Ինչպես է աշխարհն արձագանքել Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու Թուրքիայի որոշմանը

Աշխարհը շարունակում է արձագանքել Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու Թուրքիայի որոշմանը, հաղորդում է Ahval-ը:

BBC-ին իր կարծիքն է հայտնել Նոբելյան մրցանակակիր, թուրք գրող Օրհան Փամուքը:

Նրա խոսքով՝ տաճարը մզկիթի վերածելը հավասար է նրան, որ մնացած աշխարհին ասես, որ Թուրքիան այլեւս աշխարհիկ պետություն չէ:

«Կան աշխարհիկ միլինոավոր թուրքեր, ինչպես ես, ովքեր բղավում են, սակայն նրանց ձայները չեն լսում»,-նշել է գրողը:

Փամուքի խոսքով՝ այդ քայլն Անկարային զրկել է որոշ թուրքերի «հպարտությունից», որոնք իրենց աշխարհիկ երկրի մաս են համարում:

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը ստորագրել է Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու մասին հրամանագիրը թուրքական դատարանի կողմից 1934 թվականի հրամանագրի չեղարկումից հետո, որով տաճարը թանգարանի էր վերածվել: Էրդողանը Twitter-ի իր էջում հրապարակել է հրամանագրի կրկնօրինակը, որում ասվում է, որ «Սուրբ Սոֆիայի տաճարի վերահսկողությունը փոխանցվում է երկրի կրոնական կառավարմանն ու այն բացվում է ժամերգությունների համար»:

Միեւնույն ժամանակ, աշխարհը շարունակում է մտահոգություն հայտնել:

Այսպես, ամերիկացի սենատորներ Ջիմ Ռիշն ու Ռոբերտ Մենենդեսը դատապարտել են որոշումը՝ նշելով.

«Էրդողանի այսօրվա որոշումը խորին վիրավորանք է՝ ուղղված ամբողջ աշխարհի քրիստոնեությանը: Կարգավիճակի փոփոխությունը տարաձայնություններ է առաջացնում այն ժամանակաշրջանում, երբ մենք իսլամի եւ է քրիստոնեության միջեւ կամուրջ կառուցելու կարիք ունենք: Կոչ ենք անում Էրդողանին չեղարկել այդ որոշումն ու պահպանել Սուրբ Սոֆիայի ժառանգությունն ու նրա կարգավիճակը որպես չեզոք կրոնական թանգարան, որտեղ կարող են այցելել բոլորը»:

Իր մտահոգությունն է հայտնել նաեւ Ռուս ուղղափառ եկեղեցին.

«Ցավալի է, որ Ռուս ուղղափառ եկեղեցու, այլ ուղղափառ եկեղեցիների մտահոգությունն արձագանք չստացավ: Տվյալ որոշումը, ցավոք, ուղղված չէ հակասությունների հարթմանը, այլ, հակառակը, կարող էլ ավելի մեծ տարաձայնությունների հանգեցնել, ինչի մասին հուլիսի 6-ին հայտարարել է Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը»:

ՅՈՒՆԵՍԿՕ-ում հայտարարել են, որ Համաշխարհային ժառանգության կոմիտեն կվերանայի Սուրբ Սոֆիայի տաճարի կարգավիճակը:

ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերի գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը որոշումը ցավալի է անվանել:

Հունաստանը Թուրքիայի քայլը «քաղաքակիրթ աշխարհին ուղղված բացահայտ սադրանք» է անվանել:

«Էրդողանի կողմից ցուցադրված ազգայնականություն…որը երկիրը 6 դար հետ տարավ»,-նշել է Հունաստանի մշակույթի նախարար Լինդա Մենդոնին:

Նրա խոսքով՝ տվյալ որոշումը հաստատում է, որ Թուրքիան չունի անկախ արդարադատություն:

Թուրքիայի որոշմանը հավանություն են տվել միայն հյուսիսային Կիպրոսը և Պաղեստինը:

News.am

Թողնել պատասխան

Your email address will not be published.

14 + five =