«Լեռնահայաստան-100» երկօրյա գիտաժողով Գորիսում

2021 թվականի ապրիլի 25-26-ը Սյունիքի Գորիս քաղաքում տեղի ունեցավ Լեռնային Հայաստանի հռչակման 100-ամյակին նվիրված գիտաժողով:

Գիտաժողովի նախաձեռնողներն ու կազմակերպիչներն էին. ՀՀ Սյունիքի մարզպետարանը (ներառյալ Գորիսի, Քաջանանի, Կապանի քաղաքապետարանները), ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը, Տնտեսագիտության և Խաղաղության Նոբելյան մրցանակի   թեկնածու, Հատուցման եւ վերականգնման հարցերի փորձաքննության ու գնահատման միջազգային անկախ իրավական-գիտական կենտրոնի նախագահ, Արևմտյան Հայաստանի Ազգային ժողովի (խորհրդարանի) պատգամավոր, տնտեսական գիտությունների դոկտոր պրոֆեսոր, ակադեմիկոս Մարտիկ Գասպարյանը:

«Լեռնահայաստան-100» խորագրով գիտաժողովը մեկնարկեց Գարեգին Նժդեհի հուշարձանին ծաղկեպսակի և ծաղիկների խոնարհումով:

Մեծարման և խոնարհումի խոսքով հանդես եկան  ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը և ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալ Կարո Ավանեսյանը։

Հիշատակի միջոցառմանը հաջորդեց «Լեռնահայաստան-100» ցուցահանդեսի բացումը:

Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ Ազգային արխիվի տնօրեն Գրիգոր Արշակյանը, իսկ արխիվի աշխատակիցները ներկաներին ներկայացրին ցուցանմուշները:

Ցուցահանդեսին հաջորդեց գիտաժողովի աշխատանքները:

Բացման խոսքով հանդես եկավ Աշոտ Մելքոնյանը:

Ողջույնի խոսքով հանդես եկան Սյունյաց թեմի առաջնորդ Մակար Վարդապետ Հակոբյանը և Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը:

Ներկաներին փոխանցվեց ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, պ.գ.դ., պրոֆեսոր Արամ Սիմոնյանի ողջույնի խոսքը:

ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտից զեկուցումներով հանդես եկան փոխտնօրեն, պ.գ.դ., պրոֆեսոր Կարեն Խաչատրյանը, պ.գ.դ., պրոֆեսոր Գեևորգ Ստեփանյանը, պ.գ.դ., պրոֆեսոր Արմեն Մարուքյանը, պ.գ.թ., դոցենտ Լիլիթ Հովհաննիսյանը և պ.գ.թ., դոցենտ Համո Սուքիասյանը

Ապրիլի 27-ին Տաթևի վանական համալիրում տեղի ունեցավ ոգեկոչման արարողություն՝ նվիրված Լեռնահայաստանի 100 ամյակին։

Academhistory.am

***

Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի ուղերձը Լեռնահայաստանի հռչակման 100-ամյակի առիթով

Սիրելի՛ հայրենակիցներ

Հարյուր տարի առաջ՝ 1921 թվականի ապրիլի 26-ին, Տաթեւի համազանգեզուրյան 2-րդ համագումարը «Ինքնավար լեռնաշխարհ Սյունիքը» հայտարարեց անկախ պետություն եւ այն վերանվանվեց Լեռնահայաստան, որի կազմում ընդգրկվեցին Զանգեզուրը, Վայոց ձորը (Դարալագյազը) եւ Լեռնային Ղարաբաղը:

Լեռնահայաստանի հռչակումը Սյունիքի հինգհազարամյա պատմության ամենահիշարժան դրվագներից է:

Լեռնահայաստանի հռչակումը պատմական տվյալ իրավիճակում Սյունիքը փրկելու հերոսական ու ողջամիտ, բացառիկ քայլ էր: Դրանով, փաստորեն, կանխվեց Սյունիք-Զանգեզուրը զավթելու թուրք-ադրբեջանական ծրագիրը: Դրանով կանխորոշվեց Սյունյաց աշխարհի հետագա հուսալի ընթացքը:

Փառապանծ այդ իրադարձության 100-ամյակի կապակցությամբ շնորհավորանքս եմ ուղղում իմ հայրենակիցներին՝ բոլոր սյունեցիներին եւ յուրաքանչյուրին մաղթում հաջողություններ, մեր նախնյաց նշխարներով սրբացած այս հող ու ջրին տեր կանգնելու վճռականություն, մեր քաջարի նախնիների ու ազգային-քրիստոնեական ավանդույթներին հավատարիմ մնալու հաստատակամություն:

Նշանավոր այս օրը հանուր Սյունիքի անունից խոնարհվում եմ Լեռնահայաստանի վարչապետ ու Սպարապետ, Սյունիք-Զանգեզուրի ազատարար Գարեգին Նժդեհի առասպելական կերպարի եւ հավերժ կենդանի հիշատակի առջեւ:

Խոնարհվում եմ բոլոր այն զորավարների, զինվորների հիշատակի առջեւ, ովքեր մեր պատմության վճռորոշ այդ պահին, Գարեգին Նժդեհի առաջնորդությամբ, տեր կանգնեցին Սյունյաց աշխարհին՝ չխնայելով իրենց կյանքը:

Օգտվելով առիթից՝ երախտագիտությունս եմ հայտնում ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտին եւ Հայաստանի ազգային արխիվին՝ Լեռնահայաստանի 100-ամյակի կապակցությամբ Գորիսում եւ Տաթեւի վանական համալիրում հանրապետական գիտաժողով կազմակերպելու համար:

Կարեւոր եմ համարում նշել, որ Լեռնահայաստանի ստեղծումը, Գարեգին Նժդեհի եւ Սյունյաց աշխարհի մեծահամբավ զորավարների օրինակը տասնամյակներ շարունակ եղել եւ մնում են հայրենապաշտության անսպառ աղբյուր սյունեցիներիս համար:

Գարեգին Նժդեհի, ինչպես եւ Դավիթ Բեկի ու Մխիթար Սպարապետի, Սյունյաց աշխարհի հայկազուն նախարարների ու զորավարների օրինակները հիշում ու դրանցով գոտեպնդվում էինք, երբ մեկնում էինք պաշտպանելու Հայոց Արցախը ե՛ւ առաջին պատերազմում, ե՛ւ Ապրիլյան պատերազմում, ե՛ւ 2020 թ. 44-օրյա գոյակռվում:

Լեռնահայաստանի 100-ամյակը նշում ենք Սյունիքի համար ճակատագրական մի նոր ժամանակաշրջանում:

Ներկայումս նույնպես, ինչպես մեկ դար առաջ, թուրք-ազերիները չեն թաքցնում իրենց ձգտումները սրբազան մեր երկրամասի՝ Սյունիքի հանդեպ:

Եվ հիշարժան այս օրը բոլոր սյունեցիների անունից հայտարարում եմ՝ Սյունիքն անդամահատելու, Սյունիքն իր պատմական դերից ու առաքելությունից զրկելու, նաեւ խոցելի դարձնելու բոլոր փորձերը դատապարտված են ձախողման:

Սյունեցին դարեր շարունակ տեր է եղել իր երկրամասին, այդպես լինելու է նաեւ հետայսու, ինչպիսի փորձություններ էլ պարտադրվեն մեզ:

Սյունիքը հայոց ուժեղ եւ ժամանակակից ազգային բանակ ունենալու ջատագովն է, առանց որի չի կարող լինել ոչ միայն Սյունիքի, այլեւ Հայաստանի Հանրապետության արժանապատիվ պաշտպանվածություն:

Հատկապես մեր ընթացքի այս փուլում՝ ամենատարբեր պատրվակներով Սյունիքի հանրությունը պառակտելու բոլոր փորձերը մերժելի են եւ չպետք է տեղ գտնեն մեզանում:

Սյունիքը սովորական տարածք չէ, այլ հայոց պետության ողնաշարն է, ինչը պարտավոր ենք պահպանել ու պաշտպանել աչքի լույսի պես:

Եվ, ի վերջո, մենք տերն ենք մեր նախնիների թողած պատմական ժառանգության ու հայոց պատմական հիշողության:

Լեռնահայաստանի պատմական դասերով ու ոգով էլ դաստիարակել եւ դաստիարակելու ենք մեր երեխաներին ու թոռներին:

Այդ համոզմունքով էլ շարունակելու ենք հավերժին միտված սյունիքյան երթը:

Եվ այդ ամենով հավատարիմ ենք մնալու ոչ միայն Սպարապետ Գարեգին Նժդեհի ու Լեռնահայաստանի դասերին, այլեւ սյունեցի 218 նահատակի սուրբ հիշատակին, որոնք Արցախյան նորօրյա պատերազմում զոհվեցին հանուն հայոց արժանապատվության:

Syuniacyerkir.am

***

Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի ուղերձը Լեռնահայաստանի հռչակման 100-ամյակի առիթով

«Սիրելի՛ հայրենակիցներ, արժանապատի՛վ սյունեցիներ, շնորհավորում եմ բոլորիս Լեռնահայաստանի հիմնադրման 100-ամյակի կապակցությամբ։ 1921 թվականին` ապրիլի 27-ին, Տաթևի վանքում համազանգեզուրյան 2-րդ համագումարը հռչակեց «Լեռնահայաստան» պետությունը` սպարապետ Գարեգին Նժդեհի ղեկավարությամբ։ Լեռնահայաստանը` որպես պետություն, ունեցավ կարճ կյանք, բայց պատմական մեծ նշանակություն հայ ժողովրդի ու Հայաստանի հետագա գոյության համար։

Այսօր Լեռնահայաստանը մեզ համար պատմական ու գաղափարական հայրենիք է, պաշտամունք, որի շուրջ պետք է համախմբվենք, առանցք, որին պետք է հենվենք, ուղի, որով պիտի ընթանանք։ Յուրաքանչյուր հայի պարտքն է` իմանալ Լեռնահայաստանի պատմությունը, Զանգեզուրի գոյամարտը,սպարապետ Գարեգին Նժդեհի ուսմունքն ու պատգամները։ Պառակտիչ է նա, ով նսեմացնում է Նժդեհի փառքը կամ զատում նրա ուսմունքը գործից։ Սյունեցիներիս պարտքն է` համախմբվել և շարունակել նժդեհյան պայքարը, քանի դեռ մեր սրբազան հողում վխտում են արտաքին և ներքին թշնամիները։

Խոնարհվում ենք Զանգեզուրյան գոյամարտի բոլոր հերոսների հիշատակի առջև։

Ուզում եմ տեղեկացնել, որ Սյունիքի համայնքներն իրենց համայնքապետերի գլխավորությամբ պատրաստվում էին ապրիլի 27-ը  մեծ շուքով տոնել Տաթևում, սակայն հայտնի հանգամանքները դավադրաբար խոչընդոտեցին նախաձեռնությունն իրականացնել Լեռնահայաստանի հռչակման օրը։ Սակայն մոտ օրերս Լեռնահայաստանի 100-ամյակը  արժանվույն կտոնվի Տաթևում։

Ոչ ոք չի կարող մեզնից խլել մեր հիշողությունը, Սյունիքի հանդեպ սերը, Նժդեհի պաշտամունքը. այն մեր արյան մեջ է։

Հանուն Սյունիքի` նժդեհաբար»:

Shamshyan.com

Թողնել պատասխան

Your email address will not be published.

17 + fourteen =