Շահան Նաթալի (1884-1983թթ) – «Նեմեսիս» գործողության կնքահայր:
Շահան Նաթալի (Յակոբ Տէր Յակոբեան) ծնուել է 1884թ. Արեւմտեան Հայաստանի Խարբերդ նահանգի Հիւսէյնիկ գիւղում: Որբացել է սուլթանական Թուրքիայում իրականացուած հայկական կոտորածների ժամանակ:
Փոքր տարիքից ուխտել է ուղղել իր ընտանիքի եւ իր ժողովրդի հանդէպ կատարուած մեծ անիրաւութիւնը:
Սովորել է Կ. Պոլսի Պէրպէրեան Վարժարանում, բախտ ունենալով աշակերտելու ժամանակի լաւագոյն մանկավարժներից Ռեթէոս Պէրպէրէանին:
1904 թ. Մեկնել է Ամերիկայի Միացեալ Նահանգներ, ուսանել Boston University College of Liberal Artsում՝ ուսումնասիրել օրէնք եւ իրաւունք եւ այսպէս է գրել. «Օրէնքները անբարոյութեան ծնողն են, անբարոյութիինն իսկ են»:
Գրող, պատմաբան ու վերլուծաբան, Նաթալի 1904-1914թ.թ. հրատարակել է մի շարք գործեր «Շանթեր», «Ամպեր», «Սիրոյ ըւ Ատելութեան երգեր», «Քաւութեան երգեր», «Վրէժի Աւետարան», եղել խմբագիր ու աշխատակցել բազմաթիւ հանդէսների, ինչպէս «Պայքար», «Փիւնիկ», «Շանթ», «Արծիւ», «Հայրենիք» եւ այլն:
Մաս է կազմել Հայ բարեգործական ընդհանուր միութեան, անդամակցել է Հայ Յեղափոխական Դաշնակցութեան, մասնակցել «Նեմեսիս» (յունական դիցաբանութեան մէջ Հատուցման եւ Արդարութեան աստուածուհի, Ցեղասպանութեան հեղինակները ահաբեկելու ծրագիր) գործողութեան:
Հայ ժողովրդի մեծ ողբերգութիւնից ծնուած, հայութեան վերապրումի ուղիների անհանգիստ որոնող, Շահան Նաթալի հաստատել է, թէ հայ ազգը ոչ միայն խօսքով, այլ մանաւանդ գործով պէտք է տիրանայ ապրելու իր իրաւունքին: Իր մի շարք աշխատութիւններով, «Թուրքիզմը Անկարայէն Պաքու եւ թուրքական օրիանթասիոն», «Թուրքերը եւ մենք», հարստացրել է հայ քաղաքական մտքի պատմութիւնը:
Շահան Նաթալին մահացել է 1983թ.ապրիլ 18-ին Բոստոնում:
«ԼՈՒՍԱՒՈՐ ԱՒԵՏԻՍ» – Շահան Նաթալի – ԴԷՊԻ ԵՐԿԻՐ – ԴԵՊԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵՌՆԱՇԽԱՐՀ` ՀԱՅԿԱԿԱՆ ԲՆՆՕՐԱՆ – Դեպի Հարատև վրեժի պատգամ – Հարատև պայքար – Հարատև կռիվ