Ռեգիոնալ ստատուս-քվոյի հիմքը. Հայկական Հարցի վերադարձը

Ներկայացնելով արտաքին քաղաքականության 2019 թվականի հաշվետվությունը, արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը վերհաստատել է Հայաստանի արտաքին քաղաքականության համար հռչակված երեք գերակա սկզբունքները՝ ինքնիշխանություն, համահայկականություն, փոխգործակցություն:

Հեղափոխության ընթացքում եւ դրանից հետո վարչապետ Փաշինյանը բացառեց արտաքին քաղաքական շրջադարձերը: Միեւնույն ժամանակ ակնհայտ է, որ արտաքին քաղաքական ձեւավորված ուղղությունների պահպանումը Հայաստանի համար առաջացնում է էական խնդիրներ, թեեւ այստեղ առանցքայինն անշուշտ հայ-ռուսական հարաբերությունն է:

Ներկայում այդ առումով անկեղծության պահ է, որովհետեւ Ռուսաստանն ինքը հայտնվել է հեղափոխական իրավիճակի շեմին. ռուսական վերնախավը կանգնած է հեղափոխություն թույլ չտալու բարդ խնդրի առաջ: Պուտինը կմնա՞, թե՞ կգնա՝ Ռուսաստանի վերնախավում ըստ ամենայնի լրջորեն քննարկվում է այդ հարցը, իսկ Հայաստանը կարծես թե սպասողական դիրք է բռնել եւ հետեւում է, թե ինչ հանգուցալուծում է լինելու ՌԴ-ում իշխանության հարցում:

Միաժամանակ նկատելի է, որ Ռուսաստանի այդ իրավիճակից փորձում է առավելագույն օգուտ քաղել Բաքուն՝ արդյոք ներռուսական բարդ «դիլեման» բերել է շրջանում անվտանգության ռազմա-քաղաքական վակուումի, որից արժե օգտվել՝ վերագործարկելով 2016-ի ապրիլին կոտրված «ռազմական դիվանագիտությունը»:

Հայաստանի արտաքին քաղաքականության առաջիկա խնդիրը պետք է լինի վակուում թույլ չտալը, կամ այլ կերպ ասած՝ ռեգիոնալ անվտանգության ռազմա-քաղաքական համակարգում Հայաստանի դերը հավասարաչափ տարածելն ուժային այլ կենտրոնների վրա, Ռուսաստանում որեւէ անկման կամ տատանման պարագայում վակուումը բացառելու իմաստով:

Դա ապահովելու համար առաջինն անշուշտ ինքնիշխանության սկզբունքն է: Բայց հասունացել է նաեւ չորրորդ սկզբունքի՝ հայկական հարցը որպես սկզբունք ամրագրելու եւ ձեւակերպելու ժամանակը, ինչը եւս ունի հիմնարար նշանակություն ռեգիոնալ անվտանգության վակուում թույլ չտալու հարցում: Հայկական հարցը միայն ցեղասպանության միջազգային ճանաչման շրջանակը չէ, այլ հայկական իրավունքների հարցը:

Մեծ հաշվով, Կովկասի ռազմա-քաղաքական ստատուս-քվոն արցախյան պատերազմի արդյունքով ձեւավորվել է հենց այդ իրավունքի վրա, եւ հետպատերազմյա շրջանի քաղաքական առանցքային բացը թերեւս եղել է այն, որ հայկական պետականությունը ոչ միայն հրաժարվել է աստիճանաբար ձեւակերպել այդ ստատուս-քվոյի իրավական հիմքը, այլ նույնիսկ Ադրբեջանի հետ բանակցություն է սկսել՝ առնվազն ընդունելով «ադրբեջանական իրավունքի» հանգամանքը:

Դա բերել է լրջագույն քաղաքական խնդիրների, որոնց ծանր ներգործությունը հնարավոր եղավ կասեցնել՝ ռազմական առումով 2016-ի ապրիլին, քաղաքական առումով՝ 2018-ի ապրիլ-մայիսին: Եթե Հայաստանը հնարավորինս արագ ձեռնամուխ չլինի իր իսկ ձեւավորած ռեգիոնալ ստատուս-քվոյի իրավական ձեւակերպման գործընթացին, վերբեռնումը կորցնելու է թե իր համահայկական, թե համաշխարհային իմաստը:

Երեւանը սկսել է քայլերն այդ ուղղությամբ, եւ անգամ նույնիսկ 2015-ից՝ Ծիծեռնակաբերդում ընդունված հռչակագրով:

Հակոբ Բադալյան, Մեկնաբան

Lragir.am

Please follow and like us: