Նախագահ Թայիփ Էրդողանի քաղաքականությունն ուղղված է Եվրոպական միության ապակայունացմանը: Այսպիսի կարծիք է հայտնել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն այսօր Paris Match պարբերականում հրապարակված հարցազույցում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Ֆրանսիայի առաջնորդի խոսքով՝ Էրդողանը «զավթողական քաղաքականություն է վարում՝ հիմնված ազգայնամոլության և իսլամիզմի խառնուրդի վրա, որը անհամատեղելի է եվրոպական շահերի հետ և Եվրոպայի ապակայունացման գործոն է»: «Նման իրավիճակում Եվրոպան պետք է իրատեսորեն գնահատի տեղի ունեցողը և գործի իր շահերին համապատասխան»,- ավելացրել է Մակրոնը:
«Ես բնավ կողմ չեմ գործողությունների ծավալմանը,- հավելել է նա:- Սակայն ելնելով համաչափ գործողությունների անհրաժեշտությունից՝ կարծում եմ՝ կարևոր է խուսափել անկարող դիվանագիտությունից: Մենք արդեն ազդանշան ենք տվել՝ ցուցադրելով եվրոպական համերաշխության գործնականությունը»,- նշել է Մակրոնը, որ այսօր՝ հինգշաբթի, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ բանակցություններում պետք է քննարկի ԵՄ-ի դիրքորոշումը միջազգային կարևորագույն խնդիրների կապակցությամբ:
Միջերկրածովյան տերությունը
Օգոստոսի 12-ին Մակրոնը կոչ արեց Անկարային դադարեցնել նավթի միակողմանի հետախուզումը Արևելյան Միջերկրական ծովում: Հաջորդ օրը Ֆրանսիայի պաշտպանության նախարարությունը հայտնեց, որ երկիրն այդ տարածաշրջան է ուղարկում երկու բազմանպատակ Rafale ինքնաթիռ և Lafayette եռակայմ հետախուզանավը: Դա թուրքական ղեկավարության կտրուկ արձագանքը հարուցեց:
Այդ կապակցությամբ Paris Match-ին տված հարցազրույցում Մակրոնը հատուկ ընդգծել է, որ «Ֆրանսիան միջերկրածովյան տերություն է»: Միաժամանակ նա հանդես է եկել Թուրքիայի հետ հարաբերություններում ծագած խնդիրներին ճկուն մոտեցում ցուցաբերելու օգտին:
«Ես եվրոպական երկրների այն սակավաթիվ ղեկավարներից եմ, որոնք վերջին տարիներին անձնական հանդիպումներ են ունեցել Էրդողանի հետ: Ես ընդունել եմ նրան Փարիզում 2018 թ. հունվարին: Շատերն ինձ դրա համար քննադատել են: Էրդողանն այն առաջնորդներից է, որոնց հետ ես խնդիրների շարունակական քննարկումներ եմ անցկացնում»,- հայտարարել է Մակրոնը:
Նա հիշեցրել է նաև, որ ինքն էլ այցելել է Թուրքիա 2018 թ. սեպտեմբերին և առաջարկել է 2019 թ. Լոնդոնում Թուրքիայի հետ գագաթնաժողով անցկացնել, որին մասնակցել են Գերմանիան, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան: