Պարույր Սեւակ. «Նամակ» – (Մայրության եւ գեղեցկության տոնի կապակցությամբ)

Նա՞ է գրում ինձ

Թե՞ ես եմ գրում իմ հարազատին՝

Ինքս էլ չգիտեմ.

«Արդյոք քեզ եր՞բ եմ, ե՞րբ եմ տեսնելու…

Ձմե՛ռ ու ամա՜ռ,

Աշո՛ւն ու գարո՜ւն…

Իսկ ո՞ւր է տարվա մե՛ր եղանակը,

Այն հինգերորդը…»

Նա՞ է գրում ինձ

Թե՞ ես եմ գրում իմ հարազատին՝

Ինքս ել չգիտեմ.

«Դու նկատե՞լ ես. ձմեռ ժամանակ

Անհնարին է անցնել անտառի այն ծանոթ տեղով,

Որով անցել ես ամռան օրերին,

Քանի որ ցրտից սաստիկ կուչ գալով

Ու ձյան բեռան տակ ճկվելով խղճուկ`

Ոստ ու ճյուղերը փակում են ճամփադ,

Իսկ մթնշաղին կամ աղջամուղջին`

Ճանկռում են դեմքդ,

Աչքիդ սպառնում:

Ես քայլում էի աղջամուղջի մեջ,

Ու քայլում էի նաեւ… մտացիր:

Մտացի՞ր արդյոք, մտամփո՞փ արդյոք, —

Մի՞թե նույնը չէ:

Ու ես հասկացա,

Որ երբ հուզված ենք`

Մենք թաքցընում ենք մեր խեղճ ձեռքերը,

Երբ անվստահ ենք`

Մենք թաքցընում ենք մեր խեղճ ոտքերը.

Իսկ ե՞րբ են մարդիկ թաքցնում դեմքը

Գուցե ամոթի՞ց

(Ես չե՛մ ամաչում իմ սիրո համար)

Գուցե կարոտի՞ց

(Ես ուզում եմ քեզ տեսնել բա՛ց աչքով):

Գուցե ճանկըռտող ճյուղերի՞ց այս չար

Գուցե այս ցրտի՞ց որ ճկում է ինձ

Եվ ստիպում է կուչ գալ խեղճորեն

(Կուչ գալ եմ ուզում քո՛ թեւերի տակ)…»

Նա՞ է ավարտում, թե՞ ես նրա տեղը,-

Ինքս էլ չգիտեմ.

«Իմ այս հարցերին մի՛ պատասխանիր,

Բայց պատասխանիր լոկ իմ մե՛կ հարցին:

Գարունը անցավ` ես քեզ չտեսա,

Ամառը անցավ` ես քեզ չտեսա,

Աշունը անցավ` չտեսա ես քեզ,

Ձմեռն էլ կանցնի` չեմ տեսնի ես քեզ…

Իսկ ո՞ւր ե տարվա մե՛ր եղանակը,

Այն հինգերորդը… մի՞թե չի գալու…»

11/1963,

Երեւան

Թողնել պատասխան

Your email address will not be published.

2 × 4 =