Հենրիկ Վարդենիկցու կտավներում գերիշխում է կնոջ կերպարը, այլ կերպ ասած, Աստծո ամենագեղեցիկ ստեղծագործության (տեսանյութ)

Մայիսի 19-ին, առավոտյան ժամը 8-00 “Նոյյան Տապան” Լրատվական գործակալության ասուլիսների սրահում (Իսահակյան 28, 3-րդ հարկ ) կազմակերպվելու է հայրենի նկարիչ Հենրիկ Վարդենիկցու նկարների ցուցահանդեսը, որն ուղիղ կապով ցուցադրվելու է նաեւ ԱՄՆ-ում, որտեղ այժմ ապրում եւ ստեղծագործում է նկարիչը: Ցուցահանդեսին մասնակցելու հրավիրում եմ մեր բոլոր ընկերներին ու գործընկերներին, այդ թվում՝ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Կառավարության պաշտոնյաներին ու խորհրդարանի պատգամավորներին:


Գեղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղում 1952թ. մարտի 18-ին ծնված, սակայն այսօր Լոս Անջելեսում ապրող և ստեղծագործող հայ գեղանկարիչ, այնտեղ գործող «Վարդենիկցի» ակադեմիայի հիմնադիր Հենրիկ Վարդենիկցու նկարների անհատական ցուցահանդեսները հիմնականում կազմակերպվում են ԱՄՆ-ում, Ճապոնիայում, Գերմանիայում, որտեղ բազմիցս կազմակերպվել են նրա գեղանկարների ցուցահանդեսներ:

«Նկարչի գործը ցուցահանդես կազմակերպելն է, իսկ հանրության գործը` այդ ցուցահանդեսներից ինչ-որ բան տանելը կամ ստացած տպավորությունների հիման վրա փոխվելը»,- ասում է Հենրիկ Վարդենիկցին:
2017թ. հուլիսի 14-ին և 15-ին Գլենդել քաղաքում, «Արմենիան Արթ» պատկերասրահում տեղի է ունեցել ամերիկաբնակ գեղանկարիչ Հենրիկ Վարդենիկցու նկարների ցուցահանդեսը: Նույն թվականին նրա աշխատանքների հաջորդ ցուցահանդեսն արդեն Երևանում էր. «Հայ Արտ» մշակութային կենտրոնում բացվեց Վարդենիկցու ստեղծագործությունների հերթական անհատական ցուցահանդեսը, որը ներառում էր տարբեր ժամանակների շուրջ 40 աշխատանքներ: Դրանց մեծ մասը մշտապես ցուցադրվել ու ցուցադրվում են «Նոյյան Տապան» լրատվական կենտրոնի մամուլի սրահում: «Հայ Արտ» մշակութային կենտրոնի տնօրեն Ռիտա Շառոյանի կարծիքով, Հենրիկ Վարդենիկցու նկարները ստիպում են խորհել, ինչու չէ, նաև փիլիսոփայել իրական աշխարհի մասին:
Անցյալ տարի ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Սերժիկ Սրապիոնյանը, որը սկզբունքորեն մերժում է արվեստագետին իր իսկ ներկայությամբ գովաբանելը, այնուամենայնիվ, ասել է. «Արտաքուստ այնպես է թվում, որ նրա նկարների մեջ գերիշխում է մռայլը, բայց ես ուզում եմ իմ տեսակետից պնդել, որ Հենրիկն այդ խավարի խտացումների միջոցով տեսանելի է դարձնում լույսը»:
Գեղանկարիչ Հենրիկ Վարդենիկցու արվեստը, այլոց թվում,  բարձր է գնահատում նաև «Մշակույթի հայկական ֆոնդի» նախագահ, բանաստեղծ ու նկարիչ Արևշատ Ավագյանը:
Հենրիկ Վարդենիկցին ծնվել է 1952թ. մարտի 18-ին: 1973թ. ավարտել է Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը, 1973-75 թթ. ծառայել խորհրդային բանակում: 1983 թ.  ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը, նույն թվականից մասնակցել հանրապետական և միջազգային ցուցահանդեսներին: 1988 թվականից Հայաստանի, 1996 թվականից Նկարիչների միջազգային միության անդամ է:
Վարդենիկցին անհատական ցուցահանդեսներ է ունեցել Կապանում, Էջմիածնում,  Երևանում, Ստեփանակերտում, Մոսկվայում, Գերմանիայում, Ճապոնիայում և ԱՄՆ-ում: Նա մասնակցել է նաև մի շարք խմբակային ցուցահանդեսների, 2002 թվականից բնակվում է Լոս Անջելեսում, որտեղ հիմնել և ղեկավարում է «Վարդենիկցի» արվեստի ակադեմիան, փոխանցելով իր գետիլիքները սփյուռքում ապրող հայ երեխաներին:
Մի անբացատրելի և հիասքանչ զգացումով է կարելի է համակվել` Վարդենիկցու արվեստանոցում հետևելով, դիտելով մի մարդու աշխատանքները, ով ունի բացառիկ տաղանդ` տեսնելու պատկերներ և գույներ, բացահայտելու և վերարտադրելու յուրովի ձև ու կարողություն, կյանք տալու իր տեսածին, վերապրածին, զգացմունքներին ու հույզերին:
Հենրիկ Վարդենիկցին նկարել սկսել է դեռ փոքր տարիքից, նկարել սկսել է նույնիսկ գրքերի շապիկների ետևի մասում, ուր ազատ տեղ, սպիտակ թուղթ է եղել` տեղիք տալով մորաքույրների և բարկությանը, և հավանությանն այդ նկարներին: Առաջին մեծ, ամբողջական գործը եղել է պատի վրա փակցված մի քանի վատմանների վրա Մայրենի լեզվի դասագրքի շապիկից Խաչատուր Աբովյանի նկարի արտապատկերումը: Նկարն այնքան մեծ ու տպավորիչ է եղել, որ Վարդենիկցու մորը մի պահ թվալով, թե այնտեղ իրական մարդ է կանգնած, նույնիսկ վախեցել է: Որպես նկարիչ, ամենամեծ տպավորությունը ստացել է Էրմիտաժից: Հոգեբանական դժվարություններ է ունեցել իր ցանկացած նկար վաճառելիս, հետո վատ զգացել, մտածել` լավ կլիներ այդ նկարը չվաճառվեր, մնար, այդ կապակցությամբ մի առիթով ասել է` «Ոնց որ աղջկադ հարս ուղարկես», կարոտել է իր այն ստեղծագործություններին, որոնց նույնիսկ լուսանկարը չունի, միայն հիշում է:
Հենրիկ Վարդենիկցու կտավներում գերիշխում է կնոջ կերպարը` նազելի, գեղեցիկ, քնքույշ, ճախրող, պարող ու նույնիսկ արիստոկրատ, այլ կերպ ասած, Աստծո ամենագեղեցիկ ստեղծագործությունը: Այո, կնոջ թեման առանձնահատուկ տեղ ունի արվեստագետի կտավներում, այն և հոգեհարազատ է, և սիրո թեմայի պես անսահմանափակ: Ինչո՞վ է պայմանավորված դա` կնոջ հանդեպ Վարդենիկցու վերաբերմունքով, մեծարումո՞վ, թե նրա պատկերացումների արտահայտությունն է, թե կինն ինչպիսին պետք է լինի:
«Ամեն մեկը կնոջն իր ձևով է ներկայացնում»,- նկատի ունենալով մյուս նկարիչներին, ասում է Հենրիկ Վարդենիկցին:
Գեղանկարչի ստեղծագործական երևակայությունը շատ մեծ է, ընդամենը մեկ օրինակ ներկայացնենք. Վարդենիկցին ներշնչելով գարնամբ, կտավի վրա պատկերում է հղի կնոջ և հողամասը ջրող տղամարդու… Նրա ստեղծագործություններում մարդն ու բնությունը սերտորեն փոխկապակցված են իրար: Նկարելիս Վարդենիկցու մոտ երբեմն բանաստեղծական տողեր, պատառիկներ էլ են ծնվում, սակայն դրանք չի հանձնում թղթին, բանաստեղծություններ գրել է դպրոցական տարիքում: Նրա նկարները դիտողներից ոմանք իրենք էլ են տեսել պոետիկ պատկերներ, և Վարդենիկցին ուրախացել է, երբ կողքից է լսել այդ մասին: Վերջին տարիներին մենակությունը նրան հիմնականում օգնել է ստեղծագործելու հարցում: Գեղանկարչի կարծիքով, նկարն այն դիտողի մոտ պետք է, առաջին հերթին, զարմանք ծնի ու նրան տրամադրի վայելել ստեղծագործությունը: Հայտնի նկարիչներից սիրում է հատկապես ազգությամբ հույն, իսպանացի նկարիչ Էլ Գրեկոյի ստեղծագործությոևները, նաև նրանց կտավները, որոնց նկարները նույնպես իր հոգեաշխարհում հույզեր են առաջացնում: Սակայն, չի սիրում նմանակել ու չի նմանակում թեկուզ մեծերին` Մարտիրոս Սարյանին, Պիկասոյին և այլոց:
Արվեստագետը պետք է նվիրյալ լինի. սա հենրիկ Վարդենիկցու հավատամքներից մեկն է, ով համոզված է, որ արվեստում հաջողության հասնում են նաև մաքուր, ազնիվ, անկեղծ, մանկական բնավորություն ունեցող ստեղծագործողները:
«Միլիոններով նկարում են, մեկ էլ տեսնում ես մի քանի հոգու է պահում պատմությունը»,- ասում է գեղանկարիչը և հավելում, որ մարդը պետք է անկեղծ լինի իր ստեղծածի, իր ստեղծագործության հանդեպ, ուրիշ տարբերակ չկա, քանի որ բոլոր խորամանկություններն աշխատում են հենց իր դեմ:
Հենրիկ Վարդենիկցու կարծիքով, ազգային արվեստը, առաջին հերթին, իր արյան մեջ է, իսկ մանրանկարչության արմատները տեսնում է նույնիսկ հայկական ժայռապատկերների մեջ: Գեղանկարչի հավաստմամբ, Հայաստանի նկարիչների միությունը, հատկապես Խորհրդային Միության փլուզումից հետո, չունի այն հնարավորությունները, որոնք անհրաժեշտ են պրոֆեսիոնալ նկարիչների պահանջմունքները բավարարելու համար:
«Ես ահավոր տանջանքների միջով են անցել, որ միայն նկարելուց ստացված միջոցներով եմ ապրել, հատկապես ԱՄՆ-ում,- ասում է Վարդենիկցին ու քիչ հետո շարունակում.- այդքան արվեստագետներ ունենալ ու չունենալ շուկա` շատ տխուր է»:
Կյանքի ու ստեղծագործական մեծ փորձ ունեղող գեղանկարիչն այսօրվա երիտասարդ ստեղծագործողներին խորհուրդ է տալիս լրջորեն ուսումնասիրել արվեստի պատմությունը, ծանոթանալ շատ նկարիչների թողած յուրօրինակ կտակներին, ինքնուրույն հետևություններ կատարել, եթե իսկապես արվեստի մարդ է, նվիրյալն է լինելու դրա, չի կարող ասել` այս, ասենք, 30 տարին փող աշխատեմ, գնամ այլ գործով զբաղվեմ, դրանից հետո կնկարեմ: Իրեն ամենաշատը գնահատված է զգացել հայրենիքում, 1994թ. Հայաստանի նկարիչների միությունում կազմակերպված մեծ ցուցահանդեսի, այնուհետև Ստեփանակերտում կազմակերպված ցուցահանդեսի ժամանակ, ապա նաև` Մոսկվայում, Գերմանիայում կազմակերպված ցուցահանդեսների ընթացքում: Բավական բարձր մակարդակով է եղել Ճապոնիայում, Տոկիոյում կազմակերպված ցուցահանդեսը, ուր այցելել է նաև երկրի վարչապետը:
Հենրիկ Վարդենիկցու համոզմամբ, ցանկացած հայ իրավունք ունի հպարտանալ, որ ինքն այդ ազգի ներկայացուցիչ է և ունեցել է այդ տեսակի մշակույթ:
«Եթե ուզում եք իմանալ, մենք Եվրոպային շատ բան ենք տվել,- խոսելով հայկական արվեստի մասին, ասում է Հենրիկ Վարդենիկցին:- Մի օրինակ բերեմ, ես տեսել եմ այդ ցուցահանդեսը, Համբուրգում ցուցահանդես էին կազմակերպել և սկսել էին Հայաստանով,  ու այնքան լավ էր կազմակերպված, որ կարծես Հայաստանը դառնար Եվրոպայի սկիզբը: Եթե մեր ճարտարապետությունը կարողացել է այն աստիճանի ազդեցություն թողնել, որ սկսեն Եվրոպայում օգտվել ու կառուցել… Գիտեք ի՞նչ է դուրս գալիս, երբ որ լրջորեն ես նայում դրան, կարծես մենք իրենց տվել ենք, հետո հետ ենք վերցնում, այսինքն` Եվրոպայից մենք առանձնացած չենք, և ցանկացած հայ իրավունք ունի հպարտանալ, որ ինքն այդ ազգի ներկայացուցիչ է և ունեցել է այդ  տեսակի մշակույթ, որը Եվրոպայի վրա է ազդել, և իր տվածը նույնիսկ հետ է գալիս իրեն:
Եթե մենք վերցնենք անուններ, օրինակ, ասենք, Պիկասո վերցնենք, ո՞ւմը կդնեմ Պիկասոյի կողքին, որ կարող էր հավասար հնչեղության լինել… Երվանդ Քոչարին հանգիստ կդնեմ Պիկասոյի կողքին և, առանց ամաչելու, կասեմ, որ նույնիսկ տեղեր կան, որ իմ համար ավելի հետաքրքիր է, ավելի հզոր է Երվանդ Քոչարը»:
Գեղանկարչի հավաստմամբ, հայերս արվեստում նվիրյալներ ունեցել ենք, կատարյալ նվիրյալներ, արվեստագետը չի կարող նվիրյալ չլինել ու մի լուրջ բան ստեղծել: Կարծում ենք, իր արվեստի նվիրյալներից է նաև Հենրիկ Վարդենիկցին:

Թողնել պատասխան

Your email address will not be published.

4 × 1 =