Դիմում ՄԱԿ-ին. Արցախյան հակամարտության խաղաղ, արդարացի եւ վերջնական կարգավորման նպատակով վճռական գործողությունների դիմելու եւ ՄԱԿ-ի հովանու ներքո Հայաստան պետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ սահմանազատումն իրականացնելու հայց – առաջարկ

Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան պետություն) պետական կառույցները՝ խորհրդարանը եւ կառավարությունը, 2023 թ․ հուլիսի 17-ի համատեղ նիստում որոշում կայացրին դիմել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին եւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ պետությունների ղեկավարներին. «Արցախյան հակամարտության խաղաղ, արդարացի եւ վերջնական կարգավորման նպատակով վճռական գործողությունների դիմելու եւ ՄԱԿ-ի հովանու ներքո Հայաստան պետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ սահմանազատումն իրականացնելու հայց – առաջարկ», ուղղելով նրանց նաև համապատասխան իրավական – քաղաքական փաստաթղթերի փաթեթ: (դիմումնագրերի կրճատ տարբերակը հրապարակում ենք ԶԼՄ-ների համար)

Տեղեկացնենք, որ դիմումնագրերը հասել են հասցեատերերին եւ այսօր հայտնում ենք դրա մասին։

Ուրախ ենք, որ 2023 թ․ օգոստոսի 11-ին, նաև Հայաստանի Հանրապետությունը դիմեց ՄԱԿ՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ հրավիրելու խնդրանքով՝ «Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման և Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի վատթարացման կապակցությամբ»։

Հուսով ենք, որ ձեռնարկված միջոցները կտան սպասված արդյունքներ։

Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) Լրատվական ծառայություն

15․08․2023 թ.

****

Միավորված Ազգերի Կազմակերպության
Գլխավոր Քարտուղար Անտոնիո Գուտերեշին

Միավորված Ազգերի Կազմակերպության
Անվտանգության Խորհրդի
մշտական անդամ պետությունների ղեկավարներին

Դ Ի Մ Ո Ւ Մ
Արցախյան հակամարտության խաղաղ, արդարացի եւ վերջնական կարգավորման նպատակով վճռական գործողությունների դիմելու եւ
ՄԱԿ-ի հովանու ներքո Հայաստան պետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ սահմանազատումն իրականացնելու հայց – առաջարկ

 Կրկին դիմում ենք Ձեզ․

 I.

  1. Հաշվի առնելով, այն անողոք իրողությունը, որ 1905, 1918-1920, 1988 թթ․-ից ի վեր շարունակվում է Բաքվի, Ադրբեջանի (Արեւմտյան Մերձկասպիայի), Արցախի (Լեռնային Ղարաբաղի) հայության ցեղասպանությունն ու բռնագաղթը, հայության մշակութային ժառանգության կեղծարարությունն ու ոչնչացումը սկզբում ադրբեջանական Մուսավաթ կուսակցության, հետագայում Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության, Ադրբեջանի Սովետական Սոցիալիստական Հանրապետության, Ադրբեջանի ներկայի Հանրապետության իրար հաջորդող իշխանություննների կողմից։
  2. Հաշվի առնելով, որ Ադրբեջանի Հանրապետությունը եւ Թուրքիայի Հանրապետությունը այլ երկրների հետ կոալիցիա կազմած, վարձկան ահաբեկիչների ներգրավումով, գործածելով արգելված զենք – զինամթեք, 2020 թ․ սեպտեմբերի 27-ին 44-օրյա ագրեսիա իրականացրին ու պատերազմ վարեցին Արցախի Հանրապետության դեմ։
  3. Հաշվի առնելով, որ 2022 թվականի դեկտեմբերի 12-ից, փաստացի շրջափակելով ու պաշարելով Արցախի Հանրապետությունը, Ադրբեջանի Հանրապետության ներկայի իշխանությունները Արցախի հայության նկատմամբ իրականացնում են էթնիկ զտման, բռնագաղթի, ցեղասպանության քաղաքականություն։
  4. Հաշվի առնելով, որ Ադրբեջանի Հանրապետության ու Թուրքիայի Հանրապետության ագրեսիվ հռետորաբանությունը, ագրեսիվ գործողություններն ու պաշտոնյաների սպառնալիքներով ուղեկցվող բառապաշարը չի նպաստում խաղաղության հաստատմանը Հարավային Կովկասում եւ Մերձավոր Արեւելքում։
  5. Հաշվի առնելով այն, որ փաստացի Ադրբեջանի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ ներկայիս գծագրվող խաղաղության պայմանագիրն իրականում հայ ժողովրդին ու Հայաստանի Հանրապետությանը բռնի ուժով պարտադրված անօրինական պայմանագիր է համարվելու, որը ոչ մի կերպ չի կարող ապահովել երկարատեւ խաղաղություն երկու երկրների ու ժողովուրդների միջեւ։

II.

  1. Հիշելով, որ Լեռնային Ղարաբաղի Հակամարտության կարգավորման նպատակով ստեղծված ԵԱՀԿ Մինսկի Խումբը առաջնորդվում էր Միջազգային ընկերակցության կողմից ընդունված երեք հիմնական սկզբունքով՝ «ուժի կիրառման կամ ուժի սպառնալիքի բացառում, ժողովուրդների ինքնորոշման իրավունքի կիրառում, տարածքային ամբողջականության հարգում»։
  2. Հաշվի առնելով, որ ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահ երկրներին՝ ԱՄՆ-ին, Ռուսաստանին, Ֆրանսիային, այնուհանդերձ, չհաջողվեց կանխարգելել Ադրբեջանի Հանրապետության կողմից իրականացված ագրեսիան ու պատերազմը Արցախի Հանրապետության դեմ՝ 2020 թ․ սեպտեմբերի 27-ին։
  3. Հաշվի առնելով նաեւ այն իրողությունը, որ ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահ երկրների՝ ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Ֆրանսիայի համատեղ աշխատանքներն այսօր սառեցված են։
  4. Հաշվի առնելով նաեւ այն փաստը, որ Հայաստանի Հանրապետության ներկայի վարչապետը հրաժարվում է պաշտպանել Արցախի հայության ինքնորոշման իրավունքը, որն ըստ էության Միջազգային ընկերակցության կողմից ընդունված երեք հիմնական սկզբունքներից՝ «ուժի կիրառման կամ ուժի սպառնալիքի բացառում, ժողովուրդների ինքնորոշման իրավունքի կիրառում, տարածքային ամբողջականության հարգում», մեկի մերժում է, իսկ Հայաստանի Հանրապետության Անկախության Հռչակագրի, Սահմանադրության, օրենքների ու որոշումների տեսակետից՝ հակասահմանադրական ու անօրինական։ Տեղեկացնենք, որ Հայաստանի Հանրապետության ներկայի վարչապետի սույն դիրքորոշմանը կտրականապես դեմ են թե՛ Արցախի Հանրապետության, թե՛ Հայաստանի Հանրապետության, թե՛ Սփյուռքի հայության գերակշիռ մեծամասնությունը։

III.

Հիմվելով ՄԱԿ-ի կանոնադրության 11-րդ, 12-րդ, 35-րդ հոդվածների վրա, ըստ որի․

  • ինչպես նշված է 11-րդ հոդվածի 2-րդ կետում․ «Գլխավոր ասամբլեան, համաձայն 35-րդ հոդվածի 2-րդ կետի եւ բացառությամբ 12-րդ հոդվածով նախատեսվածների, կարող է Միավորված ազգերի կազմակերպության ցանկացած անդամի կամ Անվտանգության խորհրդի եւ կամ Միավորված ազգերի կազմակերպության անդամ չհանդիսացող պետության առաջարկությամբ քննարկել միջազգային խաղաղությանն ու անվտանգությանն առնչվող ցանկացած հարց, կարող է այդ հարցերի վերաբերյալ հանձնարարականներ ներկայացնել շահագրգիռ պետությանը կամ պետություններին, Անվտանգության խորհրդին կամ բոլորին միաժամանակ: Ցանկացած հարց, որի առնչությամբ անհրաժեշտ է նախաձեռնել գործողություն, նախքան քննարկումը կամ քննարկումից հետո Գլխավոր ասամբլեան փոխանցում է Անվտանգության խորհրդին»,
  • եւ ինչպես նշված է 35-րդ հոդվածի 2-րդ կետում․ «Միավորված ազգերի կազմակերպության անդամ չհանդիսացող պետությունը կարող է Անվտանգության խորհրդին կամ Գլխավոր ասամբլեային տեղյակ պահել ցանկացած վեճի մասին, որի կողմն է հանդիսանում ինքը, եթե նախապես սույն Կանոնադրությամբ նախատեսվող խաղաղ կարգավորման պարտավորություն է ստանձնում տվյալ վեճի առնչությամբ»։

IV.

  1. Հիմվելով պատմական, իրավական, քաղաքական այն հիմքերի վրա, ըստ որի Փարիզի խաղաղության կոնֆերանսը 1919-1920 թթ․-ին դե ֆակտո եւ դե յուրե ճանաչել է հայ ժողովրդի պետությունը որպես Հայկական պետություն – Հայաստան պետություն, նշելով միաժամանակ, որ այդ ճանաչումը չի կանխորոշում Հայկական պետության սահմանները, եւ որի շարունակողը (continuity) ներկայիս հանդիսանում է Արեւմտյան Հայաստանի Հանրապետությունը (Հայաստան պետությունը)։
  2. Հիմնվելով այն իրողության վրա, որ գոյություն չունի որեւէ օրինական միջազգային փաստաթուղթ կամ պայմանագիր, որը ճանաչել է Արցախը Ադրբեջանի Հանրապետության կազմում։
  3. Հիմվելով այն իրողության վրա, որ Փարիզի խաղաղության կոնֆերանսում (1919-1920 թթ.) որոշումներ ընդունվեցին Հայաստան պետության սահմանների վերաբերյալ, ըստ որի Հայաստան պետության եւ Թուրքիայի Հանրապետության սահմանը կարգավորվում է ԱՄՆ 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնի Իրավարար վճռով, իսկ Հայաստան պետության եւ Ադրբեջանի Հանրապետության սահմանը, ըստ Փարիզի խաղաղության կոնֆերանսի (1919-1920 թթ.) Հայաստանի սահմանները որոշող հատուկ հանձնաժողովի 1920 թ. փետրվարի 24-ի «Զեկույց եւ առաջարկներ Հայաստանի սահմանները որոշող հանձնաժողովի» փաստաթղթի, որը սահմանազատման համար հիմք էր ընդունում Առաջին համաշխարհային պատերազմից առաջ գոյություն ունեցող ազգային տեղաբաշխման տվյալները։
  4. Մենք, որպես Արեւմտյան Հայաստանի Հանրապետություն (Հայաստան պետություն) կրկին հանդես ենք գալիս առաջարկությամբ Հայաստան պետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ սահմանազատումն իրականացնել ՄԱԿ-ի հովանու ներքո, ըստ 1920 թ․ փետրվարի 24-ի «Զեկույց եւ առաջարկներ Հայաստանի սահմանները որոշող հանձնաժողովի»:

 V.

Հիշեցնենք, որ նման դիմումով հանդես ենք եկել ՄԱԿ-ի Գլխավոր Քարտուղարին եւ ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի Մշտական Անդամ Պետություններին ուղղված «Հայաստան պետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ սահմանի (սահմանազատման) վերաբերյալ» դիմումնագրով, 2019 թ․ օգոստոսի 7-ին։ ՄԱԿ-ի Նյու Յորքի Կենտրոնական գրասենյակում դիմումնագիրը պաշտոնապես ստացվել եւ գրանցվել է 2019 թ․ օգոստոսի 26-ին։

VI.

Ըստ էության սա դիմում – առաջարկ է՝

  1. Կասեցնելու Ադրբեջանի (Արեւմտյան Մերձկասպիայի) հայերի, Արցախի (Լեռնային Ղարաբաղի) հայերի եւ Հայաստանի Հանրապետության սահմանամերձ բնակավայրերի հայ բնակչության 100 տարուց ավելի շարունակվող ցեղասպանությունը։
  2. Կասեցնելու վերը նշված տարածաշրջանում հայ մշակութային ժառանգության ոչնչացումը։
  3. Ապահովելու հայ ժողովրդի ապրելու, զարգանալու եւ ապագա ունենալու իրավունքը։
  4. Ապահովելու երկարատեւ ու կայուն խաղաղություն երկու ժողովուրդների ու երկու երկրների միջեւ, ադրբեջանցիների ու հայերի, Ադրբեջանի Հանրապետության ու Հայաստանի Հանրապետության։

 VII.

Սույն դիմումի մասին որոշումը՝ «Արցախյան հակամարտության խաղաղ, արդարացի եւ վերջնական կարգավորման նպատակով վճռական գործողությունների դիմելու եւ ՄԱԿ-ի հովանու ներքո Հայաստան պետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ սահմանազատումն իրականացնելու հայց – առաջարկ», ընդունվել է 2023 թ. հուլիսի 5-ին Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) եւ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան պետություն) Կառավարության համատեղ նիստում:

Տեղեկացնենք, որ՝

  1. Սույն դիմումի հարցով պատրաստ ենք տրամադրել այն հավելյալ տեղեկություններն ու փաստաթղթերը, որոնց կարիքը Դուք կունենաք:
  2. Պատրաստ ենք անհրաժեշտության դեպքում ապահովել Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան պետություն) կողմից նշանակված Լիազոր ներկայացուցիչ՝ անմիջական հարաբերությունների եւ քննարկումների համարի:
  3. Կից ուղարկում ենք 2019 թ․ օգոստոսի 7-ին Ձեզ ուղարկված «Հայաստան պետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ սահմանի (սահմանազատման) վերաբերյալ» դիմումնագրի կրկնօրինակը։

 Ռադիկ Խամոյան
Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան պետություն) Նախագահ

Տիգրան Փաշաբեզյան
Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան պետություն) Վարչապետ

Արմեն Տեր-Սարգսյան
Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) Նախագահ

17 հուլիս 2023 թ.

Թողնել պատասխան

Your email address will not be published.

five − 1 =