Եվրախորհրդարանն ընդունեց Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգության ոչնչացումը դատապարտող բանաձեւը

Եվրախորհրդարանն ընդունեց Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգության ոչնչացումը դատապարտող բանաձեւը։ «Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգության ոչնչացման մասին» բանաձևի քվեարկությանը մասնակցել է 679 պատգամավոր, որից 635-ը կողմ է արտահայտվել բանաձեւի ընդունմանը, 2 պատգամավոր դեմ է եղել, 42-ը՝ ձեռնպահ։
Բանաձևովով եվրամիության օրենսդիր մարմինը խորը մտահոգություն է արտահայտում Ադրբեջանի տարածած պատմության առնչությամբ, որտեղ հայկական մշակութային ժառանգության վայրերը ներկայացվում են որպես ալբանական ծագում ունեցող, իսկ հայկական հուշարձանները վերանվանվում են «կովկասյան-ալբանական»:

Այն խստորեն դատապարտում է Ադրբեջանի շարունակական քաղաքականությունը՝ ջնջելու և ժխտելու հայկական մշակութային ժառանգությունը Լեռնային Ղարաբաղում և դրա շուրջը՝ խախտելով միջազգային իրավունքը և Արդարադատության միջազգային դատարանի վերջին որոշումը։

Ադրբեջանում աշխատանքային նոր խմբի ստեղծումը, որի առջեւ առաջադրանք է դրված «ջնջել կեղծ գրությունները» Լեռնային Ղարաբաղի նրա վերահսկողության տակ գտնվող կրոնական կամ պատմական հուշարձաններից, դատապարտվում է որպես հարեւան ժողովուրդների մշակութային ժառանգության անիրավաչափ թալան՝ նրանց պատմական հիշողությունից զրկելու նպատակով։ «Այս որոշումը խախտում է Միջազգային դատարանի 2021թ․ դեկտեմբերի 7-ի վճիռների ոգին»,- նշվում է փաստաթղթում։

Փաստաթուղթը փաստում է, որ վերջին երեսուն տարիների ընթացքում Ադրբեջանի կողմից իրականացվել է կրոնական և մշակութային ժառանգության անդառնալի ոչնչացում, հատկապես՝ Նախիջևանի ինքնավար հանրապետությունում, որտեղ ավերվել են 89 հայկական եկեղեցի, 20 000 գերեզմաններ և ավելի քան 5 000 տապանաքարեր։

Բացի այդ, բանաձեւը Ադրբեջանից պահանջում է համապատասխան կառույցներին, ինչպիսիք են ՅՈՒՆԵՍԿՕ-ն, Aliph-ը կամ Iconem-ը, հասանելիություն տրամադրել նրա վերահսկողության տակ գտնվող տարածքներում ժառանգության օբյեկտներին, որպեսզի կարողանան սկսել դրանց գույքագրումը եւ ապահովել պաշտպանությունը: Նա նաեւ վճռականորեն կոչ է անում մինչ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գնահատման առաքելությունը չմիջամտել հայկական ժառանգության օբյեկտներին եւ խորհրդակցություններ անցկացնել մշակութային ժառանգության հայ եւ միջազգային փորձագետների հետ՝ հայկական մշակութային ժառանգության օբյեկտներում միջամտությունից առաջ եւ դրա ընթացքում:

Եվրոպացի օրենսդիրները նաև ընդգծում են, որ հայկական մշակութային ժառանգության հետքերի վերացումը Լեռնային Ղարաբաղում իրականացվում է ոչ միայն այն վնասելու կամ ավերելու, բայց նաև պատմության կեղծման և այն որպես, այսպես կոչված, կովկասյան-ալբանական ներկայացնելու միջոցով, և արձանագրում, որ 2022 թվականի փետրվարի 3-ին Ադրբեջանի մշակույթի նախարար Անար Քարիմովը հայտարարել է «հայերի կողմից ալբանական կրոնական տաճարների վրա գրված հորինված հետքերը» վերացնելու համար պատասխանատու աշխատանքային խումբ ստեղծելու մասին:

