ԱՀՀ Վարչապետ Տ. Փաշաբեզյանի զեկույցը 3-րդ նստաշրջանում

Արեւմտյան Հայաստանի Հանրապետության

Վարչապետ Տիգրան Փաշաբեզյանի ելույթը

Խորհրդարանի 3-րդ նստաշրջանում

 

2015 թվականը բոլոր իմաստներով հագեցած տարի էր Արեւմտյան Հայաստանի Հանրապետության պետական կառույցների գործունեության համար:

Բավական է ասել, որ տարին սկսվեց Ֆրանսիայում ու Շվեյցարիայում իրականացված եւ Արեւմտյան Հայաստանին նվիրված Միջազգային համաժողովներով, ՄԱԿ-ի Բնիկ ժողովուրդների փորձագիտական մեխանիզմի նստաշրջանին մասնակցությամբ ու ելույթով, Արեւմտյան Հայաստան այցելություններով ու հանդիպումներով, Համահայկական 6-րդ խաղերին մասնակցությամբ եւ ամփոփվեց Արցախ աշխարհում տեղի ունեցած կարեւոր նշանակության հանդիպումներով ու միջոցառումով:

Քանի որ այս ամենի վերաբերյալ առավել մանրամասն իրենց ելույթներում արդեն խոսել են Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Նախագահ Արմենակ Աբրահամյանը, Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի Նախագահ Արմեն Տեր-Սարգսյանը, ինչպես նաեւ նստաշրջանում ելույթ ունեցած պատգամավորները, ապա մենք անդրադառնանք մի քանի կարեւոր այլ թեմաների:

1.

2015 թ. մեզ համար կարեւոր էր այն իմաստով, որ ԱՀՀ պետական կառույցները լիովին բացահայտեցին համագործակցության հնարավորությունները եւ հաստատեցին իրենց կենսունակությունը, ամրությունը, իրավաչափության ուժականությունը, ռազմավարական ծրագրային հենքի ճշմարտացիությունը եւ դրան հետեւելու արդարացիությունը…

Գաղտնիք չէ, որ 2011-2015 թթ. ԱՀՀ պետական կառույցների պատասխանատուների համար ծանրաբեռնված տարիներ էին Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքների իրավական – քաղաքական հիմքերը մշակելու, ձեւավորելու ու ամփոփելու, ինչպես նաեւ վերջնական տեսքի բերելու իմաստով:

Այդ աշխատանքը առաջին անգամ 2014 թ. հոկտեմբերին հրատարակվեց, որպես «Արեւմտյան Հայաստանի հայերի եւ Արեւմտյան Հայաստանի իրավունքների պաշտպանության իրավական–քաղաքական միասնական փաթեթ» ժողովածու:

Կարծում ենք, որ այս աշխատանքը մեր ամենակարեւոր ձեռքբերումներից մեկն է եւ, անշուշտ, արժեր որ դրա համար այդքան ջանք, ներուժ ու ժամանակ տրամադրվեր:

Եվ քանի որ ժողովածուն իրականում կենսագործունեության մեծ ներուժ ունի, ուստի զարմանալի չէ, որ անհրաժեշտություն առաջացավ այն կրկին խմբագրելու, լրացումներ կատարելու ու վերստին հրատարակելու՝ հայերեն, ռուսերեն, ֆրանսերեն եւ անգլերեն լեզուներով: Այսօր ձեր սեղանին են դրանց հայերեն եւ ռուսերեն օրինակները, 2016 թ. սկզբին կհրատարակվեն ֆրանսերեն եւ անգլերեն օրինակները: Այսինքն՝ այն լեզուներով, որոնք միջպետական եւ միջխորհրդարանական կապերի հաստատման ու ամրապնդման իմաստով չափազանց կարեւոր են մեր աշխատանքների համար:

Հետագայում ժողովածուն հրատարակվելու է այլ լեզուներով եւ շարունակելու է ծառայել, որպես Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքների պաշտպանության ու հաստատման ազգային – պետական ծրագիր, ուղենիշ, դասագիրք:

 

Մյուս կարեւոր ձեռքբերումը ԱՀՀ Սահմանադրության նախագծի պատրաստումն է եւ առաջին ընթերցմամբ դրա ընդունումը 3-րդ նստաշրջանի կողմից:

Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքների պաշտպանության իրավական քաղաքական այս գործընթացը անշրջելի բնույթ ունի, որտեղ բոլորի համար գնալով ավելի հասկանալի է դառնում այն պարզ ճշմարտությունը, որ Հայկական Հարցի բանալին ու առանցքը Արեւմտյան Հայաստանն է:

 

Երկրորդ խնդիրը տարածաշրջանային զարգացումների նոր իրողությունն է ու դրա սրնթաց զարգացող ժամանակացույցը:

Բնականաբար այստեղ առաջնայինը մեր հայրենակիցների պաշտպանության եւ ՀՀ-ի ու Արցախի անվտանգության խնդիրներն են:

Մարտահրավերներին դիմակայելու հրամայականից բխած «Ինչ անել» հարցի պատասխանը ժամանակին հնչել է՝ որպես Մշտական, զինված, դրական չեզոքության ռազմավարություն:

Հաշվի է առնվել երկու հանգամանք, ինչի վերաբերյալ երկար ժամանակ է ինչ բարձրաձայնում ենք: Այն է՝ անցյալի պատմական փորձառությունը եւ պաշտպանության կազմակերպման իրավաչափությունը, այսինքն վերջինիս համարժեք լինելը միջազգային եւ ներպետական իրավունքի նորմերին ու սկզբունքներին:

Այս հարցում ունենք երեք փաստաթուղթ.

-«Չեզոք պետությունների եւ անձանց իրավունքների եւ պարտավորությունների մասին ցամաքային պատերազմի դեպքում» Կոնվենցիան, (Հաագա, 18 հոկտեմբերի 1907 թ.),

-«Արեւմտյան Հայաստանի հայերի եւ Արեւմտյան Հայաստանի Մշտական, Զինված, Դրական Չեզոքության մասին» Որոշումը, 29 մարտ 2011 թ.,

-«Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհրդի նախագահի հրամանագիրը հայերի ինքնապաշտպանության ուժեր ստեղծելու մասին», 26 դեկտեմբեր 2012 թ.:

Համոզված ենք, որ պետք է հավատարիմ մնալ այս որոշումների տառին ու ոգուն եւ մեր հայրենակիցների պաշտպանությունը կազմակերպել դրանց իրավաչափության սկզբունքների ու նորմերի համաձայն, այդ ամենին հավելելով ժամանակի հրամայականով թելադրված «Ժողովրդական դիվանագիտության ու ժողովրդական պաշտպանության» տարրերը:

Եթե այս թեմայով հավելյալ բացատրությունների կարիք զգացվի, առաջիկայում հանդես կգանք հատուկ պարզաբանումներով:

3.

Երրորդ կարեւոր խնդիրը 2016 թ. աշխատանքային ծրագրերի նախապատրաստումն է, ըստ ԱՀՀ պետական բյուջեյի եւ ծրագրերի առաջնահերթությունների:

ԱՀՀ պետական բյուջեյի ծրագրային հոդվածները պատրաստելիս պետք է հաշվի առնել՝ դիվանագիտական, իրավական, օրենսդրական, պաշտպանական, քարոզչական, ֆինանսատնտեսական, մշակութային, կրթական, մարզական ուղղությունները եւ, ըստ այդմ, արագընթաց պատրաստել ու ԱՀՀ Նախագահին եւ Խորհրդարանին ներկայացնել համապատասխան նախագծերը:

Միաժամանակ ցանկանում ենք վստահեցնել, որ ԱՀՀ Կառավարությունը ուշադրության կենտրոնում է պահելու եւ արագ արձագանքելու է տարածաշրջանային ռազմա-քաղաքական այն զարգացումներին, որոնք վերաբերելու են մեր հայրենակիցների ու Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքների պաշտպանության հարցերին, մշտապես փորձելով այդ հարցերի վրա հրավիրել ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի, ՄԱԿ-ի առաջատար պետությունների եւ Սեւրի դաշնագիրը ստորագրած պետությունների ուշադրությունն ու համագործակցությունը:

 

Խորհրդարանին խնդրում ենք հասատել 2016 թ. ԱՀՀ Կառավարության աշխատանքների ներկայացված ծրագիրը:

Շնորհակալություն ուշադրության համար:

Ուրախ եմ, որ միասին ենք, մեր միասնական աշխատանքներին մաղթում եմ հաջողություն:

Ընդունեք Նոր Տարվա եւ Սուրբ Ծնունդի շնորհավորանքները:

Համոզված եմ, որ հաղթանակը մերն է լինելու:

 

Տիգրան Փաշաբեզյան

Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Վարչապետ

27.12.2015 թ.

Թողնել պատասխան

Your email address will not be published.

1 × one =