Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտը կանգնած է Արցախի Հանրապետության ժողովրդի կողքին, որը հոկտեմբերի 30-ին Ստեփանակերտում հայտնել է ինքնորոշման իր կամքը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտը հայտարարություն է տարածել՝ «Ցեղասպանության միջոցով «խաղաղություն» կամ «բարեկեցություն» գոյություն չունի» խորագրով:
«Լեմկինի ինստիտուտն իր համերաշխությունն է հայտնում Արցախի Հանրապետության ժողովրդին, որը բարձրաձայնել է ինքնորոշման իր կամքի մասին: Ադրբեջանը հավակնություններ ունի Արցախի նկատմամբ՝ չնայած այդ տարածքում հազարամյակներ շարունակ բնակչության մեծամասնությունը հայեր են եղել», – գրված է հայտարարությանը կից թվիթերյան գրառման մեջ:
Ինստիտուտը հիշեցնում է, որ ինքնորոշման իրավունքը միջազգային իրավական համակարգի հիմնարար իրավունքներից մեկն է, և Արցախի ժողովուրդն արժանի է այն բանին, որ միջազգային հանրությունը լրջորեն վերաբերվի ինքնորոշման նրանց պահանջներին:
Հայտարարությունում նաև հակիրճ ներկայացվում է Արցախի կարգավիճակի փոփոխության պատմությունը, Արցախյան երկու պատերազմները և դրանց հետևանքով ստեղծված իրավիճակը:
Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտը նաև շեշտում է, որ միջազգային հանրությունը չպետք է անտեսի տարածաշրջանում Հայոց ցեղասպանության հետևանքները, որն «Արևմտյան Հայաստանում լիովին ոչնչացրեց հայկական ներկայությունը», ինչպես նաև «հայերի նկատմամբ ադրբեջանցի ազգայնականների անզուսպ ցեղասպանական թշնամանքը»:
«Արևմտյան աշխարհը և հատկապես ՆԱՏՕ-ն չեն հասկանում, Արցախը «զիջելը» կնշանակի հայերի դեմ ցեղասպանության թողտվություն՝ հայերի բռնի տեղահանում և հալածանքներ, համատարած ոճրագործություններ, մշակութային ժառանգության ոչնչացում և վերջին տասնամյակների ընթացքում կովկասյան տարածաշրջանում ամենամեծ հումանիտար ճգնաժամերից մեկը, այդ թվում՝ փախստականների մեծ հոսք դեպի Հայաստանի Հանրապետություն: Եվ որ կարևոր է, հաշվի առնելով Թուրքիայում և Ադրբեջանում ցեղասպանության ներկայիս կարմիր դրոշները, ինչպես նաև այն, ինչ մենք գիտենք ցեղասպանության գործընթացի մասին ընդհանրապես, աներևակայելի է, որ Արցախի «զիջումը» վերջ կդնի հակամարտություններին տարածաշրջանում, առավել ևս՝ կհանգեցնի «խաղաղության» և «բարեկեցության», – գրված է հայտարարությունում:
Լեմկինի Ինստիտուտը նաև կոչ է անում ստեղծել անկախ միջազգային հանձնաժողով, որը կուսումնասիրի Արցախում առկա խնդիրներն արդար արդյունք և կայուն խաղաղություն հաստատելու նպատակով: