ԱՄՆ կոնգրեսականները կոչ են անում արգելել Թուրքիայում ԱՄՆ ռազմավարական ակտիվների տեղակայումը

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամներ Գրեյս Մենգն ու Գուս Բիլիրակիսը օրինագիծ են ներկայացրել, որն արգելում է Թուրքիայում ԱՄՆ ռազմավարական ակտիվների տեղակայումը՝ նշելով Անկարայի ագրեսիվ քաղաքականությունը, հաղորդում է Greek Reporter-ը:

Բիլիրակիսը նշել է, որ ԱՄՆ-ը չի կարող վստահել Թուրքիային եւ նրան հուսալի դաշնակից համարել, քանի դեռ Թուրքիան գտնվում է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հսկողության տակ: «Թուրքիայում ռազմավարական ակտիվների տեղակայումն այլեւս իմաստ չունի»,- ասել է նա:

Ավելի վաղ Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել օրինագծին, որը նախատեսում է Թուրքիայի դեմ տնտեսական պատժամիջոցների սահմանում՝ կապված Սիրիայի հյուսիսում վերջինիս ներխուժման հետ:

«Թուրքիան, որին նախկինում բարեկամ եւ դաշնակից էին համարում, խառնաշփոթ է առաջացրել այնպիսի երկրներում, ինչպիսիք են՝ Ռուսաստան, Սիրիա եւ Իրան: Ակնհայտ է, որ եկել է Թուրքիայում ԱՄՆ ռազմավարական ակտիվների տեղակայումը վերանայելու ժամանակը»,- ասել է կոնգրեսական Մենը:

Առաջարկված օրինագծում ասվում է, որ Սիրիայի հյուսիս Թուրքիայի վերջին ներխուժումը այն բազմաթիվ ապակայունացնող եւ ռեպրեսիվ գործողություններից է, որն իրականացվել է Էրդողանի կառավարության կողմից Արեւելյան Միջերկրածովի տարածաշրջանում:

Օրինագիծը նաեւ մեղադրում է Թուրքիայի իշխանություններին սեփական քաղաքացիների իրավունքները ոտնահարելու, Կիպրոս ներխուժելու, իրենց կրոնական ազատություններից կրոնական փոքրամասնություններին զրկելու, Կիպրոսում ապօրինաբար ածխաջրեր որոնելու մեջ:

Այդ գործողությունները ապացուցում են, որ այդ երկրում ռազմավարական ակտիվների առկայությունը սպառնում են ԱՄՆ ազգային անվտանգությանը՝ ասվում է օրինագծում:

Թուրքիան՝ որպես ՆԱՏՕ դաշնակից, ԱՄՆ-ին թույլ է տվել օգտագործել Ինջիրլիք եւ Իզմիր ավիաբազաները:

News.am

Թողնել պատասխան

Your email address will not be published.

fifteen − two =