ԱՄՆ Սենատում Հայաստանի մանդատի քննարկումների 100-ամյակի կապակցությամբ

Այսպես կոչված մանդատի՝ հոգատարության, հարցն առաջացավ Առաջին համաշխարհային պատերազմից ավարտից անմիջապես հետո, երբ Գերմանիայից ու Օսմանյան կայսրությունից անջատվեցին նախկինում բռնազավթված տարածքներն ու ժողովուրդները։ Եւ եթե Աֆրիկայի եւ խաղաղօվկիանոսյան կղզիների գերմանական գաղութները կարիքն ունեին եւրոպական երկրների կողմից եւ՛ աջակցության, եւ՛ երկարամյա կառավարման, ապա Հայաստանը, Սիրիան, Պաղեստինը եւ Արաբիան, իրականում, կարիքն ունեին աջակցության՝ ոտքի կանգնելու եւ սեփական միջոցներով հաղթահարելու համար պատերազմի հետեւանքները, ընտրելու զարգացման ինքնուրույն ճանապարհ։ (1)

Հայ ազգային միացյալ պատվիրակության տարածքային պահանջներին զուգահեռ, որոնք ներկայացվեցին Փարիզի խաղաղության վեհաժողովին՝ 1919 թ. փետրվարի 12–ին եւ ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնին՝ 1919 թ. ապրիլ 17-ին, Հայաստանի համար հրապարակ բերվեց նաեւ Հայաստանի մանդատի հարցը։

Դաշնակից պետությունները գտնում էին, որ Հայաստանի մանդատը կարող է ստանձնել ԱՄՆ-ը։ (2)

ԱՄՆ-ի կողմից Հայաստանի մանդատը ստանձնելու հարցը ուսումնասիրել են ամերիկյան երկու առաքելություններ։ 1918 թվականին ամերիկյան երկու հանձնաժողովներ ուղարկվեցին Մերձավոր Արեւելք՝ ուսումնասիրելու եւ ապա ներկայացնելու տարածաշրջանի գործընթացներին ԱՄՆ-ի ներգրավվելու վերաբերյալ առաջարկներ։

Քինգ-Քրեյնի հանձնաժողովը Կոստանդնուպոլսում, Պաղեստինում, Սիրիայում եւ Կիլիկիայում հանդիպումներ ունեցավ թուրքական, հայկական, արաբական, հրեական ներկայացուցիչների հետ։ Հանձնաժողովը խորհուրդ տվեց առաջին հերթին ստեղծել հայկական աոանձին պետություն՝ ներառյալ Կիլիկիան: Նա գտնում էր, որ Հայաստանի մանդատն ընդունող պետությունը պետք է ընդունի նաեւ Արեւմտյան Հայաստանի եւ Կոստանդնուպոլսի մանդատը, որը կհեշտացներ հայրենադարձությունը, բնակչության փոխանակումը, Թուրքիայի հետ պետական պարտքի եւ տնտեսական զարգացման կարգավորումը։

Ամերիկյան զինվորական առաքելությունը գեներալ Տ. Հարբորդի գլխավորությամբ 1919 թվականի աշնանը ուղեւորություն ձեռնարկեց Կիլիկիա, Արեւմտյան Հայաստան եւ Հայաստանի Հանրապետություն: Նա հարուստ նյութեր հավաքեց այդ աշխարհաշրջանի պաշարների ու հնարավորությունների վերաբերյալ եւ կրկնեց միեւնույն փաստարկները հօգուտ Հայաստանի մանդատի։

Պատմությունից հայտնի է, որ կուլիսներում ձեւակերպվում էր մեկ այլ առաջարկ, որի նպատակը Հայկական հարցի կարգավորումը խոչընդոտելն էր եւ դա հնչում էր այսպես․ «Ոչ թե մեկ մանդատ հայերի եւ Հայաստանի վրա, այլ մեկ մանդատ հայերի, մեկ այլ մանդատ՝ Հայաստանի վրա»։ Այս առաջարկում մանդատ ասելով նկատի էր առնվում ոչ թե հոգատարությունը, այլ վերահսկողությունը։ (3)

Իրենց կարգին, այս եւ այլ հարցերի քննարկմանը զուգահեռ, հայերը պահանջում էին Հայաստանին ցուցաբերել տնտեսական եւ ռազմական օգնություն, ինչը հնարավոր կդարձներ Հայաստանի վերջնական ազատագրումն ու կայացումը, որպես ինքնուրույն պետություն։

Հատկանշական է, որ քեմալականները կարիք չունեցան «մանդատ» փնտրելու, նրանք «մանդատ» ստացան բոլշեւիկներից դրամական ու ռազմական, խորհրդատվական ու քաղաքական շռայլ օգնության եւ օժանդակության տեսքով, ինչը վերջնական ձեւակերպում ստացավ քեմալական-բոլշեւիկյան եւ անգլիական-բոլշեւիկյան պայմանագրերում՝ կնքված 1921 թ․ մարտի 16-ին։ (4) (5)