Փաստաթուղթը նաև փաստում է, որ հայկական մշակութային ժառանգության վերացումը հանդիսանում է հայատյացության, պատմական ռևիզիոնիզմի և հայերի նկատմամբ ատելության համակարգային, պետական մակարդակով քաղաքականության ավելի լայն օրինաչափության մի մասը, որը խրախուսվում է Ադրբեջանի իշխանությունների կողմից, ներառյալ հակահումանիզմը, բռնության փառաբանումն ու տարածքային պահանջները Հայաստանի Հանրապետության նկատմամբ, որոնք սպառնում են խաղաղությանն ու անվտանգությանը Հարավային Կովկասում։

Նաև ընդգծվում է պատմամշակութային ժառանգության պաշտպանությանը Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորման և Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերջնական սահմանման ավելի լայն իմաստով մոտենալու անհրաժեշտությունը, և այս համատեքստում կոչ է արվում Ադրբեջանին հրաժարվել իր մաքսիմալիստական նպատակներից, ռազմատենչ մոտեցումներից և Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներից ու բարեխղճորեն ներգրավվել ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի վերաբերյալ բանակցություններին:

Փաստաթղթի հեղինակները նաև կոչ են անում Ադրբեջանին ամբողջությամբ կատարել Արդարադատության միջազգային դատարանի միջանկյալ կարգադրությունը, մասնավորապես՝ «ձեռնպահ մնալ հայոց լեզուն ճնշելուց, հայկական մշակութային ժառանգությունը ոչնչացնելուց կամ այլ կերպ պատմական հայկական մշակութային ներկայությունը վերացնելուց, կամ հայերի մուտքն այդ վայրեր և դրանցից օգտվելը արգելելուց» և «վերականգնել կամ վերադարձնել հայկական մշակութային և կրոնական որևէ շինություն և վայր, արտեֆակտ կամ առարկա», շեշտում է, որ մշակութային ժառանգության ոչնչացման կամ փոփոխման ցանկացած նոր դեպք պետք է անհապաղ ուշադրության արժանանա միջազգային հանրության կողմից։

Բանաձևը նաև կոչ է անում Եվրահանձնաժողովին (ԵՄ գործադիր մարմնին) օգտագործել բոլոր հասանելի լծակները Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգության ոչնչացման, փոփոխման, ինչպես նաև՝ վանդալիզմի դեպքերը կանխելու համար:

Փաստաթղթում նաեւ մտահոգություն է արտահայտվում հայ-ադրբեջանական սահմանին վերսկսված բախումների կապակցությամբ, որոնք հանգեցրել են մարդկային զոհերի, եւ կողմերին կոչ է արվում զերծ մնալ ուժի կիրառումից եւ շարունակել վերջերս սկսված քաղաքական երկխոսությունը։

Բանաձեւի քննարկման ժամանակ ելույթ ունեցած պատգամավորների ճնշող մեծամասնությունը սուր քննադատության է ենթարկել Ադրբեջանի կողմից իր վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային ժառանգությունը ոչնչացնելու փորձերը, հստակ շեշտվել, որ այդ տարածքներում հարյուրավոր հայկական վանքեր, եկեղեցիներ, հազարավոր խաչքարեր ու տապանաքարեր կան, որոնք Բաքվի քաղաքականության պատճառով սպառնալիքի տակ են գտնվում։

Եվրոպական խորհրդարանի մի քանի պատգամավոր Բաքվի գործողությունները համեմատել են Թալիբանի կողմից Աֆղանստանում, Սիրիայի եւ Իրաքի տարածքում Իսլամական պետության կողմից մշակութային եւ պատմական կոթողների ոչնչացման հետ, հիշեցրել, թե ինչպես է Ադրբեջանը տարիների ընթացքում հիմնովին ոչնչացրել հայկական մեծաքանակ եկեղեցիները, խաչքարերն ու գերեզմանոցները, որոնք եղել են Նախիջեւանում։

Թողնել պատասխան

Your email address will not be published.

10 + 18 =