87 տարեկան հասակում կյանքից հեռացել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր, Նյու Յորքի Քարնեգի կորպորացիայի նախագահ Վարդան Գրեգորյանը։
«Խորապես վշտացած ենք «Ավրորայի» համահիմնադիր և «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ, ամերիկահայ ականավոր մարդասեր, գիտնական, հեղինակ, մանկավարժ ու խորհրդատու և մեզնից շատերի թանկագին ընկեր Վարդան Գրեգորյանի (1934–2021) կորստի կապակցությամբ»,- ասվում է «Ավրորա» նախաձեռնության հայտարարությունում:
Իրանի Թավրիզ քաղաքում ծնված Վարդան Գրեգորյանն անհամար մարտահրավերներ է հաղթահարել, որոնց բախվել է երիտասարդ տարիքում Միացյալ Նահանգներ ներգաղթելով, և շարունակել է նշանակալի կարիերա կառուցել, որը տևել է մի քանի տասնամյակ և հատել իրեն հյուրընկալող երկրի գիտական, բարեգործական և մշակութային սահմանները: Նա կրթության և լուսավորության ջերմեռանդ ջատագով էր, որի համար գրքերը «հույսի, կրթության և ավելի լավ ապագայի կայաններ» էին:
1956 թ. Վ. Գրեգորյանն ընդունվել է Ստենֆորդի համալսարան, որտեղ մասնագիտացել է պատմության և հումանիտար գիտությունների բնագավառում և այն ավարտել է 1958 թ. գերազանցությամբ: 1964 թ. Ստենֆորդի համալսարանը Վարդան Գրեգորյանին շնորհել է Պատմության և հումանիտար գիտությունների դոկտորի գիտական աստիճան, իսկ 1969-ին արժանացել է Դանֆորթ հիմնադրամի Է. Հ. Հարբիսոնի «Ականավոր դասավանդման» մրցանակի (Distinguished Teaching Award)։ 1972 թ. նա միացել է Փենսիլվանիայի համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմին և նշանակվել Թարզյանի անվ. ամբիոնի պատմության պրոֆեսոր և Հարավային Ասիայի պատմության պրոֆեսոր: 1974 թ. նա եղել է Փենսիլվանիայի համալսարանի Արվեստի և գիտությունների ֆակուլտետի հիմնադիր դեկանը, իսկ չորս տարի անց դարձել է նույն համալսարանի քսաներեքերորդ ռեկտորը՝ պաշտոնավարելով մինչև 1981 թվականը:
1981–1989 թթ. Վարդան Գրեգորյանը եղել է Նյու Յորքի հանրային գրադարանի նախագահը և մեծ հեղինակություն է վաստակել գրադարանի մշակութային նշանակության կարգավիճակը վերականգնելու համար: 1989 թ. նա նշանակվել է Բրաունի համալսարանի նախագահ: Նրա ղեկավարության ներքո Բրաունի համալսարանը դարձել է և՛ ավելի գլոբալ, և՛ ակադեմիական առումով ավելի մրցունակ, և՛ ֆինանսապես ավելի ապահով։ Իր պաշտոնավարման ընթացքում նա ղեկավարել է մի նախաձեռնություն, որի շնորհիվ հավաքվել է ավելի քան 500 միլիոն դոլար՝ հատելով հաստատության հասութավորման 1 միլիարդ դոլարի սահմանագիծը: 1997 թվականից դր. Գրեգորյանը զբաղեցրել է Նյու Յորքի Քարնեգի կորպորացիայի տասներկուերորդ նախագահի պաշտոնը: 1998 թ. ԱՄՆ նախագահ Քլինթոնը նրան պարգևատրել է Ազգային հումանիտար գիտությունների մեդալով, իսկ 2004 թ. նախագահ Բուշը պարգևատրել է Ազատության Նախագահական մեդալով՝ ԱՄՆ քաղաքացիական բարձրագույն պարգևով:
Վարդան Գրեգորյանը ներքին հզոր ուժի տեր մարդ էր, կարեկցանքի ու անսահման իմաստնության շտեմարան: Նա արժանացել է բազմաթիվ դրամաշնորհների, այդ թվում ՝ Սայմոն Գուգենհայմի հիմնադրամից, Ուսյալ հասարակությունների ամերիկյան խորհրդից (American Council of Learned Societies), Հասարակագիտական հետազոտությունների խորհրդից (Social Science Research Council) և Ամերիկյան փիլիսոփայական հանրությունից (American Philosophical Society): Բացի այդ, նա ստացել է պատվավոր բազմաթիվ աստիճաններ և պարգևատրությունների արժանացել Ֆրանսիայի, Իտալիայի, Ավստրիայի ու Պորտուգալիայի կառավարությունների կողմից:
Աշխարհում բարգավաճման ու խաղաղության հասնելու իր առաքելության մեջ Վարդան Գրեգորյանը միշտ հանդես է եկել ամենաաղքատների և իրավազուրկների անունից: Լինելով ցեղասպանության, խտրականության և հետապնդումների վերացման գործի հանձնառու՝ իր կարեկցանքով ու վճռականությամբ ոգեշնչված բոլորի համար նա դարձել է ուսուցիչ ու հույսի փարոս: Երիտասարդ սերնդին նա առաջնորդել է բարությամբ ու խորաթափանցությամբ՝ փոխելով մարդկային կյանքերը և մշտապես առաջնորդելով անձնազոհության ու նվիրվածության իր անձնական օրինակով:
Արգասալից հեղինակ Վարդան Գրեգորյանը հրատարակել է մի շարք գրքեր, որոնց թվում են «Ճանապարհ դեպի տուն. Իմ կյանքը և ժամանակները» (The Road To Home: My Life and Times), «Իսլամ. Խճանկար, ոչ միաձույլ» (Islam: A Mosaic, Not a Monolith) և «Ժամանակակից Աֆղանստանի հայտնությունը, 1880-1946 թթ.» (The Emergence of Modern Afghanistan, 1880-1946):
2015 թ. նա, Նուբար Աֆեյանի և Ռուբեն Վարդանյանի հետ, հիմնադրել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը՝ Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից՝ ի երախտագիտություն նրանց փկողների: «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը և դրա «Ավրորա» մարդասիրական մրցանակը ձգտում են այդ փորձը վերածելու գլոբալ շարժման՝ անդրադառնալով աշխարհում առկա մարդասիրական մարտահրավերներին և կենտրոնանալով կարիքի մեջ գտնոցներին օգնելու վրա:
Որպես «Ավրորայի» համահիմնադիր և «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ, Վարդան Գրեգորյանն անխոնջ աշխատել է՝ օգնելու այդ տեսլականը կյանքի կոչելուն և երկրորդ հնարավորություն տալու նրանց, ովքեր ամենից ավելի ունեն դրա կարիքը: Մենք հավերժ երախտապարտ ենք նրա փորձառության ու տեսլականի և «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության ստեղծման ու զարգացման գործում նրա ներդրած անգնահատելի ավանդի համար:
«Ավրորան» սգում է Վարդան Գրեգորյանի մահվան կապակցությամբ և աղոթք ու զորակցություն հղում նրա ընտանիքին և բոլոր նրանց, ովքեր օգտվել են նրա նշանավոր աշխատանքից և իմաստնությունից: Նրա ժառանգությունն ապրում է և շարունակելու է ապրել հավերժության մեջ:
Նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցել է Վարդան Գրեգորյանի մահվան կապակցությամբ։
«Շատ ցավալի լուր ստացա. վախճանվել է ամերիկյան ժամանակակից մտքի եւ հայկական աշխարհի փայլուն դեմքերից մեկը՝ կրթության ու մշակույթի նվիրյալ, Նյու Յորքի Կարնեգի հիմնադրամի նախագահ, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր, նախկինում Նյու Յորքի հանրային գրադարանի նախագահ, Բրաունի համալսարանի առաջին օտարազգի նախագահ, ԱՄՆ նախագահի «Ազատության» մեդալակիր եւ իմ վաղեմի բարեկամ Վարդան Գրեգորյանը:
Վարդան Գրեգորյանը, ում օրեր առաջ եւ հենց իր ծննդյան օրը՝ ապրիլի 8-ին, հանձնվեց ՀՀ քաղաքացիությունը հավաստող անձնագիրը, իր ազգի նվիրյալն էր, հայրենիք-սփյուռք կապերի ամրապնդման իսկական մեկենաս, ինչի վկայությունը նրա հայանպաստ հանրային գործունեությունն էր: Մեր անձնական հանդիպումների ու զրույցների, սփյուռքում տեղի ունեցած բազում միջոցառումների ժամանակ անձամբ եմ առիթ ունեցել համոզվելու դրանում:
Անկեղծ ցավակցություններս եմ հղում Վարդան Գրեգորյանի ընտանիքին, հարազատներին, մերձավորներին եւ կիսում նրանց ծանր վիշտը»,-ասվում է նախագահի ցավակցական ուղերձում: