Բավական է, պետք է վերջ տալ եւ դուրս գալ այդ ծուղակից

Խորհրդարան-կառավարություն հարցուպատասխանի ընթացքում Արցախի հարցի կարգավորման փուլային տարբերակի վերաբերյալ հնչած հարցին ի պատասխան վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարվեց ասել՝ բանակցվե՞լ կամ բանակցվու՞մ է փուլային փաստաթուղթ, թե ոչ: Այդ հարցը պնդում էր Տիգրան Ուրիխանյանը: Դրան ի պատասխան, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե բազմաթիվ անգամներ արձանագրել է պաշտոնական Երեւանի դիրքորոշումը, որը մերժում է փուլային որեւէ տրամաբանություն եւ հիմնված է կարգավիճակի ու անվտանգության առաջնահերթության վրա:

Փաշինյանը հայտարարեց, թե չի պատրաստվում պատասխանել անընդհատ կրկնվող հարցերին, կրկնվող պատասխանով:

Ինչ որ մեկին հաջողվել, կամ հաջողվում է հայկական կողմին գցել ծուղակ, ընդ որում արդեն մի քանի տարի շարունակ, այդ թվում հեղափոխությունից էլ առաջ:

Բանն այն է, որ բավական է Ադրբեջանից կամ որեւէ այլ համանախագահ երկրից կամ միջազգային կառույցից որեւէ հայտարարություն, եւ այդ հայտարարությունը Հայաստանում փաստորեն թելադրում է ներքաղաքական օրակարգ՝ անընդհատ կրկնվող հարցերով:

Ո՞րն է այստեղ խնդիրը, եւ ինչն է այստեղ առաջնային: Եթե չկա քաղաքական իշխանության նշաձող կամ այսպես ասած կարմիր գիծ, եթե չկա հստակ դիրքորոշում, ապա հարցերն անշուշտ պետք է լինեն անընդհատ, մինչեւ պատասխան ստանալն ու ըստ այդմ որոշելը՝ ինչպես վարվել պատասխան տվող քաղաքական իշխանության հետ, հեռացնե՞լ, թե՞ աջակցել եւ ապահովել բանակցային թիկունքը:

Հեղափոխությունից հետո կարծես թե բավական հստակ սահմանվել են առաջնահերթություններ ու մոտեցումներ, որոնք գործնականում աննախադեպ են Հայաստանի քաղաքականության համար: Դրանք իհարկե բառացի գրողի ծոցը չեն ուղարկում Ադրբեջանին եւ բոլորին, բայց նաեւ այդտեղ է դրանց ուժը, որովհետեւ քաղաքական-դիվանագիտական գործընթացը միատարր, առավել եւս «միաբջիջ» չէ, այն առնչվում է բազմաթիվ հարակից հարցերի, ուղղակի թե անուղղակի շոշափվում են տարբեր խնդիրներ, որոնց մի զգալի մասը կարող է անգամ ուղիղ առնչություն չունենալ արցախյան թեմատիկային:

Հանրության համար փաստացի կարեւոր է այն, թե ինչ դիրքորոշման ու նշաձողի համար է պատասխանատվություն ստանձնում քաղաքական իշխանությունը: Այն ստանձնված է, հստակ ազդարարված է, որ Երեւանը չի քննարկում փուլային պլան, Երեւանը առհասարակ որպես այդպիսին որեւէ տարբերակ չի քննարկում, քանի դեռ լիարժեք բանակցող չէ Ստեփանակերտը, Երեւանը դնում է էքզիստենցիալ անվտանգության հարց եւ կարգավիճակն ու պաշտպանական բնագիծը համարում է զիջման ոչ ենթակա:

Այդ համատեքստում, առաջին դեմքի մակարդակով տարատեսակ մանիպուլյատիվ հարցադրումներով անընդհատ գնահատական եւ պատասխան պահանջելն անլրջացնում է հայկական դիրքորոշումը եւ դարձնում այն խոցելի հանդիպումների եւ քննարկումների գործընթացում: Մի բան, որ Հայաստանում տարիներ շարունակ հմտորեն սադրում են Ադրբեջանն ու համանախագահ երկրները կամ միջազգային կառույցները՝ դիվանագետների կամ փորձագետների հայտարարությունների միջոցով:

Հայաստանի հասարակական-քաղաքական դաշտը պետք է դուրս գա այդ ծուղակից: Եթե իհարկե տարբեր սուբյեկտներ այդ դաշտում չեն գործում պարզապես մանիպուլյատիվ նպատակով, կամ սպասարկում հենց այն նպատակները, որ իրենց առաջ դնում են համանախագահ երկրից, կամ որեւէ այլ միջազգային կառույցից, կամ էլ ադրբեջանցի դիվանագիտական եւ փորձագիտական շրջանակները:

Ի վերջո, հայկական անվտանգության եւ շահի նշաձողը սահմանել է բանակը՝ 2016-ի ապրիլին: Հայաստանում չի կարող լինել քաղաքական որեւէ միավոր կամ խումբ, որը կիջեցնի այդ նշաձողն անպատիժ: Միաժամանակ, թերեւս հասունանում է իրավիճակ, երբ օրենսդրորեն պետք է սահմանվեն Արցախի հարցում վարքագծային կանոններ, որոնք տարատեսակ սուբյեկտներին կզրկեն Հայաստանում օտարերկրյա տեղեկատվա-քարոզչական խաղերին անպատիժ աջակցելու հնարավորությունից:

Հակոբ Բադալյան, մեկնաբան

Lragir.am

Թողնել պատասխան

Your email address will not be published.

13 + twenty =