Տեսակետ. «Lragir.am. ԱՄՆ-ն իրեն գցում է ցուցակը Ռուսաստանի եւ Թուրքիայի կողքին»

Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը հերքել է Politico-ի հրապարակումը, ըստ որի ԱՄՆ-ն Ուկրաինային դրդում է փոխել իր ռազմավարությունը և հրաժարվել Ռուսաստանի հետ պատերազմում լիակատար հաղթանակ տանելու նպատակից։ Այսինքն՝ համաձայնել տարածքների կորստին։

Հերքումը հերքում, բայց գետնի վրա ԱՄՆ այդ քաղաքականությունը տեսանելի է Ուկրաինային օգնության սահմանափակումների, ԱՄՆ գործադիր իշխանության հռետորաբանության եւ այլնի տեսքով։ Ընդհանրապես, հետաքրքիր օրինաչափություն է դարձել՝ Politico-ն հրապարակում է «արտահոսքեր», Մաթոսը հերքում է անմեղ տեսքով, կյանքն էլ շարունակվում է «արտահոսքերի» համաձայն։ Երեւում է՝ Պետդեպին ու Մաթոսին հանգիստ չեն տալիս ՌԴ ԱԳՆ։

Politico-ն արտահոսքեր է հրապարակում «ամենանուրբ» հարցերով։ Օրինակ, 2023-ի դեկտեմբերի 9-ին Politico-ն գրեց, որ ԱՄՆ Իսրայելին ժամանակ է տվել մինչեւ տարեվերջ՝ Գազայի հարցերը լուծելու համար։ Այդ օրվանից ի վեր աշխարհի առաջատար զլմ-ներն անցան յուրահատուկ «լռության ռեժիմի», իսկ Թել-Ավիվը սկսեց Գազան ոչնչացնելու եւ բնիկ մեծամասնությանը վտարելու գործողության վճռական փուլը։

2023-ի սեպտեմբերին Politico-ն «արտահոսեց» Արցախի հարցով սեպտեմբերի 17-ին Ստամբուլում ԱՄՆ-Ռուսաստան-ԵՄ դավադիր բանակցությունների վերաբերյալ տեղեկություն։ Մաթոսը հերքեց գաղտնի բանակցությունները, նշելով, թե տեղի է ունեցել «Մինսկի խմբի համանախագահների աշխատանքային հանդիպում»։

Ստացվում էր, որ ԱՄՆ Մինկի խմբի նոր ձեւաչափ է ստեղծել՝ առանց Ֆրանսիայի, որը հանդես էր գալիս Արցախի խնդիրը միջազգային 3 հիմնարար սկզբունքներով կարգավորելու օգտին։ Ֆրանսիայի տեղը զբաղեցրել էր ԵՄ հատուկ ներկայացուցիչ, Բաքվի բացահայտ լոբբիստ եւ աղդամի տռասսի կենվոր Կլաարը։

Այս հանգամանքը ինքնին մատնում էր Արցախի դեմ սեպտեմբերի 19-ի լայնածավալ հարձակման եւ բնիկ մեծամասնության արտաքսման նախօրեին տեղի ունեցած ստամբուլյան գաղտնաժողովի նպատակը։ Մի քանի օր անց՝ ՄԱԿ ԱԽ սեպտեմբերի 21-ի նիստին ԱՄՆ առաջնորդությամբ հավանություն տրվեց հայոց պետականության հազարամյա օրրան Արցախի ոչնչացմանը։ Ստամբուլյան ԱՄՆ-Ռուսաստան-ԵՄ «Մինսկի» դավադրության նպատակը, դատելով դրա մասնակիցների արձագանքներից, որոնք մինչ օրս միմյանց մեղադրում են հայերին դավաճանելու մեջ, ՄԱԿ ԱԽ անտիպ որոշման իրագործումն էր սեպտեմբերի 19-ին՝ ՄԽ համանախագահության անվան տակ եւ «մակարդակով»:

Ուկրաինա, Արցախ, Գազա․ ԱՄՆ «գլոբալ կայունության պահպանման» եւ «Ռուսաստանի փլուզումը թույլ չտալու» ռազմավարությամբ խրախուսում է ցեղասպանությունները եւ վտանգում իր դրությունը բոլոր առումներով։

Հայաստանը, Արցախը ներառյալ, սարերում կորած ինչ որ աներեւույթ բան չէ։ Մաթոսին եւ մյուսներին հիշեցնենք, որ ԱՄՆ թիվ մեկ գերտերություն դարձավ Երկրորդ աշխարհամարտից հետո, բայց համաշխարհային առաջնորդության իսկական հայտը Վիլսոնի իրավարար վճիռն էր։ Իսկ միակ գերտերություն դարձավ Արցախյան առաջին պատերազմում հայերի հաղթանակից հետո․ չէ՞ որ Արցախում վճռվել է եւ դեռ վճռվում է մի քանի կայսրության մնացորդների ճակատագիրը, եւ ԱՄՆ-ն իրեն գցում է այդ ցուցակը Ռուսաստանի եւ Թուրքիայի կողքին։

Lragir.am

Թողնել պատասխան

Your email address will not be published.

3 + nine =