Թուրքիայի իրականացրած հանցագործությունները հայ ժողովրդի, մարդկության եւ քաղաքակրթության դեմ, առնվազն վերջին 100 տարիների ընթացքում

Թուրքիայի իրար հաջորդող կառավարությունների իրականացրած հանցագործությունները հայ ժողովրդի, մարդկության եւ քաղաքակրթության դեմ, առնվազն վերջին 100 տարիների ընթացքում։

 Որպեսզի պատկերացում կազմենք Հայերի ցեղասպանության հետեւանքով հայերին հասցված ամբողջական վնասի վերաբերյալ, հարկավոր է պարզապես հիշել թուրքական իրար հաջորդող կառավարությունների՝ սուլթանական, երիտթուրքական, քեմալական, կողմից իրականացված բոլոր հանցագործությունները մարդկության եւ հայության նկատմամբ:

Պարզապես թվարկենք դրանք։

  • Այլատյացության, հայատյացության, ազգային գերազանցության ու սնապարծության, ռասիզմի գաղափարախոսության` պանթուրքիզմի ձեւավորում, տարածում եւ քարոզչություն:
  • Հայերի տեղահանության եւ ցեղասպանության ծրագրերի ու գաղափարների մշակում, տարածում, քարոզչություն:
  • 1894-1896, 1909, 1915-1918, 1919-1923 թթ. ընթացքում հայ ժողովրդի բնօրրանում` Հայկական լեռնաշխարհում, եւ Օսմանյան կայսրության տարածքում Հայերի ցեղասպանության ու բռնագաղթի իրականացում, հայ ժողովրդի ունեցվածքի հափշտակում եւ յուրացում:
  • 1915-ին եւ դրան հաջորդող տարիներին՝ հույների, ասորիների, արաբների (հետագայում, 1920-ական թթ. կեսերից սկսած, նաեւ քրդերի) կոտորածների ու ցեղասպանության իրականացում, նրանց ունեցվածքի հափշտակում եւ յուրացում:
  • 1918 թ., ագրեսիայի ձեռնարկում Արեւելյան Հայաստանի հայության նկատմամբ, Բաթումի ապօրինի պայմանագրի պարտադրում նորաստեղծ Հայաստանի Հանրապետությանը («Հաշտության եւ բարեկամության պայմանագիր Օսմանյան կայսերական կառավարության եւ Հայաստանի Հանրապետության կառավարության միջեւ», 4 հունիս 1918 թ․, Բաթում)։
  • 1918 թ․, Բաքվի հայերի կոտորած, ցեղասպանություն, հայերի ունեցվածքի կողոպուտ։
  • 1920 թ․, Շուշիի հայերի կոտորած, քաղաքի հրդեհում, հայերի ունեցվածքի կողոպուտ։
  • 1920 թ., ագրեսիայի ձեռնարկում անկախ եւ ինքնիշխան պետության` Հայաստանի Հանրապետության նկատմամբ, այնուհետեւ Ալեքսանդրապոլի անօրինական եւ ապօրինի պայմանագրի պարտադրում ագրեսիայի ենթարկված կողմին` Հայաստանի Հանրապետությանը («Հաշտության պայմանագիր Հայաստանի Հանրապետությանկառավարության եւ Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կառավարության միջեւ», 2 դեկտեմբեր 1920 թ., Ալեքսանդրապոլ)։
  • Ռուսաստանի Սովետական Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետության մասնակցությամբ անօրինական եւ ապօրինի պայմանագրի պարտադրում Հայաստանի Սովետական Սոցիալիստական Հանրապետությանը («Բարեկամության պայմանագիր մի կողմից Հայաստանի Սովետական Սոցիալիստական Հանրապետության, Ադրբեջանի Սովետական Սոցիալիստական Հանրապետության եւ Վրաստանի Սովետական Սոցիալիստական Հանրապետության կառավարությունների եւ մյուս կողմից՝ Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կառավարության միջեւ, Ռուսաստանի Սովետական Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետության մասնակցությամբ», 13 հոկտեմբեր 1921 թ․, Կարս):
