Հայոց պատրիարքն առաջարկում է հունական եկեղեցին բացել քրիստոնեական և մահմեդական պաշտամունքի համար. Հարութ Սասունյան

Վերջերս ընտրված Պոլսո Հայոց պատրիարք Սահակ Մաշալյանը շարունակում է իր խնդրահարույց հրապարակային հայտարարությունները՝ դրանով իսկ հակադրվելով Ստամբուլի հայ համայնքին և աշխարհասփյուռ  հայությանը: Մի քանի ամիս առաջ նա քննադատական մեկնաբանություններ արեց ԱՄՆ Կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի վերաբերյալ:

Պատրիարքի հայտարարություններից պարզ է դառնում, որ նա ցանկանում է հաճոյանալ Թուրքիայի իշխանություններին, հատկապես Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին: Մեր հաճախակի խորհուրդները նրան՝ չխառնվել իր պատասխանատվությունից դուրս գտնվող գործերին, մնում են ձայն բարբառո անապատի։ Նա կարծես թե չի հասկանում, որ պետք է լուռ մնա:
Ամբողջ աշխարհը տեղյակ է հունական Սուրբ Սոֆիայի պատմական տաճարը մզկիթի վերածելու Էրդողանի բազմիցս արված վիճահարույց հայտարարությունների մասին։ 1935 թվականին

Աթաթուրքը մզկիթի կարգավիճակը փոխել էր թանգարանի։

Էրդողանի հայտարարությունները համաշխարհային բանավեճի պատճառ էին դարձել, հատկապես Հունաստանում և աշխարհի հույների շրջանակում: Սուրբ Սոֆիայի տաճարը ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգության ցուցակում։ Տաճարը մզկիթի վերածելը, անշուշտ, առաջ է բերելու ամբողջ աշխարհի մարդկանց զայրույթը։
Սա այն հակասությունն է, որի մեջ անխոհեմաբար հայտնվել է Հայոց պատրիարքը՝ պարզապես Էրդողանին հաճոյանալու համար։ Վերջին շրջանում Հայոց պատրիարքի խնդրահարույց առաջարկի վերաբերյալ խիստ քննադատություններ են հնչել:
Եթե Հայոց պատրիարքը մի փոքր իմաստություն ունենար, նա նախ կխորհրդակցեր Ստամբուլի հայ համայնքի գլխավոր անդամների հետ՝ նրանց կարծիքն իմանալու համար։ Առավել կարևոր՝ նա պետք է խորհուրդ հարցներ Կոստանդնուպոլսի հունական էկումենիկ եկեղեցու պատրիարք Բարդուղիմեոսից։  Բացի այդ, Հայոց պատրիարքը մտածե՞լ է Ստամբուլում իսլամական առաջնորդներից խորհուրդ հարցնելու մասին, արդյոք նրանց համար ընդունելի կլինի դավանել իրենց իսլամական կրոնը նույն կառույցում, ինչպես քրիստոնյաները: Ըստ մեր տեղեկությունների՝ աշխարհում չկա նման վայր, և պատճառն այն է, որ սա անընդունելի է մահմեդականների համար։
Հայոց պատրիարքի հերետիկոսական առաջարկությունը կարող է նաև հակադրվել Թուրքիայի մահմեդականներին և նախագահ Էրդողանին: Ահա այսպիսի անհաջող ավարտ պատրիարքի համար, որը փորձում էր հաճոյանալ թուրքական իշխանություններին․․․
Պատրիարք Մաշալյանն ակամա պաշտպանում է Սուրբ Սոֆիայի տաճարի կարգավիճակի փոփոխությունը թանգարանից մզկիթի՝ քրիստոնյա հավատացյալների համար մասնավոր տարածքով։ Միակ բանը, որ Թուրքիայի իշխանությունները կեզրակացնեն պատրիարքի առաջարկությունից այն է, որ նա կողմ է եկեղեցին մզկիթի վերածելուն՝ անտեսելով նրա առաջարկությունը, որ մզկիթի մի անկյուն հատկացվի քրիստոնեական կրոնական արարողությունների համար: Ինչպե՞ս կարձագանքեր Հայոց պատրիարքը, եթե մի օր Թուրքիայի կառավարությունը որոշեր Վանի լճի մերձակայքում գտնվող հայկական Աղթամար եկեղեցին (այժմ պաշտոնապես դասակարգված որպես զբոսաշրջային տարածք) վերածել մզկիթի՝ մի փոքր սենյակ հատկացնելով քրիստոնեական պաշտամունքի համար:
Իրավիճակն ավելի բարդացնելով, պատրիարք Մաշալյանն իր հայտարարությունն արեց թվիթերյան մի շարք գրառումների միջոցով: Զարմանում եմ, թե ինչն էր նրան դրդել օգտագործել Թվիթերը, որպեսզի նման հայտարարություն անի՝ հղի լուրջ հետևանքներով։ «Սուրբ Սոֆիայի տաճարը պիտի բացվի պաշտամունքի համար», ասաց նա՝ նշելով, որ այն բավական մեծ է այդ նպատակի համար՝ մի մասն առաջարկելով քրիստոնյաներին։ «Թո՛ղ աշխարհը ծափահարի մեր կրոնական խաղաղությունն ու հասունությունը: Թո՛ղ Սուրբ Սոֆիայի տաճարը դառնա մեր դարաշրջանի մարդկության խաղաղության խորհրդանիշ»։
Այնուհետև պատրիարքը նշեց, որ մարդկությունը աղոթել է այդպիսի միասնության համար և առաջարկեց դա անել միասնաբար՝ Սուրբ Սոֆիայի տաճարի գմբեթի ներքո․ «Չնայած մեր դավանանքները տարբեր են, բայց մի՞թե մեկ Աստծուն չենք պաշտում»։ Ըստ նրա՝  հազար տարի լինելով պաշտամունքի տեղ քրիստոնյաների և ևս 500 տարի՝ մահմեդականների համար, Սուրբ Սոֆիայի տաճարը դեմ չէ դրան։ «Սուրբ Սոֆիայի տաճարը կառուցվել է տասը հազար բանվորների աշխատանքով՝ աստղաբաշխական ծախսերով», ասաց նա՝ մատնանշելով, որ ավելի քան 500 տարի շարունակ պաշտամունքի այս շինության վրա բազմաթիվ վերանորոգումներ են իրականացվել Ֆաթիհ Սուլթանի հիմնադրամի կողմից: Նա շեշտեց, որ նրանց նպատակն էր այն պահպանել որպես պաշտամունքի վայր, և «ոչ թե միայն թանգարան»: Նա ասաց, որ դա ավելի հարմար կլինի որպես պաշտամունքի վայր, որտեղ հավատացյալները կարող էին ծնկաչոք աղոթել, քան որպես զբոսաշրջային վայր՝ լեցուն շտապող այցելուներով»։ Թուրքական լրատվամիջոցները անմիջապես հրապարակեցին պատրիարքի հայտարարությունը:
Պատրիարքի միամիտ առաջարկությանն առաջինը կոշտ արձագանքեց «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ Դևլեթ Բահչելին, ծաղրելով այն միտքը, թե «Սուրբ Սոֆիայի տաճարը ուրբաթ օրը մզկիթ է, իսկ կիրակի՝ եկեղեցի»։
Սուրբ Սոֆիայի տաճարը առավել կարևոր կրոնական վայրերից մեկն է, հատկապես հույների համար։ Տաճարը կառուցվել է 537 թվականին Բյուզանդական կայսրության կողմից։ Այն աշխարհի ամենամեծ շինությունն էր և իր ժամանակի ինժեներական մտքի հրաշալիք։ Սուրբ Սոֆիայի տաճարը 1453 թվականին վերածվել է կայսերական մզկիթի՝ օսմանցիների կողմից Կոստանդնուպոլսի (այժմ՝ Ստամբուլ) գրավումից հետո։ Այնուհետև մզկիթը Աթաթուրքի հրամանով 1935 թվականին վերափոխվել է թանգարանի:
Հետաքրքիր պատմական հայկական դրվագ կա կապված Սուրբ Սոֆիայի տաճարի հետ։ Ըստ Վիքիպեդիայի՝ «989 թվականի հոկտեմբերի 25-ի մեծ երկրաշարժից հետո, որի արդյունքում փլուզվել է արևմտյան գմբեթի կամարը, կայսր Վասիլ Բ-ն խնդրել է հայ ճարտարապետ Տրդատին, որը Անիի և Արգինայի տաճարների ստեղծողն է, ղեկավարել վերանորոգման աշխատանքները․․․․ Հասցված վնասն այնքան մեծ էր, որ պահանջվեց վեց տարի վերանորոգման և վերակառուցման համար. եկեղեցին վերաբացվեց  994 թ․ մայիսի 13-ին»:
Ուզում ենք եզրափակել՝ մեր հույն բարեկամներին վստահեցնելով, որ Հայոց պատրիարքի տհաճ հայտարարությունը չի ներկայացնում հայ ժողովրդի ցանկությունները:
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

 

Թողնել պատասխան

Your email address will not be published.

11 − 1 =