Դեյվիդ Բոհիգյանը ժամանել է Երեւան՝ ամերիկյան ներդրումները Հայաստանում խթանելու նպատակով

ԱՄՆ կառավարությանն առընթեր Արտասահմանում մասնավոր կապիտալ ներդրումների կորպորացիայի (OPIC) գործադիր փոխնախագահ Դեյվիդ Բոհիգյանը մի շարք այլ պաշտոնյաների ուղեկցությամբ ժամանել է Երեւան՝ ամերիկյան ներդրումները Հայաստանում խթանելու նպատակով:

Հայաստանում ԱՄՆ դեսպանատան մամուլի ծառայությունից հայտնում են, որ պատվիրակությունը հանդիպումներ ունեցավ բարձրաստիճան պետական պաշտոնյաների հետ, տեղում գործող ամերիկյան առաջատար բիզնեսների ներկայացուցիչների եւ OPIC-ի շահառուների հետ: Սա Կովկասում ամերիկյան ներդրումների խթանման, գործընկերությունների ամրապնդման եւ տնտեսական աճի ու կայունության հանգեցնող գործարար կապերի խորացման հնարավորություններ գտնելուն ուղղված տարածաշրջանային այցի առաջին կանգառն էր:

Բոհիգյանը նաեւ ելույթ ունեցավ Gazelle Fund-ի հայաստանյան ծրագրի մեկնարկն ազդարարող միջոցառման ժամանակ: Gazelle Fund-ը OPIC-ի աջակցությամբ գործող ներդրումային հիմնադրամ է, որը կոմերցիոն տեսանկյունից կենսունակ փոքր ու միջին ձեռնարկություններում (հիմնականում՝ գյուղատնտեսության ու թեթեւ արդյունաբերության ոլորտից) ապահովում է աճին եւ ընդլայնմանն ուղղված ներդրումներ: Վարկային ծրագրի դրամական հոսքերի օգտագործմամբ, որոնք սկզբնապես ֆինանսավորվել են ԱՄՆ ՄԶԳ վարկային ծրագրով, Gazelle Fund-ը լրացնում է այն բացը, որ կա արագ աճող փոքր ձեռնարկությունների ընդլայնումը ֆինանսավորելու ասպարեզում: Այս արագ աճող ընկերությունները, որոնք հայտնի են նաեւ գազել անվամբ, Gazelle Fund-ի օգնությամբ ստանում են վարկեր կամ կապիտալ ներդրումներ՝ ոչ մեծ գրավի ապահովմամբ, ինչը խթան է հանդիսանում մասնավոր հատվածի աճի եւ մասնավոր հատվածում աշխատատեղերի ձեւավորման համար: Հայաստանից զատ Gazelle Fund-ը նաեւ գործում է Վրաստանում, Ղրղզստանում եւ Մոլդովայում:

«OPIC-ի աջակցությունը առանցքային նշանակություն ունի տեղական շուկաներում համարժեք ֆինանսական միջոցների հասանելիության բացակայությամբ պայմանավորված խոչընդոտները հաղթահարելու հարցում: Անչափ ուրախ եմ տեսնել, որ Gazelle Fund-ը եւ ամերիկյան ներդրողները Հայաստան են բերում իրենց ներդրումներն ու բիզնես արժեքները, որոնք կօգնեն փոքր ու միջին ձեռնարկությունների զարգացմանը, ինչը դինամիկ, բազմազան եւ առողջ տնտեսության համար խիստ կարեւոր է», -ասաց պ-ն Բոհիգյանը:

OPIC-ը հիմնադրվել է 1974թ. եւ այդ ժամանակվանից ի վեր 88 միլիոն ԱՄՆ դոլարի ֆինանսավորում ու ապահովագրություն է ապահովել Հայաստանի հետ կապված 14 ծրագրերի շրջանակում, որոնք ուղղված էին մի շարք ոլորտների, այդ թվում՝ զբոսաշրջության եւ ֆինանսական ծառայությունների ոլորտներին: Այս պահին Կովկասում OPIC-ի ներդրումների ընդհանուր գումարը կազմում է շուրջ 168 միլիոն ԱՄՆ դոլար:

Երեւանում պ-ն Բոհիգյանը նաեւ հանդիպեց Հայ-ամերիկյան առեւտրային պալատի խորհրդի անդամներին, Ինովացիոն լուծումների եւ տեխնոլոգիաների կենտրոնի (հանրային-մասնավոր գործընկերություն ԱՄՆ ՄԶԳ-ի եւ IBM-ի միջեւ) ներկայացուցիչներին եւ OPIC-ի օգնությամբ միջին ու ցածր եկամուտների տեր վարկառուներին հիփոթեքային վարկեր ստանալու հնարավորություն ընձեռած Առաջին հիփոթեքային ընկերության շահառուներին:

OPIC-ը ամերիկյան պետական ֆինանսական հաստատություն է, որն աջակցում է զարգացմանը: Ազգային անվտանգության իր ռազմավարությամբ նախագահ Թրամփը շեշտեց զարգացման ֆինանսավորման հարցում ԱՄՆ կառավարության մոտեցումների արդիականացման կարեւորությունը՝ օգնելու մեր գործընկերների աճին, խթանելու տնտեսական գործընկերությունները եւ մեծացնելու ներդրումներն այն տարածաշրջաններում, որոնք ամերիկյան շահերի տեսանկյունից կարեւորվում են:

News.am

Թողնել պատասխան

Your email address will not be published.

fourteen − 13 =