Տարածքը նեղացնելու Ալիեւի ձախողված փորձը. հայկական կողմն այլեւս չի կանգնի

Արցախի պաշտպանական բանակը հայտնել է արցախ-ադրբեջանական սահմանի ուղղությամբ դիվերսիոն ներթափանցման փորձի մասին: Արցախի բանակը հայտնում է, որ կասեցրել է դիվերսիոն փորձն ու հակառակորդին կորուստ պատճառելով հետ մղել : Արցախի բանակը կորուստ չունի:

Ադրբեջանը դիվերսիոն ներթափանցման փորձն իրականացրել է տեղի ունեցող լայնածավալ զորավարժության ժամանակ, ըստ երեւույթին փորձելով ստուգել հայկական զինուժի զգոնությունը:

Ադրբեջանը դիվանագիտական-քաղաքական փակուղում է, ԱՄՆ ու Ռուսաստանի նախագահները շնորհավորելով Ալիեւի անկախության տոնի կապակցությամբ, հարկ չեն համարում հիշատակել Ադրբեջանի տարածքային ամբողջության մասին, Թրամփը արցախյան հարցը հիշատակում է ընդամենը կարգավորման քաղաքական գործընթացում ԱՄՆ դերի համատեքստում, իսկ Պուտինը չի հիշատակում ընդհանրապես:

Կորոնավիրուսը գործնականում կանխել է Ադրբեջանում բավականին արագ ընթացք ստացած ներիշխանական փոփոխությունն ու Ալիեւին հեռացնելու միջոցով արցախյան հարցի քաղաքական կառավարման գործընթացում տարածություն շահելու հնարավորությունը: Ալիեւը ներկայիս իրավիճակը փորձում է օգտագործել ժամանակը նեղացնելու համար:

Սակայն հայկական կողմը տվել է կոշտ պատասխան, թե քաղաքական-դիվանագիտական, թե ռազմական իմաստով, ցույց տալով, որ ժամանակի եւ տարածության նեղացումը կարող է ունենալ մեկ ելք, ու այդ ելքը Երեւանից զիջում ստանալը չէ, այլ ռազմական գործողությունները, պատերազմը: Իսկ դրա համար արդեն պետք է ստանձնել մեծ պատասխանատվություն, որովհետեւ դրանք չեն ավարտվի դիրքերում եւ կվերածվեն ռեգիոնալ պատերազմի:

Նոր պատերազմ՝ նոր տարածքներ, հայտարարել է պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: Այլ կերպ ասած, Հայաստանը հստակեցնում է՝ պատերազմ, ուրեմն պատերազմ, եւ, եթե Ադրբեջանը սկսեց՝ որեւէ մեկի ցուցումով, ապա ոչ մի ցուցում այլեւս չի կանգնեցնելու հայերին, եւ Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը որեւէ մայրաքաղաք կգնա ոչ թե հրադադարի, այլ հակառակորդի կապիտուլյացիայի պայմանների շուրջ բանակցելու համար:

Ի վերջո, հայկական պետականությունը չպետք է կենսագործի ինչ որ մեկի «ատրճանակը ճակատին», իսկ Կովկասի կենսագործունեության ռեժիմը չպետք է լինի արհեստական մի պետության ռազմական անվերջ շանտաժը:

Ընդ որում, այդ հարցի պատասխանը պետք է քննարկի նաեւ Ադրբեջանի ժողովուրդը, որովհետեւ ռազմական շանտաժի քաղաքականության միայն առերեւույթ թիրախն է հայկական կողմը: Դրա խորքային թիրախն ամբողջ ռեգիոնն է, այդ թվում ադրբեջանական հանրությունը:

Հակոբ Բադալյան, Մեկնաբան

Lragir.am

Թողնել պատասխան

Your email address will not be published.

19 − 14 =