Ռուսաստանի Դաշնության դիրքորոշումը Հայկական Հարցի լուծման վերաբերյալ (3-րդ մաս)

Ռուսաստանի Դաշնության համար Հայկական Հարցի լուծումը, մինչեւ վերջերս, պարզ էր եւ սահմանափակված Մոսկվայի «Ռուս-թուրքական բարեկամության պայմանագրի» դրույթներով (16 մարտ 1921 թ.) (1): Մինչեւ ճշմարտության բացահայտման այն պահը, երբ «գունավոր հեղափոխությունների» հետեւանքով Ռուսաստանը մեկը մյուսի ետեւից դիրքեր կորցրեց Մերձավոր Արեւելքում եւ մնում էր այն վերջնականապես կորցնել, կորցնելով նաեւ Սիրիան: Մինչեւ այն պահը, երբ Մերձավոր Արեւելքում Թուրքիայի Հանրապետության վարած քաղաքականությունը Ռուսաստանի համար համարվում էր չարիքներից փոքրագույնը՝ համեմատած արեւմուտքի պետությունների վարած քաղաքականության: Մինչեւ այն պահը, երբ վերջնականապես պարզ դարձավ, որ Թուրքիան չի հրաժարվելու նեոօսմանական քաղաքականություն վարելուց եւ հավատարիմ է մնալու հատկապես ահաբեկչական ծայրահեղ խմբավորումներին մինչեւ վերջ աջակցելու ու օժանդակելու ծրագրին՝ փորձելով դրանք ծառայեցննլ տարածաշրջանային իր ծավալապաշտական ու ագրեսիվ նկրտումներին, այդ թվում՝ ներխուժելու համար Սիրիա եւ Իրաք (2):

Այնուհանդերձ, հիշեցնենք Մոսկվայի պայմանագրի այն հիմնական դրույթները, որոնք տասնամյակներ շարունակ սահմանափակեցին ինչպես հայկական իրավունքները պաշտպանելու հայկական կողմի հնարավորությունները, այնպես էլ Մերձավոր Արեւելքում (եւ նրա միջոցով աշխարհում) լիարժեք քաղաքականություն վարելու ռուսական կողմի բոլոր ակնկալիքներն ու պատկերացումները:

Դրանցից առաջինը ձեւակերպված է պայմանագրի հենց 1-ին հոդվածում.

«Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրն սկզբունքորեն համաձայնվում է չճանաչել ոչ մի հաշտության պայմանագիր կամ միջազգային որեւէ այլ ակտեր, եթե Պայմանավորվող կողմերից մյուսին ուժով են հարկադրում ընդունել այդպ իսիք: Ռուսաստանի Սոցիալիստական Ֆեդերատիվ Սովետական Հանրապետության կառավարությունը համաձայնվում է չճանաչել Թուրքիային վերաբերվող եւ այսօր Թուրքիայի Ազգային մեծ ժողովը ներկայացնող նրա ազգային կառավարության կողմից չճանաչված որեւէ միջազգային ակտ: Թուրքիա հասկացության տակ սույն պայմանագրում հասկացվում են այն տարածքները, որոնք մտցված են 1920 թվականի հունվարի 28-ի թուրքական Ազգային ուխտի մեջ, որը Կ. Պոլսում մշակել եւ հռչակել է օսմանյան դեպուտատների Պալատը եւ հաղորդել է մամուլին ու բոլոր պետություններին»:

Հավելենք, որ պայմանագրի 16 հոդվածներից եւս մեկը ենթադրվում է, թե առնչվում է Ռուսաստանի շահերին, 5-րդ հոդվածը՝ նեղուցների անարգել օգտագործման վերաբերյալ, եւ վերջ, մնացած բոլոր հոդվածները կամ չեն առնչվում ուղղակիորեն Ռուաստանի շահերին, կամ հակասում են դրանց:

Միջազգային լայնածավալ քաղաքականություն իրականացնելու տեսակետից Ռուսաստանի համար շատ մեծ սահմանափակումներ է պարունակում հատկապես պայմանագրի 8-րդ հոդվածը.

«Պայմանավորվող երկու կողմերը պարտավորվում են իրենց տարածքներում արգելել այնպիսի կազմակերպությունների եւ խմբերի առաջացումն ու գոյությունը, որոնք ունեն մյուս երկրի, կամ նրա տարածքի մի մասի կառավարության դերն ստանձնելու հավակնություն, ինչպես նաեւ պարտավորվում է իրեն տարածքում արգելել այնպիսի խմբերի գոյությունը, որոնց նպատակն է պայքարը մյուս երկրի դեմ: Ռուսաստանն ու Թուրքիան փոխադարձության պայմանով ստանձնում են նույնպիսի պարտավորություն նաեւ Կովկասի Սովետական Հանրապետությունների վերաբերմամբ: Համարվում է որոշված, որ սույն հոդվածում հիշատակված թուրքական տարածքի տակ հասկացվում է այն տարածքը, որը գտնվում է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կառավարության զինվորական եւ քաղաքացիական անմիջական կառավարման ներքո»:

Ավելորդ չէ նշել, որ Թուրքիան երբեք հավատարիմ չի եղել պայմանագրի ոգուն ու տառին, եւ մշտապես գործել է այնպես, ինչպես հարմար է նկատել:

Սակայն ինչպես նշեցինք արդեն, այս հարցում բեկում է մտնում վերջին տասնամյակի ընթացքում՝ Մերձավոր Արեւելքում տեղի ունեցող բուռն իրադարձությունների լույսի ներքո:

Այս իմաստով հատկապես շրջադարձային է 2012 թվականը, երբ եւ Ռուսաստանի, եւ ԱՄՆ-ի քաղաքական շրջանակներն առաջին անգամ սկսում են խոսել Սիրիայի ազգային եւ կրոնական խմբերի, այդ թվում՝ հայերի անվտանգության հարցերի եւ իրավունքների վերաբերյալ:

Մասնավորապես 2012 թ. նոյեմբերի 16-ին Ռուսաստանի Նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է. «Պետք է համաձայնության գալ Սիրիայի ազգային խմբերի վերաբերյալ: Մեր գնահատակը հայտնի է, մենք համարում ենք, որ սկզբում պետք է պայմանավորվել ապագայի վերաբերյալ, սկզբում պետք է հասկանալ, թե ինչպես են ապահովվելու զանազան ազգային եւ կրոնական խմբերի օրինական շահերն ու իրավունքները: Եւ ոչ թե հակառակը՝ Ասադին հեռացնել, եւ հետո միայն մտածել, թե նրանց հետ ինչպես վարվել» (3, 4):

Սա միայն սկիզբն է, եւ մոտ ապագայում շատ ավելի հստակ է լինելու Ռուսաստանի Դաշնության վարած քաղաքականությունը Մերձավոր Արեւելքի հիմնահարցերում, որտեղ ավելի ու ավելի հստակվելու է նրա կողմնորոշման փոփոխությունը դեպի 1918-1920 թթ. կայացված որոշումներ ու պայմանագրեր, որոնք հաշվի էին առնում տարածաշրջանի բոլոր ժողովուրդների ու պետությունների օրինական իրավունքներն ու շահերը, եւ դրա միջոցով ձգտումը՝ հաստատելու կայուն խաղաղություն Մերձավոր Արեւելքում: Դրանց թվում նկատի ունենալով, անշուշտ, ոչ միայն Ռուսաստանի Կառավարության Դեկրետը «Թուրքահայաստանի մասին» («Արեւմտյան Հայաստանի մասին», 11 հունվար 1918 թ.), այլեւ Սեւրի Խաղաղության պայմանագիրը (10 օգոստոս 1920 թ.) եւ ԱՄՆ Նախագահ Վուդո Վիլսոնի Իրավարար վճիռը (22 նոյեմբեր 1920 թ.), ինչպես նաեւ  Հայերի ցեղասպանությունը դաատապարտող Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի եւ Ռուսաստանի համատեղ հայտարարությունը, որտեղ 1915 թ. ապրիլյան կոտորածները որակեցին որպես «Թուրքիո նոր ոճիրը մարդկության եւ քաղաքակրթության դեմ» (24 մայիս 1915 թ.) (5), Ռուսաստանի Դաշնության Պետդումայի ընդունած հռչակագիրը Հայ ժողովրդի ցեղասպանության դատապարտման մասին (14 ապրիլ 1995 թ.) (6):

Մերձավորարեւելյան տարածաշրջանում եւ դրանից մեկնած ամբողջ աշխարհում լիարժեք քաղաքականություն վարելու եւ մնայուն խաղաղություն հաստատելու այլ տարբերակներ պարզապես չկան, այդ թվում եւ այնպիսի մեծ ու հզոր տերության համար, ինչպիսին Ռուսաստանի Դաշնությունն է:

Տիգրան Փաշաբեզյան`

Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Վարչապետ 

24.12.2016 թ. 

***** 

Ծանոթագրություն

  1. Տես, Պայմանագիր Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ, 16 մարտ 1921 թ., Մոսկվա: (Ջոն Կիրակոսյան, Ռուբեն Սահակյան, «Հայաստանը միջազգային դիվանագիտության եւ արտաքին քաղաքականության փաստաթղթերում՝ 1828-1923 թթ.», «Հայաստան» հրտ., Երեւան, 1972, էջ 499):
  2. Տես, Արմեն Տեր-Սարգսյան. «Հայկական Հարցը եւ Թուրքիայի նեոօսմանական քաղաքականությունը, մարտահրավերներ եւ սպառնալիքներ», զեկույց՝ ներկայացված «Ռեգնում» Լրատվական գործակալության կազմակերպած կոնֆերանսի ժամանակ, 17 նոյեմբեր, 2016 թ., «Նոյյան Տապան» Լրատվական գործակալություն, http://nt.am/am/news/229947///?hayworld: Армен Тер-Саркисян: «Армянский Вопрос и неоосманская политика Турции: вызовы и угрозы», ИА РЕГНУМ – https://regnum.ru/news/polit/2206970.html.
  3. Տես, «Сначала нужно договориться о судьбе этнических групп и только потом ставить вопрос об отставке Асада», считает президент РФ, Подробнее на ТАСС, 16 ноября 2012, http://tass.ru/politika/647924/:
  4. ԱՄՆ Կոնգրեսը ցանկանում է օգնել սիրիահայերին, 08.2012 թ., Azatutyun.am:
  5. Տես, «Արեւմտյան Հայաստանի հայերի եւ Արեւմտյան Հայաստանի իրավունքների պաշտպանության իրավական-քաղաքական միասնական փաթեթ» ժողովածուն (հայերեն, ռուսերեն կամ անգլերեն), որը կարող եք ձեռք բերել «Նոյյան Տապան» հրատարակչությունում զանգահարելով՝ (+374 60) 2764 62: Հասցեն՝ ՀՀ, Երեւան, Իսահակյան 28: – http://nt.am/am/ourpublication/9/
  6. Տես, Պետական Դումայի հայտարարությունը 1915-1922 թթ. հայ ժողովրդի ցեղասպանության դատապարտման մասին. Ռուսաստանի Դաշնության Դաշնային Ժողովի Պետական Դուման հենվելով անհերքելի պատմական փաստերի վրա, որոնք վկայում են Արեւմտյան Հայաստանի տարածքում 1915-1922թթ. հայերի բնաջնջման մասին, հետեւելով ցեղասպանության հանցագործությունը կանխելու եւ դրա համար պատժելու մասին 1948թ. դեկտեմբերի 9-ին ՄԱԿ-ի ընդունած Հռչակագրի միջազգային ոգուն ու տառին, պատերազմական հանցագործությունների եւ մարդկության դեմ ուղղված հանցագործությունների վաղեմության ժամկետի մասին 1968թ. նոյեմբերի 26-ի միջազգագրին, ձգտելով վերածնել ռուսական պետության մարդասիրական ավանդութները, հիշեցնելով, որ Ռուսաստանի նախաձեռնությամբ եվրոպական մեծ տերությունները դեռ 1915թ. հայ ժողովրդի հանդեպ թուրքական կայսրության գործողությունները որակել են որպես «մարդկության դեմ ուղղված հանցագործություն», նշելով, որ իր պատմական հայրենիքում եղբայրական հայ ժողովրդի ֆիզիկական բնաջնջումը կատարվել է Ռուսաստանի քայքայման համար պայմաններ ստեղծելու նպատակով, դատապարտում է 1915-1922թթ. հայերի բնաջնջման կազմակերպիչներին, իր կարեկցանքն է հայտնում հայ ժողովրդին եւ ապրիլի 24-ը համարում ցեղասպանության զոհերի հիշատակի օր: http://www.genocide-museum.am/arm/states.php

Աղբյուրը` IA REX – Միջազգային փորձագիտական հանրություն

Թարգմանությունը ռուսերենից՝ «Նոյյան Տապան» Լրատվական գործակալության

Թողնել պատասխան

Your email address will not be published.

seventeen − thirteen =