Վալերի Բուայեն հոդվածում բացահայտել է COVID-19-ի պայմաններում Արցախի ուժն ու Ադրբեջանի թուլությունը

Ֆրանսիական «Atlantico» լրատվական կայքում մայիսի 14-ին հրապարակվել է Բուշ դյու Ռոն դեպարտամենտի պատգամավոր, Ֆրանսիա-Արցախ բարեկամական շրջանակի անդամ Վալերի Բուայեի՝ «Կովկասում COVID-19-ը բացահայտում է ժողովրդավարությունների ուժն ու բռնապետությունների թուլությունը» վերնագրով հոդվածը, որտեղ Վալերի Բուայեն վերլուծում է Ադրբեջանում և Արցախի Հանրապետությունում COVID-19-ի հետևանքներն ու ազդեցությունը: «Արմենպրես»-ը ներկայացնում է հոդվածի թարգմանությունը։

«26 տարի առաջ՝ 1994թ. մայիսի 12-ին, ավարտվեց Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև զինված հակամարտությունը, որը ԽՍՀՄ-ի փլուզումը նշանավորող ամենաուժգին ցնցումներից էր: Ադրբեջանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության կողմից 1988-ին կազմակերպված հակահայկական ջարդերը բավականին արագ կերպով վերաճեցին բաց պատերազմի՝ ընդդեմ գրեթե բացառապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղի: Խորհրդային կայսրության փլուզմանը նպաստած այս պատերազմն ավարտվեց 1994թ. մայիսի զինադադարով՝ ստորագրված երեք անկախ պետությունների՝ միջազգային հանրության կողմից ճանաչված Հայաստանի ու Ադրբեջանի, և դեռևս ճանաչման սպասող՝ Արցախի Հանրապետություն դարձած նախկին Լեռնային Ղարաբաղի կողմից:

26 տարի անց կարելի է հաստատել, որ Ադրբեջանի՝ Արցախի հետ ցանկացած ուղղակի բանակցությունից հրաժարվելը և, առհասարակ, տարածաշրջանում արդար և վերջնական խաղաղության օգտին որևէ գործողության բացակայությունը ներկայիս հրադադարի ռեժիմը դարձնում է փխրուն և մեծացնում հակամարտության վերսկսման վտանգը: Միևնույն ժամանակ, Ադրբեջանն ու Արցախն ընթանում են շատ տարբեր ուղիներով:

Կարելի էր կարծել, որ Կասպից ծովի ափին գտնվող, ածխաջրածիններով հարուստ Ադրբեջանն օգտագործելու էր հարաբերական խաղաղության այս բոլոր տարիները իր տնտեսական հզորությունը հաստատելու և տարածաշրջանային առաջատար դառնալու նպատակով: Այնուամենայնիվ, դա ամենևին այդպես չէ. քառորդ դար շարունակ Ալիևյան կլանի կողմից բացառապես հօգուտ սեփական շահերին ծառայող երկրի հարստությունը մսխվել է շքեղ և անարդյունավետ ունեցվածքի վրա, հաճախ օֆշորային գոտիների միջոցով, ինչը ժամանակին ու դեռ վերջերս բացահայտել են «Պանամական փաստաթղթերը»: Արդյունքում, Ադրբեջանն ունի անկայուն տնտեսություն, որն ամբողջովին կախված է նավթի գներից:

Այսօր, վերջինիս անկմանը զուգընթաց, երբ անվճարունակությունից խուսափելու նպատակով երկրի խոշորագույն չորս բանկերը դրված են կենտրոնական բանկի վերահսկողության տակ, և երկիրը երկնիշ և եռանիշ գնաճի մեջ չընկղմելու նպատակով կիրառվում են ֆինանսական զեղծարարություններ՝ ուղղված մանաթի արժեքի ամեն գնով պահպանմանը, և վերջապես, երկրի սուվերեն հիմնադրամի դրամական պաշարների մեծ մասը մսխվում է ավելի քան անորոշ հետևանքներով այս պայքարում, պետք է զգուշանալ, որ երկրի առաջնորդը կդիմի դիվերսիայի արցախյան ուղղությամբ, ինչպես ամեն անգամ, երբ հայտնվում է վատ վիճակում: Բաքվի ռեժիմի համար ռազմական արկածախնդրությունը, որն ազատություն է տալիս ռեժիմի ղեկավարի ռազմատենչ հակումներին, իրականում տասնամյակների բարձիթողության հետևանքով անելանելի սոցիալ-տնտեսական իրավիճակից փախչելու համար հարմար միջոց է:

Արցախի Հանրապետության հետ հակադրությունը ցայտուն է, և այս առումով ներկայումս ողջ աշխարհը ծնկի բերած համավարակն ունեցավ բացահայտող ազդեցություն: Միջազգային ճանաչման բացակայության պատճառով, բացակայություն, որից նա տուժում է, Լեռնային Ղարաբաղը 1994 թվականից ի վեր ստիպված է եղել վերածվել գրեթե ինքնաբավ պետության: Բայց սա արվել է` ստեղծելով ժողովրդավարական կառույցներ և հատկապես իրավական պետությանը հատուկ ինստիտուտներով և գործելակերպով. բազմակուսակցական համակարգ, մամուլի ազատություն, նախագահական և խորհրդարանական ընտրություններ և բժշկական-սոցիալական կառույցներ, որոնք ունակ են անվճար կերպով բավարարել էապես համեստ և հաճախ աղքատ բնակչության տարրական կարիքները: Եթե համավարակը շատ սահմանափակ ազդեցություն ունեցավ այս պետության վրա, դա պայմանավորված է նրանով, որ իր ոչ ինքնակամ մեկուսացումն այս անգամ դեր խաղաց հօգուտ իրեն, բայց նաև այն պատճառով, որ տիրապետում է ազատ հասարակություններին հատուկ համակարգային ռեսուրսների։ Ժողովրդավարական վերահսկողության տակ գտնվող առողջապահության կառավարման շնորհիվ, մինչ այժմ Արցախում գրանցվել է վարակված ընդամենը տասնչորս անձ, որոնցից վեցն այսօրվա դրությամբ բուժվել, իսկ ութը` դեռ բուժվում են:

Դեռ ավելին, Արցախը ջանքեր չխնայեց անցկացնելու նոր ընդհանուր ընտրություններ՝ համատեղելով խորհրդարանական և նախագահական ընտրությունները: Եթե նախագահական ընտրությունների երկրորդ փուլի անցկացումը համաճարակի ժամանակ տեղին անհանգստությունների առիթ տվեց, ապա առողջապահական միջոցառումները, որոնք ուղեկցում էին ժողովրդավարական այս կարևոր դրվագը, պսակվեցին հաջողությամբ: Երկիրն այժմ ունի նոր նախագահ՝ ի դեմս Արայիկ Հարությունյանի, և նոր Ազգային ժողով՝ ի վիճակի իրականացնելու բարեփոխումներ, որոնք պետք է թույլ տան հուժկու տնտեսական վերելք ունենալ մի երկրի համար, որի տարեկան տնտեսական աճը վերջին տարիներին գերազանցում է 5%-ը, իսկ 2019-ին հասել է նույնիսկ 9%-ի:

Ի համեմատության՝ դժվար կլինի գնահատել COVID-19-ի ունեցած սոցիալական և տնտեսական իրական ազդեցությունը Ադրբեջանի վրա, որի՝ համաճարակին առաջին արձագանքը եղավ դեռևս ազատության մեջ գտնվող ընդդիմադիրների ձերբակալությունների նոր արշավի մեկնարկը: Հետևաբար, ժողովրդավարական բանավեճը և թվերի թափանցիկությունը կարող են սահմանափակ լինել մի երկրում, որը «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության կողմից դասվել է 168-րդը 180 երկրների շարքում:

Գոհ լինել, որ ժողովրդավարական արժեքների առկայությունը կլինի արդյունավետ, իսկ դրանց բացակայությունը՝ կպատժվի, կնշանակի ժամանակից շուտ ուրախանալ: Չնայած իրենց հուսադրող արդյունքներին՝ արցախցիները շարունակում են տուժել անարդար և բոլոր միջազգային կոնվենցիաներին հակասող մեկուսացումից: Իսկ Ադրբեջանի կողմից նոր ագրեսիայի վտանգը մեծանում է նրա սոցիալական և տնտեսական ձախողումների չափով: Այդ իսկ պատճառով, Արցախը դրականորեն է արձագանքել Անտոնիո Գուտերեշի կողմից անհապաղ համաշխարհային հրադադարի մասին մարտի 23-ին հնչեցրած կոչին: Այո, Լեռնային Ղարաբաղը կիսում է «ՄԱԿ Գլխավոր քարտուղարի տեսակետը, ըստ որի, յուրաքանչյուր մարդու կյանք պետք է լինի միջազգային հանրության հավաքական ջանքերի կենտրոնում՝ կորոնավիրուսի նոր համավարակի դեմ պայքարում», այլ ոչ թե ձեռնամուխ լինի վաղեմի ժամանակների ահասարսուռ հակամարտություններին:

Այս համաճարակը մեզ արդեն իսկ ստիպում է վերագնահատել մեր արժեքների միասնությունը, և դա վերաբերում է նաև միջազգային հարաբերություններին: Ավարտվել են այն ժամանակները, երբ քաղաքականությունը կարող էր անտեսել այն սկզբունքները, որոնք ենթադրաբար պետք է իր հիմքը հանդիսանային: Միջազգային հանրությունը պետք է լինի ավելի սկզբունքային և պարզ քան երբևէ՝ ճանաչելով Արցախի ժողովրդավարական ջանքերը, ընդունելով այս պետությունն իր շարքեր, և, վերջապես, բավարարելով նրա պահանջը` մասնակցելու առաջին հերթին իրեն վերաբերող խաղաղ բանակցություններին: Այն նաև պետք է միանշանակ կերպով պատժի ատելության խոսքը, Արցախի սահմանին Ալիևյան վարչակազմի կողմից պարբերաբար իրականացվող ահաբեկման և ռազմական ագրեսիայի փորձերը և ստիպի նրան իսկապես ներգրավվել բանակցություններում, որոնք պահանջում են փոխզիջումներ և, հետևաբար, նաև իր կողմից զիջումներ:

Վերջապես, ավելի խորքային առումով, արցախյան ժողովրդավարության ուշագրավ ուժը՝ համեմատած ադրբեջանական բռնապետության դժվարությունների հետ (երկու պետություններ, որոնք ստեղծվել են նույն նախնական մոդելից) ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ չի կարելի զոհասեղանի վրա ամբողջական ժողովուրդների ապագան մատուցել անկարող բռնապետներին, բռնապետներ, որոնք միայն պատերազմն են տեսնում որպես տնտեսական և սոցիալական խնդիրների լուծում, որոնց գլխավոր պատճառն են հանդիսանում հենց իրենք, և  որոնք սրվում են առողջապահական ճգնաժամերով և համաշխարհային աղետներով, որոնցից մարդկությունը երբեք ապահովագրված չէ»:

ԱՐՄԵՆՊՐԵՍ

 

Թողնել պատասխան

Your email address will not be published.

2 × 4 =