Շատ շնորհակալ եմ «ՀԱՄՇԵՆՈՒՀԻ» միությանը, ինձ համար Նոբելյան մրցանակի թեկնածու առաջադրվելը մեծ պատիվ է. Կարո Փայլան

Շատ շնորհակալ եմ «Համշենուհի» միությանը, ինձ համար Նոբելյան մրցանակի թեկնածու առաջադրվելը մեծ պատիվ է: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Թուրքիայի խորհրդարանի «Ժողովրդադեմոկրատական» կուսակցության հայազգի պատգամավոր Կարո Փայլանը՝ անդրադառնալով  իրեն՝ Նոբելյան մրցանակի թեկնածու առաջադրելու նորությանը:

«Այստեղ՝ Թուրքիայում, խաղաղության համար ենք պայքարում, բայց դժբախտաբար հիմա մութ ժամանակներ են Թուրքիայում: Շատ ուրախ եմ ասել, որ այստեղ ես մենակ չեմ: Ժողովրդավար թուրքերի, քրդերի և հայերի հետ եմ պայքարում: Նոբելյան մրցանակի թեկնածու լինելու համար էլ մենակ չեմ պայքարում, ընկերներս են ինձ հետ»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ «Համշենուհի» համշենահայերի կանանց միջազգային միության ղեկավար Սաիդա Օհանյանը դիմում է ներկայացրել Նոբելյան հանձնաժողով՝ առաջարկելով Խաղաղության Նոբելյան մրցանակ շնորհել Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանին:

Կազմակերպությունը Կարո Փայլանին նկարագրում է որպես մի մարդ, ով ողջ կյանքը նվիրել է հայ և Մեծ Մերձավոր Արևելքի, ներառյալ Արևմտյան Հայաստանի, Սիրիայի, Իրաքի և հենց Թուրքիայի մյուս բնիկ ժողովուրդների իրավունքների պաշտպանության գործին:

Կարո Փայլանը Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ երազանք ունի, որ Թուրքիան դառնա ժողովրդավար երկիր, ինքն էլ դրա համար է պայքարում: «Խաղաղության համար ենք քայլեր անում: Ես, անշուշտ, ավելի ուրախ կլինեմ, որ Թուրքիան խաղաղ և ժողովրդավար լինի: Միայն այս մրցանակն ինձ համար կարևոր չէ, Թուրքիայի ժողովրդավարությունը շահելն է ինձ համար կարևոր»,- ասաց նա:

Նա նշեց, որ իր համար, դիմումը, որով ինքը ներկայացվում է Նոբելյան մրցանակի ցանկալի մրցանակակիր, մոտիվացնող է, բայց իր համար առավել կարևոր է խաղաղությունը:

«Եթե խաղաղություն չլինի, ինձ համար մրցանակը կարևոր չի լինի, որովհետև այստեղ բոլորը խնդիրների մեջ են,- ասաց նա՝ մատնանշելով իր քաղաքական թիմի առաջնորդների՝ բանտում լինելու փաստը. «Նրանք ավելի մեծ խնդիրների մեջ են: Իսկ մենք դրսում նրանց համար ենք պայքարում»:

Նրա խոսքով՝ Թուրքիայում իրեն՝ Նոբելյան մրցանակի թեկնածու առաջադրելու դիմումի մասին լուրը առանձնապես դեռ չի տարածվել, լրահոսը առավել զբաղված է «սարսափելի իրադարձություններ» լուսաբանելով:

«Իսկ սա ինչ-որ առումով ռոմանտիկ մի բան է: Վաղը գուցե լուրն արդեն այստեղ էլ տարածվի: Իմ կուսակիցներն են իմացել այդ մասին և շատ ուրախ են ինձ համար»,- ասաց նա:

Հռիփսիմե Հովհաննիսյան

24.01.2020

Tert.am

Թողնել պատասխան

Your email address will not be published.

fourteen + eighteen =