Այսօր՝ մայիսի 27֊ին մեծանուն ֆիդայապետ Գեւորգ Չաուշի հիշատակի օրն է։

Գևորգ Չավուշ. «Թող մարեն աչքերս, միայն թե թող ծագի Հայաստանի անկախության արևը»

Հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ ու ֆիդայապետ Գևորգ Չավուշի մղած շուրջ 40 հայդուկային կռիվներն աչքի են ընկել կազմակերպվածությամբ և գրեթե միշտ ավարտվել են հաղթանակով:

Գևորգ Չավուշը, Սարհատ (Ղազարյան Գևորգ Արոյի) ծնվել է 1870 թ., գ. Մկթենք (Սասունի Փսանք գավառում) – հերոսաբար զոհվեց  1907 թ. մայիսի 27֊-ին, գ. Սուլուխ, թաղված է Մուշում:

1886–1888 թթ-ին սովորել է Մշո Սբ Կարապետ վանքի դպրոցում, որը նրա ուսուցիչ Հովհաննես վարդապետ Մուրադյանի ջանքերով վերածվել էր ազատագրական գաղափարների տարածման կենտրոնի: Մարտական մկրտությունն ստացել է առաջին ֆիդայիներից մեկի՝ Արաբոյի խմբում: Մասնակցել է Սասունի 1891– 1894 թթ-ի ինքնապաշտպանական մարտերին, հատկապես աչքի է ընկել Տալվորիկի 1893 թ-ի կռիվներում: 1894 թ-ի Սասունի ապստամբության պարտությունից հետո, ի թիվս այլ ֆիդայիների, ձերբակալվել ու բանտարկվել է Բիթլիսում, ապա՝ Մուշում:

Գևորգ Չաուշ (Վավերագրական ֆիլմ) 

 

1896 թ-ին Գևորգը փախել է բանտից, ապաստանել Սասունում, ապա միացել է Գուրգենի (Բաղդասար Մալյան) և Հրայրի (Արմենակ Ղազարյան) խմբերին: 1899 թ-ին` Աղբյուր Սերոբի սպանությունից հետո, 1900 թ-ին կազմակերպել է մատնիչ Ավեի, ապա Անդրանիկի հետ՝ քուրդ Խալիլ բեյի սպանությունները: 1901 թ-ի ապրիլին գլխավորել է Բերդակի, իսկ դեկտեմբերին՝ Նորշենի կռիվները, որոնք կարևոր տեղ ունեն հայդուկային շարժման պատմության մեջ: 1901 թ-ի նոյեմբերին մասնակցել է նաև Մշո Սբ Առաքելոց վանքի կռվին:

1904 թ-ի գարնանը Գևորգ Չավուշը գլխավորել է Սասունի Իշխանաձոր և Տալվորիկ գյուղերի ինքնապաշտպանական ուժերը: Ապրիլի 11-ին՝ Շենիկ գյուղի մոտ, 14-ին և 15-ին՝ Մերկերի շրջակայքում, 17-ին Գելիեգուզանի մոտ հայերը համառ մարտեր են մղել: Ապրիլի 19-ին թուրքերն սկսել են գնդակոծել հայկական դիրքերը: Մի քանի օր դիմադրելուց հետո հայերն ստիպված թողել են Գելիեգուզանը և քաշվել մոտակա բարձունքները՝ շարունակելով դիմադրությունը մինչև մայիսի 14-ը:

Սասունի դեպքերի արձագանքները հասել են Եվրոպա: Եվրոպական տերությունների միջամտությունից խուսափելու համար թուրքական իշխանությունները ստիպված հրաժարվել են Սասունի հայերին բնաջնջելու մտադրությունից:

Ապստամբության պարտությունից հետո Գևորգն անցել է Վան, սակայն 1904 թ-ի օգոստոսին Աղթամար կղզում տեղի ունեցած խորհրդակցությունից հետո, որպես ՀՀԴ կուսակցության ղեկավար գործիչ, վերադարձել է Տարոն: 1906–1907 թթ-ին գործել է Ռուբեն Տեր-Մինասյանի հետ: Հայ-քրդական համագործակցություն ստեղծելու նրա ջանքերն ապարդյուն անցան: Զոհվել է մայիսի 27-ին՝ Սուլուխի հայտնի կռվում:

Գևորգ Չավուշին են նվիրված Կարո Սասունու «Սարերու ասլանը» (1966 թ., Բեյրութ), Ստեփան և Կարո Պողոսյանների «Ինձ բահ տվեք…» (1990 թ.) և այլ երկեր:

Արագածոտնի մարզի Աշնակ գյուղում ազգականների ջանքերով 1976 թ-ին հիմնադրվել է Գևորգ Չավուշի թանգարանը, որի հարավ-արևմտյան պատին նրա հարթաքանդակն է: Գևորգ Չավուշի հուշարձանը (քանդակագործ՝ Լևոն Թոքմաջյան) կանգնեցվել է Երևանում՝ համանուն հրապարակում: Նրա անունով կոչվել են փողոցներ, դպրոցներ Երևանում, ՀՀ և ԼՂՀ այլ վայրերում:

Հայկական Հանրագիտարան

Ժողովուրդը շատ երգեր է հյուսել Գևորգ Չավուշի մասին:

Թողնել պատասխան

Your email address will not be published.

13 − 10 =