Կիլիկիայի Հայերի Ազգային Խորհրդի Հռչակագիրը

Կիլիկիայի Հայերի Ազգային Խորհրդի Հռչակագիրը

 Նախաբան

Դեռեւս Հայկեան Արամի իշխանութեան տարիներին Կիլիկիայի հիւսիսային հատուածը մտնում էր Հայքի Կազմի մէջ:

Մ. թ. այ. 1-ին դարում Սելեւկեան թագաւորութեան աւագանին Հայոց արքայից արքայ Տիգրան Մեծին հրաւիրեց զբաղեցնելու Անտիոքի գահը, որին պատկանում էր նաեւ Դաշտային Կիլիկիան:

395 թ.-ին Հռոմէական կայսրութեան բաժանումից յետոյ, Կիլիկիան ընդգրկուեց Արեւելեան Հռոմէական կայսրութեան (Բիւզանդիայ) կազմում, որից յետոյ մի շարք հայկական ազնուական տոհմերի ներկայացուցիչներ տեղափոխուեցին Բիւզանդիայ` զբաղեցնելով այնտեղ բարձր զինուորական եւ պալատական պաշտօններ:

7-րդ դարում Կիլիկիան ընկաւ արաբական իշխանութեան տակ եւ մտաւ Ռաշիդեան խալիֆայութեան կազմի մէջ, սակայն 965 թ.-ին Բիւզանդիայի հայկական-մակեդոնական արքայատոհմի ներկայացուցիչների ջանքերով ազատագրուեց, որին հետեւեց հայերի նոր տեղափոխութիւնը դէպի Կիլիկիայ:

Մեծ Հայքի նուաճումը սելջուկ-թուրքերի կողմից առաջ բերեց մի քանի նոր, հզօր գաղթերի ալիք դէպի Կիլիկիայ խնդիր ունենալով վերականգնելու հայկական պետականութիւնը հայկական աշխարհի վերջին հողակտորում` Կիլիկիայում:

1080 թ.-ին Ռուբեն իշխանը համախմբեց հայազգի իշխաններին եւ  դրեց Կիլիկիայի Հայկական իշխանապետութեան հիմքերը:

1198 թուականի յունուարի 6-ին` Սուրբ Ծննդեան օրը Կիլիկիայի իշխան Լեւոն 2-րդը Գերմանական ազգի Հռոմէական Սրբազան Կայսրութեան կայսր Ֆրիդրիխ 1-ին Շիկամօրուսի (Բարբարոսսայ), Ֆրանսիայի թագաւոր Ֆիլիպ 2-րդ Օգոստոսի, Անգլիայի թագաւոր Ռիչարդ 1-ին Առիւծասիրտի, ինչպէս նաեւ Հռոմի Պապ Ցելեստին 3-րդի եւ Բիւզանդիայի կայսր Ալեքսիոս 3-րդի համաձայնութեամբ հռչակուեց որպէս Հայոց թագաւոր Լեւոն 1-ին:

Միջազգային հանրութեան կողմից բոլոր օրէնքներով ճանաչուած (պետութեան ճանաչումը զարմանալիօրէն անթերի է դիտւում նոյնիսկ այսօրուայ գործող միջազգային իրաւունքի տեսակէտից): Կիլիկեան Հայաստանի պետականութիւնը վերացուել է 1375 թ.-ին արտաքին ագրեսիայի արդիւնքում` երբ հարեւան Եգիպտոսի (մամլուքների) Սուլթանութիւնը օգտուելով իր համար նպաստաւոր միջազգային քաղաքական իրադրութիւնից (մասնաւորապէս` անգլո-ֆրանսիական 100-ամեայ պատերազմ) բռնի ներխուժեց եւ օկուպացրեց երկրի տարածքը` վերացնելով անկախ պետականութիւնը:

Սրան հետեւել է մի քանի փուլերով շարունակական արտագաղթը դէպի Կիպրոս, Յունասատան, Իտալիայ, Ֆրանսիայ եւ այլ երկրներ, որտեղից էլ աշխարհի այլ երկրներ: Արտագաղթի վերջին մեծ ալիքը գրանցուել է Հայոց Մեծ Եղեռնի հետեւանքում:

Այնուամենայնիւ այսօր Կիլիկեան Հայաստանում շարունակում են բնակուել մեծ թուով բացայայտ եւ ծպտեալ հայեր, որոնց, ինչպէս նաեւ աշխարհասփիւռ կիլիկիահայերի իրաւունքն է վերականգնել ներքօշարադրեալ յօդուածներում առկայ դրոյթները:

Յօդուած 1. Կիլիկիայի հայերը ինչպէս Կիլիկիայում, այնպէս էլ Արեւմտեան Հայաստանում եւ տարածաշրջանում բնիկներ եւ ըստ այդմ օգտւում են բնիկներին վերապահուած միջազգային եւ ներպետական բոլոր իրաւուքններից, այդ թւում Մակ-ի 2007 թ. սեպտեմբերի 13-ի Բնիկ ժողովուրդների մասին հռչակագրի դրոյթներից ու սկզբունքներից,

Յօդուած 2. Կիլիկիայի հայերը ինչպէս Կիլիկիայում եւ տարածաշրջանում որպէս բնիկ ժողովուրդ, ունեն պատմական, ծագումնաբանական, մշակութային, քաղաքակրթական, պետականաստեղծ անժխտելի, անբեկանելի եւ անժամանցելի իրաւունքներ Կիլիկիայի նկատմամբ, այդ թւում 1920 թ. օգոստոսի 4-ի Կիլիկիայի Անկախութեան հռչակման հետ կապուած,

Յօդուած 3. Կիլիկիայի հայերը Կիլիկիայում եւ տարածաշրջանում որպէս բնիկ ժողովուրդ, ունեն պատմական, ծագումնաբանական, մշակութային, քաղաքակրթական, պետականաստեղծ անժխտելի, անբեկանելի եւ անժամանցելի իրաւունքներ Կիլիկիայի նկատմամբ, այդ թւում Կիլիկիայի հայկական թագաւորութեան իրաւունքների հետ կապուած,

Յօդուած 4. Կիլիկիայի հայերը իրենց բնիկութեան տարածքի վրայ իրենց պետականութիւնը վերականգնելու իրաւունք ունեն` համապատասխան միջազգային եւ ներպետական իրաւունքի, ինչպէս նաեւ համապատասխան Արեւմտեան Հայաստանի հայերի իրաւունքների պաշտպանութեան իրաւական-քաղաքական միասնական փաթեթի, այդ թւում ընդունելով եւ վերահաստատելով Կիլիկիայի մշտական, զինուած դրական չէզոքութեան որոշումը:

Այս յօդուածները հիմնաւորուած են.

Հայկական Հարցի վերաբերեալ իրաւական-քաղաքական փաթեթով,

ըստ որի

Հայկական Հարցի սկզբնաւորումից` 1878-ից ի վեր, ճիշտ է այն արդարացի լուծման տակաւին չի յանգել, սակայն նոյն այդ գործընթացի արդիւնքում` Միջազգային ընկերակցութեան կամքից անկախ, ձեւաւորուել է Հայկական Հարցի արդարացի լուծման եւ Հայ-թուրքական յարաբերութիւնների խաղաղ, քաղաքակիրթ, արդիւնաւէտ եւ վերջնական կարգաւորման իրաւական-քաղաքական պատկառելի փաթեթ:

Նշենք դրանք.

-1878 թ. փետրուարի 19-ին (մարտի 3-ին) Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ ստորագրուած Սան Ստեֆանոյի պայմանագրի 16-րդ յօդուածում նշուած էր. «Նկատի ունենալով այն, որ ռուսական զօրքերի դուրս բերումը նրանց կողմից գրաւուած Հայաստանի` Թուրքիային վերադարձուելիք վայրերից կարող է առիթ տալ բախումների եւ բարդութիւնների, որոնք երկու պետութիւնների բարի յարաբերութիւնների վրայ կ’ունենան վնասակար ազդեցութիւն, Բարձր դուռը պարտաւորւում էր անյապաղ կենսագործել հայաբնակ մարզերի տեղական կարիքներից յարուցուող բարելաւումներ ու բարենորոգութիւններ, եւ ապահովել հայերի անվտանգութիւնը քրդերից ու չերքեզներից»:

Բարեփոխումների ընթացքը վերահսկելու էր Ռուսաստանը:

-1878 թ. յուլիսի 4-6-ը Բեռլինի կոնգրէսի (յունիսի 13 – յուլիսի 13) 61-րդ յօդուածով` «Բարձր դուռը, յանձն էր առնում հայաբնակ վայրերում անյապաղ իրագործել տեղական պահանջներից բխող բարեփոխումներ ու բարենորոգումներ եւ ապահովել հայերի անվտանգութիւնը քրդերից ու չերքեզներից: Այդ նպատակով ձեռնարկուած միջոցառումների մասին նա պարտաւոր էր պարբերաբար հաղորդել պետութիւններին, որոնք պէտք է հսկեն դրանց գործադրութիւնը»:

61-րդ յօդուածը Սան Ստեֆանոյի պայմանագրի 16-րդ յօդուածի հակադարձումն էր, բովանդակութեամբ ամբողջովին շրջուած տարբերակը, որով ժամանակի բրիտանական քաղաքական վերնախաւը, լորդ Շերբրուկի պատկերաւոր արտայայտութեամբ, Թուրքիայի քրիստոնեաների համար «Փակում­էր դժոխքից դուրս գալու ելքը»:

-1895 թ. մայիսին Կ. Պոլսում Մեծ Բրիտանիայի, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի դեսպանները թուրքական կառավարութեանը ներկայացրին «Մայիսեան բարենորոգումների» ծրագիրը, որով նախատեսւում էր դատական եւ այլ բարեփոխումներ իրականացնել Արեւմտեան Հայաստանի վեց վիլայեթներում` Էրզրում, Բիթլիս, Վան, Սեբաստիայ, Մամուրեթ ուլ Ազիզ, Դիարբեքիր: Բարենորոգումների ենթակայ էին նաեւ Օսմանեան կայսրութեան միւս հայաբնակ վայրերը, օրինակ` Հաճընը Ադանայի վիլայեթում, Զեյթունը` Հալեպի:

-Ռուսաստանի կառավարութիւնը տէրութիւններին ներկայացրեց հայկական բարենորոգումների իր նախագիծը, որը քննարկուեց Կ. Պոլսի դեսպանաժողովում, 1913-ի յուլիսի 3-ից 24-ը: Նախագիծը, որ կազմել էր ռուսական դեսպանութեան առաջին թարգման ԱՅ. Մանդելշտամը 1895-ի Մայիսեան բարենորոգումների ծրագրի եւ Կ. Պոլսի Հայոց պատրիարքարանի կազմած նախագծի հիման վրայ, առաջարկում էր հայկական վեց վիլայեթներից (Էրզրում, Վան, Բիթլիս, Դիարբեքիր, Խարբերդ, Սվազ) ստեղծել մի նահանգ: Ընդհանուր նահանգապետը պէտք է լինէր քրիստոնեայ օսմանեան հպատակ կամ, որ աւելի գերադասելի էր` եւրոպացի, որը նշանակւում էր 5 տարի ժամկէտով, մեծ տէրութիւնների համաձայնութեամբ: Պետութիւնների յանձնարարութեամբ Ընդհանուր տեսուչներ նշանակուեցին Վեստենենկը (Հոլանդիայ) եւ Հոֆը (Նորվեգիայ):

-1915 թ. հոկտեմբեր 27-ին Հայկական Կիլիկիայի ինքնավարութեան վերաբերեալ համաձայնութիւն կայացաւ Արեւմտեան Հայաստանի Ազգային Խորհրդի ներկայացուցիչ Պողոս Նուբար Փաշայի եւ Ֆրանսիայի Արտաքին գործերի նախարարութեան արեւելեան բաժնի պետ Ֆրանսուայ ժորժ Փիկոդի միջեւ:

-1918 թ. հոկտեմբերի 30-ին Դաշնակիցների եւ Թուրքիայի միջեւ Լեմնոս կղզու Մուդրոս նաւահանգստում կնքուած զինադադարի փաստաթղթում նշուած է.

16-րդ յօդուած. «Հեջասի, Ասիրի եւ Եմենի, Սիրիայի եւ Միջագետքի բոլոր կայազօրների յանձնումը դաշնակցային հրամանատարութեանը… Թուրքական զօրքերի դուրս բերումը Կիլիկիայից»:

24-րդ յօդուած. «Հայկական վիլայեթներից (որեւէ) մէկում անկարգութիւններ ծագելու դէպքում, դաշնակիցները իրենց վերապահում են նրա մի մասը գրաւելու իրաւունքը»:

-1919-ի սկզբին Փարիզում հրաւիրուեց Հայ ազգային համագումար: Համագումարի կարեւոր ձեռնարկներից մէկը եղաւ «Ամբողջական Հայաստանի պատուիրակութեան» ընտրութիւնը Պողոս Նուբարի ու Աւետիս Ահարոնեանի համանախագահութեամբ եւ նախապէս պատրաստուած ու 1919-ի փետրուարի 12-ին Փարիզի հաշտութեան վեհաժողովին ներկայացուած հայկական պահանջների համատեղ յուշագրի վաւերացումը, որը հիմնաւորում էր հայկական անկախ պետութեան ստեղծման անհրաժեշտութիւնը եւ ճշտում նրա տարածքը Արեւմտեան Հայաստանի եօթ վիլայեթների (ներառեալ Տրապիզոնը), Հայաստանի Հանրապետութեան եւ Կիլիկիայի միացմամբ:

Միացեալ պատուիրակութիւնը փետրուարի 26-ին ներկայացաւ Տասի խորհրդի նիստին` կրկնելով յուշագրի հիմնական պահանջները: Պատուիրակութեանն ընդունեց (1919-ի ապրիլի 17-ին) նաեւ ԱՄՆ նախագահ Վուդրոյ Վիլսոնը եւ հաւաստիացրեց, որ հնարաւոր ամէն ինչ կ’անի հայերի տարածքային պահանջները պաշտպանելու համար:

1920-ի յունուարի 19-ին Փարիզի վեհաժողովը դէ ֆակտոյ ճանաչեց Հայաստան պետութիւնը:

-1920 թ. օգոստոսի 4-ին յայտարարուեց Կիլիկիայի անկախութիւնը:

-1920 թ. ապրիլին կնքուեց Սեւրի դաշնագիրը, որի 88-93 վերաբերում է Հայաստանին, որտեղ Յօդուած 88-ում Թուրքիան յայտարարում է, որ ճանաչում է Հայաստանը, ինչպէս այդ բանն արդէն արել են Դաշնակից տէրութիւնները, որպէս ազատ եւ անկախ պետութիւն:

-1920 թ. նոյեմբերի 22-ին ԱՄՆ 28-րդ նախագահ Վուդրոյ Վիլսոնը կայացրեց իրաւարար վճիռ, որի ամբողջական անուանումն է` «Ամերիկայի Միացէալ Նահանգների նախագահի որոշումը Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ սահմանի, Հայաստանի դէպի ծով ելքի եւ հայկական սահմանին յարակից թուրքական տարածքի ապառազմականացման վերաբերեալ»:

Ցաւօք սրտի միջազգային ընկերակցութիւնը այդ պահին անտեսեց Կիլիկիայի հայերի իրաւունքները Կիլիկիայի նկատմամբ` այն է վերականգնել իրաւամբ Եւրոպական արժէքներ կրող Կիլիկեան Հայաստանի պետականութիւնը: Ի վերջոյ մարդկութեան պատմութեան մէջ բազմաթիւ ն դէպքերը, երբ, արտաքին ագրեսիայի հետեւանքով վերացուել է այս կամ այն երկրի անկախ պետականութիւնը սակայն, մեծամասամբ, միջազգային հանրութիւնը, սանձելով ագրեսորին, նպաստել է ներա կողմից վերացուած պետական կազմաւորումների վերականգնմանը: Յիշենք 1815թ.-ի Վիեննայի կոնգրէսը, որի կարեւորագոյն որոշումներից էր Նապոլէոն 1-ին Բոնապարտի կողմից Եւրոպայում վերացուած պետական կազմաւորումների վերականգնումը եւ վերադարձը իրենց նախկին կառավարող տներին, կամ 1945թ.-ի Պոտսդամի կենֆերանսը, որի հիմնական որոշումներից էր նոյնպէս Եւրոպայում Հիտլերի կողմից վերացուած պետութիւնների վերականգնումը:

Կիլիկիայի Հայերի Ազգային Խորհրդի խնդիրը, որպէս Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան (Հայաստան) պետական կառոյցի լիարժեք բաղկացուցիչ մաս, Կիլիկիայի Հանրապետութեան հաստատումն է Կիլիկիայում:

Կիլիկիայի Հայերի Ազգային Խորհուրդ

21.06.2017 թ.

Թողնել պատասխան

Your email address will not be published.

20 − 10 =