Ֆրանսիայում Հայաստանի դեսպանը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանն ու Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների ղեկավարները օրերս Փարիզում հարգանքի տուրք մատուցեցին Կոմիտասի հուշարձանին, որ տեղադրված է Փարիզում: Այդ ակցիան հաջորդել էր վանդալիզմին, որ հուշարձանի նկատմամբ արել էին անհայտ անձինք, թերեւս դրա բնույթից պարզ է, թե ինչ շրջանակից: Բանն այն է, որ վանդալիզմը ունեցել է հայերի ցեղասպանությանն առնչվող ժխտողական բովանդակություն:
Ֆրանսիայի ու Հայաստանի դեսպանների մակարդակով մատուցված հարգանքի տուրքը ստանում է անշուշտ քաղաքական նշանակություն եւ իմաստ, կամ պետք է ստանա, եւ այն պետք է վերաճի քաղաքականության: Որովհետեւ քաղաքական մարտահրավերը թե Հայաստանին, թե Ֆրանսիային, նետված է վաղուց եւ բավականին ագրեսիվ կերպով: Իհարկե, լոկ Երեւանն ու Փարիզը չեն այդ մարտահրավերի հասցեատերը կամ թիրախը, այլ գործնականում մի քանի ռեգիոններ եւ տասնյակ երկրներ, սակայն հայ-ֆրանսիական բարեկամությունն այդ՝ թուրքական անկառավարելի ագրեսիայի եւ ապակայունացնող ներկայության հարցում ունի անշուշտ հիմնարար նշանակություն ընդհուպ քաղաքակրթական իմաստով:
Անշուշտ, այդ տեսանկյունից կարեւոր են գործնականում ամենատարբեր ձեւաչափերն ու գործակցությունը այլ երկրների հետ, թե Հայաստանի, թե Ֆրանսիայի դիտանկյունից, սակայն հայ-ֆրանսիական տանդեմը կարող է ստանալ առանձնահատուկ իմաստ ոչ միայն Թուրքիայի զսպման, այլ նաեւ նոր աշխարհակարգի ճարտարապետության հարցում ազդեցության իմաստով:
Բանն այն է, որ Հայաստանը, հայկական հարցն ու հայկական գործոնն այդ իմաստով Ֆրանսիայի համար կարող են լինել բախտորոշ, ճակատագրական գործոն, թույլ տալով նոր աշխարհակարգի ձեւավորման գործընթացին մասնակցել ռազմական հաղթանակի տեսանկյունից, ի տարբերություն այն աշխարհակարգի, որ ձեւավորվեց Երկրորդ համաշխարհայինից հետո:
Ֆրանսիան այդ աշխարհակարգի ձեւավորման կամ այսպես ասած «յալթայան աշխարհակարգի» գործընթացում պարտվողներից չէր, բայց նաեւ հաղթողներից չէր: Ֆրանսիան գործնականում հանձնված էր հաղթողների խնամակալությանը: Հետագա տասնամյակները, անշուշտ, նոր որակի բերեցին Փարիզի ռազմա-քաղաքական եւ տնտեսական համաշխարհային կշիռը, այդուհանդերձ նոր աշխարհակարգի ձեւավորման պատմական շրջափուլում կան մի շարք առանցքային նրբություններ, որոնք ձեւավորում են այդ գործընթացում ուժային կենտրոնների եւ պետությունների դիրքերը:
Այդ իմաստով, յուօրինակ ներուժով սերտաճում կարող է լինել նոր աշխարհակարգի առաջին աղյուսներից մեկի՝ Հայաստանի հետխորհրդային պատերազմական հաղթանակի եւ Ֆրանսիայի աշխարհաքաղաքական կշռի միջեւ, այդ փոխադարձությամբ թույլ տալով ներգրավվել նոր աշխարհակարգի ձեւավորման գործընթացում հաղթանակի դիրքից: Հաղթանակ, որով հայերը մի կողմից շարունակեցին ԽՍՀՄ փլուզումով հին՝ առաջին եւ երկրորդ աշխարհամարտերի հիբրիդ աշխարհակարգի ապամոնտաժումը, եւ միաժամանակ սկսեցին նորի կառուցումը՝ իրենց պատասխանատվության գոտու վերածվող կովկասյան ռեգիոնում:
Ապրիլյան քառօրյայով եւ թավշյա հեղափոխությամբ Հայաստանը բարդ ու հակասական քառորդդարյա հետպատերազմական շրջափուլից հետո վերահաստատեց իր պատասխանատվությունն ու հաղթողի դիրքը: Հայաստանի հետ բարեկամական սերտ հարաբերությունը այդ դիրքին հաղորդակից է դարձնում նաեւ Փարիզը, նոր աշխարհակարգի նախագծման բովում ձեւավորելով այն ներուժը, որ կարող է գեներացվել հայ-ֆրանսիական ռազմավարական գործընկերությամբ:
Հակոբ Բադալյան, մեկնաբան