Մահացել է լեգենդար հետախույզ Գոհար Վարդանյանը

Մահացել է լեգենդար հետախույզ Գոհար Լեւոնի Վարդանյանը: Այս մասին Facebook-ում գրել է գրող, հրապարակախոս Գուրգեն Խաժակյանը:

Գոհար Վարդանյանը ծնվել է 1926 թվականի հունվարի 25-ին Գյումրիում: 1930-ականների սկզբին ընտանիքի հետ տեղափոխվել է Իրան:

16 տարեկանում նա մտել է իր ապագա ամուսնու՝ Գեւորգ Վարդանյանի հակաֆաշիստական խումբը, որի հետ Իրանում ակտիվ հետախուզական աշխատանք է կատարել բարդ պայմաններում: 1943 թվականին այդ խմբի կազմում մասնակցել է Թեհրանի կոնֆերանսի անվտանգության ապահովման օպերացիայի անցկացմանը:

1951 թվականին Վարդանյան ամուսինները վերադարձել են ԽՍՀՄ, 1956 թվականին հաջողությամբ ավարտել են Երեւանի օտար լեզուների ինստիտուտը, որից հետո Գոհար եւ Գեւորգ Վարդանյանները սկսել աշխարհի տարբեր երկրներում էքստերմալ պայմաններում հետախուզական աշխատանքը:

1986 թվականին 30 տարվա բեղմնավոր աշխատանքից հետո Գոհար եւ Գեւորգ Վարդանյանները վերադարձել են հայրենիք:

Գոհար Վարդանյանը պարգեւատրվել է Կարմիր դրոշի, Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշաններով եւ այլ մեդալներով: 1986 թվականի դեկտեմբերին նա թոշակի է անցել՝ ունենալով ավելի քան 30 տարվա օպերատիվ աշխատանքի եւ ընդհանուր առմամբ ավելի քան 47 տարվա աշխատանքային ստաժ:

Հետախուզության հերոսուհին

Խորհրդային լեգենդար հետախույզ Գոհար Վարդանյանը, որը մեծ ավանդ է ներդրել կարեւոր տեղեկատվության հայթայթման գործում, որն անհրաժեշտ էր երկրի ազգային շահերի եւ անվտանգության ապահովման համար, կհուղարկավորվի ուրբաթ, Մոսկվայի Տրոեկուրովյան գերեզմանատանը։ Գոհար Վարդանյանը կհանգչի ամուսնու եւ մարտական ընկերոջ՝ Խորհրդային Միության հերոս Գեւորգ Վարդանյանի կողքին, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

Վարդանյանի մահվան կապակցությամբ խորին ցավակցություններ է հայտնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Գոհար Լեւոնովնան պատկանել է փայլուն պրոֆեսիոնալների համաստեղությանը, ովքեր իրենց կյանքը նվիրեցին Հայրենիքին ծառայությանը։ Ամուսնու՝ Գեւորգ Անդրեյի Վարդանյանի հետ միասին նրանք հիրավի եզակի ավանդ են ներդրել մեր երկրի անվտանգության ամրապնդման գործում, վառ, հերոսական էջեր գրել հայրենական արտաքին հետախուզության պատմության մեջ»,- ասվում է պետության ղեկավարի հեռագրում՝ ուղղված ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության հասցեին։

ԱՀԾ տնօրեն Սերգեյ Նառիշկինը Վարդանյանին անվանել է հայրենական հետախուզության լավագույն աշխատակիցներից մեկը, կին, որը լեգենդ է դարձել կենդանության օրոք։ Նառիշկինի խոսքով՝ Գոհար Վարդանյանը հավերժ կմնա գործընկերների եւ համախոհների հիշողության մեջ որպես «անկեղծ, կենսուրախ, շռայլ հոգու տեր, սրտակից ու խորապես պարկեշտ մարդ»։

«Մենք չենք մոռանա, թե ինչ հասցրեց անել անլեգալ հետախուզությունում արտաքնապես փխրուն, բայց ոգով ուժեղ, արի ու անձնուրաց կինը»,- նշել է ԱՀԾ ղեկավարը։ Գեւորգ Վարդանյանի հետ միասին «նրանք ամենագեղեցիկ, հմայիչ եւ միաժամանակ արդյունավետ ընտանեկան զույգերից մեկն էին մեր անլեգալ հետախույզների մեջ»,- ավելացրել է Նառիշկինը։ «Պետական անվտանգության ապահովման գործը, որը ուղեվար աստղ դարձավ Գոհար Լեւոնովնա Վարդանյանի կյանքում, կշարունակենք մենք՝ նրա երախտապարտ աշակերտներն ու սերունդները»,- խոստացավ ԱՀԾ տնօրենը։

Վարդանյանի մահվան կապակցությամբ ցավակցություններ է հայտնել նաեւ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը, որը, ինչպես սպասվում է, կմասնակցի հետախույզի վերջին հրաժեշտի արարողությանը։ Սարգսյանի խոսքով՝ Գոհար Վարդանյանը «Հայրենիքին անձնուրաց ծառայության եւ ընտրած գործին ինքնամոռաց հավատարմության վառ օրինակ է»։ Հետախուզությունում Վարդանյանի անցած ճանապարհը եւ նրա պրոֆեսիոնալ կարողությունները «հիրավի հայրենասիրության եւ ոգեշնչման դաս են սերունդների համար, իսկ նրա դերը եւ վաստակը պատմության մեջ արժանի են խոնարհման»,- իր հերթին նշել է Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանը։

News.am

Թողնել պատասխան

Your email address will not be published.

1 × one =