Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետ ընտրվելու կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի Հանրապետության վարչապետ Էդուար Ֆիլիպը:
«Հայաստանի Հանրապետության վարչապետ ընտրվելու առիթով Ձեզ եմ ուղղում շնորհավորանքներս եւ հաջողության լավագույն մաղթանքներս:
Ֆրանսիան եւ Հայաստանն ունեն առանձնահատուկ հագեցած երկկողմ փոխհարաբերություններ՝ հիմնված պատմական վաղեմի կապերի եւ առկա քաղաքական առանձնաշնորհյալ հարաբերությունների վրա, ինչը դրսեւորվում է մեր երկրների կառավարությունների, խորհրդարանների, տեղական ինքնակառավարման մարմինների եւ քաղաքացիական հասարակությունների մակարդակով:
Այսօր, առավել քան երբեւէ, Ֆրանսիան Հայաստանի կողքին է իրավական պետության եւ բարեփոխումների կոնսոլիդացման ճանապարհին նրան ուղեկցելու համար:
Ինչպես գիտեք, Մինսկի խմբում Ֆրանսիան հանձնառու է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խաղաղ եւ բանակցված անհրաժեշտ լուծում գտնելու գործընթացին: Ֆրանսիան կշարունակի հանգուցալուծման հասնելուն ուղղված ջանքերը:
Եվրամիության հետ վերջերս ստորագրված Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, որի բանակցություններին իր գործուն մասնակցությունն է ցուցաբերել Ֆրանսիան, նոր դինամիկա է բերում, որը, հուսով եմ, կարտահայտվի մեր երկու երկրների միջեւ ներդրումների եւ առեւտրատնտեսական հարաբերությունների վերելքով:
Սույն թվականի հոկտեմբերի 11-12-ը Երեւանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը եզակի հնարավորություն է ընձեռում՝ մեր երկու երկրների միջեւ կապերը խորացնելու եւ Հայաստանում ֆրանսերեն լեզուն ամրապնդելու համար, մասնավորապես՝ Հայաստանում ֆրանսիական համալսարանը եւ Անատոլ Ֆրանսի անվան ֆրանսիական դպրոցը վերատեղայնացնելու, ինչպես նաեւ Շառլ Ազնավուր կենտրոնը ավարտին հասցնելու միջոցով, որը կոչում ունի դառնալու Երեւանոմ ֆրանսիական մշակույթի ցուցափեղկը: Ֆրանսիան կլինի Հայաստանի կողքին ապահովելու համար գագաթնաժողովի հաջողության իր բաժին մասնակցությունը»,-ասված է Ֆրանսիայի վարչապետի շնորհավորական ուղերձում:
News.am