Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողով: Վրեժ Քոսայան. «Արեւմտահայերենի ուսուցման եւ պահպանման հնարավորությունները Արեւմտյան Հայաստանըում եւ Թուրքիայի Հանրապետությունում»: Ելույթ

Հայոց ցեղասպանության հետեւանքով կորցրինք ոչ միայն 1,5 – 2 միլիոն մեր հայրենակիցների կյանքը, այլ նաեւ հայրենիքը, լեզուն։ Կորցրինք մեր մշակույթը եւ սովորույթները։ Ազգի ինքնության պահպանման ամենակարեւոր կռվաններից մեկը մայրենի լեզուն է։ Մայրենի լեզվի շնորհիվ է, որ ազգը կարողանում է պահպանել ինքնությունը եւ ազգին պատկանող բոլոր մնացյալ արժեքները՝ մշակույթը, սովորույթները, հավատքը եւ այլն:

Կորցնելով Արեւմտյան Հայաստանը, սփռվելով աշխարով մեկ՝ կորցրել ենք արեւմտահայերենի բնականոն զարգացման հնարավորությունը։

ՄԱԿ-ի կրթական, գիտական եւ մշակութային կազմակերպությունը (ՅՈՒՆԵՍԿՕ) 2010 թվականին արեւմտահայերենը ընդգրկել է վտանգված լեզուների ցանկում, ինչը նշանակում է, որ հայ երեխաները արդեն արեւմտահայերենը, որպես մայրենի լեզու դպրոցում չեն սովորում եւ գնալով արեւմտահայերենով խոսողների թիվը նվազում է։

Քանի որ արեւմտահայերեն խոսողները սփռված են աշխարհով մեկ եւ գտնվում են ոչ հայկական միջավայրում, բնականաբար, նման պայմաններում դժվար է պահպանել եւ մայրենին, եւ հայկական ինքնությունը։

Ներկայումս Կոստանդնապոլսում բնակվում է շուրջ 60 հազար հայ։ Համայնքն այնտեղ ունի 18 հայկական դպրոց, որտեղ նաեւ ուսուցանվում է արեւմտահայերենը, սակայն ոչ որպես մայրենի լեզու, այլ որպես երկրորդ լեզու։ Մնացած բոլոր առարկաները թուրքերենով են։ Կարելի է ասել, որ աշակերտներն արեւմտահայերենը սովորում են դպրոցներում, ընտանիքներում եւ առօրյա կյանքում քիչ են գործածում արեւմտահայերենը։ Դա էլ պատճառ է դառնում արեւմտահայերենի թուլացմանը հայության շրջանակներում։

Արեւմտյան Հայաստանում իսլամացած, քրդացած հայերի թիվը հասնում է 4-ից 5 միլիոնի։ Նրանց մի մասը տեղեկանալով իր արմատների մասին, վերադառնում է հայկական արմատներին, փոխում անուններն ու ազգանունները, իսկ ամենակարեւորը, ցանկանում է սովորել հայերեն։ Ունենք հնարավորություն նաեւ նրանց միջոցով պահպանել ու զարգացնել արեւմտահայերենը։

Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Կրթության նախարարությունն իր հնարավորությունների սահմաններում արդեն երկար ժամանակ է, ինչ աշխատում է օգնել հայրենակիցներին, կազմակերպել նրանց համար արեւմտահայերենի դասընթացներ։ Այսօր Դերսիմ, Տիգրանակերտ եւ Մուշ քաղաքներում իսլամացած/քրդացած հայերից կազմավորվել են համայնքներ։ Դերսիմում եւ Մուշում ժամանակ առ ժամանակ անցկացվում են արեւմտահայերենի դասընթացներ։

Մեր հնարավորությունները, սակայն, սահմանափակ են եւ օգնության կարիք ունենք։ Դժվարանում ենք գտնել արեւմտահայերենի մասնագետներ, որոնք կարող են դասավանդել լեզուն տեղում, կամ համացանցի միջոցով։

Հայաստանի Հանրապետության Սփյուռքի նախարարությունը, Կրթության եւ գիտության նախարարությունը, կրթամշակութային այլ հաստատություններ կարող են այս հարցում մեծ ներդրում ունենալ, ինչպես օրինակ՝ պատրաստելով կամ վերապաստրաստելով արեւմտահայերենի մասնագետներ եւ ուսուցիչներ, հրավիրելով կամավորներ Արեւմտյան Հայաստանից, մարդկանց՝ ովքեր ցանկություն ունեն սովորել եւ վերադառնալ Արեւմտյան Հայաստան ու այնտեղ սովորեցնել ուրիշների։ Այս եղանակով հայրենակիցները հնարավորություն կունենան սովորել մայրենին, որն իր հերթին նրանց համար լայնորեն կբացի դռները հայկական աշխարհում։

Վրեժ Քոսայան,

Արեւմտյան Հայաստանի Հանրապոտության կրթության նախարար

Երեւան,

18.09.2017թ.

 

ՀայաստանՍփյուռք 6-րդ համաժողով

IV ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆ – ՀԱՅԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ ,

4.1  Մայրենի լեզուն և դպրոցը հայ ինքնության կռվան

Թողնել պատասխան

Your email address will not be published.

twenty − fourteen =