նաեւ աղետի գոտու համար ժողովված մարդասիրական օգնության ամոթալի կողոպուտ ու թալան:
  12.  1988-1990 թթ., Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի հայ բնակչության Ցեղասպանության եւ բռնագաղթի իրականացում, ունեցվածքի թալան ու հափշտակում:
  13.  1991-1994 թթ., լայնածավալ ագրեսիա Արցախի Հանրապետության (ԼՂՀ-ի), ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության սահմանամերձ շրջանների նկատմամբ:
  14. Ադրբեջանի Հանրապետությունը պետություն է, որի կառավարությունը ավերել է եւ շարունակում է ոչնչացնել բազմաթիվ հին հայկական հուշարձաններ, եկեղեցիներ, հայ ժողովրդի մշակութային ժառանգությունը: Այս ամենի խոսուն վկայություն է Ադրբեջանի Հանրապետության, Արցախի եւ Նախիջեւանի հայկական տարածքներում գտնվող 89 միջնադարյան հայկական եկեղեցիների, 5480 խաչքարերի եւ 22,700 գերեզմանների ոչնչացումը, այդ թվում՝ Ագուլիսում 400 խաչքարերի եւ 2005 թ. Նախիջեւանում Ջուղայի հազարավոր միջնադարյան բնօրինակ եւ հնագույն խաչքարերի ոչնչացումը:
  15.  2016 թ․, ապրիլյան քառօրյա պատերազմի ու ագրեսիայի սանձազերծում Արցախի Հանրապետության եւ Արցախի հայության նկատմամբ, պատերազմական նոր հանցագործությունների իրականացում։
  16.  1988-2022 թթ., Արցախի Հանրապետության (ԼՂՀ-ի), Հայաստանի Հանրապետության շրջափակում, տարածաշրջանի հայ բնակչության ազատ զարգանալու հնարավորության իրավունքի խոչընդոտում, արգելափակում:
  17.  1988-2022 թթ., միջազգային ընտանիքի կողմից թույլ իրականացվող վերահսկողության պայմաններում, Ադրբեջանի Հանարպետության կողմից սպառազինությունների թույլատրելիության բոլոր նորմերի ու սահմանումների խախտում, տարածաշրջանային անկայունության հրահրում:
  18.  Ադրբեջանի Հանրապետության իշխանությունների կողմից, հատկապես նոր սերնդի մոտ, հայատյացության, այլատյացության, ռասիզմի սերմանում, ազգամիջյան կույր ատելության բորբոքում ու հրահրում, նոր պատերազմների ու Ցեղասպանության քարոզչություն եւ նախապատրաստություն:
  19.   2020 թ․ սեպտեմբեր 27-ին տեղի ունեցավ Ադրբեջանի եւ Թուրքիայի, Պակիստանի եւ Մերձավոր Արեւելքի իսլամական ծայրահեղականնների խմբերի դաշինքի լայնածավալ – աննախադեպ ագրեսիան Արցախի Հանրապետության նկատմամբ։ Ագրեսորների զինանոցում, բացի ժամանակակից մահաբեր ու արգելված զենքերից ու զինատեսակներից, նաեւ բոլոր այն գործիքներն ու մեթոդներն էին, որոնք Օսմանյան կայսրության իշխանությունների կողմից, սկսած 1894-1923 թթ-ից, գործադրվել են եւ տարածաշրջանի ժողովուրդների, եւ Օսմանյան կայսրության հայ, հույն, ասորի․․․ քաղաքացիների նկատմամբ։
  20. 1905 թվականից առ այսօր հայերի եւ Արցախի այլ բնիկ ժողովուրդների մեծագույն մշակութային ցեղասպանության կազմակերպումն ու իրակացումը, Նախիջեւանի եւ Արեւմտյան Մերձկասպիայի հայաթափությունը։
  21. 1988 թվականից, սկսած Սպիտակի երկրաշարժից, Ադրբեջանական ԽՍՀ-ի կողմից Արցախի (Լեռնային Ղարաբաղ) եւ Հայաստանի Հանրապետության անօրինական շրջափակում։
  22. Արեւմտյան Մերձկասպիայի իրար հաջորդող երեք հանրապետությունների կառավարությունների, այսպես կոչված, Ադրբեջանի Հանրապետությունների հայերի եւ տարածաշրջանի այլ բնիկ ժողովուրդների դեմ կատարած հանցագործությունները մարդկության եւ քաղաքակրթության դեմ, թուրքական իշխանությունների ձեռագրի եւ հանցավոր ծրագրի պատճենն են։

VI. Նկատի առնելով Հայկական պահանջների ներկայացումը Փարիզի խաղաղության վեհաժողովում։

1. 1919 թ. սկզբին Փարիզում հրավիրվել է Հայ ազգային համագումար, որի կարեւոր որոշումներից են՝ «Հայ ազգային միացյալ պատվիրակության» ընտրությունը՝ Պողոս Նուբարի ու Ավետիս Ահարոնյանի համանախագահությամբ եւ նախապես պատրաստված ու 1919 թ. փետրվարի 12–ին Փարիզի խաղաղության վեհաժողովին ներկայացված հայկական պահանջների համատեղ հուշագրի վավերացումը, որը հիմնավորում էր հայկական անկախ պետության ստեղծման անհրաժեշտությունը եւ ճշտում նրա տարածքը Արեւմտյան Հայաստանի յոթ վիլայեթների (ներառյալ Տրապիզոնը), Հայաստանի Հանրապետության եւ Կիլիկիայի միացմամբ:

2. 1919 թ. փետրվարի 26-ին Հայ ազգային միացյալ պատվիրակությունը ներկայացավ Տասի խորհրդի նիստին` կրկնելով հուշագրի հիմնական պահանջները: Իսկ 1919 թ. ապրիլի 17-ին ԱՄՆ 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնը պատվիրակության հետ հանդիպման ընթացքում հավաստիացրեց, որ հնարավոր ամեն ինչ կանի հայերի տարածքային պահանջները պաշտպանելու համար:

3. ԱՄՆ 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնը 22 նոյեմբերի 1920 թ.-ին Դաշնակից տերությունների Գերագույն խորհրդի նախագահին ուղղված նամակում իր կողմից կայացված Իրավարար վճռի վերաբերյալ շեշտում էր, որ «անհրաժեշտ է հաշվի առնել, որ Հայաստանի նորաստեղծ պետությունը, անշուշտ, ներառելու է նաեւ նախկին Ռուսաստանի անդրկովկասյան հայկական մարզերի մի մեծ բաժինը»։

4. Հայ ազգային միացյալ պատվիրակության ներկայացրած պահանջներին ի պատասխան Դաշնակիցների Գերագույն Խորհուրդը 1920 թ. հունվարի 19-ին կայացրել է հետեւյալ որոշումը եւ «դե ֆակտո» ճանաչել է Հայկական պետությունը.

– Հայկական պետության կառավարությունը ճանաչվում է, որպես կառավարություն,

– այս որոշումը չի կանխորորոշում Հայկական պետության սահմանների հարցը:

1920 թ. հունվարի 27-ին Փարիզի խաղաղության վեհաժողովի քարտուղարությունը այս երկու որոշումները պաշտոնապես ներկայացրել է «Հայ ազգային միացյալ պատվիրակությանը»:

5.  1920 թ. մայիսի 11-ին թուրքական պատվիրակությունը հրավիրվել է Փարիզի խաղաղության վեհաժողով, որտեղ նրան ներկայացվել են «Խաղաղության պայմանները»: Դաշնակից Ուժերի մեջ էր նաեւ Հայկական պետության պատվիրակությունը: «Խաղաղության Պայմանների» նախաբանում, որը հետագայում դարձել է Սեւրի Դաշնագրի նախաբանը, Հայաստանը նշված է Դաշնակից տերությունների շարքում: Այսպիսով Հայկական պետությունը ճանաչվել է նաեւ «դե յուրե»:

VII. Նկատի առնելով Հայաստանի երեք հանրապետությունների կարգավիճակը։

1. Հայաստանի առաջին Հանրապետությունը եւ Հայաստանի երկրորդ Հանրապետությունը ագրեսիայի եւ պարտադրանքի պայմաններում (Ալեքսանդրապոլի պայմանագիր, 02.12.1920 թ. եւ Կարսի պայմանագիր, 13.10.1921 թ.) ստիպված են եղել դուրս գալ Հայկական միասնական պահանջների համեմատ 1920 թ. հայ ժողովրդին եւ հայկական պետությանը (Հայաստան պետություն) տրված իրավունքների շրջանակից, հարկադրված լինելով մնալ միայն Հայաստանի Հանրապետության, այլ կերպ ասած՝ Արեւելյան Հայաստանի եւ Արեւելյան Հայաստանի հայերի իրավունքների ու իրավասությունների շրջանակներում։

2. Հայաստանի երրորդ Հանրապետությունը իր նախագահների պաշտոնական հայտարարությունների միջոցով կրկնել է, որ դուրս է մնում Հայկական միասնական պահանջների համաձայն հայ ժողովրդին եւ հայկական պետությանը (Հայաստան պետություն) 1918-1920 թթ. տրված իրավունքների շրջանակից եւ հարկադրված է մնալ Հայաստանի Հանրապետության, այլ կերպ ասած՝ Արեւելյան Հայաստանի եւ Արեւելյան Հայաստանի հայերի իրավունքների ու իրավասությունների շրջանակներում, եւ այդ հարցի հետապնդման գործը փոխանցում է հայ ժողովրդին՝ համահայկական լայն շրջանակներին։

3. Նշենք, որ Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահը 2015 թ․-ին դիմելով «Բազե-2015» Համահայկական երիտասարդական հավաքի մասնակիցներին` Հայկական Հարցը կարգավորելու եւ Հայ ժողովրդին տրված իրավունքները կյանքի կոչելու եւ իրականացնելու գործը հասցեագրեց ապագա սերունդներին եւ, ըստ էության, աշխարհով մեկ սփռված հայ ժողովրդին։

2015 թ․ հունվարի 19-ին, Ցեղասպանության զոհերի հիշատակի հուշահամալիրում, Հայաստանի Հանրապետության 3-րդ նախագահը պաշտոնապես ընթերցեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագիրը, որտեղ 2-րդ հոդվածում գրված է․ «Վերահաստատում է Հայաստանի եւ հայ ժողովրդի հանձնառությունը՝ շարունակելու միջազգային պայքարը ցեղասպանությունների կանխարգելման, ցեղասպանության ենթարկված ժողովուրդների իրավունքների վերականգնման եւ պատմական արդարության հաստատման համար»:

4. Հայաստանի Հանրապետության ներկայիս ղեկավարությունը պաշտոնյաների հայտարարություններով ամբողջությամբ հրաժարվել է 1918-1920 թվականներին միջազգային ընկերակցության կողմից հայ ժողովրդին և Հայաստան պետությանը տրված բոլոր իրավունքներից։

5. Այնուհանդերձ, այս ամենը չի նշանակում, թե Հայերի Ցեղասպանության հետեւանքով աշխարհով մեկ սփռված հայերը կարող են հաշտվել Հայաստանի Հանրապետությանը եւ Արցախի Հանրապետությանը (Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը) պարտադրված իրողությամբ։ Ճիշտ հակառակը։

Ստեղծված իրավիճակում ամբողջ հայ ժողովուրդն արդեն իսկ քաղաքական սուբյեկտ է, ով իրավասու է բոլոր միջոցներով կանխել համայն հայ ժողովրդի դեմ ուղղված իրական սպառնալիքներն ու մարտահրավերները, ներառյալ, Հայաստանի Հանրապետության սահմանը բռնամիջոցներով սահմանազատելու եւ սահմանագծելու փորձերը։

Աշխարհով մեկ սփռված հայերը ընտրել են եւ ընտրում են Միջազգային ընկերակցության կողմից 1918-1920 թթ․ Հայկական Հարցի վերջնական եւ արդարացի կարգավորման նպատակով հայ ժողովրդին ու Հայաստան պետությանը տրված միասնական իրավունքներին տեր կանգնելու ուղին:

VIII. Հիմնվելով Հայկական Հարցի լուծման վերաբերյալ ընդունված իրավականքաղաքական հետեւյալ որոշումների, փաստաթղթերի ու փաստերի վրա

– Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի կառավարությունների 24 մայիս 1915 թ․ համատեղ հայտաարությունը, որտեղ նրանք առաջինը ճանաչեցին Հայերի ցեղասպանությունը եւ որտեղ այդ հրեշավոր ոճիրը որակեցին, «որպես Թուրքիո նոր ոճիրը մարդկայնության եւ քաղաքակրթության դեմ»,

– Ռուսաստանի Կառավարության Դեկրետի (Ռուսաստանի Ժողովրդական Կոմիսարների Խորհուրդ) «Թուրքահայաստանի մասին» («Արեւմտյան Հայաստանի մասին»), 11 հունվար 1918 թ.,

ՌՍՖՍՀ Առաջին Սահմանադրությունը, 10 հուլիս 1918 թ․, Գլուխ III, Հոդված 6, որտեղ «Համառուսաստանյան Խորհուրդների 3-րդ Համագումարը ողջունում է Ժողովրդական Կոմիսարների քաղաքականությունը, որն հռչակել է Ֆինլանդիայի լիակատար անկախությունը, սկսել է զորքերի տարհանումը Պարսկաստանից, հայտարարել է Հայաստանի ազատ ինքնորոշման իրավունքը:

– Դաշնակից Տերությունների Գերագույն Խորհրդի կողմից դե ֆակտո (de facto) Հայաստան պետության անկախության ճանաչման, Փարիզի Վեհաժողովի ընթացքում, 19 հունվար 1920 թ.:

– Դաշնակից Տերությունների Գերագույն Խորհրդի կողմից դե յուրե(de jure) Հայաստան պետության անկախության ճանաչման, Փարիզ, 11 մայիս 1920 թ.,

– Կիլիկիայի հայերի ընդունած «Կիլիկիայի անկախության մասին» Հռչակագրի, 4 օգոստոս 1920 թ.:

– ԱՄՆ Սենատում կայացած 29 մայիս – 1 հունիս 1920 թ. Հայաստանի մանդատի քննարկումների, ինչը նշանակում է, որ ԱՄՆ-ն դե ֆակտո (de facto) ճանաչել է Հայաստան պետության իրավունքն ու տիտղոսը հայկական տարածքների նկատմամբ եւ դրանով չեղյալ է համարել այդ տարածքների նկատմամբ Օսմանյան կայսրության իրավունքն ու տիտղոսը։

– Սեւրի խաղաղության պայմանագրի, 10 օգոստոս 1920 թ.,

– Առաջին միջազգային պայմանագիրը Գլխավոր դաշնակից տերությունների եւ Հայաստան պետության միջեւ ազգային փոքրամասնությունների եւ առեւտրային հարաբերությունների մասին «Պայմանագիր Գլխավոր Դաշնակից Տերությունների եւ Հայաստանի միջեւ՝ ստորագրված օգոստոսի 10-ին Սեւրում» (Սեւրի պայմանագրի 93-րդ հոդվածի հավելված, որով Գլխավոր դաշնակից տերությունները ճանաչեցին Հայաստան պետությունը, որպես ինքնիշխան եւ անկախ պետություն): Պայմանագիրը հայկական կողմից ստորագրեցին Ավետիս Ահարոնյանը, Հայկական Հանրապետության Պատվիրակության Նախագահ եւ Պողոս Նուբարը, Կոնստանդնուպոլսի Միացյալ Հայկական Խորհրդի Նախագահ։

– ԱՄՆ 28-րդ Նախագահ Վուդրո Վիլսոնի կայացրած Իրավարար վճռի, որի ամբողջական անվանումն է՝ «Ամերիկայի Միացեալ Նահանգների նախագահի որոշումը Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ սահմանի, Հայաստանի դեպի ծով ելքի եւ հայկական սահմանին հարակից թուրքական տարածքի ապառազմականացման վերաբերյալ», 22 նոյեմբեր 1920 թ.:

IX. Հիմք ընդունելով հետեւյալ միջազգային փաստաթղթերը

  • ՄԱԿ-ի Կանոնադրությունը, 26.06.1945 թ.,
  • Մարդու Իրավունքների Համընդհանուր Հռչակագիրը, 10.12.1948 թ.,
  • «Պետությունների իրավունքների եւ պարտականությունների մասին» Կոնվենցիան (ստորագրված 26 դեկտեմբեր 1933 թ., համամերիկյան պետությունների 7-րդ միջազգային համաժողովում (Մոնտեվիդեոյի Կոնվենցիա), որպես պետությունների իրավունքներ եւ պարտականություններ ճանաչելու մասին,
  • «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու եւ դրա համար պատժի մասին» ՄԱԿ-ի Կոնվենցիան, 9 դեկտեմբերի 1948 թ.,
  • «Պատերազմի հանցագործությունների եւ դեմ հանցագործությունների նկատմամբ վաղեմության ժամկետ չկիրառելու մասին» ՄԱԿ-ի Կոնվենցիան, 26-ը նոյեմբերի 1968 թ.,
  • «Գաղութացված երկրներին անկախություն շնորհելու մասին» ՄԱԿ-ի Կոնվենցիան, 14.12.1960 թ.,
  • «Ռասայական խտրականության բոլոր ձեւերի վերացման մասին» Հռչակագիրը, 20.11.1963 թ.,
  • «Միջազգային պայմանագրերի իրավունքի մասին» («Վիեննայի կոնվենցիան»), 23.05.1969 թ.,
  • «Բնիկ ժողովուրդների իրավունքների մասին» ՄԱԿ-ի Հռչակագիրը, 13.09.2007 թ.,
  • «Խաղաղության ժողովուրդների իրավունքի մասին» ՄԱԿ-ի Հռչակագիրը, 12.10.1984 թ.,
  • «Զարգացման իրավունքի մասին» Հռչակագիրը, 04.12.1986 թ.,
  • «Ազգային կամ էթնիկ, կրոնական եւ լեզվական փոքրամասնություններին պատկանող անձանց իրավունքների մասին» Հռչակագիրը, 18.12.1992 թ.,
  • «Ազգային եւ միջազգային մակարդակներում ՄԱԿ-ի իրավունքի գերակայության մասին» Հռչակագիրը, 24.09.2012 թ.,
  • «ՄԱԿ-ի Կանոնադրության համաձայն պետությունների միջեւ բարեկամական հարաբերությունների եւ համագործակցության վերաբերյալ միջազգային իրավունքի սկզբունքների մասին» Հռչակագիրը, 04․10․1970 թ․։

 

X. Հիմնվելով Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան պետության) ընդունած հետեւյալ որոշումների վրա

  • Որոշումներ, որոնց հիման վրա ձեւավորվել է Արեւմտյան Հայաստանի հայերի ազգային ինքնության եւ քաղաքացիության ինստիտուտը (ըստ՝ «Բնիկ ժողովուրդների իրավունքների մասին» ՄԱԿ-ի Հռչակագրի, 13.09.2007 թ.,).
  • Արեւմտյան Հայաստանի հայերի Ազգային Խորհրդի «Արեւմտյան Հայաստանի հայերի ինքնորոշման իրավունքի մասին» Հռչակագրի. 17.12.2004 թ.,
  • Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհրդի «Արեւմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարություն կազմելու մասին» Հռչակագրի, 04.02.2011 թ.,
  • Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհրդի եւ Արեւմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարության «Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) ձեւաւորման մասին» Հռչակագրի, 24.05.2013 թ.,
  • Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Օրենքի «Արեւմտյան Հայաստանի պետական կառուցվածքի, Ազգային ժողովի (Խորհրդարանի) պատգամավորների կարգավիճակի եւ Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) կանոնակարգի մասին», 21 հունվարի 2014 թ.,
  • Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Նախագահի Հրամանագրի (թիվ 12), «Որոշում՝ հիշեցում, Արեւմտյան Հայաստանի Հանրապետության վերաբերյալ, որը հանդիսանում է 1920 թ.-ի Հայկական պետության շարունակողը», 02.2014 թ.,
  • Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհրդի «Արեւմտյան Հայաստանի հայերի մշտական, զինյալ, դրական չեզոքության մասին» Որոշման, 03.2011 թ.,
  • Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհրդի «Արեւմտյան Հայաստանի հայերի ինքնապաշտպանության ուժերի ստեղծման մասին» Հրամանագրի, 26.12.2012 թ.,

«Արեւմտյան Հայաստանի հայերի Պաշտպանության ուժեր կազմավորելու վերաբերյալ» Որոշման, ընդունված Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) կողմից, 10.01.2018 թ.:

XI. Նկատի առնելով Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան պետություն) ձեւավորման իրավականքաղաքական հիմքերը

1. ՄԱԿ-ի «Բնիկ ժողովուրդների իրավունքների մասին» Հռչակագրի (13.09.2007 թ.) հոդվածների դրույթների ու սկզբունքների համաձայն` ձեւավորվել է Արեւմտյան Հայաստանի հայերի ինքնության եւ քաղաքացիության ինստիտուտը,

2. Մարդու Իրավունքների Համընդհանուր Հռչակագրի (10.12.1948 թ.) 21-րդ հոդվածի համաձայն` ձեւավորվել են Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան պետություն) բացարձակապես իրավաչափ (legitim) պետական իշխանության մարմինները. Ազգային Ժողովը (խորհրդարանը), Կառավարությունը, Նախագահի ինստիտուտը:

3.  2013 թ. դեկտեմբերին ամբողջ աշխարհում, առաջին անգամ, համացանցի միջոցով անցկացվել են Խորհրդարանի ընտրություններ, աշխարհի 41 երկրներում, համաձայն համընդհանուր եւ հավասար ընտրական իրավունքի, ազատ եւ գաղտնի քվեարկությամբ, ընտրվել է Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) 64 պատգամավոր։

2018 թ. սեպտեմբերի 1-5-ը կայացել են խորհրդարանի 2-րդ գումարման ընտրություններ, որին մասնակցել են 51.505 ընտրող 47 երկրից եւ միասնական ցուցակով ընտրել Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) 101 պատգամավոր:

4.  Արեւմտյան Հայաստանի Հանրապետությունը (Հայաստան պետություն) համապատասխան օրենքների ընդունումով՝ ընդունել, միացել եւ վավերացրել է ՄԱԿ-ի Կանոնադրությունը եւ 45 առավել կարեւոր միջազգային Պայմանագրերը, Կոնվենցիաներն ու Հռչակագրերը:

5) Ներկայումս Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստանի Պետություն) նախագահը Ռադիկ Խամոյանն է, վարչապետը՝ Տիգրան Փաշաբեզյանը, Ազգային ժողովի (Խորհրդարանի) նախագահը՝ Արմեն Տեր-Սարգսյանը։

XII. Նկատի առնելով Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան պետություն) Միավորված Ազգերի Կազմակերպությանն եւ Եվրոպական խորհրդարանին ուղղված հետեւյալ դիմումնագրերը

1. Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան պետություն) դիմումնագիրը «Միավորված Ազգերի Կազմակերպությանը Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան պետության) անդամակցության վերաբերյալ»։ (25 մայիսի, 2018 թ․)

2. Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան պետություն) դիմումնագիրը ՄԱԿ-ին՝ «ԱՄՆ 28–րդ նախագահ Վուդրո Վիլսոնի 1920 թ. նոյեմբերի 22–ին կայացրած Իրավարար վճիռը կյանքի կոչելու եւ իրականացնելու մասին, որի ամբողջական անվանումն է՝ «Ամերիկայի Միացեալ Նահանգների նախագահի որոշումը Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ սահմանի, Հայաստանի դեպի ծով ելքի եւ հայկական սահմանին հարակից թուրքական տարածքի ապառազմականացման վերաբերյալ»։ (29 մայիսի, 2018 թ․)

3. Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան պետություն) դիմումնագիրը ՄԱԿ-ին «Արեւմտյան Հայաստանի եւ Կիլիկիայի տարածքների ապառազմականացման, այնտեղից Թուրքիայի Հանրապետության բռնազավթիչ ուժերը դուրս բերելու վերաբերյալ», համաձայն՝ ԱՄՆ 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնի Իրավարար վճռի։ (29 նոյեմբերի, 2018 թ․)

4. Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան պետություն) դիմումնագիրը ՄԱԿ-ին «Հայաստան պետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ սահմանի (սահմանազատման) վերաբերյալ», իրականացնելու Հայաստան պետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ սահմանազատումը, այս հարցում հիմնվելով Փարիզի խաղաղության վեհաժողովի Հայաստանի սահմանները որոշող Հատուկ հանձնաժողովի 1920 թ. փետրվարի 24-ի Զեկույց – առաջարկի սկզբունքների ու դրույթների վրա։ (7 օգոսոտոսի, 2019 թ․)

5. Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան պետություն) դիմումը Եվրոպական խորհրդարանին՝ «Եվրոպական խորհրդարանի 18 Հունիս 1987 թ․ ընդունած «Հայկական հարցի քաղաքական լուծման մասին» Բանաձեւում տեղ գտած սխալների, վրիպումների եւ անընդունելի ձեւակերպումների, եւ այն խմբագրելու եւ վերաշարադրելու վերաբերյալ»։ (5 դեկտեմբերի, 2020 թ.)

6. Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստանի Պետություն) դիմումը ՄԱԿ-ին` Հռչակագիր Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստանի Պետություն) ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ Թուրքիայի Հանրապետության հետ պետական սահմանի մասին»: (15 մայիսի, 2022 թ.)

Նկատի առնելով այն, որ սույն դիմումնագրերը իրականում վերաբերում են հայ ժողովրդի իրավունքների մասով արդեն իսկ կայացված որոշումներին, որոնք ընդունվել են, սակայն մինչ օրս չեն իրականացվել։

XIII. Սույն դիմումնագիրը ոչ մի դեպքում չի վերաբերում Հայերի Ցեղասպանության հետեւանքով հայ ժողովրդին եւ Հայաստանին հասցված վնասի, եւ ոչ միայն նյութական, փոխհատուցման պահանջի հարցին։

1. Ամբողջական վնասի փոխհատուցման հարցում անհրաժեշտ է հաշվի առնել սույն դիմումնագրի մեջ IV գլխում ներկայացված Թուրքիայի իրար հաջորդող կառավարությունների իրականացրած հանցագործությունները հայ ժողովրդի նկատմամբ՝ 1894-1896, 1909, 1915-1918, 1919-1923 թթ,-ին, դրանից հետո, եւ շարունակվող մինչեւ այսօր, ինչպես նաեւ V գլխում Ադրբեջանի իրար հաջորդող կառավարությունների իրականացրած հանցագործությունները հայ ժողովրդի նկատմամբ՝ 1905-1906, 1918-1920, 1921-1987, 1988-2022 թթ․-ին եւ շարունակվող մինչեւ այսօր։

2. Նշված գլուխներում ներկայացված Թուրքիայի եւ Ադրբեջանի հաջորդական կառավարությունների հանցագործությունների հետեւանքով հայ ժողովրդին եւ Հայաստանին հասցված վնասը եւ ոչ միայն քաղաքային եւ գյուղական բնակչության նյութական կորուստները, այլեւ Ցեղասպանության հետեւանքով մարդկային կորուստները, բռնի տեղահանությունն ու իսլամացումը, այդ թվում՝ երեխաների եւ կանանց, հայրենիքի կորուստը՝ հայրենազրկումը, հայ ժողովրդի բնակության արեալի կորուստը, տնտեսական կորուստները, բանկերի պահուստների կորուստները․ ավանդների եւ ոսկերչական իրերի, ապահովագրավճարների, ոչ նյութական ակտիվների, մտավոր սեփականության, պատմամշակութային, հնագիտական, ճարտարապետական ​​եւ եկեղեցական ժառանգության, կրթական հաստատությունների, համաշխարհային եւ ազգային մշակութային արժեքների եւ հայ ժողովրդի այլ կորուստների։

3. Ներկայումս կատարվում է Փարիզի Խաղաղության Վեհաժողովի հատուցումների հարցերով Հատուկ հանձնաժողովի զեկույցում նշված որոշված ​​եւ հաստատված վնասների հատուկ հաշվարկ։

4. Անհրաժեշտ է իրականացնել հաշվարկի որակական վերագնահատում` համաձայն գործող ընթացակարգի եւ ստանդարտների, մասնագիտական ​​համայնքի փորձագիտական ​​գնահատողների հաշվարկների եւ որոշման համաձայն, քանի որ 1915 թվականի Հայոց ցեղասպանությունից Օսմանյան կայսրությունից փախած հայ որբերին օգնելու համար Չարլի Չապլինի կողմից 1920-ականներին ամբողջ Եվրոպայում հանգանակված 1 միլիոն ԱՄՆ դոլարն այժմ կազմում է 15 միլիոն ԱՄՆ դոլար (այսինքն՝ 15 անգամ տարբերություն) (is a discount of 15 times), կամ անկախ մասնագիտական ​​գնահատմամբ՝ 1917 թվականին Ռուսաստանի վերջին կայսր Նիկոլայ II-ի Ռոմանովների ընտանիքի գույքի փոխարինման արժեքը ներկայումս կազմում է 15 անգամ տարբերություն:

5. Հետեւաբար, Թուրքիայի Հանրապետության՝ որպես Օսմանյան կայսրության իրավահաջորդի, փոխհատուցման պարտավորությունները հայ ժողովրդի նկատմամբ, որը կազմում է 19,130,982,000 ֆրանսիական ֆրանկ 1919 թվականի գներով՝ համաձայն Հատուկ հանձնաժողովի հաշվետվության եւ հաշվարկների, ներկայացված Փարիզի խաղաղության կոնֆերանսի հատուցումների հատուկ հանձնաժողովի կողմից 1919 թվականի ապրիլի 14-ին, այսօր կազմում է 286,964,730,000 եվրո (կամ 312,791,555,700 ԱՄՆ դոլար):

6. Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) Հայոց ցեղասպանության հետեւանքով փոխհատուցման եւ հատուցման հարցերով հատուկ հանձնաժողովի նախաձեռնությամբ Փոխհատուցման եւ հատուցման միջազգային անկախ փորձագիտական ​​իրավական կենտրոնը (լրիվ անվանումը՝ «Հայոց ցեղասպանության հետեւանքով նյութական եւ ոչ նյութական կորուստների հաշվառման, վերլուծության, գույքագրման, աուդիտի, որակական գնահատման եւ դատաբժշկական փորձաքննության, փոխատուցումների ու հատուցման կենտրոն») իրականացնում է նյութական եւ ոչ նյութական գույքի ամբողջական հատուցման արժեքի որակական գնահատում (կվալիմետրիկ գնահատում) եւ հայ ժողովրդի կորցրած շահույթների գնահատում Օսմանյան կայսրության տարածքում, ներառյալ առանձին-առանձին` Արեւմտյան Հայաստանում, Կիլիկիայում, Նախիջեւանում, Արցախում եւ Արեւմտյան Մերձկասպիայի տարածաշրջանում, փոխհատուցման եւ հատուցման համար 1919թ.-ից հետո, վերջին ավելի քան 100 տարիների խաղաղության ժամանակ, ռազմական գործողություններից, ահաբեկչությունից, շրջափակումից:

7. Ներկայումս որակական գնահատում է կատարվում (կվալիմետրիկ գնահատում) XIII գլխի 1-ին եւ 2-րդ պարբերություններում նշված կորուստները, եւ շուտով Ձեզ եւ համապատասխան միջազգային կառույցներին կներկայացվի հայտարարություն մասնագիտական ​​միջազգային հանրության համապատասխան զեկույցով եւ փորձագիտական ​​եզրակացությամբ համապարփակ փոխհատուցման եւ հատուցման համար:

XIV. Նկատի առնելով հայ ժողովրդի համապարփակ իրավունքներն աշխարհում, ըստ որի՝

1. Արեւմտյան Հայաստանի հայերը, ինչպես ցանկացած ազգ աշխարհում՝ ապրելու, զարգանալու եւ ապագա ունենալու իրավունք ունեն, ինչը նշանակում է, որ նրանք իրավունք ունեն պահանջելու սեփական պետության հաստատումը Բնօրրան Հայրենիքի տարածքում՝ Հայկական լեռնաշխարհում, Հայաստանում,

2. Արեւմտյան Հայաստանի հայերը եւ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան պետություն) պետական կառույցները հայտ են ներկայացնում ստանձնելու Սեւրի խաղաղության պայմանագրով եւ ԱՄՆ 28-րդ Նախագահ Վուդրո Վիլսոնի կայացրած Իրավարար վճռով հայ ժողովրդին տրված իրավունքների պաշտպանությունն ու դրանց իրականացումը կյանքում, հանդես գալով որպես 1920 թ. «դե ֆակտո» եւ «դե յուրե» ճանաչված Հայկական պետության՝ Հայաստանի պետության շարունակող (continuity) պետություն:

Դիմում ենք Ձեզ խնդրանքով՝ քննության առնելու եւ իրականացնելու Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ հայ ժողովրդի կրած նյութական կորուստների փոխհատուցման գործընթացը,

նկատի առնելով Թուրքիայի Հանրապետության, որպես Օսմանյան կայսրության իրավահաջորդի, նյութական փոխհատուցման պարտավորությունը հայ ժողովրդի նկատմամբ,

որը կազմում է 19.130.982.000 ֆրանկ, ըստ Փարիզի Խաղաղության վեհաժողովի փոխհատուցումների հարցով Հատուկ հանձնաժողովի կազմում գործող Հատուկ հանձնախմբի 1919 թ․ ապրիլի 14-ին ներկայացրած զեկույցի ու հաշվարկի:

Խնդրում ենք նախաձեռնել հաշվարկի որակական վերագնահատում (կվալիմետրիկ գնահատում) համաձայն գործող ընթացակարգի և ստանդարտների, քանի որ մասնագիտական ​​միջազգային հանրության փորձագետ գնահատողների հաշվարկներով և որոշումներով տարբերությունը ներկայումս կազմում է 15 անգամ (is a discount of 15 times):

Հետևաբար, Թուրքիայի Հանրապետության, որպես Օսմանյան կայսրության իրավահաջորդի, հայ ժողովրդի նկատմամբ հատուցումների վերաբերյալ (on reparations) պարտավորությունը, որն այսօր կազմում է 286,964,730,000 եվրո (կամ 312,791,555,700 ԱՄՆ դոլար):

Հատուցումն իրականացնել ըստ տուժած կողմերի. Արեւմտյան Հայաստանի հայերին (Արեւմտյան Հայաստանի Հանրապետություն (Հայաստան պետություն) եւ Արեւելյան Հայաստանի հայերին (Հայաստանի Հանրապետություն), ուղղելով դրանք համապատասխան ազգային պետական կառույցներին։

XV. Սույն դիմումի մասին որոշումը՝

«Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ հայ ժողովրդի կրած նյութական կորուստների փոխհատուցման վերաբերյալ», ընդունվել է Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) եւ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան պետության) Կառավարության համատեղ նիստում, 24 սեպտեմբեր 2022 թ:

XVI. Տեղեկացնենք նաեւ, որ՝

– Սույն դիմումնագրի հարցով պատրաստ ենք տրամադրել այն հավելյալ տեղեկություններն ու փաստաթղթերը, որոնց կարիքը Դուք կունենաք:

– Պատրաստ ենք ապահովել Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան պետության) կողմից նշանակված Լիազոր ներկայացուցիչ՝ անմիջական շփումների եւ քննարկումների համար, եթե դրա կարիքը զգացվի:

Ռադիկ Խամոյան
Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան պետություն) Նախագահ

Տիգրան Փաշաբեզյան
Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան պետություն) Վարչապետ

Արմեն Տեր-Սարգսյան
Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) Նախագահ

25 սեպտեմբեր 2022 թ.

Թողնել պատասխան

Your email address will not be published.

seventeen − 5 =