ՌԴ նախագահ Պուտինը մայիսի 18-ին հաստատել է Ռուսաստանի նոր կառավարության կազմը, որում տեղի են ունեցել որոշակի փոփոխություններ: Հայաստանի անվտանգության եւ շահերի անմիջական շրջանակին առնչվող առանցքային պաշտոնյաներ Սերգեյ Լավրովն ու Սերգեյ Շոյգուն, որ զբաղեցնում են արտաքին գործերի նախարարի եւ պաշտպանության նախարարի պաշտոնները, պահպանել են իրենց տեղերը եւ կշարունակեն պաշտոնավարել նոր կառավարության կազմում:
Զգալի փոփոխություններ են տեղի ունեցել փոխվարչապետերի շարքում, որտեղ կա Հայաստանի դիտանկյունից հետաքրքիր մի դիրք, եւ այնտեղ տեղի է ունեցել փոփոխություն:
Ռազմարդյունաբերության հարցերի ուղղությամբ պատասխանատու փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը չի պահպանել իր պաշտոնը, նրան փոխարինել է ՌԴ պաշտպանության փոխնախարար Յուրի Բորիսովը:
Ռոգոզինի պաշտոնանկությունը կարող է տհաճ անակնկալ լինել Բաքվի համար, նկատի ունենալով այն, որ ՌԴ այդ փոխվարչապետը բավական սերտ հարաբերություն ուներ Ադրբեջանի ղեկավարության հետ, հաճախակի այցելում էր Բաքու: Այդ առումով, նրա գործունեության թերեւս ամենաաղմկոտ փուլը 2016-ի ապրիլյան քառօրյա պատերազմի օրերն էին, երբ Ռոգոզինն անպարկեշտ հայտարարություններ էր անում ՌԴ հակադաշնակցային պահվածքի վերաբերյալ Հայաստանից հնչող հանրային դիրքորոշման հասցեին:
Բայց, չնայած դրան, Ռոգոզինը շարունակեց պաշտոնավարել: Այժմ փաստորեն նրա «դարաշրջանն» ավարտվում է:
Պուտինի չորրորդ նախագահական ժամկետը սկսվում է բավական բարդ ռազմա-քաղաքական եւ ներպետական շրջանում, բարդ մարտահրավերների պայմաններում, այդ թվում Ռուսաստանի ռազմարդյունաբերության համար, որը գտնվում է ամերիկյան պատժամիջոցների ներքո:
Ռոգոզինը համարվել է նոր խնդիրներին արձագանքելու տեսանկյունից անկարո՞ղ, Պուտինը պարզապես դժգո՞հ է նրա գործունեությունից, թե որովհետեւ Պուտինի չորրորդ ժամկետը սկսվում է ներքին թիմերի կոնֆիգուրացիայի փոփոխությամբ:
Ռոգոզինը հեռանում է, եւ Հայաստանի դիտանկյունից դա հետաքրքիր է ոչ թե «խոցված արժանապատվության» տեսանկյունից, այլ անվտանգությանն ու հայ-ռուսական հարաբերության հեռանկարին առնչվող շատ կոնկրետ հարցի՝ Ռոգոզինի հեռանալով ինչ փոփոխության կենթարկվի ռուս-ադրբեջանական ռազմա-տեխնիկական գործակցությունը:
Ռուսաստանի Պետդումայի պատգամավորները դեռեւս Հայաստանում թավշյա հեղափոխությունից առաջ հայտարարում էին, որ Ռուսաստանն այլեւս Ադրբեջանին չի մատակարարի նախկին ծավալի սպառազինություն եւ այժմ իրականացվում են ընդամենը հին պայմանագրերի մատակարարումները: Դա փափուկ բա՞րձ էր Հայաստանի գլխի տակ, Ռուսաստանը հետեւությո՞ւն էր արել քառօրյա պատերազմից եւ Հայաստանի հանրության վերաբերմունքից, թե՞ խնդիրն այն էր, որ Ադրբեջանն ինքն էր մտահոգ ամերիկյան պատժամիջոցի տակ չհայտնվելու հեռանկարից: Հնարավոր է բոլոր գործոններն էլ ունեին նշանակություն:
Հայաստանը ներկայում ունի հանրային բացառիկ լեգիտիմության տեր նոր իշխանություն, եւ այդ լեգիտիմությունը տալիս է ինքնիշխանության ավելի մեծ հնարավորություն: Այդ մասին օրինակ արտահայտվել է անվտանգության խորհրդի նոր նշանակված քարտուղարը, իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ԵՏՄ Վեհաժողովի առիթով Ռուսաստան կատարած առաջին այցի եւ ՌԴ նախագահի հետ հանդիպմանը կասկածի տակ չդնելով հայ-ռուսական ռազավարական դաշնակցությունը, այդուհանդերձ ցույց տվեց, որ Հայաստանն այդ դաշնակցության ծիրում այլեւս կունենա առավել արժանապատիվ եւ ամուր կեցվածք: Դա բխում է հենց այդ դաշնակցության փոխադարձ առողջության անհրաժեշտությունից:
Ընդ որում, այդ խնդիրը կադրային զինվորական Յուրի Բորիսովը թերեւս պետք է գիտակցի առավել խորությամբ, քան Ռոգոզինը: Ռուսական պետականության խորքային շահի գիտակցումը խոշոր հաշվով առկա է այդ երկրի կադրային զինվորականության շրջանում, որոնք մեծապետականության կրող լինելով հանդերձ, ունեն այդ առումով խորապես տարբեր պատկերացումներ, մասնավորապես Կովկասում ռուսական շահերի եւ անվտանգության կառուցվածքի տեսանկյունից, դրանում լավ հասկանալով Հայաստանի դաշնակցային, ոչ թե մանրադրամային դերը:
Նշանակելու՞ է Յուրի Բորիսովի փոխվարչապետությունը այդ մտածողության առաջխաղացում ռուսական վերնախավում:
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