Եվրոպան ամեն ինչ կների՞ Ադրբեջանին գազի դիմաց

Այս տարվա հունվարի վերջին Financial Times-ը՝ վկայակոչելով աղբյուրները, հայտնել է, որ առաջիկայում էներգետիկայի հարցերով եվրահանձնակատար Քադրի Սիմսոնը կայցելի Բաքու, որտեղ կհանդիպի Ադրբեջանի էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովի եւ էկոլոգիայի եւ բնական պաշարների նախարար Մուխթար Բաբաեւի հետ։ Լրատվամիջոցների տեղեկություններով՝ նախատեսվում էր քննարկել Անդրադրիատիկ գազատարով (TAP) դեպի Եվրոպա գազի մատակարարումների ավելացման հնարավորությունը։

Ներկայումս TAP-ի հզորությունը կազմում է տարեկան մոտ 10 միլիարդ խմ։ ԵՄ-ն Ադրբեջանին անվանում է կայուն եւ հուսալի մատակարար, առավել եւս, որ այժմ եվրոպացի դիվանագետները գազի այլընտրանքային մատակարարներ են փնտրում՝ Ռուսաստանի կողմից մատակարարումների կրճատման եւ Ուկրաինայի հետ սահմաններին իրավիճակի ֆոնին։

Մեկ շաբաթ չանցած՝ փետրվարի 5-ին, Քադրի Սիմսոնը մեկնել է Բաքու՝ մասնակցելու Հարավային գազային միջանցքի VIII խորհրդատվական խորհրդի նիստին:

Նա գրառում է կատարել Twitter-ի իր էջում՝ նշելով, որ «դա հնարավորություն է՝ վերահաստատելու Եվրամիության եւ Ադրբեջանի միջեւ ռազմավարական էներգետիկ գործընկերությունը»։ Սիմսոնին ուղեկցել է ԵՄ ընդլայնման եւ հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհելին: Այցի իմաստն ամբողջությամբ արտացոլվել է որոշ լրատվամիջոցների բառախաղում՝ «ԵՄ-ն գնացել է՝ Ադրբեջանին «կադրելու»»։

Անթալիայում դիվանագիտական ​​ֆորումի շրջանակում Ադրբեջանի էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովը եւ Օլիվեր Վարհելին կրկին քննարկել են ադրբեջանական գազի մատակարարումները դեպի Եվրոպա ավելացնելու հնարավորությունը։ Դրանից հետո Շահբազովն ասել է, որ Ադրբեջանը մտադիր է Թուրքիայի տարածքով մեծացնել գազի մատակարարումները դեպի Եվրոպա, եւ այդ հարցը քննարկում է Անկարայի ու Բրյուսելի հետ։

Ուկրաինական հակամարտության սկզբում հայ հասարակությանը հետաքրքրեց այն հարցը, թե որտե՞ղ էին եվրոպական երկրները, երբ Ադրբեջանն ու Թուրքիան գնդակոծում էին Արցախի խաղաղ բնակչությանը, ինչո՞ւ չէին մատնանշում ագրեսորին, չէին ընդունում պատժամիջոցներ, ինչո՞ւ էր ՆԱՏՕ-ն լուռ հետեւում, թե ինչպես է դաշինքի մեծությամբ երկրորդ անդամն օգտագործում ողջ ուժը՝ ոչնչացնելու փոքր Արցախը, եւ միայն կողմերին ուղղված կոչեր էին հնչում։ Պատերազմից մեկուկես տարի է անցել, սակայն իրավիճակը չի փոխվել։ Մարտի 8-ի գիշերը չպարզված հանգամանքներում վնասվել է ադրբեջանական ուժերի հսկողության տակ գտնվող հատվածում գազատարը, որը կապույտ վառելիք է մատակարարում Լեռնային Ղարաբաղին։

Ականատեսները պնդում են, որ ուժեղ պայթյունի ձայն են լսել։ Մարտի 14-ի դրությամբ գազատարը ոչ միայն չի վերանորոգվել, այլեւ պարզ չէ, թե երբ ընդհանրապես կվերականգվի։ Ադրբեջանական կողմը կտրականապես հրաժարվում է վերանորոգող խմբին թույլ տալ մուտք գործել վթարի վայր։ Լեռնային Ղարաբաղում ջերմաստիճանը զրոյից ցածր է, էլեկտրակայանների մեծ մասը մնացել է Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքում։ Ջեռուցում չկա, դպրոցներում դասերը կրճատվել են, որոշ հացի փռեր փակվել են։ Զուգահեռ ադրբեջանական ստորաբաժանումները կրակում են հայկական գյուղերի ուղղությամբ հրետանային զինատեսակներից, ականանետերից եւ հայկական գյուղերի ուղղությամբ կուտակում ծանր տեխնիկա եւ տանկեր։

Այս բոլոր գործողություններին եվրոպական երկրների եւ կազմակերպությունների կողմից ոչ մի արձագանք չկա, նրանք զբաղված են այլ խնդիրներով։ Այսօր ի պատասխան «Ազատություն» ռադիոկայանի գրավոր հարցման՝ ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն ասել է․ «Եվրամիությունը մտահոգված է վերջին շրջանում հրադադարի խախտումներով եւ Արցախ մտնող գազատարի խնդրով։ Տեղում վերջին զարգացումները իսկապես շատ անհանգստացնող են։ Վերջին օրերին ես մի քանի զրույցներ եմ ունեցել եւ Երեւանի, եւ Բաքվի ներկայացուցիչների հետ այս խնդիրների վերաբերյալ։ Բնակաբանար, այս խնդիրները անհանգստացնում են Եվրամիությանը։ Շատ կարեւոր է, որ [Արցախ մտնող] գազի խողովակը հնարավորինս շուտ վերանորոգվի եւ կրակոցները դադարեն։ Ես Երեւանում եմ եւ այժմ բարձր մակարդակի խորհրդակցություններ եմ անցկացնում այստեղ։ Այս խնդիրները բնականաբար, կլինեն իմ հանդիպումների օրակարգում»։

Նա Twitter-ի իր էջում գրել է, որ Երեւանում երկօրյա հանդիպումներ է անցկացնում․ «Քանի որ միջազգային մթնոլորտն ավելի լարված է, Եվրամիությունն ավելի քան երբեւէ հանձնառու է խաղաղ եւ բարգավաճ Հարավային Կովկասի նպատակին»։

Եվ կրկին՝ ընդհանուր կոչեր ու ընդհանուր մտահոգություն, բայց ոչ մի լուծում։ Ադրբեջանը խոչընդոտում է գազատարի վերանորոգմանը, հրահրում հումանիտար աղետ, գնդակոծում հայկական խաղաղ գյուղերը։ Եվրոպան, որն ինքն էլ գիտի «գազի խնդրի» բարդությունները, խուլ եւ համր է տեղի ունեցածի նկատմամբ, եւ, ըստ երեւույթին, կարծում է, թե Հարավային Կովկասը հեռու է, իսկ իր վերնաշապիկն ավելի մոտ է մարմնին։

Այսպիսով, որքանո՞վ է Եվրոպան պատրաստ ներել Ադրբեջանին ու Թուրքիային եւ աչք փակել զանգվածային հանցագործությունների վրա։

News.am

Թողնել պատասխան

Your email address will not be published.

2 × five =