Թուրքիայի անսպասելի պատասխանը Հայաստանի նոր վարչապետին

Թուրքիայի վարչապետ Բենալիմ Յըլդըրըմը նախօրեին աձագանքել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ նա արել էր Ստեփանակերտ այցի եւ մամուլի ասուլիսի ընթացքում, խոսելով հայ-թուրքական հարաբերության մասին: Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ Թուրքիայի հետ հարաբերության բացակայության պատճառը Հայաստանը չէ եւ Հայաստանը միշտ պատրաստ է առանց նախապայմանի բարելավել եւ կարգավորել հարաբերությունը:
Երեւանի այդ դիրքորոշումը նոր չէ եւ Նիկոլ Փաշինյանը փաստացի վերահաստատում է Հայաստանի այդ մոտեցման շարունակությունը իր պաշտոնավարման շրջանում:
«Իհարկե եթե Հայաստանը փոխի տարիներ ի վեր Թուրքիայի հանդեպ ունեցած թշնամական դիրքորոշումը, հրաժարվի Թուրքիայի տարածքային ամբողջականության ու սահմանների նկատմամբ ունեցած նկրտումներից, ամեն ինչից հրաժարվի, ցանկանա նոր էջ բացել, ապա մենք կուսումնասիրենք մանրամասներն ու դրան անհրաժեշտ պատասխան կտանք: Մենք ոչ ոքի, մասնավորապես մեր հարևանների հետ չենք ցանկանում թշնամության մեջ լինել: Եթե այսպիսի մոտեցում լինի, կքննարկենք այն մեր պետության շահերի շրջանակում», հայտարարել է Թուրքիայի վարչապետ Յըլդրըմը:
Նրա հայտարարությունն իհարկե հակասական է: Մի կողմից նա փորձում է հարաբերության բացակայության, Թուրքիայի վերաբերմունքի պատասխանատվությունը դնել Հայաստանի վրա, ինչն անշուշտ այդպես չէ, մյուս կողմից սակայն նրա հայտարարության մեջ նկատելի է մի էական հանգամանք:
Թուրքիայի վարչապետը խոսում է Թուրքիայի տրածքային ամբողջության եւ սահմանների մասով Հայաստանի վերապահումների մասին, ինչը հասկանալիորեն առնչվում է ցեղասպանության ճանաչման խնդրին, պահանջատիրությանը, Թուրքիայի սահմանները չճանաչելուն:
Իհարկե այստեղ Յըլդըրըմը նենգափոխում է իրողությունները, քանի որ Հայաստանը Թուրքիայի նկատմամբ չի ներկայացրել որեւէ տրածքային պահանջ եւ նույնիսկ հայտարարել է, որ չունի այդպիսի մտադրություն եւ իրավական հիմք: Մյուս կողմից, սակայն, Անկարան իհարկե լավ է հասկանում հայկական հարցի նրբությունն ու խորությունը, ըստ այդմ աշխարհաքաղաքական իրավիճակի փոփոխության պայմաններում նաեւ այդ մասով իրավիճակի փոփոխության հնարավորությունը: Առավել եւս, որ Հայաստանը չի ճանաչել Թուրքիայի ներկայիս սահմանը:
Մյուս կողմից, Հայաստանը պատրաստվում էր անել դա հայ-թուրքական ֆուտբոլային դիվանագիտության գործընթացում, եթե Թուրքիան գնար մինչեւ վերջ եւ կարգավորեր հարաբերությունն ու բացեր հայ-թուրքական սահմանը: Սահմանների փոխադարձ ճանաչումը առկա էր արձանագրություններում: Բայց Անկարան դնում էր Արցախի նախապայմանը՝ Ադրբեջանի հայտնի պահանջների կատարում:
Յըլդըրըմի ներկայիս հայտարարությունը խիստ ուշագրավ է այդ համատեքստում: Նա կարծես թե չի խոսում Արցախի հարցում նախապայմանի մասին, չի ասում, որ Թուրքիան կկարգավորի Հայաստանի հետ հարաբերությունը, եթե Հայաստանը զիջման գնա Արցախի խնդրում:
Բավարա՞ր է Յըլդըրըմի մեկ հայտարարությունը եզրակացնելու համար, որ այստեղ կա փոփոխություն եւ կարեւոր փոփոխություն: Թե՞ պետք է սպասել, թե ինչ կարծիքի է «սուլթանը»՝ նախագահի արտահերթ ընտրություն նշանակած եւ դրան գնացող Էրդողանը, որի խոսքն է վերջինն ու կարեւորը:
Մյուս կողմից, արդյոք Թուրքիան հենց այդ պատճառով չի կարող համենայն դեպս դրական ազդակներ թողնել հայ-թուրքական կարգավորման ուղղությամբ, փորձելով իմիտացնել քաղաքաանության փոփոխություն եւ դա խաղարկել միջազգային կենտրոնների, Արեւմուտքի հետ հարաբերությունում՝ որպես արտահերթ ընտրության գործընթացում միջազգային քիչ թե շատ դրական տրամադրվածություն ապահովելու քայլ:
Ի վերջո, հայկական հարցը ավելի ու ավելի հնչեղ տեղ է զբաղեցնում Թուրքիային ներկայացվող պահանջներում: Չի բացառվում նաեւ, որ Անկարան այդպիսով փորձում է խաղալ Ռուսաստանի հետ, որի համար եւս հայ-թուրքական թեման խիստ զգայուն է, եւ հարաբերության կարգավորումն ու սահմանների բացումը կարող է ունենալ ինչպես դրական, այդպես էլ ռիսկային քաղաքական ու տնտեսական հեռանկարներ:
Իհարկե այլ հարց է, թե արդյոք միայն Արցախի խնդրի նախապայմանից հրաժարվելը ենթադրում է առանց նախապայմանի հարաբերություն, որովհետեւ Յըլդըրըմը փաստորեն դնում է հայկական հարցից հրաժարվելու նախապայման, ինչը Հայաստանի համար կլինի լրջագույն քաղաքական սխալ:
Անշուշտ վաղ է Յըլդըրըմի հայտարարությունից անել հեռուն գնացող հետեւություն, սակայն այդ իմաստով ուշագրավ է Սերժ Սարգսյանի հայտարարությունը Մյունխենի անվտանգության Վեհաժողովում ունեցած ելույթում: Հայտարարելով հայ-թուրքական արձանագրությունները չեղարկելու որոշման մասին, Սարգսյանը նաեւ հայտարարեց, որ նոր պայմաններում պետք է բնակցվի արդեն նոր բովանդակությամբ փաստաթուղթ:
Իսկ պայմաններն արդեն նոր են ոչ միայն արագ փոխվող աշխարհքաղաքականության, այլ նաեւ անմիջապես Հայաստանի իրավիճակի մասով: Երեւանը ներկայում համաշխարհային նյուզմեյքեր է եւ բարեբախտաբար ոչ թե պատերազի կամ ֆուտբոլային հին բովանդակության, այլ երկրում համաժողովրդական վերափոխումների բացառիկ բնույթի շնորհիվ: Պատրա՞ստ է Թուրքիան այդ պայմաններում Հայաստանի հետ նոր բանակցության եւ «նյուզմեյքերական» այդ բացառիկ դրական առիթից նաեւ իր օգտվելուն:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան

Lragir.am

Թողնել պատասխան

Your email address will not be published.

3 × four =