Ռադիկ Խամոյան. «Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան պետության) անկախության «դե ֆակտո» ճանաչման 98-րդ տարեդարձի եւ Արեւմտյան Հայաստանի հայերի պաշտպանական ուժերի ձեւավորման կապակցությամբ»

Հարգելի ընկերներ, այսօր համախմբվել ենք  նշելու Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան պետության) անկախության դե ֆակտո ճանաչման 98-րդ (19.01.1920 թ.), Սարդարապատի Հերոսամարտի, Հայաստանի Հանրապետութեան հռչակման 100-րդ տարեդարձները եւ մեծարելու հայ ազատարար զինվորին:

 Հայկական պահանջների ու իրավունքների խնդիրները ներկայացվել, քննարկվել եւ դրանց վերաբերյալ որոշումներ ընդունվել են Փարիզի Խաղաղության վեհաժողովում, այդ թվում՝ Հայաստան պետության «դե ֆակտո» եւ «դե յուրե» ճանաչումների վերաբերյալ: Այս տարի նշում ենք այդ որոշումների ընդունման, ինչպես նաեւ Հայաստան պետության անկախության ճանաչման 98-ամյակը: Այդ որոշումները տեղ են գտել նաեւ Սեւրի Խաղաղության պայմանագրում եւ ԱՄՆ 28-րդ Նախագահ Վուդրո Վիլսոնի կայացրած Իրավարար վճռում:

Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից հետո պատերազմում հաղթած պետությունները՝ պարտված պետությունների հետ խաղաղության պայմանագիր մշակելու եւ կնքելու նպատակով հրավիրեցին Փարիզի Խաղաղության վեհաժողովը, որն ընդհատումներով տեղի ունեցավ 1919 թ. հունվարի 18-ից մինչեւ 1920 թ. հունվարի 21-ը: Վեհաժողովին մասնակցում էին Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Իտալիայի, Ճապոնիայի, Բելգիայի, Հունաստանի, Սերբերի, հորվաթների եւ սլովենների թագավորության, Ռումինիայի, Հեջազի եւ մյուս դաշնակից պետությունների ներկայացուցիչներ։ Խաղաղության հիմնական պայմանները ձեւակերպում Էին Ֆրանսիայի վարչապետ Կլեմանսոն, Մեծ Բրիտանիայի վարչապետ Լլոյդ Ջորջը եւ ԱՄՆ-ի նախագահ Վուդրո Վիլսոնը։

1919 թվականի փետրվարին Փարիզում գտնվող հայկական երկու պատվիրակությունները՝ Արեւմտյան Հայաստանի հայերի կողմից Հայկական Ազգային պատվիրակությունը Պողոս Նուբարի գլխավորությամբ եւ Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը Ավետիս Ահարոնյանի, ներկայացան դաշնակիցներին՝ խնդրելով ճանաչել հայերի ազգային պահանջները։ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ս․ Պիշոնը հայ պատվիրակներին առաջարկեց հուշագիր պատրաստել։ 1919 թվականի փետրվարի 12-ին ներկայացվեց «Հայկական պահանջների հուշագիր» հետեւյալ բովանդակությամբ: Հայկական անկախ պետության ճանաչում՝ Արեւմտյան Հայաստանի 7 նահանգների, Կիլիկիայի եւ Հայաստանի Հանրապետության տարածքներով։

1920 թվականի հունվարի 19-ին վեհաժողով հրավիրվեցին հայկական երկու պատվիրակությունների ղեկավարները՝ Պողոս Նուբարը եւ Ավետիս Ահարոնյանը, որտեղ նրանց տեղեկացրին, որ Փարիզի Խաղաղության վեհաժողովը «դե ֆակտո» ճանաչում է հայկական պետության անկախությունը: Անկախության ճանաչումը ձեւակերպված էր այսպես.

1) Դաշնակիցների Գերագույն Խորհուրդը հայտարարությամբ տեղեկացնում է, որ ճանաչում է Հայկական պետության կառավարությունը, որպես փաստացի կառավարություն,

2) որոշված է, որ ճանաչումը չի կանխորոշում Հայկական պետության սահմանների հարցը:

Հայկական պահանջների եւ իրավունքների մասով 1920 թ. ընթացքում՝ Փարիզի Խաղաղության վեհաժողովում եւ Սան Ռեմոյի Կոնֆերանսում (Հաղթող տերությունների Գերագույն խորհրդի նիստը 1920 թ. ապրիլի 19-26-ը) ընդունվեցին որոշումներ, որոնք հետագայում տեղ գտան ինչպես Սեւրի Խաղաղության պայմանագրում, այնպես էլ ԱՄՆ 28-րդ Նախագահ Վուդրո Վիլսոնի կայացրած Իրավարար վճռում եւ այլ որոշումներում, որպես Հայաստան պետության վերաբերյալ կայացված որոշումներ, այդ թվում՝ Դաշնակից Տերությունների Գերագույն Խորհրդի կողմից Հայաստան պետության «դե յուրե» ճանաչումը 1920 թ. մայիս 11-ին:

Իսկ արդեն մեր ժամանակներում, ՄԱԿ-ի «Բնիկ ժողովուրդների իրավունքների մասին» Հռչակագրի սկզբունքների եւ նորմերի համաձայն, ընդունված 13.09.2007 թ., ձեւավորվել է Արեւմտյան Հայաստանի հայերի ինքնության ու քաղաքացիության համակարգը:

Հետագա աշխատանքների եւ ընդունված իրավական քաղաքական որոշումների ու հռչակագրերի հիման վրա ձեւավորվել են Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան) պետականության հիմքերը.

2011 թ. փետրվարի 4-ին սկսվել է Արեւմտյան Հայաստանի Կառավարության ձեւավորման գործընթացը:

Արեւմտյան Հայաստանի Հանրապետության պետական կառույցի օրենսդրական փաթեթի՝ հռչակագրերի, օրենքների, որոշումների ու հրամանագրերի ընդունման գործընթացի տրամաբանական շարունակությունը «Արեւմտեան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) ձեւաւորման մասին» հռչակագրի ընդունումն է (24.05.2013):

2013 թվականի նոյեմբերի 22-ից մինչեւ դեկտեմբերի 1-ը՝ ամբողջ աշխարհում բնակվող Արեւմտյան Հայաստանի քաղաքացիները, առաջին անգամ, իրականացրել են Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) պատգամավորների ընտրություններ,  մասնակցեցին 17.834 ընտրող, որոնք ընտրեցին Խորհրդարանի 64 պատգամավոր::

Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) 1-ին գումարման պատգամավորների մանդատների հաստատումը, խորհրդարանի 1-ին գումարման 1-ին նստաշրջանի անցկացումը եւ խորհրդարանի ձեւավորումը տեղի է ունեցել 2014 թ. հունվարի 18-20-ը:

2014 թ. հունվարի 20ին խորհրդարանը ընտրել է նախագահ, նախագահը խորհրդարանի հաստատմանն է ներկայացրել վարչապետի թեկնածությունը, վարչապետը ձեռնարկել է կառավարության ձեւավորումը:

Այսպես ամբողջացել է Արեւմտեան Հայաստանի Հանրապետության պետական համակարգի ձեւավորումը:

Այսօր իրավաչափ եւ օրինական է այն կառավարությունը եւ այն պետական համակարգը, որի պատասխանատուներն են՝ նախագահ Ռադիկ Խամոյանը, վարչապետ Տիգրան Փաշաբեզյանը, խորհրդարանի նախագահ Արմեն Տեր-Սարգսյանը:

Կարեւորում ենք նաեւ այն որոշումները, որոնք վերաբերում են Արեւմտյան Հայաստանի հայերի պաշտպանական ուժերին: Դրանք հիմնված են`

ՄԱԿ-ի Կանոնադրության 51-րդ հոդվածի՝ «Անհատական եւ հավաքական ինքնապաշտպանության իրավունքի» մասին, ընդունված 26 հունիսի 1945 թ.,

Արեւմտյան Հայաստանի հայերի Մշտական, զինյալ, դրական չեզոքության մասին որոշման վրա, ընդունված 03.2011 թ.,

Արեւմտյան Հայաստանի հայերի ինքնապաշտպանության ուժերի ստեղծման մասին հրամանագրի վրա, ընդունված 12.2012 թ.,

ՄԱԿ–ի Անվտանգության Խորհրդին, ՄԱԿ–ի անդամ պետություններին, Սեւրի Խաղաղության դաշնագիրը ստորագրած պետություններին ուղղված դիմումի, «Մերձավոր Արեւելքի հայության ինքնապաշտպանության ուժեր կազմավորելու մասին» որոշման վրա, ընդունված 04.2014 թ.,

Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Անվտանգության Խորհրդի «Արեւմտյան Հայաստանի հայերի Պաշտպանության ուժերը կազմավորելու վերաբերյալ» որոշման վրա, ընդունված 08.01.2018 թ.՝

Որպես ամփոփում մնում է ավելացնել, որ Մերձավոր Արեւելքում կայուն խաղաղություն հաստատելու պայմաններից են, ինչպես Սեւրի Խաղաղության պայմանագրի եւ ԱՄՆ 28-րդ Նախագահ Վուդրո Վիլսոնի Իրավարար վճռի պահանջների իրագործումը, այնպես էլ Հայաստան պետության վերաբերյալ կայացված բոլոր այլ որոշումների իրականացումը կյանքում:

 

Ռադիկ Խամոյան

Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Նախագահ

 19.01.2018 թ.

Թողնել պատասխան

Your email address will not be published.

2 × one =