Վերադառնանք սակայն Հայաստանի մանդատի հարցին։ 1920 թ․ մայիս 24-ին ԱՄՆ նախագահ Վիլսոնը դիմեց ԱՄՆ Կոնգրեսին Հայաստանի մանդատն ընդունելու առաջարկով: Հունիսի 1-ին ԱՄՆ-ի Սենատը 233 ձայնով ընդդեմ 62-ի մերժեց Հայաստանի մանդատը ստանձնելու նախագահ Վիլսոնի առաջարկը:

Ինչպես այսօր կարող ենք նկատել, այդ մերժումը ծանր հետեւանքներ ունենացավ ոչ միայն հայերի եւ Հայաստանի համար, այլեւ Մեծ Մերձավոր Արեւելքի բոլոր ժողովուրդների ու երկրների պատմության մեջ ու ճակատագրում։ Կոնգրեսականները մի շատ կարեւոր վրիպում են թույլ տվել․ «Սակայն քոնկրեսականները ուշադրութիւն չեն դարձուցած զօրավար Հարպորտի ա՛յն եզրակացութեան` մարգարէութեան, ուր կ՛ըսէ. «Նախընտրելի է միլիոններ ծախսել հոգատարութեան, քան թէ միլիառներ` ապագայ պատերազմներուն»: Ցայսօր Ամերիկան հազարաւո՛ր միլիառներ ծախսեց Մերձաւոր Արեւելքի մէջ, եւ ըստ նախագահ Թրամփի` 7 թրիլիոն, այսինքն` 7 հազար միլիառ, եւ տակաւին պիտի շարունակէ ծախսել`«Հարպորտ առաքելութեան» տեղեկագիրը լրջօրէն չուսումնասիրելուն եւ հոգատարութիւնը չընդունելուն պատճառով»: (6)

 Այնուհանդերձ, 1920 թվականի մայիսի 29-ից հունիս 1-ը ԱՄՆ Սենատում քննարկվել է Հայաստանի մանդատն ընդունելու հարցը, ինչը նշանակում է, որ ԱՄՆ-ն դե ֆակտո (de facto) ճանաչել է Հայաստան պետության իրավունքն ու տիտղոսը հայկական տարածքների նկատմամբ եւ դրանով չեղյալ է համարել այդ տարածքների նկատմամբ Օսմանյան կայսրության իրավունքն ու տիտղոսը։

Ահա սա է ԱՄՆ Սենատում Հայաստանի մանդատի քննարկման փաստի իրավական-քաղաքական հիմնական բովանդակությունը, իմաստն ու նշանակությունը։

Տիգրան Փաշաբեզյան

Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան) Վարչապետ

 29 մայիս 2020 թ.

 ———————-

 Ծանոթագրություն

  1. Փարիզի հաշտության կոնֆերանսի առաջին որոշումներից էր (1919 թվականի հունվար) Գերմանիային զրկել գաղութներից։ Բանաձեւում նաեւ ասվում էր, որ դաշնակիցներն ու նրանց հետ կապված երկրները համաձայն են, որպեսզի Հայաստանը, Սիրիան, Միջագետքը, Պաղեստինը եւ Արաբիան լիովին բաժանվեն Օսմանյան կայսրությունից, ընդսմին մատնանշվում էր, որ թուրքերը իրագործել են հայերի եւ այլ ենթակա ժողովուրդների սարսափելի կոտորած։ Աֆրիկայի եւ խաղաղօվկիանոսյան կղզիների թույլ զարգացած գերմանական գաղութները, համարվելով ինքնակառավարման անընդունակ տարածքներ, կարիք ունեին եվրոպական երկրների երկարամյա ղեկավարության։ Մյուս կողմից, Օսմանյան կայսրության որոշ ժողովուրդներ, ինչպես հայերն ու արաբները, զարգացման այն աստիճանի էին հասել, որ նրանց օգնությունը որպես անկախ ազգերի, կարող էր իրականացվել նրանց նկատմամբ մանդատ ընդունած երկրների օգնությամբ՝ մինչեւ որ նրանք կկարողանային գոյություն ունենալ ինքնուրույն։

Տես, Հայաստանի մանդատ (1920), https://hy.wikipedia.org/

  1. 1920 թ. ապրիլ 24-ին Սան-Ռեմոյում ապագա հայկական պետության սահմանների մասին ընդունվում է Լլոյդ Ջորջի նախագիծը, որն ուղարկվեց Վիլսոնին: Նախագծում ասվում էր.
    «ա) Դիմել պրեզիդենտ Վիլսոնին, որպեսզի Ամերիկայի Միացյալ Նախագահները ընդունեն Հայաստանի մանդատը այն սահմաններում, որոնք տրված են Թուրքիայի հետ հաշտութեան պայմանագրի նախագծի առաջին տարբերակում:
    բ) Եթե Ամերիկայի Միացյալ Նահանգները չկամենան ընդունել մանդատը, Միացյալ նահանգների պրեզիդենտին խնդրվում է հանդես գալ իբրեւ միջնորդ Հայաստանի սահմանների հարցում, ինչպես ասված է ստորեւ բերվող նախագծային հոդվածում:
    գ) Հետեւյալ իմաստով հոդված պետք է մտցվի հաշտության պայմաններում՝ Հայաստանի վերաբերյալ:
    Թուրքիան, Հայաստանը եւ մյուս բարձր պայմանավորվող կողմերը համաձայն են դիմել Ամերիկայի Միացյալ Նահանգների պրեզիդենտի միջնորդությանը Թուրքիայի եւ Հայաստանի սահմանների հարցում՝ Էրզրումի, Տրապիզոնի, Վանի եւ Բիթլիսի վիլայեթներում եւ ընդունել այդ առթիվ նրա որոշումը, ինչպես նաեւ որեւէ պայման, որ նա կառաջարկի դեպի ծով Հայաստանի անկախ պետության ելքի մասին»:
    1920 թվականի մայիս 17-ին Վիլսոնը տալիս է իր համաձայնությունը։
    Տես, Լենդրուշ Խուրշուդյան, «Հայաստանի բաժանումը 1920 թվականին», ԵՊՀ, Երեւան, 2002, էջ 104-109:
  2. Տես, «Այդ անտանելի հայերը», Լինկոլն Սթեֆընսի հարցազրույցը Լոուրենս Արաբացու հետ։ https://www.academia.edu

4. 1920 թ. օգոստոսի 24-ին Գ. Չիչերինի եւ Բեքիր Սամի բեյի միջեւ նախաստորագրվեց խորհրդա-թուրքական մերձեցման գաղտնի պայմանագիրը, որն իր սուր ծայրով ուղղված էր Հայաստանի դեմ: Պայմանագրի նախագծով Խորհրդային Ռուսաստանը ճանաչում էր մինչեւ 1877-1878 թթ. ռուս-թուրքական պատերազմը եղած պետական սահմանը, այլ խոսքով` ոչ միայն Առաջին աշխարհամարտում ռուսական զորքերի կողմից գրավյալ արեւմտահայ նահանգների, այլեւ արեւելահայ Կարսի մարզի ու Արդահանի վերադարձը Թուրքիային:
Նախաստորագրված պայմանագրից անմիջապես հետո Անգորա վերադարձած թուրք արտգործժողկոմն իր հետ տարավ խորհրդային կառավարության դրամական առաջին մասնաբաժինը` մեկեւկես միլիոն ռուբլին՝ ոսկով:

Խորհրդային կառավարությունը Բաքու-Նախիջեւան, Նովոռոսիյսկ-Տրապիզոն, Օդեսա-Սամսուն եւ այլ ցամաքային ու ծովային գծերով քեմալականներին անընդհատ մատակարարում էր շատ մեծ չափերի հասնող զենք, ռազմամթերք, դրամ-ոսկի, ցույց տալիս զինվորական խորհրդատվություն եւ դիվանագիտական աջակցություն: Ոչ լրիվ տվյալներով՝ 1920 թ. ամռանը քեմալականները բոլշեւիկներից ստացան 6․000 հրացան, 5 մլն. փամփուշտ, 17․600 արկ, սեպտեմբերին՝ 200․6 կգ ձուլածո ոսկի, հոկտեմբերին՝ 16 վագոն հրացան ու փամփուշտ, որոնք շոգեմակույկներով Տուապսեից փոխադրվեցին Տրապիզոն ու բաժանվեցին հայկական ռազմաճակատ մեկնող չեթեներին: Այդ օգնությունը շատ ավելի մեծ չափեր ընդունեց հետագայում` 1921-1922 թթ.:

Տես, Արարատ Հակոբյան, Հայաստանը «բոլշեւիկյան մուրճի եւ թուրքական սալի միջեւ», www.Aparaj.am,  15.06.2018։

  1. Մարտի 16-ին Անգլիան ստորագրեց համաձայնություն Սովետների հետ, որով վերջինները պարտավորվում էին անգլիական գաղութներում հրաժարվել քարոզչությունից, իսկ անգլիական կառավարությունը պարտավորվում էր չպաշտպանել այն նորակազմ պետություններին, որոնք կազմված էին նախկին ռուսական կայսրության երկրներից: Դա առաջին հարվածն էր Հայաստանին, որովհետեւ Անգլիան արդեն պարտավորվում էր չօգնել հայերին՝ իրենց անկախությունը վերականգնելու պայքարում: Լոնդոնի խորհրդաժողովի հետ միաժամանակ Մոսկվայում տեղի էր ունենում խորհրդաժողով Խորհրդային Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ: Բանակցությունները հանգեցին ռուս-թուրքական դաշնագրի, որը կնքվեց 1921 թվականի մարտի 16-ին, այսինքն՝ ճիշտ նույն օրը, երբ ստորագրվեց ռուս-անգլիական համաձայնությունը:

Տես, Ալեքսանդր Խատիսյան, «Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը»։ http://www.aniarc.am/2019/07/28/

6.       Տես, Յարութ Չէքիճեան, «Անդրադարձ. Հայաստանի Հանրապետութիւն – 100-ամեակ. Ինչպէ՞ս Մերժուեցաւ Հայաստանի Հոգատարութիւնը»: http://lousavor-avedis.org

Թողնել պատասխան

Your email address will not be published.

five + nineteen =