  • Հայ ժողովրդի իրավունքների հաշվին, 3 մարտ 1918 թ․-ին, մի կողմից Ռուսաստանի Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետության եւ մյուս կողմից՝ Գերմանիայի, Ավստրո-Հունգարիայի, Բուլղարիայի եւ Օսմանյան կայսերական կառավարության միջեւ ստորագրվեց Բրեստի լրացուցիչ պայմանագիրը։ Այդ պայմանագրով Ռուսաստանը Թուրքիային հանձնեց Արեւմտյան Հայաստանը եւ Արեւելյան Հայաստանի մի զգալի մասը։ Պայմանագրով ստանձնած հանձնառության համաձայն՝ Ռուսաստանը զորացրեց Հայկական կամավորական գնդերը եւ զորքերը դուրս բերեց Հայաստանից։ 16 մարտ 1921 թ․-ին ստորագրված, այսպես կոչված, Մոսկվայի անօրինական պայմանագիրը՝ «Բարեկամության եւ եղբայրության պայմանագիր Ռուսաստանի Սոցիալիստական Ֆեդերատիվ Սովետական Հանրապետության կառավարության եւ Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կառավարության միջեւ», ըստ էության, Բրեստի լրացուցիչ պայմանագրի շարունակություն էր եւ դրա «վավերացումը»։ Վերոհիշյալ պայմանագրերը փաստորեն կոպտորեն խախտել են միջազգային իրավունքի հիմնարար դրույթները, քանի որ կնքվել են ագրեսիայի ու պարտադրանքի արդյունքում
  • 1937 թ., Դերսիմի հայերի ու ալեւիների կոտորածների ու ցեղասպանության իրականացում:
  • 1955 թ․, սեպտեմբեր, Կոստանդնուպոլսի հույների ու հայերի կոտորածներ, ցեղասպանություն, հույների ու հայերի ունեցվածքի թալան, հափշտակում։ Ըստ պաշտոնական տվյալների՝ սեպտեմբերի 6-7-ին մահացել է 11 մարդ, մինչդեռ հայկական ու հունական համայնքների մոտ եղած տեղեկություններն այլ են. 37 սպանված, 300-ից ավելի բռնաբարված կին, ավերված 71 եկեղեցի, 3 թերթի խմբագրություն, 4.500 արհեստանոց ու խանութ, 26 դպրոց, 2.100 տուն ու բնակարան:
  • 1974 թ․, Կիպրոսի Հանրապետության հյուսիսային տարածքների բռնազավթում, տեղի հույն եւ հայ բնակչության կոտորածներ, ցեղասպանություն, բռնագաղթ, ունեցվածքի հափշտակում։
  • 1894-1923 թթ․, 1923 թ․-ից մինչեւ այսօր Հայոց քաղաքակրթական արժեքների, այդ թվում` պատմաճարտարապետական հուշարձանների եւ եկեղեցիների ու խաչքարերի ոչնչացում ու ավերում: Համաձայն 1914 թ. տվյալների հայկական եկեղեցիների ու եկեղեցական համալիրների ընդհանուր թիվն Արեւմտյան Հայաստանում եւ Օսմանյան կայսրության մեջ կազմել է 2549 (այդ թվում IV-V դդ. վաղ քրիստոնեական հուշարձանները): Դրանց մեծ մասը թալանվել, հրկիզվել եւ ավերվել է ցեղասպանության ժամանակ:
  • ՅՈՒՆԵՍԿՕ-ի 1974 թ. տվյալների համաձայն՝ 1923 թ.-ից հետո պահպանված 913 պատմա-ճարտարապետական հուշարձաններից 464-ը հիմնահատակ ոչնչացվել են, 252-ը ավերակ վիճակում է, 197-ը հիմնական վերանորոգման կարիք ունի: Այսօր արդեն գրեթե ոչինչ չի մնացել վերականգնելու, Թուրքիայի Հանրապետության կառավարությունները դրանք բոլորը ծրագրավորված կերպով ոչնչացրել են:
  • Հայերի եւ տարածաշրջանի այլ ժողովուրդների պատմության, մշակույթի եւ քաղաքակրթական այլ արժեքների կեղծարարություն, յուրացում:
  • Հայերի ցեղասպանության ժխտողականություն: Այս հարցով ժամանակ շահելու եւ հատուցումը հետաձգելու ակնկալիքներով` պատմաբանների հանձնաժողովի ստեղծման առաջարկներ:
  • ԱՄՆ 28-րդ Նախագահ Վուդրո Վիլսոնի 1920թ. նոյեմբերի 22-ի Իրավարար վճռով Հայաստանին պատկանող տարածքի բռնազավթում:
  • 1993 թ․-ից Հայաստանի Հանրապետության շրջափակում:

Ադրբեջանի Հանրապետության իշխանությունների իրականացրած հանցագործությունները հայերի, տարածաշրջանի այլ ժողովուրդների եւ մարդկության նկատմամբ Թուրքիայի Հանրապետության իշխանությունների ձեռագրի ու ծրագրի կրկնությունն են։

 Ամփոփիչ խոսք։

Սա է ոչ ամբողջական ցանկը Թուրքիայի իրար հաջորդող կառավարությունների իրականացրած հանցագործությունների հայ ժողովրդի, մարդկության եւ քաղաքակրթության դեմ, առնվազն վերջին 100 տարիների ընթացքում։

Այս ամենին հավելենք, ոչ մինչեւ այսօր չի կատարվել հայ ժողովրդին հասցված ողջ վնասի գնահատումն ու հաշվարկը, ինչպես նաեւ 1923-ից հետո ընկած ժամանակահատվածում այլ հանցագործությունների միջոցով հայությանն ու Հայաստանին հասցված ողջ վնասի չափի գնահատումն ու հաշվարկը:

Սակայն այստեղ թվարկված հանցագործություններն ուղիղ մատնանշում են այն վնասները, որոնք կարելի է եւ պետք է հաշվարկել ու այդպես պատրաստել Հայերի ցեղասպանության հետեւանքով հայությանն ու Հայաստանին հասված ամբողջ վնասի իրական չափը, վնասների հատուցման ամբողջական փաթեթը:

Մեկ կարեւոր նկատառում եւս, որպես եզրափակիչ խոսք:

Հայերի նկատմամբ 1894 – 1923 թթ․ ընթացքում իրականացված կոտորածն ու բռնագաղթը հանդիսանում է ցեղասպանություն, համաձայն՝ ՄԱԿ-ի «Ցեղասպանության հանցագործության կանխարգելման եւ դրա պատժի մասին» Կոնվենցիայի, 9 դեկտեմբեր 1948 թ․։ Հայերի ցեղասպանությունը ենթակա է դատապարտման, համաձայն՝ ՄԱԿ-ի «Պատերազմի հանցագործությունների եւ մարդկության դեմ հանցագործությունների նկատմամբ վաղեմության ժամկետ չկիրառելու մասին» Կոնվենցիայի, 26 նոյեմբեր 1968 թ․։

Կարող ենք փաստել, որ Հայերի ցեղասպանությունը մինչեւ այսօր շարունակվում է եւ շարունակվելու է, քանի դեռ չի իրականացվել հանցագործության դատապարտումը եւ պատճառված վնասի ամբողջական հատուցումը: Եվ քանի դեռ հայությունը չի վերագտել՝ ապրելու, զարգանալու եւ առաջընթացի իրավական – քաղաքական, ազգային – պետական ամուր եւ անսասան հիմքերը:

 

Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողով (Խորհրդարան)

05.12.2019 թ.

***

Լուսանկար` Թաներ Աքչամի նոր գիրքը թուրքական ժխտողական պատմագիտությունը դարձնում է «ֆեյք նյուզ» 

Թողնել պատասխան

Your email address will not be published.

17 + 13 =